Նվիրակ (նվեր բառից-նվիրատվություններ հավաքող), եպիսկոպոս կամ վարդապետ, որը Ամենայն հայոց կաթողիկոսի հրամանով գործում է հիմնականում հայկական գաղթավայրերում տարագիր հայության շրջանում կաթողիկոսի անունից հոգևոր ու բարոյական մխիթարիչ լինելու և հանուն Մայր աթոռի կամավոր նվիրատվությունը ժողովելու համար։ Նվիրակի պաշտոնը, գործունեության ծավալման վայրերը և ժամկետը վավերացվել են կաթողիկոս հատուկ նվիրական կոնդակով։ Նվիրակին ուղեկցել և ծառայության մեջ օժանդակել են ցածր աստիճան ունեցող մեկ կամ մի քանի սպասավորներ։ Նվիրակը, դուրս գալով Սուրբ Էջմիածնից, բացի հայրապետական կոնդակից, իր հետ վերցրել է նաև Սուրբ Մյուռոն ժողովրդին բաշխելու համար։ Նվիրակության պաշտոնը Մայր աթոռի համար ժողովրդից նվերներ հավաքելուց զատ կապված էր Մյուռոնի բաշխման հետ։ Նվիրակության համար եղել են առանձին թեմեր, շրջաններ, որոնցից յուրաքանչյուրում նշանակվել է մեկական Նվիրակ, որը սովորաբար իր գործը կատարել է երեք, երբեմն ավելի տարիների ընթացքում։ Նվիրակը հաստատուն նստավայր չի ունեցել, ինչպես թեմի առաջնորդը։ Նա շրջել է բնակավայրերում և հայկական գաղթավայրերում ներկայացրել Հայոց կաթողիկոսին։ Վերջինս թեմերի հետ հարաբերվել է նաև Նվիրակիի միջոցով։ Նվիրակի ամեն քայլի համար պետք է հաշվետու լիներ կաթողիկոսին։ Շատ անգամ կաթողիկոսը հաշվի է առել Նվիրակի կարծիքը տվյալ շրջանի որևէ հոգևորականի եպիսկոպոս ձեռնադրելու նպատակահարմարության մասին։ Յուրաքանչյուր նվիրապետական շրջան ունեցել է իր գանձարանը, որտեղ հավաքվել են Մայր աթոռի անունով ժողովված բոլոր նվերները։ Գանձարաններն ունեցել են գանձապետներ կամ գանձապահներ, որոնց վստահվել է նվիրատվությունների նկատմամբ հսկողության իրականացումը և դրամի կամ բեռների Մայր աթոռ տեղափոխումը։ Նվիրակության ժամանակ եպիսկոպոս Նվիրակը հաճախ իր սպասավոր սարկավագին ժողովրդի բազմության առաջ ձեռնադրել է վարդապետ օտար ափերում հայրենի ավանդներին և ծեսերին հայությանը հաղորդակից դարձնելու համար։ Բացի այդ Նվիրակը իր շրջանում ձեռնարկել է զանազան արարողություններ, բարենորոգություններ, օծել եկեղեցիներ, հիմնել դպրոցներ, կազմակերպել բազմամարդ ուխտագնացություններ Սուրբ Էջմիածին և այլն։ Հատկապեստաճար։ Փակ դռան առաջ ասվել է տունը, ապա եկեղեցու դուռը բացվել է, և Զողորմութեանց քոց դուռն շարականը երգելով մտել են տաճար։ Հանդիսավորությամբ են կատարվել ուխտագնացությունները։ Նվիրակների առաջնորդությամբ ուխտավորները հեռավոր վայրերից Սուրբ Հռիփսիմյանց տոնին Սուրբ Էջմիածին ուխտ գալով, եկեղեցական թափորով առաջնորդվել են դեպի Մայր տաճար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։