Լոռու ֆիզիկաաշխարհագրական շրջան

Լոռու ֆիզիկաաշխարհագրական շրջան, Հայաստանի Հանրապետության հյուսիսում։ Ընդգրկում է Լոռու մարզը։ Հյուսիսում եզրավորված է Վիրահայոց, արևմուտքում՝ Ջավախքի, հարավում՝ Փամբակի, արևելքում՝ Գուգարաց լեռնաշղթաներով։ Բարձրությունը 380-ից (Դեբեդի հովիտ) մինչև 3196 մ է (Աչքասար)։ Սահմանակից է Շիրակի, Տավուշի, Արարատյան ֆիզիկաաշխարհագրական շրջաններին, հյուսիսում՝ Վրաստանին։ Տարածքը մոտ 3789 կմ² է։ Երկրաշարժամետ գոտի է (1988 թվականիի Սպիտակի երկրաշարժի ուժգնությունը հասել է 10 բալի)։

Տեսարան գետի ստորին հոսանքի բարձրադիր ձախափնյակից, Արևածագ գյուղի մոտ

Ռելիեֆ

խմբագրել

Լեռնագրական խոշոր միավորներ են Լոռու դաշտը, Փամբակի գոգավորությունը և դրանք բաժանող Բազումի լեռնաշղթան, Լալվար (2544 մ), Լեջան (2527 մ) լեռնազանգվածները, Լոռու ձորը՝ Դեբեդի (խորություն՝ մինչև 300 մ) ու Գայլաձորի կիրճերով, և Ձորագետի կանիոնակերպ հովիտը։ Լեռնանցքները ավելի քան 2000 մ բարձրության վրա են։ Սպիտակի լեռնանցքով (բարձրություն՝ 2378 մ) շրջանը կապվում է Արարատյան ֆիզիկաաշխարհագրական շրջանին, Պուշկինի լեռնանցքով (բարձրություն՝ 2038 մ) Լոռու դաշտը՝ Փամբակի գոգավորությանը։

Պաշարներ

խմբագրել

Կան բազմամետաղների, պղնձի, կաոլինային ապարների, շինանյութերի, բարիտի, գիպսի, կրաքարի, հանքային և արտեզյան ջրերի (Լոռու արտեզյան ավազան) պաշարներ։ Շրջանին բնորոշ է վերընթաց գոտիականությունը։

Կլիման բարեխառն է, չափավոր խոնավ, արևափայլքի տարեկան միջին տևողությունը՝ ավելի քան 2000 ժ (Վանաձոր), անարև օրերի թիվը՝ 43։ Նախալեռնային գոտում ձմեռը կարճատև է, մեղմ, բարձրադիր գոտում՝ տևական ցուրտ եղանակների գերակշռությամբ, հաստատուն ձնածածկույթով։ Հունվարի միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում -6 °C է, բարձրադիրում՝ -12 °C (նվազագույնը՝ -42 °C), հուլիսինը համապատասխանաբար՝ 23 °C (առավելագույնը՝ 40 °C) և 10 °C։ Տարեկան տեղումները 400-800 մմ են, անսառնամանիք օրերի թիվը՝ 130-230։

Ջրագրություն

խմբագրել

Ջրագրական ցանցը խիտ է։ Տարածքում են Դեբեդը՝ Մարց, Շնող, Ախթալա, Փամբակը՝ Ջրաշեն, Չիչխան, Ձորագետը՝ Տաշիր, Լոռիգետ, Ուռուտ և այլ վտակներով։ Փամբակի լեռնաշղթայի Թեժլեռան հյուսիսայի լանջից սկիզբ է առնում Աղստևը։ Շրջանում հերթափոխվում են չոր տափաստանային, լեռնաանտառային, լեռնատափաստանային և լեռնամարգագետնային, մերձալպյան և ալպյան վերընթաց լանդշաֆտային գոտիները։

Գերակշռում են անտառային գորշ և դարչնագույն հողերը, Լոռու դաշտում՝ սևահողերը, լեռնամարգագետնատափաստանային, տեղ-տեղ՝ գետահովտաճահճային հողատիպերը։

Բուսականություն

խմբագրել

Փամբակի հովտում տիրապետողն անտառն է՝ հաճարենու և կաղնու գերակշռությամբ (հանդիպում են վայրի տանձենի, խնձորենի, ընկուզենի, սալորենի), քարափներին մասրենու, ցաքու թփուտներ են, Լոռու դաշտում՝ հացազգի տարախոտային և մարգագետնատափաստանային խմբակցությունները, հյուսիս-արևելքում՝ գիհու նոսրանտառներ։ Լոռու դաշտում կան ճահճուտներ և տորֆ։ Լեռների բարձրադիր գոտում հերթափոխում են ենթալպյան և ալպյան մարգագետնային խմբակցությունները։ Շրջանն ունի ռեկրեացիոն մեծ հնարավորություններ։ Տարածքում են Գյուլագարակի, Մարգահովտի, Մրտավարդենու արգելավայրերը։

Լեջանի համայնապատկերը Լոռի բերդից
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։