Անտոնիոսի պարթևական արշավանք
Անտոնիոսի պարթևական արշավանք, Հռոմեական հանրապետության եռապետ Մարկոս Անտոնիոսի նախաձեռնությամբ կազմակերպված արշավանք Պարթևստանի դեմ՝ Միջագետքում և Ատրպատականում հաստատվելու համար[5]։ Տեղի է ունեցել մ.թ.ա. 40 - մ.թ.ա. 33 թվականներին։ Նախահարձակ են եղել պարթևները մ.թ.ա. 40 թվականին, որից երկու տարի անց վերականգնվել է Հռոմեական հանրապետության սահմանը։ Այդքանով ավարտվել են հռոմեացիների հաջողությունները։
Թվական | մ.թ.ա. 40 - մ.թ.ա. 33 |
---|---|
Մասն է | Հռոմեա-պարթևական պատերազմներ |
Վայր | Ատրպատական |
Արդյունք | պարթևների հաղթանակ |
Հակառակորդներ | |
Հռոմեական հանրապետություն | Պարթևստան Ատրպատական |
Հրամանատարներ | |
Մարկոս Անտոնիոս Պուբլիոսս Վենտիդիոս Բասսոս Արտավազդ Բ | Որոդես II (մ.թ.ա. 40-38) Հրահատ Դ (մ.թ.ա. 38-33) Բարզափառնես Մար Արտավազդ |
Կողմերի ուժեր | |
100 հազար | 50 հազարանոց այրուձի |
Ռազմական կորուստներ | |
32.000 զոհ անհայտ քանակի գերի և վիրավոր[4] | Անհայտ |
Ընդհանուր կորուստներ |
Հուլիոս Կեսարը ծրագրել էր ներխուժել Պարթևստան, բայց նրան սպանել էին նախքան դա իրականացնելը։ Մ.թ.ա. 38 թվականին Մարկոս Անտոնիոսը մեծ ուժերով գալիս է Առաջավոր Ասիա։ Հաշվի առնելով Մարկոս Կրասսոսի կազմակերպած արշավանքի փորձը, որ պարթևների դեմ արշավել էր Միջագետքի տափաստաններով, նա ծրագրում արշավել Հայկական լեռնաշխարհ և Ատրպատականի վրայով։ Մ.թ.ա. 37 թվականին արևելյան պրովինցիաների կառավարիչ Պուբլիուս Վենտիդիուս Բասսուսը Եփրատ գետի հովտով ներխուժում է Մեծ Հայք։ Որոդես II-ի (մ.թ.ա. 57-38) սպանությունից հետո գահ բարձրացած Հրահատ IV-ը (մ.թ.ա. 37-2) պատրաստ չէր օգնություն ուղարկել Արտավազդին։ Դրսից ոչ մի օգնություն չստանալով՝ հայոց արքան ընդունեց «հռոմեական ժողովրդի դաշնակցի ու բարեկամի» պարտավորությունները[6]։
Միանալով տարածաշրջանային թագավորություններին, նրա ուժերը հասան 100,000-ի։ Բայց արշավանքն ավարտվեց պարտությամբ` հստակ ռազմավարության բացակայության պատճառով։ Պլուտարքոսը նշել է, երբ հռոմեացիները նահանջեցին պարթևական տարածքից և «ոտք դրեցին Հայաստանում, ծովից ցամաք տեսած նավաստիների պես, ողջունեցին այն ու արցունքոտ աչքերով միմյանց ուրախությամբ գրկախառնվեցին»։
Խաղաղության բանակցությունները սկսվեցին օգոստոսին։
Պատմություն
խմբագրելՄ.թ.ա. 60 թվականին Հռոմում ստեղծվում է առաջին եռապետությունը։ Հուլիոս Կեսարի, Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասսոսի ձեռքում կենտրոնացավ Հռոմեական հանրապետության ռազմաքաղաքական իշխանությունը։ Նրանց ոլորտում ընկան համապատասխանաբար Ալպերի հարավային լանջերը, Պիրենեյան թերակղզին և Արևելյան Միջերկրականը։ Բացի Կրասսոսից՝ մյուս երկուսն ընդարձակեցին իրենց ազդեցության և տերության սահմանները։ Կրասսոսի կազմակերպած արևելյան արշավանքը (մ.