Մոնպառնաս
Մոնպառնաս (ֆր.՝ Montparnasse, բառացի՝ Պառնաս լեռ), շրջան Փարիզի հարավում՝ Սենա գետի ձախ ափին։ Ինչպես քաղաքի մնացած ծայրամասերը, Մոնպառնասը ևս ընդգրկվել է քաղաքի կազմում 1860 թվականի հունվարի 1-ին՝ իր անվանունը տալով 43-րդ թաղամասին, որը Փարիզի 14-րդ շրջանի մի մասն է։
Անունը հումորով ստեղծել են 17-րդ դարի ուսանողներ։
Պատմություն
խմբագրելՄոնպառնաս զբոսայգու շինարարության համար (Boulevard du Montparnasse) 1760 թվականին անհրաժեշտ եղավ հավասարեցնել բլուրը։ Ֆրանսիական հեղափոխության տարիներին այստեղ բացվում են շատ պարասրահներ և կաբարեներ։
Մոնպառնաս թաղամասը հայտի դարձավ 20-րդ դարի սկզբին (այսպես կոչված Années folles), երբ այստեղի լեգենդար սրճարաններում սկսեց հավաքվել ստեղծագործ մտավորականությունը։ Այստեղ էին այցելում գրողներ, ճարտարապետներ, նկարիչներ, երաժիշտներ աշխարհի տարբեր ծայրերից, որ վարձեն էժան սենյակներ։ Մինչ աղքատ մտավորականությունը պայքարում էր իր գոյության համար, Մոնպառնաս էին այցելում նաև հարուստ ամերիկացիներ, որպեսզի լիցքավորվեն թաղամասի ստեղծագործական մթնոլորտով։ Երիտասարդ միլիոնատեր Քրոսբին իր կնոջ հետ 1927 թվականին հիմնում է «Բլեք Սան Պրես» հրատարակչությունը. տպագրվում են Դեյվիդ Հերբերթ Լոուրենսի, Էռնեստ Հեմինգուեյի, Հարթ Քրեյնի և այլոց գործերը[1]։
Բանաստեղծ Մաքս Ժակոբը մի առիթով ասել է, որ եկել է Մոնպառնաս՝ «մեղքեր գործելու»։ Իսկ Մարկ Շագալը ասել է. «Ես ուզում էի իմ աչքերով տեսնել այն, ինչի մասին այդքան լսել էի։ Սա աչքերի հեղափոխություն է, խնջույք է գույների, որոնք հանկարծակի խառնվում են ու շրջապտույտ առաջացնում։ Իմ քաղաքում այդպիսի բան չի եղել»։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գրողներն ու նկարիչները ստիպված լքել են քաղաքը, քանի որ նրանցից շատերը փախստականներ ու հրեաներ էին։ Շատերը սպանվեցին նացիստների կողմից։ Պակաս նշանավոր հեղինակների գործերը ոչնչացվում ու ցրիվ էին տալիս ամբողջ աշխարհով։ Այդ ժամանակից էլ Մոնպառնասը չվերագտավ երբեմնի փառքը։
Սրճարաններ
խմբագրելՀանդիպումների սիրված վայր են եղել սրճարանները, որտեղ ծնվել ու զարգացել են նոր շատ գաղափարներ։ Մոնպառնասի կյանքի կենտրոնը եղել է Վավեն (carrefour Vavin) խաչմերուկի շուրջը։ 2000 թվականին այն կոչվեց Պիկասսոյի հրապարակ[2]։ Մոնպառնասի հռչակավոր սրճարաններում՝ Le Dôme, La Closerie des Lilas, La Rotonde, Le Select և La Coupole, հնարավոր էր ոչ մեծ գումարով պատվիրել սեղան ողջ գիշերվա համար։ Այդ սրճարանները գործում են մինչ օրս, բայց արդեն նախատեսված են ավելի ապահովված մարդկանց համար։
Երբեմն արվեստի գործիչները քնել են սեղանի շուրջ. սպասավորներին թույլատրված չէր արթնացնել նրանց։ Հաճախ եղել են բուռն վեճեր, որոնց պատճառը երբեմն եղել է չափից դուրս շատ ալկոհոլ օգտագործելը։ Հազվադեպ չէին և ծեծկռտուքները, որոնց ոստիկանները երբևէ չեն միջամտել։ Որոշ սրճարաններում հնարավոր է եղել գումարը փակել նկարներով։ Այդ եղանակով սրճարաններում հավաքվել են նկարների հավաքածուներ, որոնց կարող են նախանձել ժամանակակից շատ թանգարաններ։
Մշակույթ և տեսարժան վայրեր
խմբագրելԹատրոն
խմբագրելԹատրոնները հիմնականում գտնվում են Գետե (Rue de la Gaité) փողոցի և Էդգար զբոսայգու (Boulevard Edgar) շրջակայքում։ Սքանչելի ժամանակների մասին (այդպես են կոչում 19-րդ դարի վերջից մինչև 1914 թվականն ընկած շրջանը) է հիշեցնում Մոնպառնասի թատրոնի շենքի ճակատային մասը. թատրոնի առաջին հարկում գտնվում է հանրահայտ բիստրոն։ Էդգար զբոսայգում է տեղակայված Պոշ թատրոնը (Théâtre de Poche), որը Փարիզի ամենափոքր թատրոնն է։
Թանգարաններ
խմբագրելՄոնպառնասի աշտարակի մոտ է գտնվում Ռոդենի աշակերտ, ճարտարապետ Էմիլ Անտուան Բուրդելի տուն-թանգարանը։ Նրա անունով է կոչված և փողոցը, ուր ապրել է ճարտարապետը։
Մոնպառնասի թանգարանում, որ բացվել է 1998 թվականին, ներկայացված են նկարիչների, արվեստի երկրպագուների և պարզապես թաղամասի բարեկամների նկարներ։ Թանգարանը ֆինանսավորում է շրջանի թաղապետարանի կողմից։ 2005 թվականի ամռանը «Montparnasse déporté» ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել են աշխատանքեր, որոնց հեղինակները գերմանացի նացիստների կողմից հետապնդված ազգությամբ հրեա գործիչներ են։
Շենքեր
խմբագրելԴիտարժան է Փարիզի աստղադիտարանը, ճարտարապետ Կլոդ-Նիկոլ Լեդուի նախագծով կառուցված մաքսատունը (17-րդ դար)։
Մոնպառնասի աշտարակը Փարիզի կենտրոնի միակ երկնաքերն է, որի դիտահրապարակից (209մ) բացվում է Փարիզի համայնապատկերը։
Հարևանությամբ գտնվում է Վանդամ գրադարանը (Bibliothèque Vandamme)[3][4]:
Արվեստի՝ Մոնպառնասում ապրած գործիչներ
խմբագրել- Գիյոմ Ապոլիներ (1880-1918) - ֆրանսիացի բանաստեղծ
- Սեմյուել Բեքեթ (1906-1989) - իռլանդացի գրող
- Սիմոնա դը Բովուար (1908-1986) - ֆրանսուհի գրող
- Կոնստանդին Բրանկուզի (1876-1957) - ռումին և ֆրանսիացի ճարտարապետ
- Անդրե Բրետոն (1896-1966) - ֆրանսիացի գրող, սյուրռեալիզմի հիմնադիր
- Խուան Գրիս (1887-1927) - իսպանացի նկարիչ և ճարտարապետ
- Սալվադոր Դալի (1904-1989) - իսպանացի նկարիչ
- Ալբերտո Ջակոմետի (1901-1966) - շվեյցարացի ճարտարապետ, գեղանկարիչ
- Մարսել Դյուշան (1887-1968) - ֆրանսիացի և ամերիկացի նկարիչ
- Էժեն Իոնեսկո (1909-1994) - ռումին դրամատուրգ
- Կամիլ Կլոդել (1864-1943) - ֆրանսիացի ճարտարապետ
- Հենրի Միլլեր (1891-1980) - ամերիկացի գրող
- Խոան Միրո (1893-1983) - իսպանացի նկարիչ, ճարտարապետ
- Ամեդեո Մոդիլիանի (1884-1920) - ծագումով հրեա իտալացի նկարիչ
- Պաբլո Պիկասսո (1881-1973) - իսպանացի նկարիչ
- Դիեգո Ռիվերա (1886-1957) - մեքսիկացի գեղանկարիչ
- Ժան Պոլ Սարտր (1905-1980) - ֆրանսիացի փիլիսոփա, գրող
- Էռնեստ Հեմինգուեյ (1899-1961) - ամերիկացի գրող
- Խայիմ Սուտին (1893-1943) - ռուս նկարիչ
- Գերտրուդ Սթայն (1874-1946) - ամերիկուհի գրող
- Մարկ Շագալ (1887-1985) - բելառուս և ֆրանսիացի նկարիչ, բանաստեղծ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Фил Бейкер «Абсент» ISBN 5-86793-193-5 — онлайн версия Արխիվացված 2007-09-26 Wayback Machine
- ↑ Монпарнас на афиша-мир.ру(չաշխատող հղում)
- ↑ "Bibliothèque Vandamme(չաշխատող հղում)." City of Paris. Retrieved on 22 February 2010.
- ↑ "Des livres à domicile pour les seniors." Le Parisien. 11 August 2009. Retrieved on 22 February 2010. "la bibliothèque Vandamme de l'avenue du Maine (Montparnasse, XIV e )."
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնպառնաս» հոդվածին։ |