Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան (Երևան)
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, 20-րդ դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի (1880-1972) տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967 թվականի նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք։
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Սարյան փողոց 3, Երևան, ՀՀ |
Վայր | Երևան |
Հասցե | Սարյան փողոց |
Հիմնադրված է | 1967 |
Տնօրեն | Ռուզան Սարյան |
Անցում | (374) 581762, (374) 521607, (374) 580568 |
Կոորդինատներ: 40°11′12.790″ հս․ լ. 44°30′33.170″ ավ. ե. / 40.18688611° հս․. լ. 44.50921389° ավ. ե. | |
Կայք | sarian.am |
ՊատմությունԽմբագրել
Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972 թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին։ Մարտիրոս Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։ Թանգարանային հատվածը կառուցվեց Մարկ Գրիգորյանի նախագծով։
Դեպի փողոց դուրս եկող ճակատամասի վերին հատվածի խճանկարը, Մարտիրոս Սարյանի էսքիզով, կատարել է հայտնի նկարիչ Գառնիկ Սմբատյանը:
2013-2016 թթ. Տուն-թանգարանը ենթարկվել է հիմնանորոգման, կառուցվել է չորրորդ հարկը, ուր գործում է բազմագործառնական դահլիճ: Այստեղ կազմակերպվում են կոնֆերանսներ, սեմինարներ, դասախոսություններ, շնորհանդեսներ, համերգներ, ցուցահանդեսներ: Դահլիճը անվանվել է Վարպետի որդու և հարսի անունով՝ Ղազարոս և Արաքսի Սարյանների:
Նորակառույց չորրորդ հարկի առանձին սրահում գործում է "Սարյան" արվեստի ստուդիան:
Թանգարանի տնօրեններԽմբագրել
Տուն-թանգարանի առաջին տնօրենն է եղել նկարչի որդին, կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը, որը ղեկավարել է շենքի կառուցման աշխատանքները։
1967-2003 թվականներին թանգարանը գլխավորել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը, որը մեծ նվիրումով հարստացրել և համալրել է թանգարանի ֆոնդը։
2003-2004 թվականներին տուն-թանգարանի տնօրենն է եղել Լուսիկ Միրզոյանը, ով մինչ այդ երկար տարիներ թանգարանում աշխատել է որպես գլխավոր ֆոնդապահ։
2004 թվականից տուն-թանգարանը ղեկավարում է նկարչի թոռնուհին՝ Ռուզան Սարյանը։
ՑուցադրությունԽմբագրել
Տուն-թանգարանն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ հանգրվանել են նկարչի այն աշխատանքները, որոնք գտնվում էին իր տանը, իր արվեստանոցում։ Թանգարանի գեղարվեստական ֆոնդի ստեղծման հիմքը դարձան նկարչի նվիրաբերած 50 ստեղծագործությունները։ Հետագայում ֆոնդերն ընդլայնվել են գնումների և նվիրատվությունների շնորհիվ։
Այսօր Մ. Սարյանի տուն-թանգարանի հիմնական նպատակն է Վարպետի արվեստի ցուցադրումը, մեկնաբանումն ու հանրահռչակումը։ Թանգարանում տարվում է նաև գիտական աշխատանք՝ կազմվում է նրա կյանքի և ստեղծագործության տարեգրությունը, հրապարակվում են նրա հուշերը, ձեռագրերն ու նամակները, կազմվում է աշխատանքների լիակատար կատալոգը։ Ներկայումս մշակվում է նաև տուն-թանգարանի հուշային ֆոնդը[1]։
Թանգարանի մշտական ցուցադրության մեջ ընդգրկված են այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Ջրհորի մոտ. շոգ օր», «Ինքնադիմանկար», «Քայլող կինը», «Գիշերային բնանկար», «Եգիպտական դիմակներով նատյուրմորտ», «Արևելյան ծաղիկներ», «Երեք հասակ» ինքնադիմանկարը, ինչպես նաև կյանքի վերջին կտավը՝ «Հեքիաթ» գեղանկարը։
Մարտիրոս Սարյանի թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է նկարչի ստեղծագործական բոլոր շրջաններն ու ժանրերը՝ սկսած 16 տարեկանում կատարված առաջին գծանկարներից մինչև կյանքի վերջին տարիներին ստեղծված աշխատանքները։ 300-ից ավելի ստեղծագործությունից կազմված մշտական ցուցադրությունը կազմակերպված է թանգարանի երեք հարկերում ժամանակագրական կարգով։
Այցելուները հնարավորություն ունեն նաև այցելել տուն-թանգարանի սրբավայրը՝ Վարպետի արվեստանոցը։
ՄիջոցառումներԽմբագրել
Թանգարանում կազմակերպվում են հատուկ կրթա-մշակութային ծրագրեր երեխաների և երիտասարդության համար, անցկացվում են թեմատիկ միջոցառումներ, դասական կամերային երաժշտության համերգների ընդգրկմամբ։
ՀասցեԽմբագրել
Թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Սարյան 3 հասցեում։
ՊատկերասրահԽմբագրել
«Ջրհորի մոտ, շոգ օր», 1908
«Ծովափին: Սֆինքս», 1908
«Քայլող կինը», 1911
ԾանոթագրություններԽմբագրել
ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան , օբյեկտ № 1.6/175 |
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան (Երևան) կատեգորիայում։ |