Թառ

լարավոր-կնտնտոցային նվագարան

Թառ (պարս.՝ تار — «լար», «թել» բառերից), պարսկական ծագումով լարավոր-կնտնտոցային նվագարան։ Տարածված է Հայաստանում, Ադրբեջանում[1], Հարավային Կովկասի երկրներում, Իրանում, Թուրքիայում, Աֆղանստանում, և Միջին Ասիայի երկրներում։

Թառ
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
ՈրակավորումԱղելարային կսմիթային նվագարան
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ321.321-5

«Թառ» բառարմատն ընկած է մի շարք այլ նվագարանների անվան հիմքում, ինչպես օրինակ dotār (دوتار, “երկու լար”), setār (سه‌تار, “երեք լար”), pančtār (پنجتار “հինգ լար”), և šaštār կամ šeštār (ششتار “վեց լար”):

Չնայած թառը վաղուց տարածաշրջանային նվագարան է, սակայն 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն ճանաչեց Ադրբեջանի ոչ նյութական մշակութային արժեք[2]։

Պատմություն խմբագրել

Թառը անառարկելիորեն ունի պարսկական ծագում, բայց ուրիշ շատ նվագարանների նման, հին ժամանակներից տարածված է եղել նույն տարածաշրջանի տարբեր ժողովուրդների մոտ։

Դարերի ընթացքում առաջացել են թառի երկու տարբերակ՝ «պարսկական թառ» վեցլարանի և «կովկասեան թառ» տասնմեկլարանի։

Ժամանակակից «պարսկական թառ»ի ստեղծողը եղել է հայտնի նվագարանագործ, հայազգի վարպետ Յահյա Խանը (1876 - 1932), Սպահան քաղաքից, որ իրավամբ կարող ենք անվանել «պարսկական թառի հայր»։ Նա բարեփոխեց հին թառի արձագանգարանի ձևը և՛ տեխնիկապես, և՛ գեղարվեստականորեն, ինչը հանգեցրեց արձագանգարանի ավելի գեղեցիկ ձևի և առավել հաճելի ձայնի։ Նա իր թառերը ստորագրում էր «Յահյա» անունով, և այդ պատճառով մարդկանց մեջ նա հայտնի է որպես «Յահյա խան» (یحیی ﺨﺎﻦ)։ Նրա իսկական անունն էր Հովաննես Աբգարյան (Յովհաննէս Աբգարեան)։ Իրանցի երաժիշտների համար լավ թառը միշտ համեմատվում է Յահյայի թառերի հետ։

«Կովկասեան թառ»ի ստեղծողն եղել է Շուշի քաղաքի հայտնի թառահար Սադըղջանը (Sadıqcan 1846-1902):

Նա կրճատել է փարդաների թիվը 17-ի, գործիքի 5 լարերին ավելացրել վեցերորդ լարը՝ ընդհանուրը հասցնելով 11 լարերի։ Նոյնպես կատարել է կառուցվածքային փոփոխություններ թեթեվացնելով գործիքը և վերջնականապես հրաժարվել նվագարանը ազդրի վրա հենված դիրքից, ընդունելով կատարողի ծալած թևի վրա հորիզոնական՝ կրծքին սեղմած դիրքը։

Այս բարեփոխված գործիքն ուշադրության արժանացել է հայ վիրտուոզ քամանչահար՝ Սաշա Օգանեզաշվիլուն (Ալեքսանդր Օհանյան) որ նրան անվանել է «կախարդական թառ»։

Թառը մեծ դերակատարություն է ունեցել Իրանի, Հայաստանի և կովկասյան երկրների դասական երաժշտության զարգացման գործում։ Նվագարանն այսօր էլ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Իրանում մեծ ժողովրդականություն է վայելում։ Իրանում հատուկ կարևորություն է տրվում թառ նվագելու ուսուցման գործընթացին, քանի որ թառի նվագածությունը պարտադիր է Իրանի ժողովրդի ազգային տոների ու հանդիսությունների արարողությունների ընթացքում։

Կառուցվածք խմբագրել

Թառը ժողովրդական լարային կսմիթային երաժշտական նվագարան է։

 
Պարսկական թառ

Ունի երկու խոռոչ, ութաձև արձագանքարան, երկար վզիկ, քառանկյուն գլխիկ։ Թառի երկգավաթ իրանը փորված է թթենու ամբողջական կտորից՝ ծածկված կենդանական թաղանթային մեմբրանով։ Ընդհանուր ձևը նմանություն ունի կիթառի հետ։ Երկարավուն կոթը ականջակիր գլխամասում պատրաստված է ընկուզենուց։ Կոթի վրա 22 աղիքե փարդաններ են (լադ), որոնց միջև եղած ինտերվալները միկրոխրոմատիկ են, այսինքն՝ կիսատոնից էլ ցածր։ Լարերն այսօր մետաղյա են, իսկ հնում պատրաստվել են կենդանու աղիքից։

Նվագելիս գործիքը սեղմում են կրծքին և պահում հորիզոնական դիրքով։ Թառը հնչում է հարիչով՝ պահելով այն աջ ձեռքի բթի և ցուցամատի միջև, դաստակի բազմաձև շարժումներով։

Թառ պատրաստելու եղանակներ խմբագրել

Թառ պատրաստելու համար նախընտրելի է թթենու փայտը։ Թթենու փայտի կոճղը թառի արձագանքարանի գծագրով սղոցում են, թաց վիճակում հատուկ ուրագի և այլ գործիքների օգնությամբ փորում, որից հետո 15-20 օր չորացնելու նպատակով պահում են փայտի թեփի մեջ։ Արտաքին և ներքին մակերեսը մշակելուց հետո ընկուզենու փայտյա եռանկյունաձև կտրվածքով վզիկը արձագանքարանի կենտրոնացույց գծիկի ուղղությամբ կենդանական սոսնձով միացնում են։ Ապա վզիկի ծայրամասին բացված եզրային հարթակներին սոսնձում են ընկուզենու փայտյա գլխիկը, որի վրա հագցված են լարելու համար նախատեսված 6 մեծ և 3 փոքր ձգաններ։ Վզիկի եզրային նեղ ակոսների մեջ պահպանակ տեղադրելուց հետո նեյլոնե բարակ լարերի հինգանդամ խումբը հատուկ հյուսվածքով հանգուցելով պնդում են 22 հնչյունամիջնորմերը։ Թառի գլխիկն ու ձգանները փայլեցնելուց հետո խոշոր եղջերավոր անասունների սրտի թաղանթով երեսպատում են արձագանքարանի խոռոչները։

Թառի 11 մետաղյա լարերը բաժանվում են հետևյալ խմբերի․

  1. սպիտակ (պողպատյա) - I, III լարի զույգը V, VI լարեր,
  2. դեղին (արուրե) - II լար,
  3. պարուրված (պողպատալար միջուկով) - III լարի զույգը և IV լարը

Լարերը ձգաններին ու ամրակներին պնդելուց հետո արձագանքարանի մեծ խոռոչի կենտրոնում տեղադրում են լարերի ճնշումը դիմակայող եռատոնի մեծ հենակը։ Կարգավորում են թառի լարվածքն ու հնչյունաշարը, իսկ հնչողական որակական բարձր հատկանիշներով օժտված նվագարանները սովորության համաձայն զարդարում են սադափով։

Պայմանական նշաններ խմբագրել

n - հարված դեպի վար
v - հարված դեպի վեր
nn - միակողմանի հարված դեպի վար
vv - միակողմանի հարված դեպի վեր
nvn - երկկողմանի հարված
1, 2, 3 - մատները I լարի վրա
(1), (2), (3) - մատները II լարի վրա
1., 2., 3. - մատները III լարի վրա

Թառը Հայաստանում խմբագրել

 
Վարդան Բունիի (Բունիաթյանց) ստեղծած արևելյան հնագույն նվագարանների (աշուղական) համույթը: Ձախից աջ` մենակատար Լ. Կարախան (քամանչա), Գրիգորյան (թավ-քամանչա), Վ. Բունի (թառը ձեռքին), Բազյան, Եսայան:

Հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդը, երաժշտական ավանդույթների հետ մեկտեղ, պահպանել է նաև հնագույն նվագարանները և զարգացնելով հասցրել կատարելության։ Մ․թ․ա. 6-րդ դարից հայերը, տարածվելով Հայկական լեռնաշխարհից դուրս, բնակություն են հաստատել նաև Հյուսիսային Միջագետքի և Անատոլիայի տարածքում և նշանակալի հետք թողել մի շարք նվագարանների ստեղծման և պահպանման գործում։

Հայաստանում թառի պատկերներ պահպանվել են հին տապանաքարերի վրա կատարված հարթաքանդակներում, որտեղ նվագարանը ներկայացված է երաժշտի ձեռքին։ Բացի տապանաքարերից, թառի պատկերներ հանդիպում են նաև հայկական մանրանկարներում՝ սկսած 13-րդ դարից։ Դրանցում թառահարները ներկայացված են թե՛ որպես մենակատարներ, թե՛ որպես համույթի անդամներից մեկը՝ լարային-կսմիթային, աղեղնավոր, փողային և հարվածային գործիքներ նվագող երաժիշտների շարքում։ Ըստ հայկական մանրանկարների՝ թառ նվագել են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, ընդ որում՝ տարբեր դասի ներկայացուցիչներ՝ հովվից մինչև ազնվականներ[3]։ Սակայն նվագարանն ավելի շատ տարածված է եղել քաղաքային աշուղական երաժշտական միջավայրում։ Թառահարների հիմնական նվագացանկը եղել է Մերձավոր Արևելքի ժողովուրդների շրջանում տարածված մուղամը, որը տարածաշրջանային երաժշտական ժանր է։

Տեխնիկական լայն հնարավորությունների և հարուստ հնչողության համադրությունը նվագախմբի տպավորություն է թողնում, որի շնորհիվ էլ թառը հիմնական մենանվագային գործիքներից մեկն է հայկական երաժշտարվեստում։ Հայ անվանի աշուղներից թառ են նվագել Շերամը, Իգիթը եւ ուրիշներ։

Հայաստանում թառը համարվում է ժողովրդապրոֆեսիոնալ նվագարան, բացի մենակատարումից։ Հայ երաժիշտ կատարողները մեծ ավանդ ունեն թառի կատարողական արվեստի զարգացման ասպարեզում։ Թառի հնչյունները հրապուրել են այդ ասպարեզների ներկայացուցիչներին` Մակար Եկմալյան, Ալեքսանդր Ալեքսանդրյան, Արամ Մերանգուլյան, երաժիշտներ` Վարդան Բունի, Կառլեն Միրզոյան և այլք։

1920-ական թվականներին Վարդան Բունին ստեղծել է չորս տարբեր մեծության թառերի ընտանիք և գործածել իր «Արևելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագախմբում», պիկոլո (8 - 9 լար), պրիմա (8 լար), բարիտոն (6 լար) և կոնտրաբաս (9 լար)` նվագախմբի բասային կամ թավ հնչողությունն ուժեղացնելու համար։ Թառի կատարողական արվեստի զարգացման գործում ներդրում ունեն հայ երաժիշտներ Բալա Մելիքյանը, Գրիգոր Մելիքյանը, Աղամալ Մելիք Աղամալյանը, Սողոմոն Սեյրանյանը և ուրիշներ[4]։

Թառի հնչողությունը գրավել է հայ կոմպոզիտորների ուշադրությունը. թառի համար սոնատներ, կոնցերտներ և այլ պիեսներ են գրել Գուրգեն Միրզոյանը, Խաչատուր Ավետիսյանը, Ստեփան Ջրբաշյանը, Արզաս Ոսկանյանը, Գեղունի Չթչյանը, Անդրանիկ Ներսիսյանը, Արտեմ Խաչատուրը և ուրիշներ։

Երաժշտական գործիքների շարքում թառն այն եզակիներից է, որի համար տարբեր կոմպոզիտորներ պարտիտուր են գրել սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալու համար։ Հայ կոմպոզիտորներից Ավետ Տերտերյանն իր սիմֆոնիաներում ժողովրդական նվագարաններ՝ դուդուկ, զուռնա և թառ է օգտագործել։

