Շնող (Լոռու մարզ)

գյուղ ՀՀ Լոռու մարզում
(Վերահղված է Շնողից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շնող (այլ կիրառումներ)

Շնող, գյուղ Հայաստանի Լոռու մարզում։

Գյուղ
Շնող
Shnogh.jpg
Կոորդինատներ: 41°9′0″ հս․ լ. 44°50′23.93″ ավ. ե. / 41.15000° հս․. լ. 44.8399806° ավ. ե. / 41.15000; 44.8399806
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
Մակերես41.28 կմ²
ԲԾՄ725 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3139 մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
##Շնող (Լոռու մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Շնող (Լոռու մարզ) (Լոռու մարզ)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Անվանման արմատաբանական բացատրությունը գալիս է «շեն հող» բառակապակցությունից։ Գտնվում է Գուգարաց լեռնաշղթայի արևելյան մասում, Դեբեդ գետի աջափնյա սարավանդի և հարակից՝ ձորերով ու բլուրներով պատած, բարդ և անհանգիստ ռելիեֆով տարածքի վրա։

Ունի միջնակարգ հանրակրթական և յոթամյա արվեստի դպրոցներ, մշակույթի տուն, 2 գրադարան, կապի բաժանմունք, կինո, ավտոմատ հեռախոսակայան, կենցաղասպասարկման տաղավար, 2 մսուր մանկապարտեզ, հիվանդանոց, ամբուլատորիա, դեղատուն, հայրենագիտական թանգարան։

Շնողի պատմությունը սերտորեն առնչվում է Մեծ քարի գլուխ թաղամասը երբեմնի բռնող միջնադարյան Կայծոն ամրոցի հետ, որի ծաղկման շրջանը վերաբերվում է X-XI դդ։ Կայծոն-Շնող անվանափոխությունը կատարվել է ուշ շրջանում. 13-րդ դարի աղբյուրներում ամրոցը հիշվում է միայն Կայծոն անունով։ Շնող անունը վերաբերել է գյուղին, որը իր մեջ Բերդաթաղի հետ ներառել է նաև 19-րդ դարի վերջի աղբյուրներում հիշվող Նորաշենը (Փոքր քարի գլուխ թաղամասը և գյուղի ներկայիս կենտրոնական տարածքը)։ Կայծոն-Շնողը բաժանել է Հայաստանի վարուվերումներով լի ճակատագիրը։ X-XI դդ տարածաշրջանում իշխել են Կյուրիկյանները։ 1118 թվին Կայծոնը Վրաստանին միացրեց Դավիթ Շինարարը։ XII-XIV դդ այն եղել է Զաքարյանների տիրույթներից մեկը, 12-րդ դարի կեսից սկսած ասպատակվել է թուրք-սելջուկյան, թաթար-մոնղոլական հորդաների կողմից։

17-րդ դարի սկզբին պարսից շահ Աբասը, տեղահան անելով բնիկ հայ և վրացի բնակչությանը, նրանց հողերը բնակեցրել է թուրք քոչվորներով։ Հետագա դարաշրջաններում ևս բազմիցս ենթարկվել են հարձակումների։ 1919 թ.-ի հունվարին Լոռին Թուրքիայի սպառնալիքներից ապահովելու նպատակավ Սադախլոյից մինչև Ձորագետ հայտարարվեց չեզոք գոտի , փաստորեն անջատելով այն Հայաստանից։ 1920 թ.-ի վերջին Հայաստան ներխուժած թուրքական զորքերի առաջխաղացումը դեպի Վրաստան կանխելու պատրվակով Վրաստանի մենշևիկյան կառավարությունը զորքերը մտցրեց Լոռի, որով այն համարվեց ռազմական դրության մեջ։ Արևելյան Հայաստանի խորհրդայնացումից և Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրումից հետո Լոռվա նկատմամբ թուրքական սպառնալիքները այլևս իրական չէր։

Վրացական կողմը, խախտելով 1920 թ.-ի նոյեմբերի 13-ի հայ-վրացական համաձայնագիրը, գրավելով ևս 8 սահմանամերձ բնակավայրեր, չէր պատրաստվում հեռանալ Լոռուց, ձգտելով նրա բռնակցմանը Վրաստանին։ Ժողովրդական զինված ապստամբության, 11-րդ բանակի գործունեությունների հետևանքով 1921 թ.-ի փետրվարին Լոռին ազատագրվեց մենշևիկյան բռնակցումից, մտնելով Խորհրդային Հայաստանի կազմի մեջ։ Ապստամբության ընթացքում զոհվեցին Շնողի երկու բնակիչներ՝ Ներսես Բաբայանը և Աբգար Ոսկանյանը:

Գյուղի կենսագրությունում խոր, անդարմանելի հետք են թողել 1930-ական թթ բռնադատումները, Հայրենական պատերազմը, 1949 թ.-ի աքսորը, 1988 թ.-ի ահեղ երկրաշարժը, Արցախի ազատամարտի զոհերը։

Շնողի և ընդհանրապես Թումանյանի շրջանի պատմությունը, սկսած հնագույն ժամանակներից, սերտորեն կապված է եղել Գուգարաց աշխարհի, ավելի ուշ՝ Տաշիր-Ձորագետի թագավորության, ապա Զաքարյանների իշխանության ժամանակաշրջանի փառահեղ պատմության հետ: Սակայն թերի կլիներ այդ պատմությունը, եթե հաշվի չառնենք նաև խաշնարած ու բարբարոս ցեղերի՝ թուրք-սելջուկների, թաթար-մոնղոլների, Լենկ-Թեմուրի, ինչպես նաև կարակոյունլուների ու ակկոյունլուների ասպատակությունների ժամանակաշրջանի անցքերը:

ԿլիմաԽմբագրել

Կլիման բարեխառն է՝ չափավոր մեղմ ձմեռներով, մոտիկ չոր արևադարձայինին։ Տարեկան միջին ջերմաստիճանը՝ 11,1 աստիճան, առավելագույնը՝ 38 °C, նվազագույնը՝ -22 °C։

ԲնակչությունԽմբագրել

Շնողի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 538 2205 2296 2758 2586 3142 2885 3328 3117 2826

Օգտակար հանածոներԽմբագրել

Շնողին հարակից վայրերում կան օգտակար հանածոների՝ պղնձի, երկաթի, մոլիբդենի, օխրայի, փիրուզի հանքավայրեր, որոնց մի մասը հնում արդյունահանվել է և մշակվել տեղում։ Շնողը շրջապատող անտառները հարուստ են արժեքավոր ծառատեսակներով, վայրի պտուղներով, հատապտուղներով, անասնակերով։

ՏնտեսությունԽմբագրել

Լեռնալանջերը, նախալեռնային տարածքները, գետահովիտները պատած են արգավանդ բարեբեր հողատարածություններով։ Բնակչությունը զբաղվում է հացահատիկների, տեխնիկական, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ և այգեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներըԽմբագրել

Շնողի բուն տարածքում գտնվում են Կայծոն ամրոցի (10 դար), միանավ եկեղեցու մնացորդները, Սբ. Գևորգ (1893 թ.), Սբ. Սարգիս (1894 թ.) եկեղեցիները, Տերունական խաչարձան-մատուռը(1222 թ.), Ս. Սարգիս մատուռը (17 դար), Նշան մատուռի մնացորդները(17 դար)։ 1990 թվականին գյուղում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել