Ալաստան, (վրաց.՝ ალასტანი) հայաբնակ գյուղ Ջավախքում, Վրաստանի Ախալքալաքի շրջանում, Ախալքալաք քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք։ 1968 թ-ի տվյալներով ուներ 2125 բնակիչ, հայ-կաթոլիկներ։ Բնակիչներն զբաղվում են անասնապահությամբ, կարտոֆիլի, հացահատիկի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, հիվանդանոց։ Ալաստանը հիմնել են Էրզրումի Արծաթի գյուղից գաղթած հայերը 1830 թվականին։ Ալաստանում է ծնվել ԽՍՀՄ հերոս Լևոն Դարբինյանը։
Իսկուհի Լևոնի Ալեքսանյան (1949, Ալաստան)։ Քիմիական գիտությունների թեկնածու, ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնի դոցենտ։
Սողոմոն Պողոսի Բալյան (14.041917, Ալեքսանդրապոլ-15.05.2002, Երևան)։ Ծնվել է Ալեքսանդրապոլում՝ Ալաստան գյուղից սերված Բալյանների ընտանիքում։ Աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից է։
Բորիս Հայկի Բեզիրգանով (Բեզիրգանյան) 23.09.1937, Թբիլիսի-2010, Երևան)-Ծնվել է Թբիլիսիում՝ ծնունդով Ալաստանից, երկրորդ համաշխարհայինին զոհված, ռազմական տեխնիկ՝ Հայկ Հակոբի Բեզիրգանովի ընտանիքում։ Երկրաբան, երկրահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ 1960-1963 թվականներին աշխատել է ՌԴ Ալդամ քաղաքի Յակուտական երկրաբանական վարչությունում, 1963-1966 թվականներին՝ Մոսկվայի երկրաքիմիական տրեստում, 1969-1994 թվականներին՝ ԵՊՀ հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնում, եղել է դասախոս, դոցենտ, պրոֆեսոր, 1978-1994 թվականներին՝ ամբիոնի վարիչ, 1994 թվականից՝ Լեռնամետալուրգիայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող։ Հեղինակ է 2 գրքի, 50-ից ավել գիտական հոդվածների։ Մահացել է 2010 թ. Երևանում։
Կառլեն Նապոլեոնի Բեզիրգանյան (20.10.1929, Ալաստան-13.06.1995, Երևան)-Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։ 1960-1995 թթ․ աշխատել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետի ֆիզիկայի ամբիոնում։
Հակոբ Պետրոսի Բեզիրգանյան (11․ 02․ 1954, Ալաստան-27․ 08․ 2018, Վաշինգտոն, ԱՄՆ)-Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու։
Հովհաննես Հովակիմի Բեզիրգանյան (03.10.1881, Ալաստան-14.02.1938, Թբիլիսի)։ Ցարական Ռուսաստանի և Հայաստանի առաջին Հանրապետության բանակի կապիտան։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից՝ եվրոպական և կովկասյան ճակատներում։ Ռազմական գործողությունների ժամանակ ցուցաբերած խիզախություն համար պարգևատրվել է Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանով։ Դարձել է ստալինյան հալածանքների զոհը։
Հարություն Հակոբի Բեզիրգանյան (1888, Ալաստան-1970, Թբիլիսի)- Պետական գործիչ։ Հայրենական մեծ պատերազմից հետո 10 տարի եղել է ՎՍՍՀ կապի նախարար։
Վոլոդյա Մանուկի Բեզիրգանյան (1935, Ալաստան-?)-ԽՍՀՄ բանակի գնդապետ։ Գերմանիայում խորհրդային զորքերի տանկային գնդի հրամանատար (1973)։ Ղեկավարել է Մագնիտոգորսկի լեռնամետալուրգիական ինստիտուտի ռազմական ամբիոնը։
Պետրոս Հարությունի Գիչյան (1929, Ալաստան-2003, Երևան)-Տեղանքագիր-տեղագրագետ։ 1963-1998 թթ.աշխատել է «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտում։ Ղեկավարել է Որոտանի, Դերբենդի կասկադների ՀԷԿ-երի, արդյունաբերական և ջրային տնտեսությունների մի շարք օբյեկտների, Արցախի հանրապետության մի շարք ՀԷԿ-երի նախագծերի տեղագրա-երկրաբաշխության աշխատանքները։ Արժանացել է ՀՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրերի։
Արմեն Պետրոսի Գիչյան (1967)-Դիվանագետ։ 2015 թ. եղել ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի վարչության պետը։
Արտուշ Դավիթի Դավթյան (22.05.1936, Ալաստան-04.11.2011, ՌԴ, Մոսկվայի մարզ, Սերգիև Պոսադ)-Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Հայտնագործել և ներդրել է հավերի, բադերի, սագերի և հնդկահավերի արհեստական սերմնավորումը, որը համաշխարհային ընդունելություն և կիրառություն է գտել։ 1962 թվականից մինչև թոշակի անցնելը աշխատել է Թռչնաբուծության համառուսաստանյան գիտահետազոտական և տեխնոլոգիական ինստիտուտում։ Տպագրել է ավելի քան 150 աշխատություն հայրենական և արտասահմանյան հրատարակություններում, այդ թվում՝ 2 գիրք, 17 մեթոդական ձեռնարկ, ունի նաև հեղինակային իրավունքի 6 վկայական և գյուտերի 5 արտոնագիր։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 10 թեկնածուական ատենախոսություն։ Գիտական նվաճումների համար Դավթյանը երկու անգամ պարգևատրվել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի դափնեկիրի կոչումով (1982 և 1990 թթ.), ինչպես նաև պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով, ստացել է 2 ոսկե, 2 արծաթե և 7 բրոնզե մեդալ:[1]։
Բալա Լևոնի Դարբինյան (1934-1989)-Տեխնիկական գիտությունների թեկնածու։ Եղել է Մոսկվայի Բաումանի անվան համալսարանի գիտաշխատող։
Պետրոս քահանա Դարբինյան (1799-1866, Ալաստան)-Հայ կաթողիկե եկեղեցու հոգևորական, Ալաստան գյուղի ժողովրդապետ։ Ալաստան գյուղի սբ. Աստվածածնայ եկեղեցու կառուցման (հիմն. 1863) նախաձեռնողն ու շինարարական աշխատանքների կազմակերպիչը։ Աճյունը հանգչում է Ալաստանի սբ. Աստվածածնայ եկեղեցու պատի տակ[2]։
Վարդապետ Ստեփան Ներսեսի Երոյան (12․10․1897, Ալաստան-03.11.1937, ՌԴ, Կարելիա, Սանդորմախ)-Հռոմի Լևոնյան վարժարանի սան, Մխիթարյան միաբանության հայր։ Կաթոլիկ եկեղեցու քահանա։ Ծառայել է Թիֆլիսի լեհ կաթոլիկ եկեղեցում, Ալաստանի հայ կաթողիկե եկեղեցու քահանա։ Ձերբակալվել է 1929 թվականի նոյեմբերի 26 - ին Թիֆլիսում։ 1930 թվականի օգոստոսի 3-ին ՌՍՖՍՀ Քրեական օրենսգրքի 58-6, 10, 12 և 59-12 հոդվածներով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ Պատիժը կրել է Սոլովեցկի արշիպելագի մեջ մտնող Անզեր կղզու համակենտրոնացման ճամբարում։ 1932 թվականին նա ձերբակալվել է Անզեր կղզում կաթոլիկ հոգեւորականների մասնակցությամբ խմբակային գործով, իսկ հետաքննության ավարտից հետո նրան թողել են Սոլովկիում։ Կրկին ձերբակալվել է 1937 թվականի հոկտեմբերի 9-ին, Լենինգրադի մարզի ՆԿՎԴ հատուկ եռյակի որոշմամբ դատապարտվել է մահապատժի։ Գնդակահարվել է 1937 թվականի նոյեմբերի 3-ին Սանդորմախի բնավայրում։
Ստեփան Ներսեսի Երոյան (07.10.1960, Ալաստան)-Տնտեսագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու։ 2008-2019 թթ. եղել է «Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտիտուտ» ՓԲԸ տնօրենը։ Մասնակցել է ջրային տնտեսության ոլորտում տարբեր հետազոտական և նախագծային աշխատանքների, մասնավորապես մասնակցել է «Ջրի ազգային ծրագիր» ՀՀ օրենքի մշակմանը և այլն։
Պողոս Պետրոսի Ծածուրյան (1911, Ալաստան-1994, Իտալիա, Չիվիտանովա-Մարչե)։ Հումանիստ, Սալեզյան միաբանության անդամ, Վատիկանի պաշտոնյա։ Տարրական կրթությունն ստացել է Մխիթարյան միաբանությունում, այնուհետ ընտրել է բժիշկ-դեղագործի մասնագիտությունը։ Սալեզյան միաբանության կազմում աշխատել է տարբեր երկրներում, օգնել տնազուրկ և սոցիալապես անապահով երեխաներին։ Կազմակերպել է նաև ֆուտբոլային մարզական թիմեր։ Խաղացել է Վատիկանի թիմում[2]։
