Երգչախումբ, երգիչների խումբ, բաղկացած մի քանի ենթախմբից, որոնցից ամեն մեկը համատեղ երգեցողության ընթացքում կատարում է առանձին երգամաս։ Հավասարակշռված անսամբլ է, ունի կայուն և ճշգրիտ լարվածք, օժտված է արտահայտչական հարուստ ու բազմազան հնարավորություններով։

Եկեղեցական երգչախումբ

Պատմություն

խմբագրել

Երգչախումբը երգիչների խումբ է, բաղկացած է մի քանի ենթախմբից, որոնցից յուրաքանչյուրը համատեղ երգեցողության ընթացքում կատարում է առանձին երգամաս՝ նվագակցությամբ կամ առանց նվագակցության։ Երգչախմբերը, ըստ կազմի, լինում են կանանց, տղամարդկանց, մանկական և խառը։

Պատմական զարգացման ընթացքում փոփոխվել են երգչախմբի կազմը, երգիչների թիվը, ձայնի բաժանման սկզբունքները։ Մոտ IX դարում պրոֆեսիոնալ երգչախումբը դուրս է եկել եկեղեցական համայնքից, իսկ արդեն X–XIII դարերում երգչախմբում ձայները բաժանվել են։ Հավանաբար XIV–XV դարերից, բազմաձայնության զարգացմանը զուգընթաց, կիրառվել է «երգչախմբային երգամաս» հասկացությունը։ Գլխավոր մեղեդային ձայնը տենորն էր։ Երգչախմբի անդամների և երգամասերի քանակը պայմանավորված էր տվյալ ժամանակաշրջանի երաժշտական ոճով։ XIV–XV դարերին բնորոշ էին 3–4, Վերածննդի շրջանին՝ 6–8 և ավելի երգամասեր։ Հետագայում երգչախումբը բաժանվել է 4 հիմնական երգամասերի՝ սոպրանո, ալտ, տենոր և բաս, որը հաստատուն է ցայսօր։ Օպերայի երևան գալուց ի վեր (XVI–XVII դարերի սահմանագիծ) երգչախումբը դարձել է նրա անբաժանելի մասը։

Բացի եկեղեցական և օպերային երգչախմբերից՝ երաժշտարվեստում նշանակալի տեղ են զբաղեցնում նաև աշխարհիկ երգչախմբերը։ Երգչախմբի անդամների նվազագույն քանակը 12-ն է (կամերային երգչախումբ), առավելագույնը՝ 100–120, խառը երգչախմբերում՝ մինչև 1000 (տոնակատարությունների, հանդիսությունների ժամանակ)։ Ճանաչված են Միտրոֆան Պյատնիցկու անվան ռուսական ժողովրդական (1910), Էստոնիայի տղամարդկանց ազգային (1944 թ., հիմնադիր՝ Գուստավ Էռնեսաքս), Ուկրաինական ժողովրդական, Վրաստանի պետական ակադեմիական և այլ երգչախմբեր։

Երգչախմբերը Հայաստանում

խմբագրել

Հայկական իրականության մեջ առաջինը Քրիստափոր Կարա Մուրզայի ժողովրդական երգչախմբերն Էին (1880-ական թվականներին)։ Բարձրորակ երգչախմբեր ստեղծեցին Մակար Եկմալյանը (Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում) և Կոմիտասը (Էջմիածնի Գևորգյան ճեմարանում և Կոստանդնուպոլսում)։ խորհրդային տարիներին աչքի ընկան Երևանի պետական կոնսերվատորիայի (ղեկ․ Ս․ Մելիքյան) և Հայֆիլհարմոնիայի (ղեկավարներ Թաթուլ Ալթունյան, Ա․ Տեր Հովհան

նիսյան) երգչախմբերը, Պետական ակադեմիական կապելլան (ղեկավար՝ Տ. Չեքիջյան), Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախումբ, (ղեկ․ Է․ Էյատուրյա), Հայ էլեկտրագործարանի տղամարդկանց ինքնագործ երգչախումբ (ղեկավար՝ Նուպար Սնկրյան) և ուրիշներ։ Երգչախմբերը տարածված են նաև սփյուռքում։

Նոր շրջանում աչքի են ընկել Երևանի կոնսերվատորիայի, Ռադիոյի կամերային, Հայֆիլհարմոնիայի երգչախմբերը։ Հայտնի են նաև Հայաստանի պետական, Երգչախմբային ընկերության, Կամերային, «Հայաստանի փոքրիկ երգիչներ», «Հովեր» և այլ երգչախմբեր։ Սփյուռքում գործող երգչախմբերից են՝ «Ծնծղա» և «Նանոր» մանկական, «Գարուն» (Լիբանան), «Երևան» (Բուլղարիա), «Կոմիտաս» (Ռումինիա), «Արաքս», «Քնար», «Անի» (ԱՄՆ), «Զվարթնոց», «Նարեկացի» (Սիրիա), «Կոմիտաս», «Կռունկ» (Ուրուգվայ) և այլն[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 544