Երաժշտական գործիքներ

(Վերահղված է Երաժշտական գործիքից)

Երաժշտական գործիքներ, երաժշտական հնչյուններ արտաբերող և երաժշտության համար նախատեսված, ռիթմավորված աղմուկներ վերարտադրող գործիքներ[1]։ Յուրաքանչյուր երաժշտական գործիք ունի ինքնատիպ հնչերանգ և հնչման ուժգնություն, որոշակի դիապազոն, նվագի տեխնիկական առանձնահատկություններ, սեփական արտահայտչական հնարավորություններ։ Բոլոր երաժշտական գործիքների ձայնարտադրման սկզբունքը նույնն է. նվագելիս տատանման մեջ դրվող մարմինն առաջացնում է օդի համապատասխան տատանումներ, որոնք ընկալվում են որպես երաժշտական հնչյուններ։ Ֆիզիկապես մարդու ձայնային ապարատը նույնպես յուրատեսակ երաժշտական գործիք է։

Տավիղ
Թմբուկ
Սրինգ
Շեփոր
Քնար
Դաշնամուր (Piano)

Պատմություն

խմբագրել

Երաժշտական գործիքները, ինչպես բոլոր գործիքներն ընդհանրապես, պատմական երկարատև զարգացում են ապրել։ Ըստ հնագիտական ուսումնասիրությունների՝ երաժշտական գործիքների ստեղծումը պայմանավորված է եղել ոչ թե բուն արվեստով, այլ հմայական և պաշտամունքային արարողություններով, ժողովրդական այլ ծիսակատարություններով, աշխատանքային և պատերազմական գործողություններով. դրանք հետագայում են մուտք գործել աստիճանաբար կազմավորվող երաժշտական կենցաղ։ Հնագիտական պեղումներով հայտնաբերված որոշ գործիքներ պատրաստված են բազմազան նյութերից (քար, ոսկոր, փայտ, լար, կաշի, կավ, մետաղ և այլն)։ Հնագույն երաժշտական գործիքների մի մասը ժամանակի ընթացքում գործածությունից դուրս է եկել, մի քանիսը մինչև մեր օրերը պահպանվել են իրենց նախնական ձևով (կայրակ, եղջյուր և այլն), մյուսները ենթարկվել են աննշան փոփոխությունների (Պանի ֆլեյտա, թմբուկներ և այլն)։ Նախկին բազմաթիվ պարզագույն գործիքների կատարելագործված տեսակներից կազմավորվել են յուրատեսակ «գործիքային ընտանիքներ», որոնք կազմում են ժամանակակից երաժշտական գործիքարանը։ Երաժշտական գործիքների զարգացումն ընթացել է երաժշտության, երաժշտակատարողական արվեստի, նաև գործիքաշինության տեխնիկայի զարգացմանը զուգահեռ։

Ժողովրդական կենցաղում լայնորեն գործածվող, հիմնականում պարզ կառուցվածքի այն գործիքները, որոնց նվագի տեխնիկային տիրապետելը, որպես կանոն, հատուկ մասնագիտացված ուսուցում չի պահանջում, ընդունված է անվանել ժողովրդական երաժշտական գործիքներ։ Յուրաքանչյուր ժողովուրդ ստեղծել է իր ինքնատիպ գործիքարանը, աստիճանական հարստացումը պայմանավորվել է նրա երաժշտական մշակույթի զարգացմամբ, նաև այլ ժողովուրդների հետ մշակութային փոխգործակցությամբ։ Պատմահամեմատական երաժշտագիտությունն ի հայտ է բերել տարբեր ժողովուրդների երաժշտական գործիքների զարգացման ընդհանրությունները, պարզել, որ նրանց նույն գործիքները տարբերվում են տեսքով և անվանումներով։ Ժամանակի ընթացքում ժողովրդականից առանձնացել են համեմատաբար բարդ կառուցվածքով, արտահայտչական առավել հարուստ հնարավորություններով պրոֆեսիոնալ երաժշտական գործիքներ, որոնց նվագի տեխնիկային տիրապետելը պահանջում է տևական մասնագիտական ուսուցում։

Ժամանակակից պրոֆեսիոնալ երաժշտական գործիքարանն սկսել է կազմավորվել 15-րդ դարից։

Երաժշտական գործիքների հնչողության որակը պայմանավորված է գործիքի պատրաստման համար օգտագործած նյութերի որակով և հաջող զուգորդումով, նաև դրա ձևի ու առանձին մասերի չափերի հարաբերությունների նպատակահարմարությամբ։ Բազմաթիվ երկրներում գոյություն ունի երաժշտական գործիքների զարգացած գործարանային արտադրություն, սակայն որոշ դեպքերում (մասնավորապես՝ ջութակի, ալտի, թավջութակի) առավել բարձրորակ են գործիքներ պատրաստող վարպետների ստեղծած նմուշները։

Հայաստանում երաժշտական գործիքների հիմնական տիպային խմբերը հայտնի են եղել դեռևս հնագույն ժամանակներում։ Դրանք զարգացել են կատարելագործման, նաև առանձին խմբերի լրացման եղանակներով։ Պեղումներով հայտնաբերված ամենահին գործիքները՝ բրոնզե զանգակներ, բոժոժներ, չխկչխկաններ (տարածվել են մ. թ. ա. 2-րդ հազարամյակի կեսերից), ծնծղաներ, դափ, թմբուկ, նաղարա, դհոլ և այլն, օգտագործվել են ինչպես ծիսակատարությունների, այնպես էլ ռազմերթերի ժամանակ։ Կարևոր դեր են խաղացել նաև փողը և նրա տարատեսակները (ավագ փող, գալարափող և այլն), որոնց մասին հիշատակել են Մովսես Խորենացին, Փավստոս Բուզանդը, Ագաթանգեղոսը և այլ պատմիչներ։

Արևելյան գործիքների մասին տեղեկություններ կան միջնադարյան Արևելքի գիտնականների ու բանաստեղծների երկերում (Ալ Ֆարաբի, Իբն Սինա, Նիզամի, Նավոի և ուրիշներ)։ Մանրանկարներում հաճախ հանդիպում ենք հովվական սրնգի։ Լարային գործիքները (բամբիռ, տավիղ, վին, շեշթա, քանոն, սազ և այլն) նույնպես հիշատակված են ձեռագրերում և մեծ մասամբ եղել են գուսանների, մթրուպների, աշուղների գործիք։

Ներկայում ՀՀ-ում ժողովրդական երաժշտական գործիքներից առավել գործածական են դուդուկը, զուռնան, պարկապզուկը, թութակը կամ շվին, բլուլը (փողային), սազը, թառը, ուդը, քանոնը, քամանչան (լարային), դափն ու դհոլը (հարվածային)։ Նորաստեղծ լարային աղեղնավոր գործիք է բամբիռը։ Երևանում գործող երաժշտական գործիքների ֆաբրիկան թողարկել է դաշնամուր, էլեկտրակիթառ ու այլ երաժշտական գործիքներ։

Դասակարգում

խմբագրել

Կատարողական արվեստում, ըստ ձայնարտադրման միջոցների, երաժշտական գործիքները դասակարգում են 4 հիմնական խմբերում, որոնց ավանդական դարձած անվանումները պայմանական են՝ լարային (տատանվում է լարը), փողային (տատանվում է փողի կամ փողակի մեջի պարունակվող օդի շիթը), հարվածային (հարվածից տատանվում են ձգված թաղանթը, մետաղե թիթեղիկները, փայտե տախտակիկները ևն) և էլեկտրական (տատանվում է էլեկտրական սարքերի միջոցով) գործիքներ։ Յուրաքանչյուր խումբ բաղկացած է ենթախմբերից, որոնք նշում են ձայնարտադրության միջոցի գործադրման որևէ եղանակ։

Լարային գործիքների խմբում տարբերում են աղեղնավոր (ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս, քամանչա, քաման և այլն), կսմիթային (տավիղ, քնար, կիթառ, քանոն, ուդ, սազ, թառ և այլն), մուրճիկավոր (սանթուր, ցիմբալ և այլն) և ստեղնային (դաշնամուր, կլավեսին, կլավիկորդ և այլն) ենթախմբերը։

