Տավուշի ֆիզիկաաշխարհագրական շրջան

Տավուշի ֆիզիկաաշխարհագրական շրջան Հայաստանի հյուսիս-արևելքում։ Ընդգրկում է Տավուշի մարզը և Գեղարքունիքի մարզի հյուսիսարևելյան հատվածը։ Արևմուտք և հյուսիս-արևմուտքից եզրավորված է Գուգարաց լեռնաշղթայի մասնատված անտառապատ լանջերով, հարավից և հարավ-արևելքից՝ Փամբակի, Արեգունու և Միափորի լեռնաշղթաներով, արևելքից՝ Կուրի դաշտավայրով։

Ռելիեֆ խմբագրել

Տեղանքն ունի հարավ-արևմուտքից հյուսիսարևելյան թեքություն։ Միջին բարձրությունը մոտ 1000 մ է, առավելագույնը՝ 2993 մ (Մուրղուզ լեռ)։ Հյուսիսում է Բագրատաշենի հարթավայրը (բարձրություն՝ 380 մ, ՀՀ ամենացածր վայրը)։ Լեռնային խիստ կտրտված մակերևույթին բնորոշ են զառիվեր լանջերը, քարափները, խոր, նեղ կիրճերն ու գետահովիտները։ Ռելիեֆի գլխավոր տարրը շրջանի տարածքը հարավ-արևմուտքից հյուսիս-արևելքից հատող Աղստևի գեղատեսիլ հովիտն է։ Միջլեռնային գոգհովիտները ծածկված են ջրաբերուկներով և սողանքային նստվածքներով (սողանքներն առավել տարածված են Դիլիջանի գոգավորության սահմաններում)։ Արևմուտքում ձգվող Գուգարաց լեռնաշղթայից ճյուղավորվում և իրարից խոր կիրճերով բաժանվում են Կոտմանի, Ոսկեպարի, Մթնասարի, Իջևանի (Կայենի) անտառապատ լեռնաճյուղերը։ Հարավում Միափորի լեռնաշղթայից սկսվում և հարավ-արևմուտքից հյուսիս-արևելքից միմյանց զուգահեռ ձգվում են Հախումի, Կենաց, Տավուշի ու Խնձորուտի համանուն գետահովիտներով բաժանվող անտառապատ լեռնաճյուղերը, որոնք աստիճանաբար ցածրանալով, ձուլվում են Կուրի դաշտավայրին։ Կան հարթ, սեղանաձև լեռնագագաթներ (Պաղակն՝ 2072 մ, Հովք՝ 2507 մ, Մեծ Մայմեխ՝ 2642 մ) ռելիեֆի կարստային ձևեր։ Հարավում Սևանի լեռնանցքով շրջանը կապվում է Սևանա լճի ավազանին։

 

Պաշարներ խմբագրել

Կան ծծմբային հրաքարի, վիմագրական քարի, մարմարի, կրաքարի, դոլոմիտի, ագաթի, բենթոնիտային կավերի, ցեոլիտի, քարածխի պաշարներ, հանքային ջրերի ելքեր (Բլդանի, Մարգահովտի, Թթուջրի, Վազաշենի և այլն)։ Շահագործվում են Սարիգյուդի կավերի հանքավայրը, «Դիլիջան» հանքային ջուրը։

Կլիմա խմբագրել

Կլիման չափավոր տաք է։ Ըստ բարձրության՝ հերթափոխվում են չոր մերձարևադարձային (շոգ ամառ, մեղմ ձմեռ) և բարեխառն (մեղմ ամառ) կլիմայի տիպերը։ Արևափայլքի տարեկան միջին տևողությունը 1900-2100 ժ է, անարև օրերի թիվը՝ 65։ Հյուսիսում հունվարի միջին ջերմաստիճանը -1ից 1 °C է։ Հաստատուն ձնածածկույթ առաջանում է ոչ ամեն տարի։ Հարավում ձմեռը ցուրտ է, Ճամբարակում հունվարի միջին ջերմաստիճանը -5, 3 °C է, նվազագույնը՝ -35 °C։ Քամիների առավելագույն արագությունը դիտվում է ձմռանը։ Գարունը հյուսիսային ցածրադիր մասերում կարճատև է, մեղմ, հարավում՝ համեմատաբար տևական, ամառը տևական է, չափավոր շոգ, ամսական միջին ջերմաստիճանը հուլիս-օգոստոսին՝ 21-22 °C, առավելագույնը՝ 36 °C։ Հարավային լեռնային գոտում ամառը բարեխառն է, ամսական միջին ջերմաստիճանը՝ 14-18 °C, առավելագույնը՝ 27 °C։ Տարեկան տեղումները 500-600 մմ (մեծ մասը՝ գարնանը) են։

Ջրագրություն խմբագրել

 
Պարզ լիճ

Ջրագրական ցանցը պատկանում է Կուրի ավազանին։ Գետերն արագահոս են, սահանքավոր։ Հյուսիս-արևմուտքում Լոռու մարզի սահմանով հոսում է Դեբեդը։ Ամենամեծ գետը Աղստևն է՝ Բլդան, Գետիկ, Հաղարծին, Սառնաջուր վտակներով։ Տարածքով են հոսում Հախում, Տավուշ, Խնձորուտ, Կողբ, Քարհան, Ոսկեպար գետերը։ Կառուցվել են Ոսկեպարի (Ջողասի), Այգեձորի, Տավուշի, Հախումի ջրամբարները։ Տարածքում է Պարզ լիճը։

Բուսականություն խմբագրել

Շրջանում հերթափոխվում են լեռնատափաստանային, լեռնաանտառային և մերձալպյան լանդշաֆտային գոտիները։ Տարածքի 51%-ը զբաղեցնում է անտառը (հաճարենի, կաղնի, բոխի, թխկի, լորենի, հոնենի), ենթանտառում տարածված են պտղատու թփուտները (մոշենի, մասրենի և այլն)։ Անտառի վերին սահմանում ենթալպյան բարձրախոտային նոսրանտառային խմբակցություններ են, լեռնազանգվածների գագաթնային գոտում՝ ալպյան բուսականություն։ Շրջանի հարավային հատվածը ներառված է Դիլիջանի ազգային պարկի մեջ։ Տարածքում են Իջևանի, Արջատխլենու, Գանձաքարի, Ախնաբաթի կենու պուրակ, Գետիկի արգելավայրերը։

Բնակլիմայական պայմանները նպաստավոր են հանգստի, բուժման, միջազգային զբոսաշրջության զարգացման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։