Կարպատներ
Կարպատներ (ուկրաիներեն՝ Карпати, գերմ.՝ Karpaten, հունգ.՝ Kárpátok, ռումիներեն՝ Carpaţi, սերբ.՝ Карпати), լեռնային համակարգ է Կենտրոնական Եվրոպայում։ Կարպատյան լեռները հանդիսանում են Ալպերի արևելյան կառուցվածքային շարունակությունը։
Կարպատներ | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռնաշղթա և լեռնահամակարգ |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Մասն է | Ալպ-Հիմալայան գեոսինկլինալ |
Կազմված է | Արևմտյան Կարպատներ, Արևելյան Կարպատներ և Տրանսիլվանիայի Ալպեր |
Բարձրություն (ԲԾՄ) | 2655 մետր |
Երկարություն | 1700 կմ |
Մեծագույն գագաթ | Գեռլախովսկի Շտիտ |
Կարպատները տարածվում են Չեխիայում, Սլովակիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Ուկրաինայում, Ռումինիայում, Սերբիայում և մասամբ Ավստրիայում։
Անվանում Խմբագրել
Ենթադրում են, որ անվանումն ունի թրակա֊իլլիրական ծագում. առաջացել է կա՛մ կարպի ցեղանունից, կա՛մ «ժայռ» հասարակ անունից (այս իմաստով ալբաներենում պահպանվել է Karpe բառը)։ Ոմանք էլ գտնում են, որ անվանման հիմքում ընկած է նախահնդեվրոպական կարո ― «քար» բառը[1]։
Աշխարհագրություն Խմբագրել
Կարպատները հյուսիս-արևելքում կազմում են աղեղ (մոտավորապես 1500 կմ. երկարությամբ)։ Լեռներն ամենամեծ բարձրությանն են հասնում հյուսիս-արևմուտքում (2655 մ.)։ Կարպատներում մշտնջենական ձյուն և սառցադաշտեր չկան։
Կարպատներում կան բավական շատ օգտակար հանածոներ։ Նախալեռնային եզրային կոտրվածքը, որ Կարպատները շրջափակում է արևելքից և հարավից, հարուստ է նավթով, բնական գազով, կերակրի և կալիումական աղերով։ Լեռներում կան երկաթի և գունավոր մետաղների հանքեր։
Կարպատները Կենտրոնական Եվրոպայի ամենահարուստ անտառապատ շրջաններից մեկն են։ Խիտ անտառներով պատված են լեռների լանջերը։ Կաղնու-հաճարենու լայնատերև անտառները, բարձրությանը համեմատ, աստիճանաբար փոխվում են խառն անտառների, ապա եղևնու-եղևենու փշատերև անտառների։ Ավելի բարձր վայրերում տարածված են կոր բներով ծառերը, որոնք աստիճանաբար անհետանում են, սկսվում է մարգագետինների գոտին, այսպես կոչված, պոլոնինները։ Լեռների ամենաբարձր մասերում, ժայռերի ու քարքարոտ վայրերի միջև պատահում են ցածրահասակ, ալպյան բուսականություն ունեցող առանձին մասեր։
Կենդանական աշխարհը Կարպատներում ավելի լավ է պահպանված, քան Ալպերում։ Այստեղ կա արջ, լուսան, կզաքիս, վայրի կատուր, ինչպես նաև վարազ, այծյամ, վայրի այծ։
Այստեղ բնակչությունը հիմնականում կետրոնացած է նախալեռներում և լեռների ստորին լանջերում։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 341)։ |