Վարդան Բունի
Վարդան Գևորգի Բունի (Բունիաթյան, (փետրվարի 15 (փետրվարի 27), 1888, Վաղարշապատ - հունիսի 5, 1960, Երևան), հայ խորհրդային կոմպոզիտոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1952)։
Վարդան Բունի | |
---|---|
Ծնվել է | 1888 փետրվարի 15 Վաղարշապատ |
Մահացել է | հունիսի 5, 1960 Երևան | (տարիքը 72)
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան |
Պարգևներ | Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ |
ԿենսագրությունԽմբագրել
Վարդան Բունիաթյանը ծնվել է Վաղարշապատում: Նրա հայրը՝ Եգոր Բունիաթյանը, եղել է Էջմիածնի մայր տաճարի փորագրիչներից: Սովորել է Գևորգյան ճեմարանում, նրան դասավանդել է Խաչատուր Աբովյանի որդին՝ Վարդան Աբովյանը[1]։ Երգել Կոմիտասի երգչախմբում։ Հավաքել և մշակել է ժողովրդական երգեր ու պարեղանակներ։ Գրել է երգեր, գործիքային պիեսներ, խմբերգեր, որոնցից հայտնի է «Սասունցի Դավիթ» էպիկական երգաշարը (ժողովրդական գործիքների նվագախմբի նվագակցությամբ)։ 1908 թվականից կազմակերպել և ղեկավարել է երգչախմբեր, վոկալ-գործիքային անսամբլներ, համերգներով հանդես եկել Հայաստանում, Ռուսաստանի հայաշատ կենտրոններում։ Ժողովրդական գործիքների նվագախմբի հնչունածավալն ընդարձակելու և սիմֆոնիկ նվագախմբին մոտեցնելու նպատակով ստեղծել է սազի, թառի, քամանչայի, քամանի, թութակի, բլուլի, դուդուկի և զուռնայի ռեգիստրային տարատեսակներ[2], որոնք արժանացել են Ալեքսանդր Սպենդիարյանի դրվատանքին։ Բունիի «Արևելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագախումբը» գործել է Երևանում, 1925-1936 թվականներին։ Բունիի երաժշտական գործիքները օգտագործվում են Դաղստանում և Տաջիկստանում, նմուշները պահվում են Սանկտ Պետերբուրգում (թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի ինստիտուտի թանգարան)[3][4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Անահիտ Կիրակոսյան, Հայ ժողովրդական նվագարանային կատարողական արվեստ, Երևան 2011
- ↑ «Վարդան Բունի. Կոմիտասի հայտնի աշակերտի մասին արխիվային նյութեր է հրապարակում նրա ազգականը»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2019-02-15
- ↑ «AV Production - Վարդան Բունի»։ avproduction.am։ Վերցված է 2019-02-15
- ↑ Ով ով է. հայեր: Կենսագրական հանրագիտարան, հ. 1, 2005 էջ 238:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |