Կոնստանտին Բրանկուզի

ֆրանսիացի-ռուսմինացի արվեստագետ
(Վերահղված է Կոնստանդին Բրանկուզիից)

Կոնստանտին Բրանկուզի (Բրինկուշի, Բրինկուշ) (ռումիներեն՝ Brâncuşi/Brîncuşi, ֆր.՝ Brancusi, փետրվարի 19, 1876(1876-02-19)[1][2][3][…], Hobița, Q61085182?, Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն[4][5] - մարտի 16, 1957(1957-03-16)[6][7][1][…], Փարիզ, Ֆրանսիա[8][5]), ռումինական ծագումով ֆրանսիացի քանդակագործ, քանդակագործության մեջ աբստրակտ ոճի գլխավոր հիմնադիրներից, փարիզյան դպրոցի վառ ներկայացուցիչ, որ համաշխարհային ճանաչում ունի 20-րդ դարի ավանգարդ արվեստում։

Կոնստանտին Բրանկուզի
ռումիներեն՝ Constantin Brâncuși
Ծնվել էփետրվարի 19, 1876(1876-02-19)[1][2][3][…]
ԾննդավայրHobița, Q61085182?, Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն[4][5]
Մահացել էմարտի 16, 1957(1957-03-16)[6][7][1][…] (81 տարեկան)
Վախճանի վայրըՓարիզ, Ֆրանսիա[8][5]
Քաղաքացիություն Ռումինիա և  Ֆրանսիա
Ազգությունռումիներեն
ԿրթությունԲուխարեստի ազգային արվեստների համալսարան և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
ՈւսուցիչWladimir Hegel?[9], Dimitrie Gerota?, Յոն Գեորգեսկու, Անտոնին Մերսիե և Օգյուստ Ռոդեն
Ստեղծագործություն(ներ)Bird in Space?, Անվերջ սյուն, The Kiss? և Sleeping Muse?
Ոճմոդեռնիզմ, Tinerimea artistică?, կատալոնյան մոդեռնիզմ[10][4] և Salonul Oficial?
Ժանրաբստրակցիոնիզմ
Մասնագիտությունքանդակագործ, լուսանկարիչ, նկարիչ, նկարազարդող, գծագրող և assemblage artist
ԱնդամությունՌումինական ակադեմիա
 Constantin Brâncuși Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կոնստանտին Բրանկուզին ծնվել է 1876 թվականին ռումինական Խոբիցա գյուղում, ավանդական գյուղական ընտանիքում, որտեղ մեծացել է հինգ եղբայրների հետ։ Հազիվ դպրոցն ավարտած` ընտանեկան համեստ եկամուտը համալրելու համար սկսել է աշխատել կավագործ առևտրականի հանձնակատար, ով զբաղվում էր տակառների և երկաթյա իրերի վաճառքով։ Հենց այս տարիներին Կոնստանդինը ազատ ժամանակ սկսում է դանակով փայտից իրեր պատրաստել և աշխատել կավով։ Երջանիկ պատահականության շնորհիվ` Կոնստանդինին հաջողվում է ընդունվել ու ավարտել Կրայովայի գեղարվեստի դպրոցը։ Այնուհետև նա մեկնել է Բուխարեստ, որտեղ 1898-1902 թվականներին դասեր է առել Գեղարվեստի դպրոցում։

25 տարեկան հասակում, հուսահատված ծայրաստիճան աղքատությունից և իր արվեստի նկատմամբ հետաքրքրության բացակայության պայմաններում, Կոնստանդին Բրանկուզին լքում է հայրենիքը։ 1902 թվականին նա` որպես իսկական գյուղական երիտասարդ, մախաղն ուսին, ոտքով գնում է նախ Մյունխեն, իսկ երկու տարի անց` Փարիզ (1904), որտեղ կրկին ընդունվում է Գեղարվեստի դպրոց (1904-1907)։ Երկու տարի նա եղել է Ռոդենի վարպետանոցի օգնական, սակայն հեռացել է այնտեղից` ասելով, որ «մեծ ծառի տակ ոչինչ չի աճի»[11]։

