Ճակատամարտ Փրաասպայի մատույցների մոտ կամ պարզապես Փրաասպայի ճակատամարտ, ռազմական բախում մ.թ.ա. 36 թվականին՝ պարթևական արշավանքի ընթացքում։ Կազմակերպել էր Հռոմի եռապետ Մարկոս Անտոնիոսը։ Հակամարտող կողմերն էին մի կողմից Հռոմեական հանրապետությունն ու վերջինիս դաշնակից (Արտաշատի պայմանագրի հիմքով) Մեծ Հայքի թագավորությունը, մյուս կողմից՝ Ատրպատականն ու Պարթևական տերությունը։ Ներխուժելով Ատրպատական՝ Մարկոս Անտոնիոսը նպատակ ուներ Փրաասպան որպես հենարան օգտագործելով ներթափանցել Պարթևական թագավորություն՝ դառնալով Արևելքի գերիշխանը։

Փրաասպայի ճակատամարտ
Թվականմ.թ.ա. 36 թվական
Մասն էՄարկոս Անտոնիոսի արևելյան արշավանք
ՎայրՓրաասպա, Ատրպատական
ԱրդյունքՀռոմեական զորքերի պարտություն
Հակառակորդներ
Հռոմեական հանրապետություն
Արտաշեսյանների թագավորություն Արտաշեսյանների թագավորություն
Ատրպատականի թագավորություն
Աջակիցներ՝ Պարթևստան
Հրամանատարներ
Մարկոս Անտոնիոս
Արտավազդ Բ
Մար Արտավազդ
Կողմերի ուժեր
10 հռոմեական լեգեոն
  • 100 հազարանոց հեծելազոր

Արտաշեսյանների թագավորություն Հայկական օժանդակ զորքեր

  • 6 հազար հեծյալ
  • 7 հազար հետևակ
անհայտ
Ռազմական կորուստներ
32 հազարանհայտ

Վերջինս իր նպատակների իրագործմանն էր ծառայեցնում Մեծ Հայքի արքայից արքա Տիգրան Մեծի և Գնեոս Պոմպեոսի միջև կնքված պայմանագրի դրույթները, որով, փաստացիորեն, Հայաստանը համարվում էր «հռոմեական ազգի բարեկամն ու դաշնակիցը»։ Այսպիսով, Տիգրանյան գահի իրավահաջորդությունը ստանձնած Արտավազդ Բ Աստվածայինը պարտավորվում էր տեղի տալ հռոմեացիների ծավալապաշտական նկրտումներին։

Ճակատամարտն ավարտվում է 100-հազարանոց հռոմեական լեգեոնների պարտությամբ։ Նախքան մարտադաշտ հասնելը, Արտավազդ Բ-ն իր զորքերով ետ է վերադառնում Հայաստանից՝ հարավից Մեծ Հայք ներխուժած պարթևներին դիմակայելու մտայնությամբ։ Լեգեոնների պարտության իրողությունը կոծկելու նպատակով Անտոնիոսը Հռոմեական սենատին այն ներկայացնում է որպես հայերի դավաճանության հետևանք։ արդյունքում՝ եռապետը հաշվեհարդար է տեսնում Արտավազդ Բ-ից (խաբեությամբ շղթայելով և արքայական ընտանիքին դեպի Եգիպտոս գերեվարելով)՝ արժանանալով հռոմեական պատմիչների խիստ քննադատությանը։

Նախապատմություն խմբագրել

 
Մարկոս Անտոնիոս, հռոմեացի նշանավոր զորավար և երկրորդ եռապետության անդամ։

Արքայից արքա Տիգրան Մեծի նվաճումների արդյունքում Մեծ Հայքի թագավորությունը դառնում է Մերձավոր Արևելքի թիվ մեկ քաղաքական ուժը, որի թռիչքային զարգացումը հակասում էր հռոմեական շահերին։ արդյունքում, բռնկվում է հայ-հռոմեական պատերազմը, որը երկկողմ գրգռված հարաբերությունների գործնական հետևանքն էր։ Շարունակական և անորոշ հակամարտությունից հետո կողմերի միջև կնքվում է Արտաշատի պայմանագիրը, որով Մեծ Հայքի թագավորությունը պահպանում էր իր տարածքային ամբողջականությունն ու հյուսիսային Միջագետքը՝ դառնալով «հռոմեական ազգի բարեկամն ու դաշնակիցը»։ Տիգրան Մեծին հաջորդում է որդին՝ Արտավազդ Բ-ն, որն իր կառավարումը սկսում է հռոմեա-պարթևական հակամարտությունների և մրցավազքի կիզանուտում։ Օկտավիանոսը, Մարկոս Անտոնիոսը և Մարկոս Լեպիդոսը գալիս են համաձայնության և մ.թ.ա. 43 թվականին ստեղծում հռոմեական երկրորդ եռապետությունը[1]։ Ըստ այդ բաժանման՝ արևելյան պրովինցիաները՝ Ասորիք կենտրոնով, անցնում էին Մարկոս Անտոնիոսին, որն էլ Արևելքում ուներ հեռահար նպատակներ։

Տրիումվիրներից յուրաքանչյուրի հավակնոտ ձգտումները կազմալուծում են եռապետության ելակետային հիմքերը. հանրապետական կարգերին պատուհասում է ճգնաժամ։ Կարճ ժամանակահատվածում Լեպիդոսը զրկվում է իշխանավարման իրավունքից՝ ձերբակալվելով Օկտավիանոսի կողմից, իսկ Անտոնիոսը՝ Հռոմում փառք և հռչակ ձեռք բերելու համար, կազմակերպում է արևելյան արշավանք՝ նպատակամղված լինելով հպատակեցնել Պարթևական տիրակալությանը։ Նախքան պարթևների դեմ արշավելը, մ.թ.ա. 37 թվականին Մարկոս Անտոնիոսը հռոմեական լեգեոններով ներխուժում է Հայաստան և հանդիպում պահանջում արքայից արքա Արտավազդից։ Արտավազդ Բ-ի հետ ունեցած հանդիպման ընթացքում եռապետը վկայակոչում է Արտաշատի դաշնագրով Մեծ Հայքի թագավորության ստանձնած պայմանագրային պարտավորությունները։ Որոդես Բ-ի դավադրական սպանությունից հետո հայ-պարթևական հարաբերությունները դարձել էին թշնամական, ուստի Արտավազդ Բ-ն գերադասում է դաշնակցել Հռոմեական հանրապետության հետ՝ Անտոնիոսին խոստանալով, որ Հայաստանի զինվորները կպաշտպանեն լեգեոնների թիկունքը[2]։

Ճակատամարտ խմբագրել

... Հռոմեական զորքը շարունակեց իր գնացքը և մի քանի օր անց պաշարեց Ատրպատականի քաղաքամայրը։ Անառիկ պարիսպներ ուներ Փրաասպան։ Հռոմեացիների առաջին գրոհը ձախողվեց։ Ատամնավոր աշտարակներից ատրպատականցիները նետերի տարափ էին տեղում։ Անտոնիոսը հասկացավ, որ առանց պաշարող մեքենաների քաղաքը անհնար է գրավել։ Լեգիոնականներն սկսեցին արհեստական հողաբլուրներ բարձրացնելով մոտենալ պարիսպներին։ ...

- Տեսարան Փրաասպայի ճակատամարտից՝ ըստ Հայկ Խաչատրյանի «Արտավազդ» պատմավեպի

Արտավազդ Բ-ն Անտոնիոսին խոստանում է տրամադրել 6 հազար հեծյալ և 7 հազար հետևակ։ Փորձելով չկրկնել Մարկոս Կրասոսի ռազմավարական սխալը՝ Անտոնիոսը համաձայնվում է ռազմարշավը սկսել Հայաստանի տարածքից՝ Փայտակարանից։ Այսպիսով, Մեծ Հայքի բարեխառն գոտիներում ձմեռելուց հետո, Անտոնիոսը պատրաստվում է սկսել արշավանքը՝ 100-հազարանոց հռոմեական բանակը կենտրոնացնելով Ատրպատականի հետ սահմանային գոտում։ Անտոնիոսը, ըստ նախնական պլանի, ցանկանում էր նվաճել Արտավազդ Մեդացու մայրաքաղաք Փրաասպան՝ խափանելով Պարթևստանի և Ատրպատականի թագավորության հետագա դաշնակցային համագործակցությունը։

Մ.թ.ա. 36 թվականին հռոմեական 10 լեգեոններն ու հայկական զորախմբերն անցնում են Արաքս գետը և հյուսիսից սլանում Փրաասպա քաղաքի ուղղությամբ։ Անտոնիոսի բանակը տարբեր զորատեսակներից բացի ուներ նաև ռազմական արդի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են պաշարողական և քարանետ մեքենաները։ Մոտենալով Փրաասպային, Անտոնիոսը հրամայում է շրջանցել պաշարողական մեքենաները և ամբողջ բանակով շարժվել քաղաքի դարպասներին ընդառաջ։ Մարտադաշտ են ժամանում նաև Արտավազդ Մեդացու (Մար Արտավազդի) դաշնակից, պարթևաց թագավոր Հրահատի զորքերը, ովքեր օգտվելով հռոմեացիների թույլ տված կոպտագույն ստրատեգիական սխալից՝ տիրում են նախաձեռնությանը։ Վերջիններս շրջանցում են պաշարման շարժվող լեգեոնականների զորքերին և թիկունքից ջախջախում հռոմեացիներին։ Միևնույն ժամանակահատվածում Հրահատի զորքերը Կորդուքից ներխուժում են նաև Մեծ Հայքի թագավորություն։ Այսպիսով, արքայական պողոտայի ուղղությամբ շարժվող պարթևական զորքերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով Արտավազդը ստիպված է լինում ետ վերադառնալ Հայաստան՝ Անտոնիոսին մարտադաշտում թողնելով միայնակ։ Հռոմեացիները Փրաասպայի մատույցների մոտ կրում են ջախջախիչ պարտություն և մի կերպ մազապուրծ են լինում մարտադաշտից։

Պարթևներին հաջողվում է գրավել հռոմեացիների գումակը` սովի մատնելով և ակցանի մեջ առնելով ողջ զորքը։ Փրաասպայի մատույցներում հռոմեացիները տալիս են 32 հազար զոհ, իսկ Անտոնիոսն իր բանակի մնացորդներով հազիվ կարողանում է փախչել Հայաստան։ Այս կապակցությամբ հռոմեացի պատմիչ Պլուտարքոսը գրել է[3].

  ...Երբ հռոմեացի զինվորները ոտք դրեցին հայկական հողի վրա, ասես բաց ծովում երկար թափառումներից հետո առաջին անգամ ցամաք տեսած, նրանք համբուրում էին քարերն ու ավազը և իրար գրկելով ուրախությունից լաց լինում...
- Պլուտարքոս, «Զուգահեռ կենսագրություններ»
 
Գայոս Օկտավիանոսի՝ Արտավազդին հղած նամակը
 
Փրաասպայի մատույցների մոտ Անտոնիոսի կրած ջախջախիչ պարտությունից հետո, Արմենիայի արքա Արտավազդին նամակ է հղում Հռոմի ազդեցիկ եռապետ, ապագա «Օգոստոս» Գայոս Օկտավիանոսը։ Վերջինս իր նամակում Արտավազդին հորդորում էր սպանել Մարկոս Անտոնիոսին, ինչպես նաև վերջինիս ողջ մնացած զորախմբերին։ Հայքի գահակալը կտրականապես մերժում է տալիս հռոմեացի գործչի դավադիր այս առաջարկին, քանզի դա վայել չէ ազնվականի արժանապատվությանը։ Այնուամենայնիվ, Հայքի արքայից արքան այս հարցին ամենայն հավանականությամբ մոտենում էր նաև հեռատեսորեն, քանզի բոլորին էր հայտնի, որ Օկտավիանոսը հավակնում էր դառնալ Հռոմի բացարձակ միապետ։ Անտոնիոսի սպանությունը հնարավորություն կտար իրագործել արկածախնդիր այդ ծրագիրը, քանզի Լեպիդոսն ինքնին այդքան էլ մեծ մարտահրավեր չէր։ Այս հանգամանքը ամենևին էլ չէր բխում Հայաստանի շահերից, քանի որ կանխորոշված իրավիճակում Հռոմը կարող էր հայտնվել ավելի շահեկան դիրքերում։
 

Հաջորդիվ խմբագրել

Իր մնացած բանակի վիճակը Հայաստանում կարգավորելուց հետո Անտոնիոսը մեկնում է Պտղոմեոսյան Եգիպտոս՝ իր սիրուհի Կլեոպատրա թագուհու ապարանք։ Վերջինս մինչև վերջ ցանկանալով վրեժխնդիր լինել Արտավազդ Բ-ից, հռոմեական լեգեոններով ներխուժում է Հայաստան, ապա արքայից արքայի հետ հանդիպման ժամանակա ապօրինաբար շղթայում նրան և իր ընտանիքին։ Ձերբակալված հայ ընտանիքի հետ Անտոնիոսը մեկնում է Ալեքսանդրիա՝ հաղթահանդեսի։

Մարկոս Անտոնիոսի այս քայլը խիստ քննադատության է արժանացել նույնիսկ հռոմեացիների կողմից։ Դիոն Կասիոսը գրել է. «Անտոնիոսը Արտավազդին խաբելով, ձերբակալելով ու շղթայելով, մեծապես վարկաբեկել է հռոմեական ժողովրդի հեղինակությունը»։ Մ.թ.ա 31 թվականի հոկտեմբերին Արտավազդը գլխատվում է, իսկ նրա գլուխը, որպես նվեր, ուղարկվում է Տիգրան Մեծի քրոջ որդուն՝ Ատրպատականի արքա Արտավազդ Մեդացուն[4]։

  Անտոնիոսը վերադարձավ Եգիպտոս՝ իր հետ տանելով թե՛ առատ ավար և թե՛ Արտավազդին՝ իր կնոջ ու որդիների հետ։ Եվ մյուս գերիների հետ նրանց ևս իր առջևից Ալեքսանդրիա ուղարկելով՝ իբրևէ հաղթահանդեսի շքերթի համար՝ ինքը քաղաք մտավ մարտակառքի վրա... Կլեոպատրան նստած էր բազմության մեջտեղ, արծաթապատ բեմում, ոսկեզօծ գահավորակի վրա... Սակայն հայերը ոչ աղերսեցին նրան, ոչ իսկ երկրպագեցին, թեպետև նրանց շատ էին ստիպում և շատ էին հուսադրում՝ ազատություն խոստանալով։ Եվ որովհետև Կլեոպատրային պարզապես իր անունով կոչեցին, նրանք վեհամիտ մարդկանց համբավ շահեցին, բայց և նույն այդ պատճառով ենթարկվեցին խիստ չարչարանքների։
- Դիոն Կասիոս` 2-3-րդ դարերի հռոմեացի պատմիչ
 

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. /թարգմանություն լատիներենից/, հին շրջանի պատմություն. «Հռոմեական եռապետություն. երեք մարդ կառավարում է, մեկ մարդ՝ իշխում». ThoughtCo (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  2. Հովհաննիսյան Պ. «Արտավազդ Բ». www.historyofarmenia.am. ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  3. Ռ.ՆԱՀԱՊԵՏՅԱՆ, խմբագիր՝ Հայկ Հակոբյան, պ.գ.թ., ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ (2018). «Հունական և հռոմեական սկզբնաղբյուրների ազգագրական տեղեկությունները Հայաստանի և հայերի մասին». Եր.,: ԵՊՀ հրատարակչություն (հրատարակության է երաշխավորել ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհուրդը). ISBN 978-5-8084-2285-8. {{cite book}}: External link in |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. Հրանտ Ք. Արմեն. «Արտավազդ ու Անտոնիոս» (PDF). Ամերիկայի Միացյալ Նահանգներ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.