Կրասսոսի արևելյան արշավանք

Կրասսոսի արևելյան արշավանք, ռազմական հակամարտություն, որը ընթացել է մի կողմից Հռոմի, իսկ մյուս կողմից՝ Պարթևստանի և Արտաշեսյանների թագավորության միջև։ Տեղի է ունեցել 54-53 թվականներին՝ հիմնականում Միջագետքի տարածքում։

Կրասսոսի արևելյան արշավանք
Հռոմեա-պարթևական պատերազմներ
Թվական 54-53 թվականներ
Վայր Միջագետք
Պատճառ Հռոմի ծավալապաշտական նպատակներ
Արդյունք Հռոմի դիրքերի թուլացում Արևելքում
Տարածքային
փոփոխություններ
Պարսկաստանին անցավ Կիլիկիան, Միջագետքը, Փյունիկիան և այլ տարածքներ
Հակառակորդներ
Հռոմեական հանրապետություն Պարթևստան
Արտաշեսյանների թագավորություն
Հրամանատարներ
Մարկոս Կրասսոս Սուրեն
Բակուր
Որոդես II
Կողմերի ուժեր
52-54 հազար անհայտ
Ռազմական կորուստներ
անհայտ 20 հազար զոհ, 10 հազար գերի

Տիգրան Մեծի մահից հետո գահ բարձրացավ Արտավազդ Բ-ն՝ միջազգային ծանր իրավիճակում, քանի որ նոր պայքար էր հասունանում Հռոմեական հանրապետության և Պարթևստանի միջև։ Քանի որ Տիգրան Մեծի կողմից Արտաշատում մ․թ․ա․ 66 թվականին կնքված հայ-հռոմեական պայմանագրով Արտաշեսյանների թագավորությունը հռչակվել էր «Հռոմի դաշնակից և բարեկամ», Արտավազդը պարտավոր էր ռազմական հակամարտության ժամանակ օժանդակել Հռոմին, սակայն նա ավելի շատ հակված էր Պարթևստանի կողմը։ Մարկոս Կրասսոսի Արևելք գալուց հետո Արտավազդը գնաց նրա հետ բանակցելու և խոստացավ տրամադրել 16 հազարանոց հեծելազոր և 24 հազարանոց հետևակ, ընդհանուր՝ 40 հազարանոց բանակ։ Նա նաև հռոմեական եռապետին առաջարկեց արշավել Հայկական լեռնաշխարհի հարավով, որպեսզի այդպիսով կարողանա ապահովել հայոց սահմանների պաշտպանությունը, սակայն նա մերժում է ստանում։

Հայաստանի հարավային սահամնները անպաշտպան էին, իսկ Որոդես Բ-ն հայ-հռոմեական միություն թույլ չտալու համար սկսել էր ասպատակել հայոց հարավային սահմանները։ Այս ամենի հետևանքով Արտավազդը Կրասսոսին հայտնում է, որ չի կարող միավորել իր զորքերը հռոմեական լեգեոնների հետ, քանի որ հարկավոր էր պաշտպանել սեփական երկրի սահամնները։ Կրասսոսը սա ընդունում է որպես դավաճանություն և սպառնում Արտավազդին, որ պարթևներին հաղթելուց հետո նա արշավելու է Հայաստան։

Մ․թ․ա․ 53 թվականի գարնանը սկսվում է Կրասսոսի արշավանքը։ Անցնելով չորային կլիմա ունեցող տափաստաններով, անապատներով՝ Կրասսոսի զորքը հյուծվում և ջլատվում է։ Նույն թվականի մայիսի 6-ին տեղի է ունենում վճռական ճակատամարտը՝ Խառանի մոտ, որի արդյունքում հռոմեական զորքը տալիս է 20 հազար զոհ, իսկ 10 հազարը գերի են ընկնում։ Սպանվում են նաև Կրասսոսը և նրա որդին, ինչով էլ ավարտվում է արշավանքը։

Նախապատմություն խմբագրել

Մ․թ․ա 55 թվականին մահացել է հայոց արքայից արքա Տիգրան Մեծը, ում հաջորդում է իր որդին՝ Արտավազդ Բ-ն։ Արտավազդը նաև բանաստեղծ էր, որի ստեղծագործությունները հայտնի էին դարձել ոչ միայն Հայաստանում, այլ նաև դրա սահամններից դուրս՝ Հունաստանում։ Նա գահ բարձրացավ ծանր միջազգային իրավիճակում, երբ Հռոմում ընթանում էին լուրջ ներքաղաքական փոփոխություններ։ Այս ժամանակ՝ մ․թ․ա․ 60 թվականին, ստեղծվեց Հռոմի առաջին եռապետությունը, որի արդյունքում հռոմեական երեք զորավարներ՝ Պոմպեոսը, Կրասսոսսը և Հուլիոս Կեսարը Հռոմեական հանրապետությունը միմյանց մեջ բաժանեցին ազդեցության ոլորտների։

 
Մարկոս Կրասսոսի կիսանդրին

Այս ամենի արդյունքում Արևելքը ընկավ Մարկոս Կրասսոսի ղեկավարության տակ, որը ուներ մի շարք ծրագրեր։ Նա, ցանկանալով չզիջել իր մրցակից եռապետներին, նախագծում էր հաղթանակ տոնել պարթևների նկատմամբ, և իր տարածքները ընդհարձակելով հասցնել մինչև Հնդկաստան և նույնիսկ Խաղաղ օվկիանոս։ Այս ամենի նպատակով նա մ․թ․ա․ 54 թվականին եկավ Արևելք։

  ...Անչափ գոռոզանալով և դատողությունը կորցնելով՝ արդեն ոչ Սիրիայով և ոչ էլ պարթևներով էր սահմանափակում իր հաջողությունների դաշտը։ Անվանելով Լոլկուլլոսի արշավը Տիգրանի դեմ և Պոմպեոսի կռիվները Միհրդատի դեմ երեխայական զվարճություններ, իր երազանքներով բարձրամտում էր մինչև բակտրիացիները, հնդիկները և մինչև նրանց հետևում գտնվող ծովը...  

Քանի որ մ․թ․ա․ 66 թվականին Արտաշատում կնքված պայմանագրով Հայաստանը հայտարարվել էր «Հռոմի դաշնակից և բարեկամ», Կրասսոսը պահանջում է Արտավազդ Բ-ից օգնություն ցուցաբերել իր արշավանքին։ Արտավազդ Բ-ն ներկայանում է նրան և խոստանում տրամադրել 16 հազար հեծելազոր և 24 հազար հետևակ, ընդհանուր՝ 40 հազար զորք։ Նա առաջարկեց նաև արշավանքը կազմակերպել Հայաստանի հարավային սահմաններով, որի արդյունքում պարթևներին կարելի էր զրկել իրենց զորքի ամենահզոր մասի՝ հեծելազորի արդյունավետությունից, քանի որ լեռներում նրանց հարվածը կթուլանար։ Այս ծրագրով հնարավոր կլիներ նաև պաշտպանել հայոց հարավային սահմանները։ Սակայն Կրասսոսը որոշում է լսել արաբ ամիրաներին (որոնք կաշառված էին պարթևների կողմից) և նրանց առաջնորդությամբ գնալ Միջագետքի չորային, տափաստանային կլիմա ունեցող անապատներով, որով ճանապարհը ավելի կարճ կլիներ, սակայն պարեն և ջուր գտնելը լուրջ խնդիր էր լինելու։ Այս ծրագրին դեմ էր Արտավազդ Բ-ն։

Պատերազմի ընթացք խմբագրել

Արշավանքի սկիզբ խմբագրել

Մ․թ․ա․ 53 թվականի գարնանը Զևգամի մոտ Կրասսոսը իր մոտ 50 հազարանոց բանակով անցավ Եփրատ գետը և անապատներով սկսեց շարժվել դեպի Պարթևստանի խորքը՝ Տիզբոն։ Նույն ժամանակ տեղի ունեցավ նաև Որոդես Բ-ի արշավանքը դեպի Հայաստան, որի նպատակն էր թույլ չտալ հայ-հռոմեական զորքերի միավորումը։ Այսպիսի սցենարի դեպքում Պարթևստանի պարտությունը անխուսափելի կլիներ։ Այդ նպատակով, ինչպես մինչ այդ գուշակել էր Արտավազդ Բ-ն, պարթևները սկսեցին ասպատակել Մեծ Հայքի հարավային գավառները։ Այս ամեն ինչի պատճառով Արտավազդ Բ-ն ստիպված նամակ է ուղարկում Կրասսոսին և մերժում հայ-հռոմեական զորքերի միացումը, քանի որ այդ դեպքում հայկական հարավային սահմանները կմնային անպաշտպան։

Իմանալով այս ամեն ինչի մասին՝ Կրասսոսը սպառնում է Արտավազդին՝ ասելով, որ Պարթևստանը գրավելուց և հպատակեցնելուց հետո, նա կարշավի նաև Հայաստան և այն կդարձնի Հռոմի պրովինցիա։ Այս ամեն ինչը լսելուց հետո Արտավազդ Բ-ն հետ է կանգնում իր խոսքից և սկսում բանակցություններ պարթևների արքա Որոդես Բ-ի հետ։

Հայ-պարթևական դաշինք խմբագրել

Արտավազդ Բ-ն, հասկացավ, որ եթե Հռոմը հաղթի պարթևներին, ապա հաջորդ հարվածը հասցվելու է Հայաստանին։ Այս պատճառով Արտավազդ Բ-ն սկսեց բանակցություններ վարել Որոդես Բ-ի հետ․ պայմանագիրը ստորագրվում է Արտաշատում։ Այն իրենից ներկայացնում էր ռազմական դաշինք, որը ամրապնդվեց Որոդես Բ-ի որդու՝ Բակուրի և Արտավազդի քրոջ ամուսնությամբ։

Խառանի ճակատամարտ խմբագրել

Հռոմեական բանակը մ․թ․ա․ 53 թվականի մայիսի սկզբին շարունակեց իր առաջխաղացումը և գետանցում կատարեց Խառան քաղաքի մոտ՝ Բելիկ գետի վրայով։ Հայ-պարթևական ուժերի ղեկավարը Սուրենն էր, որի 10 հազարանոց բանակը կազմված էր վահանակիր և աղեղնավոր ձիավորներից։ Պարթևները առավելություն ունեին հռոմեական լեգեոնների նկատմամբ, քանի որ սովոր էին իրենց երկրի չորային կլիմային, իսկ հարթ տարածությունում պարթևական հեծյալ ուժերը ազատ գործողություններ կարող էին վարել։ Այդ պատճառով էլ պարթև հրամանատար Սուրենը Կրասսոսին հնարավորինս ներքաշեց երկրի խորքեր, որի հետևանքով հռոմեական բանակում սկսվեց կարգապահության անկում և մարտական ոգու կորուստ։

 
Պարթևական բրոնզե արձանիկ՝ ենթադրաբար՝ Սուրեն զորավարը (պահվում է Իրանի ազգային թանգարանում):

Այս ամենի արդյունքում մ․թ․ա․ 53 թվականի մայիսի 6-ին պարթևական ուժերը հարձակման անցան և Խառանի մոտ՝ ժամանակակից Ուրֆայի հարավում, և հաղթանակ տարան հռոմեական լեգեոնների հանդեպ։ Զոհվեց 20 հազար, գերեվարվեց՝ 10 հազար զինվոր։ Սպանվածների թվում էին նաև Մարկոս Կրասսոսը և նրա որդին։ Ըստ ավանդության՝ Կրասսոսի՝ ոսկու հանդեպ ունեցած ագահությունը հագեցնելու համար, պարթևները հալեցրած ոսկի լցրին եռապետի կոկորդով վար, ապա կտրված գլուխը ուղարկվեց Արտաշատ, որտեղ հայ և պարթև արքաները նշում էին հայ-պարթևական դաշինքի կնքումը։

Դաշնակից արքաները այդ նույն ժամանակ Արտաշատի թատրոնում դիտում էին Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը։ Այդ թատրոնի գլխավոր դերակատար Յասոն Տրալացին գտնվում էր բեմում և կրում էր գլխավոր կերպարի՝ Պենթեոսի դիմակը։ Երբ Սիլլակեսը ներս է մտնում՝ բերելով Կրասսոսի գլուխը, Յասոնը խլում է նրա ձեռքից եռապետի գլուխը և եղջերվի բուտաֆորային գլխի փոխարեն բեմ է դուրս գալիս Կրասսոսի գլխով, ապա շպրտում Արտավազդ Բ-ի և Որոդես Բ-ի ոտքերի դիմաց՝ ասելով․

 

Լեռան բարձունքից բերում ենք
Եղնիկ՝ խոցված մեր
Փառահեղ հարվածներից։

 

Ամբողջ Հայաստանում և Պարթևստանում ցնծություն է առաջանում։ Ըստ Պլուտարքոսի՝ «այսպես էլ ավարտվում է Կրասսոսի արևելյան արշավանքը»։ Արտավազդ Բ-ն մեկ տաղանդով պարգևատրում է Յասոն Տրալացուն իր բերած ավետիսի համար։ Բակուր թագաժառանգը անցնում է դաշնակից զորքերի գլուխ և ազատագրում ամբողջ պարթևական տարածքները մինչև Սիրիա, Փյունիկիա և Պաղեստին[1][2]։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 325.
  2. «Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի, հատոր առաջին - 001». aua.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.