Կյանքի զգալի մասը (մինչև 1939) Կոնստանդին Բրանկուզին ապրել ու ստեղծագործել է Փարիզում, որտեղ համաշխարհային ճանաչում է ստացել ֆրանսիականացված Բրանկուզի ազգանունով, սակայն Փարիզում 35 տարի ապրելով` նա այդպես էլ չի ձուլվել։ Նա անվերապահորեն սատարել է իր հայրենակիցներին, նրանց աշխատանք տվել, շփվել և ամեն ձևով օգնել` Փարիզում հաստատվելու։ Նրա ընկերների լայն շրջանակը բաղկացած էր նկարիչ ավանգարդիստներից, ինչպես նաև երաժիշտերից, քանդակագործներից և ռումինական ծագումով այլ մարդկանցից։

Կոնստանդին Բրանկուզիի կյանքի ֆրանսիական շրջանում առանձին կարևոր դեր է զբաղեցրել ավանգարդ կոմպոզիտոր Էրիկ Սատին, որի հետ բարեկամությունը (1919-1925) Բարնկուզիին թույլ է տվել վերջնականապես հաստատվել Փարիզում և ինչ-որ չափով փոխել իր աշխարհայացքը։ Նացիստական Գերմանիայի հետ պատերազմից քիչ առաջ, կարծես բնազդով ինչ-որ վտանգ զգալով, Բրանկուզին Փարիզից տեղափոխվել է ԱՄՆ` սկզբնական շրջանում հաստատվելով Նյու Յորքում, որտեղ վաղուց արդեն հայտնի էր։ 1910-ական թվականներից նրա աշխատանքները ներկայացվել են բազմաթիվ ցուցահանդեսներում, գնվել ինչպես մասնավոր հավաքածուների, այնպես էլ թանգարանների համար։

Կյանքի մեծ մասը Բրանկուզին եղել է շատ միայնակ։ Ունենալով վառ, էքսցենտրիկ բնավորություն` նա դանդաղ ու դժվարությամբ է կապվել մարդկանց հետ` առավել դժվար տանելով նրանցից բաժանումը։ Չնայած արտաքուստ շփվող ու մարդկանց կարեկից լինելուն` քիչ է հոգեպես խոր մտերմություն հաստատել նրանց հետ։ Բրանկուզիի այդպիսի իսկական մտերիմներից է եղել Էրիկ Սատին։ Չնայած այն բանին, որ Բրանկուզին ամենուր պահել ու դրսևորել է իր ազգային պատկանելությունը` ֆրանսիացիները նրան անվանել են «մեր Բրանկուզին» ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ-ում նրան համարում էին իրենցը` հարյուրտոկոսանոց ամերիկացի։

Կոնստանդին Բարնկուզին մահացել է խոր ծերության հասակում` 81 տարեկանում, թաղված է Փարիզի Մոնպառնաս գերեզմանոցում։

Մահից մեկ տարի առաջ` 1956 թվականին, Բրանկուզին իր ստուդիան ամբողջ պարունակությամբ կտակել է Ֆրանսիայի Հանրապետությանը` այն թանգարան դարձնելու պայմանով[12]։

Պոմպիդու մշակութային կենտրոնում հենց նրա ձևավորման սկզբից եղել է «Բրանկուզիի սենյակ»։

Բրանկուզի և Էրիկ Սատի

խմբագրել
 
Կոնստանդին Բրանկուզին, Էրիկ Սատին և Անրի-Պիեռ Ռոշեն Ֆոնտեբլոյում գոլֆ խաղալիս, 1923

Պատերազմի ժամանակ իր հայրենիքից` Ռումինիայից ոտքով Փարիզ գալով` քառասնամյա քանդակագործը հաստատվել է Մոնպառնասի ծայրամասում` Ռոնսենի փակուղում, որտեղ հետագա 35 տարիների ընթացքում ապրել է «ինչպես ռումին ֆերմերը իր ռումինական ֆերմայում»[13]։ Նրա վարպետանոցը` իր կոպիտ ինտերիերով, հիշեցնում էր նախապատմական բնանակար.

