Լիբանանի սփյուռքահայ երաժշտություն Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը նույնպես սփյուռքահայ երաժշտություն մշակույթի կարևոր օջախներից է։ Կոմպոզիտոր և խմբավար Բարսեղ Կանաչյանը, բացի Բեյրութից, գործել է նաև Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրներում, Կոստանդնու Պոլսում, Բուլղարիայում և Ֆրանսիայում։ 1936 թվականին Բեյրութում ստեղծել և ղեկավարել է «Գուսան» երգչախումբը։ Գրել է հիմնականում մեներգեր ու խմբերգեր, որոնք աչքի են ընկնում վոկալի նուրբ զգացողությամբ։ Երաժիշտ-մանկավարժ Գրիգոր Հեպոյանը հեղինակ է դպրոց, երգերի, դաշնամուրային պիեսների։ Կոմպոզիտոր-խմբավար Մինաս Գանգրունին երաժըշտագիտական և քննադատ, հոդվածներ է հրապարակել տեղի մամուլում, գրել է ֆուգաներ, սոնատներ, կվարտետ, սիմֆոնիկ պոեմ, մանկական երգեր և այլն։ Մանկավարժ և ջութակահար Օննիկ Սյուրմելյանը Բեյրութում հիմնադրել է «Կոմիտաս» քառյակը և «Լիբանանյան եռյակ» անսամբլները, որտեղ ջութակահարն ինքն էր։ Երգչուհի և դաշնակահարուհի Մարի Ավետյանը համերգներով շրջագայել է Մերձավոր Արևելքի բոլոր խոշոր քաղաքներում։ Կոմիտասի ծննդյան 100-ամյակի առիթով եղել է Հայաստանում։ Դաշնակահարուհի Սոնա Վարդապետյան-Ահարոնյանը, բացի համերգային գործունեությունից, զբաղվել է նաև մանկավարժությամբ։ 1950 թվականին Բեյրութում բացել է երաժշտական դպրոց։ Ճանաչված են երգչուհի Արփինե Փեհլիվանյանը, նրա դուստրը՝ երգչուհի և դաշնակահարուհի Էլիզաբեթը։ Հայտնի են նաև երգչուհիներ Սոնա և Սոսի Մինասյան քույրերը, դաշնակահարուհի Սինթիա Խաչատրյանը, ջութակահարուհի Սոնիկ Չանգրյանը, կիթառահար Վրույր Մագմանյանը, քամանչահար Ռուբեն Գարախանյանը և ուրիշներ։ Էստրադային երաժշտության բնագավառում մեծ ավանդ ունեն Ատիս Հարմանտյանը, Մանվել Մենենկիչյանը, Լևոն Գաթրճյանը (հետագայում տեղափոխվել է ԱՄՆ), Վարդավառ Անթոսյանը և ուրիշներ։ Մի շարք հայ երաժշտագետներ դասավանդում են «Բարսեղ Կանաչյան» և «Թեքեյան» կոնսերվատորիաներում։ Լիբանանում հիմնադրվել են «Ալեմշահ», «Գարուն», «Կոմիտաս», «Կռունկ», «Նաիրի», «Շահմուրադյան» երգչախմբերը, «Քնար» պարախումբը և այլն։

Սիրիիայի սփյուռքահայ երաժշտություն խմբագրել

Սիրիայում նույնպես հայ երաժիշտներն աշխույժ գործունեություն են ծավալել։ Հիշարժան են «Առնո Բաբաջանյան», «Զվարթնոց», «Նարեկացի», «Քնար», «Մեսրոպ Մաշտոց» երգչախմբերը, «Ասլամագյան լարային քառյակը», «Սարդարապատ», «Ազատ Ղարիբյան» պարախմբերը և այլն։ Վահե Դեմիրճյանն ստեղծել է ժամանակակից երաժշտության «Թայջերս» (1968) խումբը, հեղինակ է կինոերաժշտության։ Պ. Աբաջյանը դասավանդել է Դամասկոսի կոնսերվատորիայում, ղեկավարել երգչախմբեր։ Երգչախմբեր է ղեկավարել նաև ժ. հսկենյանը, նվագախումբ՝ Վ. Պլքյանը։ Անվանի դաշնակահարուհիներ են Ա. Ատուրյանը, Լ. Սերայտարյանը, երգիչ-երգչուհիներ Հ. Թեմիզյանը, Կ. Տաղտևիրենյանը, Գրիգոր Ջանգյոզյանը և ուրիշներ։ Հալեպում գործում է Լիբանանի «Բարսեղ Կանաչյան» կոնսերվատորիայի մասնաճյուղը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։