Թումո
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, 12-18 տարեկան պատանիների համար նախատեսված անվճար կրթական կենտրոն, որը մասնագիտացված է դիզայնի և տեխնոլոգիաների ոլորտում։
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն | |
---|---|
Հիմնադրված | 2011 թվական |
Հիմնադիրներ | Սեմ և Սիլվիա Սիմոնյաններ |
Տեղագրություն | Հայաստան |
Հիմնական անձինք | Մարի Լու Փափազյան |
գործունեության որլորտ | Ուսուցում դիզայնի ու տեխնոլոգիաների ոլորտում |
Կայք | tumo.org |
Թումո կենտրոնը բացվել է 2011 թվականին Երևանում։ Հայաստանում այժմ գործում է 5 Թումո կենտրոն՝ Երևանում,Սևանում,Դիլիջանում,Կողբում, Գյումրիում և Ստեփանակերտում։ Հայաստանից դուրս կա 7 միջազգային կենտրոն Փարիզում, Բեյրութում, Մոսկվայում, Տիրանայում, Բեռլինում, Կիևում և Լիոնում։ Առաջիկայում ծրագրվում է բացել կենտրոններ Մասիսում, իսկ արտերկրում՝ Կալիֆոռնիայիում, Տոկիոյում և Նուր-Սուլթանում։
2019 թվականին հայտարարվել է Թումոյի նոր մարզային ծրագրի՝ «Թումո տուփ»-ի մասին։ Թումո-տուփը հեշտ տեղաշարժվող, սակայն տեխնիկապես հագեցած մինի-Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես Թումոյի ինքնուսուցողական տարածք տեղի պատանիների համար։ Այս պահին ծրագրվում է բացել 2 Թումո-տուփ՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Կապանում[1]։
2019 թվականին հայտարարվել է ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի հիմնադրման մասին։ Համալիրը տեղակայված է լինելու Թումո Երևանի հարևանությամբ և զբաղեցնելու է 25 հազար ք.մ. տարածք, արժենալու է 25 մլն եվրո և լինելու է հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց։ Համալիրում են տեղակայված լինելու Հայաստանում ֆրանսիական համալսարանի մասնաճյուղը և Դպրոց 42-ը՝ որը Ֆրանսիայում հիմնադրված հայտնի ծրագրովման դպրոց է նախատեսված երիտասարդ մասնագետների համար[2]։
2017 թվականին հիմնադրվել է Թումոյի ևս մեկ ծրագիր՝ Թումո ստուդիաները (TUMO Studios): Այն շահույթ չհետապնդող նախագիծ է, որը մասնագիտացված է անալոգային արտադրանք ստեղծելու վրա։ Ստուդիաները նախատեսված է 16-28 տարեկան երիտասարդ մասնագետների համար, որոնք կարող են այստեղ հմտանալ կավագործության, ոսկերչության, նորաձևության, ասեղնագործության, խոհարարության ևշատ այլ ոլորտներում։
Թումոն դարձել է «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխություն 2019-ի հաղթող «Կրթության, վերապատրաստման և իրազեկման բարձրացման» անվանակարգում։ Մրցանակը տրվում է պահպանման, հետազոտության, նվիրված ծառայության, կրթության, վերապատրաստման և իրազեկման բարձրացման ոլորտներում նշանակալի ավանդ ունեցող կազմակերպություններին և անհատներին։
2018 թվականի փետրվարի 19-ին Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում պաշտոնապես մեկնարկած ՏՏ համաշխարհային համաժողովում (WCIT Արխիվացված 2019-10-08 Wayback Machine) Թումոյին հանձնվել է գլխավոր՝ համաժողովի նախագահ Իվոն Չյուի կողմից տրվող մրցանակը «Թվային դարի խորհուրդը իրագործելու» համար[3]։
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
խմբագրելԹումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հիմնվել է 2011 թվականին։ Առաջին Թումո կենտրոնը բացվել է Երևանում օգոստոսի 14-ին։ Բացման հանդիսավոր արարողությանը համերգով է հանդես եկել System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը։ Երևանյան կենտրոնը նաև հանդիսանում է որպես ընկերության գլխամասը։ Կենտրոնի նախաձեռնությունը Սիմոնյան կրթական հիմնադրամինն ու դրա ղեկավարներ Սեմ և Սիլվա Սիմոնյաններինն է։ Սեմ Սիմոնյանը ամերիկահայ ճարտարագետ և ձեռներեց է, ով 90-ականներին իր ԻՆԵԹ ընկերության հետ լուրջ հաջողություն է գրանցել հեռահաղորդակցման ոլորտում։ Թումոյի գլխավոր տնօրենն է Մարի Լու Փափազյանը, ով մշակել է Թումոյի կրթական ծրագիրը և ղեկավարել է կենտրոնի առաջին շինության նախագծման ու կառուցման աշխատանքները։ Նախքան Թումոն, նա ղեկավարել է Կրթություն հանուն զարգացման հիմնադրամը, որը զբաղվում էր առցանց կրթական ծրագրերի միջոցով Հայաստանի և սփյուռքի ուսանողներին միավորելով։ Նա նաև ղեկավարել է Նյու Յորքի մի քանի հայտնի բարձրահարկ կառույցների շինարարական աշխատանքներ։ Մարի Լուն կրթության մեջ հաշվողական տեխնոլոգիաների ոլորտում մագիստրոսի կոչում է ստացել Կոլումբիայի համալսարանի Ուսուցիչների քոլեջից, ինչպես նաև ունի կոչումներ ճարտարագիտության և շինարարական մենեջմենթի մեջ։
Թումոյի խորհրդի անդամներն են`
խմբագրել- Սերժ Թանկյան - Երաժիշտ, System of a Down
- Րաֆֆի Կրիկորյան - Emerson Collective, Uber, Twitter
- Մայքլ Արամ - Հիմնադիր, Michael Aram
- Ռև Լեբարեդեան - Փոխտնօրեն, NVIDIA
- Քեթրին Սարաֆյան - Պրոդյուսեր, Pixar
- Բեկոր Փափազյան - Հիմնադիր տնօրեն, Bazillion Beings
- Ռոջեր Կուպելյան - Արտ-տնօրեն, Fugitive Արխիվացված 2019-09-09 Wayback Machine
- Ալեքս Սերոբյան - Տնօրեն, Industrial Toys
Կրթական ծրագիր
խմբագրելԹումոն արտադպրոցական, նորարարական կրթական ծրագիր է դիզայնի և տեխնոլոգիաների միջակայքում։ Թումոն պատանիների համար ապահովում է ազատ տարածք և անհրաժեշտ սարքավորումներ անցնելու համար կրթական փուլերն ու զարգացնելու տեխնիկական հմտությունները։ Կրթական ծրագրի առանձնահատկությունն այն է, որ ուսանողները կողմնորոշվում են Թումոյի ծրագրավորման թիմի ստեղծած ծրագրով՝ Թումո շավղով, որով պատանիները իրականացնում են ինքնուսուցման վարժանքներն և ընտրում հետաքրքրության ոլորտները։ Ծրագիրը այս ամենը դասավորում է ըստ ուսանողի հետաքրքրությունների և առաջխաղացման տեմպի։ Թումոյի կրթական ծրագիրը բաղկացած է ինքնուսուցողական վարժանքներից, դասընթացներից և աշխատարաններից՝ 14 հիմնական ոլորտներում։ Դրանք են՝
- Անիմացիա
- Խաղերի ստեղծում
- Ֆիլմերի ստեղծում
- Կայքերի մշակում
- Երաժշտություն
- Ստեղծագրություն
- Նկարչություն
- Գրաֆիկական դիզայն
- Եռաչափ մոդելավորում
- Ծրագրավորում
- Ռոբոտաշինություն
- Շարժական գրաֆիկա
- Լուսանկարչություն
- Նոր մեդիա
Ինքնուսուցում
խմբագրելԻնտերակտիվ և կարճ ինքնուսուցողական վարժանքները ոգեշնչում են և կառուցում նոր հմտություններ։ Թումոյի մարզիչները քաջալերում են պատանիներին և օգնում առաջ շարժվել իրենց կրթական ծրագրով։ Հարյուրավոր վարժանքների մի մասը նախապայմաններ են, որ ուղղորդում են դեպի մասնակցություն դասընթացների՝ ծրագրի յուրաքանչյուր ոլորտում։
Դասընթացներ
խմբագրելԹումոյում գործում են դասընթացներ բոլոր 14 կրթական ոլորտներում։ Սկսնակ, միջին և առաջադեմ դասընթացները ավարտվում են անհատական կամ խմբային նախագծերով, որոնցից յուրաքանչյուրը տեղադրվում է մասնակցի պորֆոլիոյի մեջ, իսկ երբեմն ուղարկվում է մրցույթների և փառատոնների կամ հրապարակվում է առցանց հարթակներում։
Աշխատարաններ
խմբագրելԱշխատարանները կարճատև ծրագրեր են՝ անցկացվող ոլորտի առաջատար մասնագետներ կողմից։ Ամեն տարի 100-ից ավելի մասնագետներ աշխարհի տարբեր ծայրերից գալիս են Թումո կամավոր սկզբունքով աշխատելու թումոցիների հետ իրական նախագծերի վրա։ Աշխատարանը կարող է տևել ինչպես երկու շաբաթ, այնպես էլ մի քանի ամիս։
Պորտֆոլիո
խմբագրելԹումոյում չկան դիպլոմներ և կրթության սերտիֆիկատներ։ Թումոյի ուսանողի անցած ուղղու ժամանակ գրանցած բոլոր հաջողություններն ու իրականացրած նախագծերը վերածվում են առցանց պորտֆոլիոյի, որը կարող է օգտագործվել համալսարան կամ աշխատանքի ընդունվելիս։ Թումոյի ուսանողների աշխատանքները կարելի է տեսնել այստեղ՝ www.tumo.org/hy/պորտֆոլիո/
Մասնաճյուղեր
խմբագրելԹումոյի առաջին կենտրոնը բացվել է 2011-ն Երևանում։ Կենտրոնի անվանումը ոգեշնչված է Թումանյանի այգուց, որը կրում է նշանավոր հայ հեղինակ Հովհաննես Թումանյանի անունը։ Երևանի կենտրոնը նախագծվել է ճարտարապետ Բերնար Խուրիի կողմից՝ Թումոյի մակավարժական մոտեցումը հաղորդելով ճկունությամբ, թափանցիկությամբ ու տեխնոլոգիական ստեղծարարությամբ։ Այժմ կենտրոն է հաճախում շուրջ 15000 ակտիվ ուսանող։
Թումո Դիլիջան
խմբագրելԴիլիջան քաղաքում գտնվող երկրորդ Թումո կենտրոնը բացվել է 2013-ին Թումոյի և ՀԲԸՄ-ի համագործակցության շրջանակներում՝ Հայաստանի կենտրոնական բանկի աջակցությամբ։ Թումո Դիլիջանը կրթություն է տրամադրում հարյուրավոր պատանիների, որոնց մի մասը կենտրոն է հաճախում հեռավոր գյուղերից։ Ներկայումս կենտրոնի տարածքը ընդլայնվում է՝ հնարավորություն ունենալու Թումոյի կրթական ծրագրում ընդգրկելու ավելի շատ երիտասարդների շրջակա բնակավայրերից։
2015 թվականից Թումո Գյումրին գտնվում է ժամանակավոր տարածքում, որտեղ արդեն սովորում է 2000 ուսանող։ Կենտրոնը շուտով կտեղափոխվի Գյումրիի պատմական թատրոնի շենք, որը Թումոն վերականգնում է՝ ուսանողների թիվը հասցնելու 4000-ի։ Գյումրիում կենտրոն հիմնելու գաղափարը նախաձեռնել է «Շանթ» հեռուստաընկերությունը, որի անցկացրած հեռուստամարաթոնի արդյունքում հավաքվեցին կենտրոնը մեկնարկելու համար անհրաժեշտ միջոցների մի մասը։ Թումո Գյումրին երկու կենտրոններից առաջինն է, որը իրական դարձավ Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցության շնորհիվ։
Թումո Ստեփանակերտ
խմբագրելԹումո Ստեփանակերտը Թումոյի և ՀԲԸՄ-ի համագործակցության երկրորդ կենտրոնն է։ Այն գտնվում է քաղաքի պատմական շինության առաջին հարկում, որը նվիրաբերվել է Թումոյին Արցախի կառավարության կողմից և վերանորոգվել է Ղարաբաղ Տելեկոմի աջակցությամբ։ Ներկայումս կենտրոն է այցելում ավելի քան 1000 ուսանող Ստեփանակերտից և շրջակա բնակավայրերից։ Նախատեսվածից շատ ուսանողների հետաքրքրվածության արդյունքում կենտրոնը շուտով ընդլայնվելու է և տեղակայվելու նույն շենքի նաև երկրորդ հարկում։
Թումո Փարիզ
խմբագրելԹումոյի առաջին միջազգային կենտրոնը բացվել է Փարիզում 2018 թվականի հոկտեմբերին։ Այն գտնվում է Forum des Images կենտրոնում՝ Փարիզի Les Halles շրջանի գլխավոր հատվածում։ Կենտրոնը անվճար կրթություն է ապահովում 12-ից 18 տարեկան շուրջ 1500 պատանու։
Թումո Բեյրութ
խմբագրելԲեյրութում բացված կենտրոնը երկրորդն էր Հայաստանից դուրս և առաջինն էր Միջին Արևելքում։ Այն տեղակայված է Բեյրութի կենտրոնում` Beirut Digital District-ում։ Ոչ պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2018 թվակակին, իսկ շուտով տեղի կունենա կենտրոնի պաշտոնական բացումը և Լիբանանի պատանիները հնարավորություն կստանան ավելի արդյունավետ կերպով շարունակել իրենց ուսումը Թումո Բեյրութի10 կրթական ոլորտներում։
Թումո տուփ
խմբագրել«Թումո-տուփ» նախագծի մեկնարկը հայտարարվել է 2019 թվականին։ Թումո-տուփերը լինելու են Թումոյի արբանյակային կենտրոններ, որոնք տրանսպորտի միջոցով կապվելու են Թումո մեծ կենտրոնների հետ։ Այս համակարգը հնարավորություն է տալիս մինիմալ ֆինանսական միջոցներով ապահովել մարզերի պատանիներին Թումոյի կրթական փորձառությամբ։ Թումո-տուփը հեշտ տեղաշարժվող, սակայն տեխնիկապես հագեցած մինի-Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես Թումոյի ինքնուսուցողական տարածք տեղի պատանիների համար։ Անցնելով ինքնուսուցման ընթացքը իրենց տեղական Թումո-տուփում` ուսանողները մասնագիտացված դասընթացների փուլում ուղևորվում են մոտակա մեծ կենտրոն` Թումո հանգույց։
Առաջին Թումո-տուփը Ամունդի-ԱԿԲԱ ընկերության հետ համագործակցությամբ, ինչպես նաև HAYG Foundation հիմնադրամի նվիրատվությամբ մեկնարկում է Բերդ քաղաքում։ Բերդի և մոտակա բնակավայրերի ուսանողները գործնական դասընթացները կանցնեն Թումո Դիլիջանում, որը կվերածվի կրթական հանգույցի։ Թումո-տուփը հնարավորություն կտա տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 250 պատանիների։
Երկրորդ Թումո-տուփը նախատեսվում է բացել Սյունիքի մարզի Կապան քաղաքում։
ԵՄ Թումո համալիր
խմբագրել2019 թվականին մեկնարկած «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագիծը իրականացվում է Եվրոպական միության և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ համագործակցությամբ և տեղակայված է լինելու Երևանի Թումո կենտրոնի հարևանությամբ։ 25 հազար ք.մ. տարածք գրավող և 25 միլիոն եվրո արժեցող համալիրը լինելու է հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց։ Նախագիծը կստեղծի բաց հարթակ և ակտիվ համայնք՝ համադրելով կրթությունն ու բիզնեսը, և միավորելով ուսանողների, երիտասարդ մասնագետների և տեղական ընկերությունների իրենց միջազգային գործընկերների հետ։ Համալիրում են տեղակայված լինելու Հայաստանում ֆրանսիական համալսարանի մասնաճյուղը և Դպրոց 42-ը` որը Ֆրանսիայում հիմնադրված հայտնի ծրագրավորման դպրոց է նախատեսված երիտասարդ մասնագետների համար։ Համալիրի ճարտարապետական նախագիծը իրականացնելու է հոլանդական աշխարհահռչակ MVRDV ընկերությունը։ Վերջնական ճարտարապետական նախագիծը կներկայացվի 2020 թվականի գարնանը[2]։
Թումո ստուդիաներ
խմբագրել«Թումո ստուդիաները» (TUMO Studios) համալսարանական տարիքի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար նախատեսված շահույթ չհետապնդող կրթական ծրագիր է։ Նախագծի շեշտը դրված է անալոգային արտադրանքի ստեղծման վրա։ Յուրաքանչյուր դասընթացի նպատակն է ստեղծել նորարարական և ժամանակակից արտադրանք, որը մրցունակ է աշխարհում և, միաժամանակ, հիմնված է տեղական նյութերի և մշակույթի վրա։
Թումո ստուդիաները առաջարկում է տեխնիկական հմտությունների զարգացման և դիզայնի դասընթացներ 10 ոլորտներում` ոսկերչություն, խեցեգործություն, ասեղնագործություն, տպագրություն, նորաձևություն, աքսեսուարների դիզայն, փայտի փորագրություն, քարի փորագրություն, արտադրադրական դիզայն և խոհարարություն։
Ստուդիաները տեղակայված է Պուշկինի 38Ա շենքում, որը կառուցվել է 20-րդ դարի սկզբին և ծառայել է որպես Առաքել Աֆրիկյանի առանձնատուն։ Ստուդիաները պահպանել է շենքի ինտերիերը, պատերի նախշերը և կահույքի մի մասը։
Թումո ճամբար
խմբագրելԹումոյի ամառային ճամբարը անցկացվում է 2012 թվականից։ Այն հնարավորություն է տալիս պատանիներին ամբողջ աշխարհից ծանոթանալ Թումոյի կրթական ծրագրին և արագացված տեմպով ստանալ գիտելիքներ և ձեռք բերել հմտություններ մի քանի կրթական ոլորտում։ Բացի այդ պատանիները մասնակցում են խաղերի, հնարավորություն են ստանում շրջել Հայաստանի պատմամշակութային վայրերում և մասնակցել բազմապիսի միջոցառումների։
Թումո ճամբարը կենտրոնի դրամահավաքի միակ միջոցն է։ Ճամբարից ստացված ողջ հասույթը ուղղվում է Հայաստանում կրթության զարգացմանն ու ավելի քան տասը հազար մշտական ուսանողների անվճար ուսուցման կազմակերպմանը Հայաստանում և Արցախում։ Թումո ճամբարի կայքը` www.camptumo.com
Մրցանակներ
խմբագրելԹումոն դարձել է «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխություն 2019-ի հաղթող «Կրթության, վերապատրաստման և իրազեկման բարձրացման» անվանակարգում։ Մրցանակը տրվում է պահպանման, հետազոտության, նվիրված ծառայության, կրթության, վերապատրաստման և իրազեկման բարձրացման ոլորտներում նշանակալի ավանդ ունեցող կազմակերպություններին և անհատներին։
2018 թվականի փետրվարի 19-ին Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում պաշտոնապես մեկնարկած ՏՏ համաշխարհային համաժողովում (WCIT Արխիվացված 2019-10-08 Wayback Machine) Թումոյին հանձնվել է գլխավոր՝ համաժողովի նախագահ Իվոն Չյուի կողմից տրվող մրցանակը «Թվային դարի խորհուրդը իրագործելու» համար[3]։
Թումոյի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը մայիսի 15-ին Փարիզում արժանանացել է է Ֆրանսիայի Հանրապետության պատվավոր Palmes Académiques ասպետի կոչմանն ու պարգևատրվել է շքանշանով։ Շքանշանը Փափազյանին հանձնել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ Palmes Académiques ասպետի կոչումն ու շքանշանը տրվում է գիտության և կրթության ոլորտներում նշանակալի ավանդի համար։
Թումոյի և Եվրոպական միության համագործակցությամբ ստեղծված «Նետոյի առասպելը» (Tales of Neto) խաղը 2017 թվականին Գերմանիայում արժանացել է N.I.C.E մրցանակին՝ որպես լավագույն նորարական նախագծի։ Նետոյի առասպելը մոբայլ խաղ է, որի նպատակն է հակակոռուպցիոն կրթությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Team, TUMO (2019 թ․ հուլիսի 3). «Այսօր ներկայացվեց Թումո տուփ նախագիծը». TUMO. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ 2,0 2,1 Team, TUMO (2019 թ․ մարտի 19). «ԵՄ ԹՈՒՄՈ համալիրի մեկնարկը». TUMO. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 Թումոն ՏՏ համաշխարհային համաժողովում մրցանակի է արժանացել
Արտաքին հղումներ
խմբագրել- Թումո լաբեր
- ԹՈՒՄՈ շավիղ(հասանելի է միայն ԹՈՒՄՈ կենտրոնների սաների համաար)
- Կրթական ծրագիր