  Ծառերի ծուռ բներ, քարե հսկայական սալեր, մեծ վառարան, որտեղ տանտերը` հասարակ մի գյուղացի, քանդակագործի երկաթյա ճաղի վրա միս էր տապակում։ Վարպետանոցի չորս անկյուններում տեղադրված էին ապատոզավրի չորս հսկայական ձու, իսկ փայլուն արձանները մեկը կյուսի հետևից դեպի իրենց էին գրավում չքնաղ ամերիկուհիներին, ինչպես թռչուններին։ Սատիին դուր էր գալիս գտնվել այս կախարդական դեկորի շրջապատում[13]։
- Ժան Կոկտո, “Pour la Tombe d’Erik Satie” Comoedia, XX, 4891, 17 mai 1926
 

Բրանկուզիի փարիզյան կյանքի առաջին հինգ տարիները լուսավորվել են ֆրանսիացի կոմպոզիտոր Էրիկ Սատիի ջերմ մտերմությամբ, ով քանդակագործից մեծ էր ուղիղ տասը տարով։ Գրող, թարգմանիչ Անրի-Պիեռ Ռոշեն նրան Մարսել Դյուշանի հետ Բրանկուզիի ստուդիա է բերել 1919 թվականի նոյեմբերյան մի երեկո։ Այնուհետև Սատին ինքն է հաճախ վերադարձել այստեղ։ Ճաշից հետո Բրանկուզին նրա համար ջութակ է նվագել` այն ժամանակ առ ժամանակ փոխանցելով երիտասարդ երաժիշտ Մարսել Միխալովիչին։

  Իր էքստրավագանտ պահվածքով Սատին մեծ ներգործություն էր ունեցել Բրանկուզիի վրա։ Նա սովորեցրեց նրան «բառային մենամարտ», ներշնչեց հավատ սեփական ուժերի հանդեպ, մտքերի հստակ պայծառություն... Սատին իր հերթին հիանում էր Բրանկուզիով, սակայն ամեն հանդիպման ժամանակ նրանք ժամանակ էին անցկացնում այնպես, ինչպես երկու դեռահաս` հաճախ իրար բարկացնելով։
- Անրի-Պիեռ Ռոշե, Ecrits sur l’art, Marseille, Andre Dimanche, 1998
 

Ստեղծագործական երկու անհատականությունների նմանությունները բնական էին այնքան, որ դրանք համեմատությունների առիթ էին դառնում նույնիսկ այն մարդկանց շրջանում, ովքեր ծանոթ չէին նրանց։ Այսպես, ֆրանսիացի նշանավոր քննադատ, երաժշտագետ Անրի Կոլեն պատմական դարձած իր ծրագրային հոդվածում` նվիրված ֆրանսիական «Վեցյակի» հռչակագրին, գրել է միայն կոմպոզիտոր Էրիկ Սատիի մասին` նկատի ունենալով նրա ստեղծագործական արվեստը։ Սակայն, ինքն էլ այդ մասին չկասկածելով, Սատիի կերպարի ներքո ներկայացրել է Կոնստանդին Բրանկուզիի պատկերը.

  Խորշելով ամեն տեսակ մշուշոտ, ոչ հստակ, հարդարված ժամանակակից հնարանքներից, որոնք հաճախ թաքցնում են տեխնիկայի շեշտմամբ, Սատին գիտակցված կերպով հրաժարվել է դրանցից, որպեսզի հնարավորություն ունենա փայտի ամբողջական կտորից մի մաս կտրելու և մնալու պարզ, հասարակ ու մաքուր[14]։
- Անրի Կոլե, «Հզոր խմբակ, վեց ֆրանսիացի և Էրիկ Սատի», հունվարի 16, 1920
 

Ֆոնտեբլոյում արված մի քանի լուսանկարները գոլֆ խաղի ժամանակ Սատիին արձանագրել են որպես խաղին հետևող և ոչ մասնակից[15]։ Բրանկուզին նույնպես շատ է լուսանկարել Սատիին իր ստուդիայում և ոչ առանց դժվարությունների, քանի որ Սատին այնքան ուժեղ է ծիծաղեցրել նրան, որ քանդակագործի ձեռքերը դողացել են, ու լուսանկարչական ապարատը` ցնցվել[13]։ Չնայած դրան` լուսանկարները հաջող են ստացվել. դրանցից մեկը Սատին երախտագիտությամբ օգտագործել է Ռուարի հրատարակության գովազդային բացիկի վրա և պատվիրել մեծ չափի օրինակներ` դրանք որպես հուշանվեր բաժանելով իր լավագույն ընկերներին։