Թառը հնչել է մի շարք հայկական ֆիլմերի երաժշտական ձևավորման մեջ։ Թառի համար գրվել են մեթոդական ձեռնարկներ, ժողովածուներ, ներկայացրել թառի ուսուցման իրենց դիտարկումները, օրինակ՝ Ա․Մերանգուլյան՝ «Թառի ուսուցման դպրոց», Հ․Դարբինյան՝ «Թառի նվագներ», «Թառի ձեռնարկ», «Թառի ուսուցարան» և այլն[5]։ Նախաձեռնությամբ է հանդես եկել նաև մեր օրերի լավագույն թառահարներից Հովիկ Սահակյանը։

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ուսուցանվում է ժողովրդական նվագարանների տիրապետման վարպետություն, որոնց շարքում է նաև թառը։

Թառ պատրաստող հայ վարպետներ խմբագրել

Թառ պատրաստող վարպետների փորձը սերնդեսերունդ փոխանցվելու ավանդույթը շարունակվում է մինչև մեր օրերը։ Նրանցից են 1920-ականներին Երևանում գործած Վասիլը և Երվանդ Բարսեղյանը։ Նրանց պատրաստած նվագարանները դեռևս կարելի է հանդիպել հին երևանցիների բնակարաններում։

19-րդ դարի վերջին թառի տեխնիկական և երաժշտական հնարավորությունները բացահայտելու համար թառահար Բալա Մելիքյանը նվագարանին ավելացրեց ևս 5 լար։ Թառի արձագանքարանի պատրաստման մեծ վարպետ էր Եփրեմ Խաչատրյանը։ Այդ արվեստը սովորել է Աղամիր Ասրյանից և կատարելագործել։ Նրա պատրաստած արձագանքարանների համբավը տարածվել է Կովկասում և Միջին Ասիայում։ Բաքվեցի հայտնի վարպետ Բահատուր Պողոսյանը իր պատրաստած նվագարաններով տասնամյակներ շարունակ նպաստել է գործիքի զարգացմանը։

Կյանքի նոր պայմաններին համընթաց վերանայվում էին նախկին չափանիշները։ Այդ փոփոխությունների ներկայացուցիչը եղավ տաղանդավոր վարպետ, ինժեներ և թառահար Ալբերթ Զաքարյանը։ Նա նաև կատարել է կառուցվածքային փոփոխություններ՝ թառի վզիկի չափերը փոխելու միջոցով ընդլայնելով նրա հնչյունածավալը։ Զաքարյանը նաև ծայրագույն նրբության հասցրեց թառը սադափով զարդարելու արվեստը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Тураев Б. А. Набла // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  2. Четыре новых элемента внесены в Репрезентативный список нематериального культурного наследия человечества
  3. Институт этнологии и антропологии ми. Н.Н. Миклухо-Маклая РАН; Институт археологии и этнографии НАН РА. Народная музыка и инструменты // Армяне / Л.М. Варданян, Г.Г. Саркисян, А.Е. Тер-Саркисянц. — Москва: Наука, 2012. — С. 430—433. — 647 с. — (Народы и культуры). — 500 экз. — ISBN 978-5-02-037563.
  4. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1995, էջ 267 — 768 էջ. — 10000 հատ, ISBN 5-89700-003-5։
  5. «Levon Ichkhanian». Wesleyan Universit]. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 1982 թ․ մայիսի 24-ին.

Գրականություն խմբագրել

  • Սահակյան Հ․ Թառ։ Ուսումնական ձեռնարկ/Փոխադրումներ, մշակումներ և օրիգինալ ստեղծագործություններ թառի համար․-Եր․։ Վան Արյան, 2016․ 100 էջ

Աղբյուրներ խմբագրել

  • Российская академия наук, Национальная академия наук республики Армения, Армяне, Москва, 2012 г.
  • Тар, музыкальный инструмент // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Betty Blair. «Sing Tar, Sing. Like Father, Like Son? Passing on the Tradition», AI, Winter 1999 (7.4), pp. 74–76
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 141  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թառ» հոդվածին։