Հզոր խմբակ
«Հզոր խմբակ», ռուս կոմպոզիտորների ստեղծագործական ընկերակցություն։ Հայտնի է նաև «Բալակիրևյան խմբակ», «Ռուսական նոր երաժշտական դպրոց» անվանումներով։ Ձևավորվել է 19-րդ դարի 50-ական թվականների վերջին և 60-ական թվականների սկզբին։ Գործել է մինչև 1870-ական թվականների կեսերը։ Անդամներն էին՝ Միլի Ալեքսանդրովիչ Բալակիրևը (հիմնադիր և ղեկավար), Ալեքսանդր Պորֆիրևիչ Բորոդինը, Ցեզար Անտոնովիչ Կյուին, Մոդեստ Պետրովիչ Մուսորգսկին, Նիկոլայ Անդրեևիչ Ռիմսկի-Կորսակովը[1]։
Ձևավորումը և գործունեությունը
խմբագրել«Հզոր խմբակ»-ի ստեղծագործական ծրագիրը և գեղագիտությունը ձևավորվել են 1860-ական թվականներին դեմոկրատական գաղափարախոսության, հատկապես գեղարվեստական քննադատ Վ. Վ. Ստասովի հայացքների ազդեցությամբ։ Լինելով Գլինկայի և Դարգոմիժսկու ավանդույթների շարունակողներ՝ խմբակի անդամները միաժամանակ որոնել են ազգային պատմական և ժամանակակից թեմաներ և կերպարներ վերամարմնավորելու նոր միջոցներ, ձգտել են երաժշտությունը մոտեցնել կյանքի առաջադիմական, հանապազօրյա պահանջներին։ Մուսորգսկու («Բորիս Գոդունով», «Խովանշչինա»), Բորոդինի («Իշխան Իգոր»), Ռիմսկի-Կորսակովի («Պսկովուհի») և այլ օպերաներում արտացոլվել են Ռուսաստանի պատմության էջերը, արտահայտվել ժողովրդական շարժման տարերային ուժը, հայրենասիրական ու սոցիալ-քննադատական գաղափարներ։ Իրենց երաժշտության լեզուն կերտելիս նրանք օգտվել են ժողովրդական երաժշտությունից, հատկապես գեղջկական երգից, և ստեղծել վառ արտահայտված ազգային ոճ։ Խմբակի անդամները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Արևելքի երաժշտության՝ նկատմամբ (Բալակիրևի «Թամար» սիմֆոնիկ պոեմը և «Իսլամեյ» դաշնամուրային ֆանտազիան, Բորոդինի «Իշխան Իգոր» օպերայի 2-րդ և 3-րդ գործողությունները, Ռիմսկի-Կորսակովի «Անթար» և «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտները և այլն)։
Բալակիրևի և Մուսորգսկու ժողովրդական մեղեդիների գրառումներում կան նաև հայկական նմուշներ (այդ թվում՝ դասական երաժշտությունը հարստացրել են հատկապես օպերայի, սիմֆոնիկ և վոկալ-կամերային երաժշտության բնագավառներում։ Նրանց ստեղծած բազմաթիվ օպերային երկեր ռուսական դասական օպերայի գլուխգործոցներ են։ Ռիմսկի-Կորսակովը՝ գործիքավորման խոշորագույն վարպետներից մեկը, զարգացման բարձր աստիճանի է հասցրել ազգային ծրագրային սիմֆոնիկ երաժշտությունը։ Ռուսական դաշնամուրային գրականության զարդերից են Բալակիրևի «Իսլամեյը» և Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» սյուիտը, կամերային-գործիքային անսամբլների առաջին դասական նմուշներից են Բորոդինի երկու լարային կվարտետները։ «Հզոր խմբակ»-ի երաժշտական-հասարակական գործունեության դրսևորումներից է «Անվճար երաժշտական դպրոց»-ի հիմնադրումը Բալակիրևի ու խմբավար Լոմակինի ջանքերով (հիմնադրվել է 1862 թվականին, գոյատևել է մինչև 1917 թվականը)։ Խմբակի գաղափարներն ու ստեղծագործական սկզբունքները մեծապես նպաստել են ռուս, երաժշտական մշակույթի զարգացմանը, նրա ավանդույթները յուրովի կիրառել են նաև այլազգի կոմպոզիտորներ, այդ թվում՝ Ալեքսանդր Սպենդիարյանը և Աշոտ Տեր-Ղևոնդյանը։ «Հզոր խմբակ»-ն իր գործունեությամբ ահռելի ավանդ ունեցավ թե' ռուս, թե' համաշխարհային երաժշտական մշակույթի զարգացման գործում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ В начале существования балакиревского кружка в него также входил химик-почвовед и композитор-любитель А. С. Гуссаковский.
Արտաքին հղումներ
խմբագրել- The Five-ը Բրիտանիկա հանրագիտարանում
- The Article about The Five in "1000 years of Russian Music" Արխիվացված 2007-09-30 Wayback Machine
- Russian musical influences of The Five on works of Claude Debussy
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հզոր խմբակ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 386)։ |