Բրանկուզին ուրախությամբ է հաճախել Սատիի բոլոր համերգներին ու ներկայացումներին, որոնք կայացել են 1920-1924 թվականներին, խնդրում էր, միշտ կանչել իրեն և շատ նեղանում էր, երբ ինչ-որ պատճառով իրեն տոմս չէր հասնում[16]։ Էրիկ Սատիի «Սոկրատ» դրամայի (1920) ուղղակի ազդեցությամբ Բրանկուզին կերտել է Պլատոնի, Սոկրատի քանդակները և Սոկրատի գավաթի շատ տարբերակներ չոր փայտից (1922), որոնք նրա լավագույն ստեղծագործություններից են։ Իր կողմից Սատին Ռոբեր Կաբիին ասել է, որ Բրանկուզիի «Անվերջ սյունաշարում» գտել է «Պոլ և Վիրգինիա» օպերայի բանալին, որը նա գրել է 1921 թվականին[13]։

  Բարի', սիրելի' դրուիդ <…> Ինձ պատմում են, որ Դուք թախծում եք։ Սիրելի' Բարեկամ, ճիշտ է արդյոք դա։ Եթե դա իսկապես այդպես է, ապա ես ուզում եմ գալ և բարի օր մաղթել Ձեզ` մարդկանցից լավագույնին, որ այդքան բարի ու մեծ եք, ինչպես Սոկրատը, որին Դուք եղբայրացել եք։ Պետք չէ չափից ավելի թախծել, Բարի Ընկեր։ Ձեզ շատ սիրում են, Դուք չպետք է մոռանաք այդ մասին։ Գիշեր ու ցերեկ թքած ունեցեք տխմարների վրա. դա Ձեր սրբազան իրավունքն է։ Հիշե'ք, որ Դուք ունեք ընկերներ, որոնք սիրում են Ձեզ և հիանում են Ձեզանով, իմ հրաշալի' ծերուկ։ <…> Բարեկամաբար Ձեր` ES, ապրիլի 16, 1923[17]
- Էրիկ Սատի, Յուրի Խանոն «Հիշողություններ` հետին թվով»
 
 
Բրանկուզիի փարիզյան ստուդիայում, Էդուարդ Ստայհենի լուսանկար, 1920

1920 թվականի փետրվարի 25-ին Էրիկ Սատին Մոնպառնասի արտիստական հասարակության շատ ներկայացուցիչների հետ ստորագրել է պետիցիան` ընդդեմ այն բանի, որ Բրանկուզիին մերժել են իր «Իշխանուհի Բիբեսկոյի դիմանկարը» ներկայացնել Անկախների սալոնում` պատճառաբանելով, որ քանդակն ուղղակի ասոցիացիա է առաջացնում ֆալոսի հետ։ Գրեթե նույն ժամանակին է վերաբերում Սատիի հայտարարությունը, որը նպատակ ուներ արագացնելու մաքսային պաշտոնական թղթաբանությունը` Բրանկուզիի` սպիտակ մարմարից թռչնի քանդակի վերադարձը ԱՄՆ-ից արագ կատարելու համար. քանդակը մնացել էր ինչ-որ տեղ սահմանից դուրս։ Բացի այդ, Էրիկ Սատին բարյացակամորեն օգնություն է ցուցաբերել իր կարպատյան ընկերոջն ամեն անգամ, երբ հարկ է եղել ֆրանսերենի տիրապետել։

Վերջին կես տարին, երբ հիվանդ Սատին պառկած էր հիվանդանոցում, Բրանկուզին պարբերաբար այցելել է նրան` նրան տանելով սեփական ձեռքերով պատրաստած արգանակ[13]։ Նա խորապես ցնցվել էր ընկերոջ մահից։ Քանդակագործական վարպետանոցի նրա հավատարիմ օգնականները` Ալեքսանդր Իստրատին ու Նատալյա Դումիտրեսկոն, պատմել են, որ Բրանկուզիի սենյակից նրանք հաճախ էին լսում նրա մրմունջները. «Սատի' Սատի, ինչու՞ այստեղ չես»։

Բրանկուզին ցանկացել է Էրիկ Սատիի մահարձանը դնել կամ առնվազն դրա վրա բարձրաքանդակ պատկերել, ինչպես արել է Անրի Ռուսոյի համար։ Սակայն կոմպոզիտորի միակ ժառանգորդի` նրա եղբայր Կոնրադի հետ եղած տարաձայնությունները (Կոնրադը ծանր, մարդատյաց խառնվածք ուներ) խանգարել են այդ որոշումն իրականություն դարձնելուն[13]։ Էրիկ Սատիի` հետագայում ցավալիորեն ոչնչացված նկարներից շատերը պահպանվել են շնորհիվ Կոնստանդին Բրանկուզիի, ով հասցրել է «երաժշտության կոմպոզիտորի» մահից հետո առաջին տարվա ընթացքում լուսանկարել դրանք։