Խաչատուր Դավիթի Ծածուրյան (1960, Ալաստան)-Տեխնիկական գիտությունների թեկնածու, ինժեներ-էներգետիկ։
Արշակ Իվանի Ծածուրյան (1959, Ալաստան)-Ոստիկանության մայոր։ 1992-1994 թթ. մասնակցել է Արցախի պաշտպանության մարտական գործողություններին Ջրականում, Հորադիզում և այլ ուղղություններում։ ՀՀ ռազմական ոստիկանությունում զբաղեցրել է կարգապահական գումարտակի ԿՇ պետի պաշտոնը։ Պարգևատրվել է մի շարք մարտական մեդալներով և պատվոգրերով։
Սարգիս Գրիգորի Ծածուրյան (23.04.1903, Ալաստան-?)-ԽՍՀՄ բանակի գնդապետ։ Հայրենական պատերազմի տարիներին Հյուսիսային Կովկասի, Ստալինգրադի, Ուկրաինայի ռազմաճակատներում վարել է ռազմական հաղորդակցության ճանապարհների պետի ավագ օգնականի պաշտոնը։ 1944թ. ռազմաճակատից ուղարկվել է Թբիլիսի, որպես Անդրկովկասյան զինվորական օկրուգի ռազմական հաղորդակցության վարչության 1-ին բաժնի պետ։ Պարգևատրվել է մի շարք մարտական մեդալներով և շքանշաններով։
Արմեն Վանիկի Կոթոլյան (12.4.1971, Երևան – 19.10.1992, Ղոչազ, Լաչինի շրջան)-Արցախի պաշտպանության մարտական գործողությունների մասնակից։ Մասնակցել է Քաշաթաղի ազատագրմանը, մարտնչել է Իջևանում, Կապանում, Գորիսում, Շահումյանում, Մարտակերտում։ Զոհվել է 1992թ. հոկտեմբերի 19-ին Հոչազի բարձրունքների համար մղված մարտերի ժամանակ։ Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում։ Ա.Կոթոլյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։
Արմեն Աշոտի Կոտոլյան (28.10.1987, Երևան)-2018թ. սեպտեմբերի 13-ից՝ զբաղեցնում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը։
Մաթևոս Վոլոդիայի Կոթոլյան (1957, Ալաստան)-Ոստիկանության գնդապետ։ Արցախյան շարժման և արցախյան պատերազմի մասնակից։ Զբաղեցրել է ՀՀ ՆԳՆ վիզաների վարչության պետի պաշտոնը։ 1994թ. եղել է Աբովյանի անչափահասների և կանանց քրեակատարողական հիմնարկի պետը։
Ֆելիքս Մանուկի Կոթոլյան (1936, Ալաստան-1995, Երևան)-Տեխնիկական գիտությունների թեկնածու։ Զբաղեցրել է տարբեր ղեկավար և կուսակցական պաշտոններ։
Սեդրակ Գրիգորի Հուսնյան (1957, Ախալցխա-1992, Լաչին)-Ծնվել է Ախալցխայում՝ ալաստանցի Գիրգոր Հուսնյանի ընտանքիում։ Գյումրիի երկրապահ կամավորական ջոկատի անդամ, մասնակցել է Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի պաշտպանությանը։ Զոհվել է Լաչինի միջանցքի ազատագրման ժամանակ։ Նրա անունն է կրում Գյումրիի այն դպրոցը, որտեղ սովորել է[3]
Պողոս Հարությունի Ղարաղաշյան (1942, Ալաստան)-հրաձիգ, սպորտի վարպետ։
Բելա Հովակիմի Մարգարյան (1977, Երևան)-Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր։ Շուրջ 35 ուսումնամեթոդական ձեռնարկների, դասագրքերի և հոդվածների հեղինակ է։
Մարիամ Ստեփանի Մելիքյան (Մելիքովա Մարիա)։ Ծնվել է 10.04.1912 թ. Ալաստանում։ Բժշկական ծառայության մայոր։ Բժշկական կրթությունը ստացել է Բաքվում։ Զինվորական ծառայության է անցել 1939 թ.-ից։ Ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության տարիներին աշխատել է Բաթումի 368-րդ տարհանման զինվորական հիվանդանոցում, եղել է ինֆեկցիոն բաժնի ղեկավարը։ Պատերազմից հետո գլխավորել է Բաթումի հոսպիտալի պետի տեղակալի պաշտոնը։ Երկար տարիներ աշխատել է ՊԱԿ-ի սանատորիայի պետի տեղակալ։
Ռաֆայել Պողոսի Նանուշյան (17.01.1924, Ալաստան-29.02.1976, Երևան)-Գրաֆիկ-նկարիչ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Հրանուշ Վարդգեսի Նանուշյան (1949, Երևան-08.05.2021, Երևան)-Ֆիզիկոս։ Եղել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի դասախոս։
