Խճանկարչություն
Խճանկարչություն, մոզաիկա (ֆր.՝ mosaique, իտալ.՝ mosaico, լատին․՝ opusmusivum` նվիրված մուսաներին), մոնումենտալ-դեկորատիվ արվեստի հիմնական տեսակներից, համասեռ կամ տարբեր նյութերի մասնիկներից (քար, գունախիճ, խեցեսալիկ և այլն) ստեղծված պատկեր կամ զարդ։
Խճանկարչության հատուկ տեսակ է ընդելուզումը (ինկրուստացիան)։ Խճանկար կազմող մասնիկները՝ «խճերը», ունեն պարզ երկրաչափական կամ բարդ ձև և ամրացվում են կրի, ցեմենտի, խեժի կամ մեղրամոմի շերտի մեջ։
Պատմություն
խմբագրելՀին Արևելք
խմբագրելԽճանկարի պատմությունը գալիս է դեռևս մ․թ․ա․ 4-րդ հազարամյակի 2-րդ կեսից, ժամանակաշրջան, որով թվագրվում է Միջագետքի շումերական քաղաքների ամրոցների և վանքերի կառուցումը։
Խճանկարը բաղկացած էր 8-10 սմ․ երկարությամբ և 1,8 սմ լայնությամբ թրծած կավի գլանաձև ձողիկներից («կեռագծեր»), որոնք դրվում էին կավե լուծույթի մեջ։ Պատկերները ձևավորվում էին գլանների ծայրերից, որոնք սովորաբար ներկվում էին կարմիր, սև և սպիտակ գույներով։ Կիրառվում էին երկրաչափական պատկերներ՝ շեղանկյուն և եռանկյուն։
Կեղևավորման տեխնիկայի կամ անտիկ շրջանում խժանկար անունը ստացած opus sectile, ավելի ուշ մշակվել է ֆլորենսիական խճանկարի, կարելի է համարել արհեստածին։
Մ․թ․ա 8-րդ դարին են վերագրվում չհղկված գլաքարից խճանկարի ստացման տեխնիկաները, որը դարձել է խճանկարի տեխնիկայի զարգացման փուլերից մեկը և իր անկման շրջանում հռոմեացիների կողմից ծաղրանքով անվանվել է opus barbaricum:
Պեղումների ընթացքում հայտնաբերվել են քանդակազարդ գլաքարե հատակներ Ալթըն-Թեփե (Արևելյան Անատոլիա) և ամրոցներ Արսլան-Թաշ (Ասորեստան), սակայն ամենահարուստ հուշարձանը համարվում է Գորդիոնի գլաքարային խճանկարները։
Անտիկ շրջան
խմբագրելՉհղկված գլաքարից ստացված առաջին խճանկարները գտնվել են Կորինֆում և ժամանակագրված են մ․թ․ա․ 5-րդ դարում։ Այն մարդկանց, կենդանիների, առասպելական երևույթների շրջագծային պատկերներն է՝ ձևավորված երկրաչափական և բուսական զարդարանքով, հիմնականում սև և սպիտակ, ոճային առումով մոտ է սափորանկարչությանը։
Հավաքման տեխնիկա
խմբագրելԽճանկարը հավաքվում է երկու եղանակով՝
- «ուղղակի», երբ պատկերազարդվող մակերեսին փակցվող մասնիկները ներսեղմվում են ամրացնող զանգվածում,
- «հակադարձ», երբ մասնիկները երեսի կողմից դեպի ցած սոսնձվում են ստվարաթղթի կամ գործվածքի վրա արված գծագրին, ապա հավաքված «խճերը» ետևի կողմից ծեփվում են ամրացնող բաղադրությամբ, ժամանակավոր հիմքը հեռացվում է, ստացված մեծաղյուսը փակցվում է պատին կամ առաստաղին։
- Ցանցի վրա խճանկար դնելիս ցանցին սոսնձված խճանկարը սոսնձվում է դեմքով դեպի վեր։
Տեխնիկա և նյութեր
խմբագրելԱյսօր օգտագործվում են ավանդական խճանկարային նյութեր՝ բնական քար, սեմալտ, կերամիկա և մետաղ։ Այս զինանոցը վերջերս համալրվել է կերամոգրանիտի քարերով[1]։ Բացի այդ, այսօրվա արհեստավորները աշխատում են խեցիներով, գեղարվեստական ապակիներով, հայելիներով, ուլունքներով և նույնիսկ անսովոր իրերով, ինչպիսիք են տիկնիկների մասերը, մարգարիտները կամ լուսանկարները[2]։ Խճանկարը վերածվել է հանրաճանաչ արհեստի և արվեստի, որը ոչ միայն կիրառում են մասնագետները[3]։ Թեև հնագույն խճանկարները սովորաբար ճարտարապետական էին, ժամանակակից խճանկարները ծածկում են ամեն ինչ՝ այգու նստարաններից և ծաղկամաններից մինչև կիթառներ և հեծանիվներ։
Խճանկարչությունն աշխարհում
խմբագրելԽճանկարչության պահպանված հնագույն նմուշներ են բազմագույն կավե անոթների օղակազարդերը (Միջագետք, մ. թ. ա. III հազարամյակ)։ Անտիկ խճանկարչության կառույցների հատակը գարդարող ոչ բարդ զարդերից և անպաճույճ պատկերներից վերաճել է քարի կտորներից կազմված, ուղղակի ագուցված և ապա հղկված բազմագույն կամ սև-սպիտակ նրբին հորինվածքների։ Բյուզանդական արվեստում գունախճերից և քարից (հաճախ կիսաթանկարժեք) հավաքված խճանկարը չէր հղկվում, որով գույնն ստանում էր հատուկ հնչեղություն։ Գույներով ու ոսկով առկայծող բյուզանդական խճանկարը (Կոստանդնուպոլսի և Ս. Սոֆիայի տաճարում), հարստացնելով ինտերիերը, օրգանապես միաձուլվում էր պատի զանգվածին։ Բյուզանդական խճանկարչության ավանդները յուրովի արտացոլվել են Իտալիայում, Հին Ռուսիայում (XI-XII դդ., Կիևի Սոֆիայի և Միխայլովյան ոսկեգմբեթ տաճարներում), Վրաստանում (XII դար, Դելաթի վանքում)։ Արևմտյան Եվրոպայի ռոմանական արվեստում գերիշխել է զարդերով խճանկարչությունը։
XVI դարում Իտալիայում առաջացել է գունավոր հղկված քարերից, այսպես կոչված, ֆլորենտական խճանկարչությունը։ XVII դարում տարածված գունախճերով խճանկարչությունը նմանակել է գեղանկարչության եղանակները։ Իսլամի երկրներում (նաև միջնադարյան Իսպանիայում և Պորտուգալիայում) XIII-XIV դարերում զարգացել է մայոլիկայի արաբանախշ խճանկարչությունը։ XVIII դարում Ռուսաստանում Միխայիլ Լոմոնոսովը վերականգնել է գունախճերով խճանկարչության տեխնիկան։ Սովորաբար խոշոր կտորներից կազմված ժամանակակից խճանկարչության մեջ գերիշխում են ցայտուն, լոկալ գունաբծերի համադրումով հորինվածքները (Ֆեռնան Լեժե, Ռենատո Գուտտուզո, Դավիդ Ալֆարո Սիկեյրոս և ուրիշներ)։ Խորհրդային խճանկարչության վարպետներից են Ալեքսանդր Դեյնեկան, Պավել Կորինը։
Պորտուգալական մայթ
խմբագրելՊորտուգալական մայթը՝ երկգույն խճանկարային սալահատակի տեսակ է, որը ստեղծվել է Պորտուգալիայում 19-րդ դարի 40-ականների սկզբին։
Այն սովորաբար ընդունում է երկրաչափական նախշերի ձևը, բայց նաև օգտագործվում է գեղանկարչական խճանկարների ստեղծման համար ոճերում՝ սկսած դասականությունից մինչև ժամանակակից դիզայն։ Պորտուգալիայում և Բրազիլիայում շատ քաղաքներ ունեն մայթեր, որոնք պատրաստված են այս սալահատակման տեխնիկայով[4]։
Հուիչոլի ցեղի խճանկարը
խմբագրելՆերկայումս զարգանում է ավտոխթոն արվեստի այնպիսի տեսակ, ինչպիսին է Հուիչոլ ցեղի խճանկարը։ Այն ըստ օգտագործվող նյութի հազվագյուտ տեսակի խճանկար է՝ այս տեխնիկայում ոճավորելու համար օգտագործվում են ուլունքներ[5]։
Խճանկարչությունը Հայաստանում
խմբագրելՀայկական խճանկարչության առաջին և համեմատաբար ամբողջական նմուշը Գառնիի բաղնիքի հանդերձարանի հատակի՝ 15 երանգի քարերից կազմված խճանկարն է (III դար), ուր պատկերված են ծով և առասպելական ծովային արարածներ (օվկիանոսի և ծովի մարմնավորումների կիսանդրիներ, ձկնորսների և նավազների հովանավոր Դլավկոսը, Պելեոսը և Թետիսը, դելֆին, իխթիոկենտավրոսներ, ձկներ, ձկնորս, ներեիդներ և այլն)։ Այն իր ոճով հարում է ասորահելլենիստական ուշ շրջանի խճանկարչությանը։ Քարի և գունախճերի խորանարդիկներ են գտնվել Էջմիածնի IV-V դարերի «Ձկներ», Պոմպեյի «Ֆավնի տան» խճանկարներից (մ.թ.ա. II դ., Ազգային թանգարան, Նեապոլ) հին տաճարի պեղումներում, զարդախճանկարի բեկորներ՝ Զվարթնոցում, Դվինում և Անիում։ Սրանով գրեթե սպառվում են խճանկարչության մասին տեղեկությունները Հին և Միջնադարյան Հայաստանում։
Խորհրդային Հայաստանում խճանկարչության արվեստը վերածնվել է 1960-1970-ական թվականներին։ Այն կապված է արվեստների (ճարտարապետություն, նկարչություն և քանդակագործություն) համադրման նկատմամբ աճած հետաքրքրության հետ։ Ուշագրավ են Հ. Խաչատրյանի («Ավարայրի ճակատամարտը», գունախիճ, 1959-1960, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան), Հ. Մինասյանի («Ներփակ կորեր», «Երկրաչափական տարածություն», տուֆ, 1968-1970, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, «Ռիթմեր», քար, 1966, Երևանի Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճ), Կարապետ Եղիազարյանի («Դրախտ», քար, 1968, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի հյուրանոց-ռեստորանի ինտերիեր), Դ. Սմբատյանի, Զ. Հարությունյանի, Հ. Պողոսյանի («Հայաստան», տուֆ, 1967, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան (Երևան)), Ա. Խաչատրյանի («Հայաստան», քար) և այլոց խճանկարները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Historic mosaics in a new light». mosaicartgallery.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Hexagonal glass mosaic: black is the new black». mosaictileoutlet.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Portuguese pavements a calçada portuguesa». archive.today. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «In Portugal, we walk on art». aportugueseaffair.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Huichol bead mosaic sets new Guinness World record». banderasnews.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 56)։ |