Փողային գործիքների խմբում են փողաբերանով (ֆլեյտա, բլուլ և այլն), սուլիչավոր (շվի, թութակ, ֆլաժոլետ և այլն), պարզ կամ կրկնակի լեզվակավոր եղեգնակով («պիպիչավոր»՝ կլառնետ, սաքսոֆոն, հոբոյ, ֆագոտ, դուդուկ, զուռնա և այլն), մետաղե (բաժականման) ծվանով («մունդշտուկավոր»՝ գալարափող, շեփոր, փող, կոռնետ, տրոմբոն, տուբա, սաքսհոռն, բյուգելհոռն և այլն) ենթախմբերը։

Հարվածային գործիքների խմբում առանձնանում եև որոշակի և անորոշ բարձրությաև գործիքների ենթախմբեր (տիմպան, զանգակներ, քսիլոֆոն, զանազան թմբուկներ, ծնծղաներ, եռանկյունի և այլն)։

Հաճախ հատուկ խմբում առանձնացվում են բոլոր օդհունչ (պնևմատիկ) գործիքները, որոնց հնչյունը արտաբերվում է, երբ մեխանիկակակ ուժով օդի հոսանքը խողովակների կամ լեզվակների միջով անցնելիս առաջանում է տատանում (երգեհոն, ֆիսհարմոն, բայան, հարմոն, ակորդեոն, կոնցերտին, բոլորը՝ ստեղնային, նաև պարկապզուկի զանազան տեսակներ և այլն)։ Երբեմն, նկատի ունենալով նվագելու մեխանիզմը, մեկ խմբի մեջ են ընդգրկում բոլոր (լարային, օդհունչ և այլն) ստեղնաշարային գործիքները։

Էլեկտրական գործիքների խումբը (էմիրիտոն, իոնիկա և այլն) զարգանում և համալրվում է նոր նմուշներով (էլեկտրադաշնամուր, էլեկտրաջութակ, էլեկտրաերգեհոն և այլն)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Попов С. С. Инструментоведение: учебник. — 4-е изд., перераб. — Санкт-Петербург: Лань: Планета музыки, 2022. — С. 35. ISBN 978-5-8114-9738-6

Գրականություն

խմբագրել
  • Խանզադյան Է., Հայկական հին երաժշտական գործիքները, «Աշխատություններ Հայաստանի պետ. պատմ. թանգարանի», 1959, հ. 5։
  • Քոչարյան Ա., Երաժշտական գործիքները Հայաստանում (փողային խումբ), ՊԲՀ, 1963, № 3։
  • Քոչարյան Ա., Հարկանային և շնչական երաժշտական գործիքները Հայաստանում, Ե., 2008:
  • Вертков К., Благодатов Г., Язовицкая Э., Атлас музыкальных инструментов народов СССР, М., 1963.
  • Рогаль-Левицкий Д. Р., Современный оркестр, т. 1–4, М.–Л., 1953– 1956.
  • Лисициан С., Старинные пляски и театральные представления армянского народа, т. 1, Е., 1958.
  • Модр А., Музыкальные инструменты, М., 1959.
  • Благодатов Г., История симфонического оркестра, Л., 1969.
  • Berlioz Н., Grand traité de 1’instrumentation et’ orchestration modernes, P., 1844.
  • Sachs C., The History of Musical Instruments, L., 1940.
  • Музыкальные инструменты // Музыкальная энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1976. — Т. 3. — С. 791—797. — 1104 с.
  • Инструменты музыкальные / Есипова М. В. // Излучение плазмы — Исламский фронт спасения. — М. : Большая российская энциклопедия, 2008. — С. 416. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 11). — ISBN 978-5-85270-342-2.
  • Модр А. Музыкальные инструменты = Modr A. Hudební nástroje / Перевод с чешского Л. А. Александровой с третьего издания 1954 года. — М.: МузГИз, 1959. — 267 с.
  • Муратов С. В. Рациональная классификация музыкальных инструментов // 2013.03.31 (samlib.ru)
  • Попов С. С. Инструментоведение: учебник. — 4-е изд., перераб. — Санкт-Петербург: Лань: Планета музыки, 2022. — 440 с. ISBN 978-5-8114-9738-6.
  • Газарян С. С. В мире музыкальных инструментов. — 2-е изд. — М.: Просвещение, 1989. — 192 с.
  • Baines, Anthony (1993), Brass Instruments: Their History and Development, Dover Publications, ISBN 978-0-486-27574-1
  • Bicknell, Stephen (1999), The History of the English Organ, Cambridge University Press, ISBN 978-0-521-65409-8
  • Blades, James (1992), Percussion Instruments and Their History, Bold Strummer Ltd, ISBN 978-0-933224-61-2
  • Brown, Howard Mayer (2008), Sachs, Curt, Grove Dictionary of Music and Musicians, Վերցված է 5 June 2008-ին
  • Campbell, Murray; Greated, Clive A.; Myers, Arnold (2004), Musical Instruments: History, Technology, and Performance of Instruments of Western Music, Oxford University Press, ISBN 978-0-19-816504-0
  • Canadian Broadcasting Corporation (30 December 2004), Archeologists discover ice age dwellers' flute, Canadian Broadcasting Corporation, Արխիվացված է օրիգինալից 13 August 2010-ին, Վերցված է 7 February 2009-ին
  • Chase, Philip G.; Nowell, April (August–October 1998), «Taphonomy of a Suggested Middle Paleolithic Bone Flute from Slovenia», Current Anthropology, 39 (4): 549, doi:10.1086/204771, S2CID 144800210
  • Collinson, Francis M. (1975), The Bagpipe, Routledge, ISBN 978-0-7100-7913-8
  • de Schauensee, Maude (2002), Two Lyres from Ur, University of Pennsylvania Museum of Archaeology and Anthropology, ISBN 978-0-924171-88-8
  • Grillet, Laurent (1901), Les ancetres du violon v.1, Paris
  • Kartomi, Margaret J. (1990), On Concepts and Classifications of Musical Instruments, University of Chicago Press, ISBN 978-0-226-42548-1
  • Manning, Peter (2004), Electronic and Computer Music, Oxford University Press, ISBN 978-0-19-517085-6
  • Marcuse, Sibyl (1975), A Survey of Musical Instruments, Harper & Row, ISBN 978-0-06-012776-3
  • Montagu, Jeremy (2007), Origins and Development of Musical Instruments, The Scarecrow Press, ISBN 978-0-8108-5657-8
  • Moorey, P.R.S. (1977), «What Do We Know About the People Buried in the Royal Cemetery?», Expedition, 20 (1): 24–40
  • Pinch, Revor; Trocco, Frank (2004), Analog Days: The Invention and Impact of the Moog Synthesizer, Harvard University Press, ISBN 978-0-674-01617-0
  • Rault, Lucie (2000), Musical Instruments: A Worldwide Survey of Traditional Music-making, Thames & Hudson Ltd, ISBN 978-0-500-51035-3
  • Remnant, Mary (1989), Musical Instruments: An Illustrated History from Antiquity to the Present, Batsford, ISBN 978-0-7134-5169-6
  • Sachs, Curt (1940), The History of Musical Instruments, Dover Publications, ISBN 978-0-486-45265-4
  • Slovenian Academy of Sciences (11 April 1997), «Early Music», Science, 276 (5310): 203–205, doi:10.1126/science.276.5310.203g, S2CID 220083771
  • Wade-Matthews, Max (2003). Musical Instruments: Illustrated Encyclopedia. Lorenz. ISBN 978-0-7548-1182-4.
  • Music Library Association (1974). Committee on Musical Instrument Collections. A Survey of Musical Instrument Collections in the United States and Canada, conducted by a committee of the Music Library Association, William Lichtenwanger, chairman & compiler, ed. and produced by James W. Pruitt. Ann Arbor, Mich.: Music Library Association. xi, p. 137, 0-914954-00-8
  • West, M.L. (May 1994). «The Babylonian Musical Notation and the Hurrian Melodic Texts». Music & Letters. 75 (2): 161–179. doi:10.1093/ml/75.2.161.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 534  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։