Եղիա Սրապիոնի Պոլոյան (1911, Ալաստան-1944)-Պատմաբանասիրական գիտություննների թեկնածու։ Զոհվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։
Յուրա Քերոբի Պողոսյան (մհ. 2004, Երևան)-Բժիշկ-վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու։
Տ. Հովսեփ ծ. վրդ. Սարուխանյան (1878, Ալաստան-20.11.1959, Լիբանան, Զմմառ)-Հայ կաթողիկե եկեղեցու քահանա, վարդապետ, Լիբանանի Զմմառ գյուղի համանուն վանքի մեծավոր, Ալաստան գյուղի ժողովրդապետ։ Քահանա է ձեռնադրվել 1904 թ., պաշտոնավարել է Կովկասի տարբեր քաղաքներում և գյուղերում։ 1938 թ. հաստատվել է Զմմառում, 1949 թ.ից ընտրվել է Զմմառի վանքի մեծավոր։
Պետրոս Խաչատուրի Սարուխանյան (04.08.1950, Ալաստան)-լրագրող։ 1975-1978 թթ.` սովորել է Երևանի պետական համալսարանի, բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում, 1978-1981 թթ.` Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 1981-1990 թթ. աշխատել է «Երեկոյան Երևան» թերթի խմբագրությունում, իսկ 1990-2018 թթ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում։ 2010 թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում։ Երեք գրքի հեղինակ է։
Ֆլորա Պետրոսի Սարուխանյան (1983, Երևան)։ Կենսաբանական գիտությունների թեկնածու։ ՀՀ ԳԱԱ Հ․ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Ինստիտուտի Նեյրոպեպտիդների Կենսաքիմիայի խմբի ղեկավար։
Խոսե Արիստեո Սարուխան Կերմես (Հովսեփ Արտեմի Սարուխանյան հուլիսի 15, 1940, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ)։ Ծնվել է 1940թ․ Մեխիկոյում՝ Պոլսից գաղթած, ծնունդով ալաստանցի Արտեմ Սարուխանյանի ընտանիքում[3]։ Վերջինիս որդեգրել է հորեղբայրը՝ Արես (Արեստակես) Սարուխանյանը և նրան իր հետ տարել է Կ․ Պոլիս։ Խոսե Սարուխանը կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է։ 1989 թ.-ից մինչև 1997 թվականն աշխատել է որպես Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի ռեկտոր։ 2000 թ.-ին նշանակվել է «Սոցիալական և մարդկային զարգացման հարցերով հանձնակատար» նախագահական կաբինետում, սակայն 2002 թ.-ին հրաժարվում է պաշտոնից։ Կոլիմայի համալսարանի և Մեխիկոյի Լա Սալե համալսարանի պատվավոր դոկտոր է։
Քերոբ Պետրոսի Սերոբյան (1924, Ալաստան- 30․04․1945, Բեռլին), Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (8․06․1944, 27․03․1945, 15․05․1945), գվարդիայի եֆրեյտոր։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է Հայկական 89-րդ (Թամանյան) դիվիզիայի կազմում (1942)։ Եղել է սակրավոր։ Փառքի շքանշանների արժանացել է Ղրիմի ազատագրման ժամանակ, Օդերի ափին հենակետ (պլացդարմ) նվաճելիս և Բեռլինի մատույցներում մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Զոհվել է Հումբոլդ-Հայն ամրոցը պայթեցնելիս։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով։
Միխայիլ Էդգարդի Սիրոպով (04.20.1954, Ալաստան-22.09.2001, ՌԴ, Սարատովի շրջան, Բալակովո)-երաժիշտ, երգիչ, Բալակովոյի ֆիլարմոնիայի հիմնադիրը։ 2001 թ.-ից ֆիլարմոնիան կրում է Միխայիլ Սիրոպովի անունը[4][5]։
Պետրոս Սարգիսի Սիմավորյան (31.12.1935, Ալաստան-28.11.1992, Երևան)։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Ախտաբան-ֆիզիոլոգ։ 1989-1992 թթ. բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի գիտական մասի պրոռեկտոր։ Հեղինակ է 140 գիտական հոդվածների։ Ստացել է 8 հեղինակային վկայական[6]։