Ստեղծագործություն

խմբագրել
 
Կոնստանդին Բրանկուզին ռումինական 500 լեյ թղթադրամի վրա, 1991-1992

Բրանկուզին կիրառել է ոճային ուրվագծեր, ամբողջական ծավալներ, տարբեր նյութեր` ընդհանուր սիմվոլիկ կերպարների ստեղծման համար («Համբույր», քար 1908, «Պրոմեթևս», մարմար, բրոնզ, 1911, «Թռչունը տարածության մեջ» շարք, բրոնզ, 1912—1940)` ժամանակի հետ ուժեղացնելով լակոնիզմը և ձևերի երկրաչափական շեղումը։ Սկանդալային ճանաչում է ստացել նրա «անպատշաճ» քանդակը` «Իշխանուհի Բիբեսկուի դիմանկարը». հեռվից նայելիս երիտասարդ կնոջ կիսանդրին առնանդամ էր հիշեցնում։ Այս քանդակը մի քանի անգամ առգրավվել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից, իսկ Բրանկուզին` հետապնդվել անբարոյականության մեղադրանքով։

Նրա մի շարք գործեր եվրոպական քանդակագործության մեջ դարձել են աբստրակցիոնիզմը սկզբնավորող քանդակներ։ Գլխավոր ստեղծագործություններում` ռումինական Տիրգու Ժիու քաղաքի` Հերոսների փողոցի քանդակային համալիրը (1937-1938, «Անվերջ սյուն», ոսկեջրած մետաղ), «Լռության սեղան», «Համբույրի դարպասներ» (երկուսն էլ քարից), նա հասել է արձանագրայնության ձևերի պարզության` կիրառելով ռումինական ժողովրդական արվեստի ավանդույթները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  3. 3,0 3,1 Miller S. Brancusi, Constantin // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T010887
  4. 4,0 4,1 4,2 4,3 Selz J. Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Կերպարվեստի արխիվ
  6. 6,0 6,1 6,2 Constantin Brancusi (նիդերլ.)
  7. 7,0 7,1 7,2 Luminous-Lint — 2005.
  8. 8,0 8,1 8,2 RKDartists (նիդերլ.)
  9. Academia de Belle Arte din București - 150 de ani
  10. National Gallery of Art - Collection
  11. Eric Shanes Constantin Brancusi. — Abbeville Press, 1989. — P. 12. — 128 p. — ISBN 9780896599246
  12. Долинина К. Скульптуры в своем окружении // Коммерсантъ. — 2010. — 13 авг.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Eric Satie Correspondance presque complete. — Paris: Fayard / Imec,, 2000. — Т. 1. — С. 700—701. — 1260 с. — 10 000 экз. — ISBN 2 213 60674 9
  14. Жан Кокто «Петух и Арлекин». — М.: «Прест», 2000. — С. 113. — 224 с. — 500 экз.
  15. Ornella Volta Erik Satie. — второе. — Paris: Hazan, 1997. — С. 103. — 200 с. — 10 000 экз. — ISBN 2-85025-564-5
  16. Эрик Сати, Юрий Ханон Воспоминания задним числом. — СПб.: Центр Средней Музыки & Лики России, 2010. — С. 561. — 682 с. — ISBN 978-5-87417-338-8
  17. Эрик Сати, Юрий Ханон «Воспоминания задним числом». — СПб.: Центр Средней Музыки & Лики России, 2010. — С. 552—553. — 682 с. — ISBN 978-5-87417-338-8

Գրականություն

խմբագրել
  • Цигаль В. Константин Бранкуси // «Творчество». — 1968. — № 8.
  • Lewis D. Constantin Brancusi. — L., 1957.
  • Hăulică D. Brâncuşi. — Buc., 1968.
  • Radu Varia Brancusi: Revised Edition. — Rizzoli, 2003. — ISBN 0-8478-2525-6
  • Раппапорт А. Бранкузи и Джадд (ГЦСИ).

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Բրանկուզի» հոդվածին։