Միություն ի փրկություն
Միություն ի փրկություն, ազգային-ազատագրական գաղտնի խմբակ։ Հիմնվել է Վանում 1872 թվականի մարտին։ Խնդիրն էր՝ հանուն հայ ժողովրդի ազատագրության պայքար ծավալել թուրք և քուրդ հարստահարիչների դեմ։ Խմբակի անդամները՝ Կ. Իսաջանյան, Մ. Սուրենյան, Կ. Նաթանյան, Պ. Միրախորյան և ուրիշներ, առաջնորդվում էին Մ. Խրիմյանի և Գ. Սրվանձըտյանի ազատագրական գաղափարներով։ Նրանք հայ ժողովրդի ազատագրությունը կապում էին Ռուսաստանի օգնության հետ։ 1872 թ. մայիսին «Միություն ի փրկություն» խմբակի երկու ղեկավարներ՝ Հ. Կալոյանը և Ն. Շիրվանյանը, եկել են Երևան և Թիֆլիս՝ ռուսական իշխանությունների հետ կապեր հաստատելու և օգնություն հայցելու, Կովկասի փոխարքային հայտնել են ռուսահպատակություն ընդունելու իրենց ցանկությունը։ Ըստ էության այսքանով էլ սահմանափակվել է խմբակի գործունեությունը։ Բայց գոյատևելով շուրջ երկու տարի՝ այն իր գաղափարներն է տարածել Վանի և շրջակա գյուղերի հայերի մեջ։
Միություն ի փրկություն | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն և գաղտնի ընկերություններ |
Երկիր | Օսմանյան կայսրություն |
Հիմնադրված | մարտի 3, 1872 |
Գլխադասային գրասենյակ | Վանի մարզ, Թուրքիա |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |