Լոռվա սարահարթ, Լոռու դաշտ, Լոռու սարահարթ միջլեռնային սարահարթ Հայաստանի Լոռու մարզի հյուսիսում՝ Բազումի, Ջավախքի և Վիրահայոց լեռնաշղթաների միջև։ Բարձրադիր հարթավայր է, որի միջով Ձորագետ ու Տաշիր գետերը փորել են խոր կիրճեր[1]։ Ունի եռանկյունու ձև, 30 կմ երկարություն և 18 կմ լայնություն։ Ծովի մակարդակից բարձր է 1400 (կամ 1300)-1600 մ։ Հյուսիս-արևմտյան մասը կոչվում է նաև Տաշիր։ Հատակը հարթ է, մասամբ լավաներով ծածկված։ Դեպի հարավ–արևելք ունի թույլ թեքություն և հարթ մակերևույթ[2]։ Ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք՝ թույլ թեքությամբ։
Կազմված է վերին պլիոցենի և անթրոպոգենի անդեզիտաբազալտներից և բազալտներից՝ ծածկված ջրասառցադաշտային, հեղեղատային նստվածքներով։ Արևմուտքում մակերևույթը միատարր է, արևելքում՝ մասնատված Ձորագետի, Ուռուտի, Տաշիրի և Գարգառի խոր կիրճերով։ Կլիման բարեխառն է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -4 °C, հուլիսինը՝ 16 °C, տարեկան տեղումները՝ 700-800 մմ։ Լանդշաֆտը տափաստանային է, տեղ-տեղ կան անտառապուրակներ։ Լոռու դաշտի տարածքում են Լոռե (Լոռի) քաղաք-ամրոցի (հիմնադրվել է 1005-20-ին) ավերակները, Գյուլագարակի սոճու արգելավայրը։