թ.ա. 54 - 53) ավարտվեց անհաջողությամբ[7]։ Կայսր դառնալուց հետո Հուլիոս Կեսարը նպատակ էր դրել արշավանք կազմակերպել դեպի Պարթևստան մ.թ.ա. 44 թվականին և վրեժխնդիր լինել հռոմեական բանակի պարտությունից։ Դա պետք է իրագործվեր Դակիայի (այժմ՝ Ռումինիա) խաղաղեցումից հետո[8]։ Այն ձախողվեց Կեսարի սպանության պատճառով։
Մ.թ.ա. 43 թվականին Հռոմում ստեղծվում է երկրորդ եռապետությունը՝ Մարկոս Անտոնիոսի, Մարկոս Լեպիդոսի և Գայոս Օկտավիանոսի գլխավորությամբ։ Արևելքն այս անգամ բաժին ընկավ Անտոնիոսին[9]։
Ռազմական գործողություններ
խմբագրելԱրշավանք Փոքր Ասիա
խմբագրելՄ.թ.ա. 40 թվականին Որոդես II-ի պարթևական և Արտավազդ Բ-ի հայկական զորքերը հարձակվեցին Հռոմի կողմից վերահսկվող Սիրիայի և Հրեաստանի վրա։ Հրեա քահանայապետ և խամաճիկ ղեկավար Հիրկան II-ը բանտարկվեց և ուղարկվեց Սելևկիա (Տիզբոնից ոչ հեռու)։ Նրա փոխարեն նշանակվեց Անտիգոնոս II-ը, որը նախկին թագավոր Արիստոբուլոս II-ի միակ որդին էր, որին հռոմեացիները մ.թ.ա. 63 թվականին գահընկեց էին արել՝ փոխարենը քահանայապետ (բայց ոչ թագավոր) նշանակելով Հիրկան II-ին։ Սիրիայից և Պաղեստինից բազմաթիվ հույներ, ասորիներ և հրեաներ բերվեցին Մեծ Հայք և բնակեցվեցին հարավային քաղաքներում[6]։
Փոքր Ասիայում պարթևները դաշնակցեցին Կեսարի նախկին գեներալ Տիտոս Լաբիենոսի որդի Կվինտոս Լաբիենոսի հետ, որը, շարժվելով արևմուտք՝ պարտության մատնեց Լուցիոս Դեցիդիոս Սաքսայի հռոմեական զորքերին[10]։ Մ.թ.ա. 38 թվականին արևելյան պրովինցիաների կառավարիչ Պուբլիուս Վենտիդիուս Բասսուսը հասավ Փոքր Ասիա՝ Կոմագենեի Զևգմա քաղաքի մոտ։ Պարթևները ավելի քան 40 օր ծախսել էին կամուրջներ կառուցելու և այս վայրում Եփրատը հատելու համար, իսկ Վենտիդիոսը օգտագործել է դրանք սեփական զորքերի համար։ Երբ պարթևներն ընդամենը 500 քայլ էր հեռու, հռոմեացիների կողմից անսպասելի հարձակումը հանգեցրեց պարթևների պարտության։ Այս ճակատամարտը տեղի ունեցավ տասնհինգ տարի առաջ նույն օրը, երբ Խառանի ճակատամարտում զոհվել էր Մարկոս Կրասսոսը։ Այս հաղթանակից հետո գրավվեց ամբողջ Սիրիան և Պաղեստինը։ Մարկոս Անտոնիոսի և եգիպտական թագուհի Կլեոպատրա VII-ի օգնությամբ Հիրկան Երկրորդի փեսան՝ Հերովդեսը, մ.թ.ա. 37 թվականին վերադարձավ Երուսաղեմ։ Հռոմեական բանակը հասավ Եփրատ գետին՝ Մեծ Հայքի և պոնտահպատակ Փոքր Հայքի սահմանին։ Այդ ձմեռն Անտոնիոսը անցկացրեց Աթենքում։
Արշավանք Ատրպատական
խմբագրելՄ.թ.ա. 36 թվականին անցնելով Եփրատ և Արաքս գետերի հովիտներով, իր բանակին միացնելով հայկական 13000-անոց զորք, Մարկոս Անտոնիոսը ներխուժում է Ատրպատական (այսօր՝ Իրանական Ադրբեջան)։
Անտոնիոսը փորձել է շուտ հասնել դրա մայրաքաղաք Գանձակ-Փրաասպա, քանի դեռ Հրահատ IV-ը չէր հասցրել իր օժանդակ զորքերն ուղարկելու քաղաքի կայազորին օգնության։ Պլուտարքոսի վկայությամբ, Անտոնիոսը երեք հարյուր սայլով փոխադրել է պաշարողական մեքենաներ, այդ թվում պարսպակործան մի խոյ՝ 80 ոտնաչափ (մոտ 24 մետր) երկարությամբ։ արդյունքում հռոմեական զորքերը շարժվել են դանդաղ, ուստի Անտոնիոսը թողել է պաշարող մեքենաները, իսկ ինքը հիմնական ուժերով շարժվել է Փրաասպա։ Հիմնական զորքերի հետ միասին Ատրպատականի կենտրոն չեն հասել նաև հայկական ուժերը։ Ատրպատականում մնացած լեգեոնների վրա հարձակվեցին և ամբողջովին ոչնչացրին պարթևական զորքերը։ Չնայած ճակատամարտի ժամանակ ներկա էին Արտավազդ Բ-ն և նրա հեծելազորը, սակայն նրանք չմիջամտեցին։ Անտոնիոսի զորքերը պաշարեցին Փրաասպան, կարճ ժամանակում պաշարվածներին օգնության են հասել Հրահատ IV-ի 40,000 պարթևական և 10,000 մարական հեծյալները[11]։ Օգոստոս-հոկտեմբերին տեղի է ունենում Փրաասպայի ճակատամարտը, որն ավարտվել է հռոմեացիների պարտությամբ[5]։
Հռոմեացիները նահանջեցին դեպի Արաքս գետ։ Հազարավոր լեգեոներներ մահացան նահանջի ժամանակ՝ ցուրտ ձմռան պատճառով։ Անտոնիոսը կորցրեց հռոմեական բանակի ավելի քան քառորդ մասը։ Մարկոս Անտոնիոսն Արաքս գետը անցավ 27 օրում։ Հայոց թագավորը հռոմեացիներին ընդունել է բարեկամաբար, ապահովել սնունդով։ Անտոնիոսը Հայաստանում թողեց իր հիվանդ և վիրավոր զինվորներին, և հիմնական ուժերով տեղափոխվեց Անտիոք։ Ընթացքում զոհվեց ևս ութ հազար զինվոր։ Անտոնիոսը շարունակեց Արտավազդի հետ վարվել բարեկամական ձևով ու հարգանքով, իսկ Հռոմում՝ սենատի առաջ, պարտության մեղքը բարդեց Արտավազդի վրա։
Արշավանք Հայաստան
խմբագրելԱնտոնիոսը Փոքր Հայքի վրայով Մեծ Հայք արշավեց մ.թ.ա. 34 թվականի գարնանը։ Զորքերը մոտեցան մայրաքաղաք Արտաշատին։ Իր երկիրն ավերածություններից փրկելու, անձնական բանակցությունների միջոցով հաշտության եզր գտնելու հույսով Արտավազդը գնաց և ներկայացավ Անտոնիոսին, որն անմիջապես ձերբակալեց և շղթայեց հայոց արքային[12]։ Արտաշատը գրավվում է և ավերվում, թալանվում են Հայաստանի հեթանոսական տաճարները։ Երիզա (Երզնկա) բնակավայրում պղծվում է Անահիտի տաճարը, առևանգվում նրա ոսկեձույլ արձանը։ Արքայազն Արտաշեսը, նույնպես պարտություն կրելով, հեռացավ պարթևների մոտ։
Մ.թ.ա. 34 թվականի ամառվա վերջին Եգիպտոս վերադառնալիս Մարկոս Անտոնիոսը տարավ հայոց արքային և նրա որդիներից Տիգրանին ու Արտավազդին։ Ալեքսանդրիայի փողոցներում նշվեց հռոմեական հաղթանակը։ Ոսկե շղթաներով կապված հայոց արքունի ընտանիքը գնում էր առջևից։ Նրանց խոստացել էին ազատություն, եթե Կլեոպատրայի առջևից անցնելիս նրան անվանեին «թագուհիների թագուհի»։ Այդ առթիվ հռոմեացի պատմիչ Դիոն Կասսիոսը գրել է.
Հայերը ցույց տվին իրենց հոգու վեհությունը, ուստիև փառավոր անվան արժանացան։ |
Բացի հաղթական շքերթից Անտոնիոսը Հայաստանի նվաճման առթիվ կտրել է տվել նաև դրամներ՝ դիմերեսին իր պատկերը, դարձերեսին՝ «Անտոնիոսը Հայաստանը նվաճած» մակագրություն։ Ալեքսանդրիայի շքերթն անարդյունք եղավ Գայոս Օկտավիանոսի հետ հարաբերությունների համար. Հռոմի հաղթանակը նշվել էր մայրաքաղաքում, ինչպես և Ալեքսանդրիա քաղաքում։ Օկտավիանոսը Անտոնիոսին հայտարարեց պետության ներքին թշնամի, որից հետո հարձակվեց Եգիպտոսի վրա։ Նրանց լարվածության գագաթնակետը եղավ Ակտիումի ծովամարտը (մ.թ. ա. 31), որում պարտվելուց հետո Մարկոս Անտոնիոսն ու Կլեոպատրան ինքնասպան եղան։ Պարթևստանի հետ հաշտություն կնքվեց, և Արտաշես Բ-ն վերադարձավ հայոց գահին։ Հռոմեացիները հեռացան Հայաստանից։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Bivar, H.D.H (1968). William Bayne Fisher; Ilya Gershevitch; Ehsan Yarshater; R. N. Frye; J. A. Boyle; Peter Jackson; Laurence Lockhart; Peter Avery; Gavin Hambly; Charles Melville (eds.). The Cambridge History of Iran. Cambridge University Press. p. 59. ISBN 0-521-20092-X.
- ↑ Encyclopedia Iranica " Throughout this campaign Antony showed no clear perception of how to fight the Parthians nor any consistent strategic plan or political aim. His losses—probably ca. 32,000 men in all—inflicted a serious blow on Roman manpower"
- ↑ Սարգիս Սարգսյան, «Հայ ռազմական արվեստի պատմություն», 5-րդ գլուխ, Հայաստանը Հռոմի և Պարթևստանի աքցանի մեջ Արտավազդ II-ի օրոք, էջ 113
- ↑ "DEPORTATIONS – Encyclopaedia Iranica". www.iranicaonline.org. Retrieved 28 June 2018.
- ↑ 5,0 5,1 Antony’s Parthian War։ Politics and Bloodshed between Empires of the Ancient World
- ↑ 6,0 6,1 Հ. Գ. Ժամկոչյան, Ա. Գ. Աբրահամյան, Ս. Տ. Մելիք-Բախշյան, Ս. Պ. Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն. սկզբից մինչև XVIII դարի վերջ», էջ 144
- ↑ Լեո, «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան։ «Հայաստան» հրատարակչություն։ 1966։ էջ 324-325
- ↑ Freeman, Philip. Julius Caesar. Simon and Schuster (2008) ISBN 978-0743289542, p.347-349
- ↑ Լեո, «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան։ «Հայաստան» հրատարակչություն։ 1966։ էջ 326
- ↑ Արմեն Խաչիկյան, Պարթևական տերության քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ(չաշխատող հղում)
- ↑ Սարգիս Սարգսյան, «Հայ ռազմական արվեստի պատմություն», 5-րդ գլուխ, Հայաստանը Հռոմի և Պարթևստանի աքցանի մեջ Արտավազդ II-ի օրոք, էջ 114
- ↑ Հ. Գ. Ժամկոչյան, Ա. Գ. Աբրահամյան, Ս. Տ. Մելիք-Բախշյան, Ս. Պ. Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն. սկզբից մինչև XVIII դարի վերջ», էջ 146