Սիլվա Սիմոնի Սիմավորյան (01.09.1947, Ախալքալաք)-Տեխնիկական գիտությունների թեկնածու։ 2000 թվից մինչև 2023 թ. ՀԱԱՀ, Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ։ Հեղինակ է 50 գիտական աշխատությունների և մեթոդական աշխատանքների։ Մշակել է կաթնամթերքների արտադրության տեխնիկական պայմաններ և ստանդարտներ։ Ստացել է 2 հեղինակային վկայական։
Սիմոն Ժորայի Սիմավորյան (1958, Ալաստան)-Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, տեղեկատվության անվտանգության ոլորտի մասնագետ։ Սոչիի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ։
Սարգիս Պետրոսի Սիմավորյան (1911, Ալաստան-1994, Ալաստան)-ՎԽՍՀ վաստակավոր ուսուցիչ, պատմության ուսուցիչ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Եղել է Ախալքալաքի շրջանի Ալաստան (1940-1942թթ, 1962-1974 թթ.), Խանդո (1935-1938 թթ., 1947-1949 թթ.) և այլ գյուղերի միջնակարգ դպրոցի տնօրեն։
Սոս Արշակի Սիմավորյան (1927, Ալաստան-1989, Թբիլիսի)-Արձակագիր, բանաստեղծ, լրագրող։ 1976 թ.-ից Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի քարտուղարն էր, 1986 թ.-ից՝ նախագահը։ Եղել է «Սովետական Վրաստան» հայալեզու օրաթերթի լրատվության բաժնի ղեկավարը։ Թաղված է Ալաստանում։
Արեստակես Սիմավոնի Սիմավորյան (25.11.1977, Երևան)-Արևելագետ, թյուրքագետ։ 2010-2019 թթ. եղել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Հայագիտական կենտրոնի ղեկավարը։ Գիտավերլուծական գործունեությամբ է զբաղվել նաև ՀՀ պետական և կրթական տարբեր հաստատություններում։ 150-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ Է։ Աշխատանքները վերաբերում են Սփյուռքի արդի հիմնախնդիրներին (գիտական սփյուռք և այլն), հայության կրոնադավանական խնդիրներին (Հայ կաթողիկե համայնքներ), թուրքական «ուղեղային կենտրոններ»-ին, Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությանը և այլն։ 2013թ. պարգևատրվել է ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից «Վազգեն Սարգսյան» մեդալով։ «Անվտանգային և ռազմավարական վերլուծությունների ազգային կենտրոն»-ի՝ (հապավումը՝ «ԱՌՎԱԿ») ծրագրերի պատասխանատուն է[7]։
Հայր Եղիա (աշխարհիկ անունը՝ Հակոբ) Պետրոսի Փեչիկյան (1895, Ալաստան-1964, Իտալիա, ՍուրբՂազար կղզի)-Հայ կաթողիկե եկեղեցու ակնառու դեմքերից, Մխիթարյան միաբանության անդամ, լեզվագետ, գրականագետ, թարգմանիչ և բանաստեղծ։ Մխիթարյան միաբանության պաշտոնաթերթի՝ «Բազմավեպ» հայագիտական հանդեսի խմբագիր (1930-1939, 1952-1953)։ 1953-1958 թթ. եղել է Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի տեսուչը։ Դասավանդել է գրաբար, աշխարհաբար և հայ գրականություն։ 1962 թ. այցելել է հայրենի ծննդավայր։ Մահացել է 1964 թ., աճյունը հանգչում է Ս. Ղազար կղզու պանթեոնում։
Հայկ Պողոսի Քոլիկյան (Լևոն Պողոսի Սերոպով)։ Ծնվել է 1903 թ. Ալաստանում։ Ռազմական գործիչ։ Ինժեներ-գնդապետ։ Նախնական կրթությունը ստացել է Կիևի ռազմական ուսումնարանում։ Պատերազմի տարիներին դասավանդել է Ստալինի անվան մոտորիզացիայի և մեխանիզացիայի ռազմական ակադեմիայում (Военная академия механизации и моторизации РККА (ВАММ РККА) имени И. В. Сталина) և Սամարիայի ռազմական ակադեմիայում։ 1955 թ. ավարտել է զինվորական ծառայությունը, սակայն շարունակել է դասավանդել։ Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և շքանշաններով։ Բնակվել է Մոսկվայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 139)։