Աբաս, ասորական ծագումով արական անձնանուն։ Գործածական է 4-րդ դարից սկսած մինչև 13-րդ դար, այնուհետև սակավ գործածական է եղել։ Փոխառնված է ասորերեն Awā (Աբա) անվան հունական ձևից[1]։ 9-րդ դարից սկսած, Բագրատունիների ժամանակ այս անունը ստանում է նոր կենդանություն։ Քանի որ այդ ժամանակ ասորական ազդեցությունը վերացել էր, ապա այս անվան վերակենդանացումը պետք է վերագրել արաբական նոր ազդեցությանը։ Աբաս (արաբ. عباس, Abbās) անունը շատ տարածված էր արաբների մեջ, որոնցից էլ անցավ իսլամադավան մյուս ազգերին։ Արաբերեն عباس (Abbās) բառի բուն նշանակությունն է «առյուծ», նաև «դժնի, դժնեադեմ»[2]։ Ըստ Հրաչյա Աճառյանի ճիշտ նշանակությունը «առյուծ»-ն է, որով համապատասխանում է լատիներեն՝ Leo, հունարեն՝ Ղևոնդ, արաբերեն՝ Ասադ, Հայդար, թուրքերեն՝ Ասլան, պարսկերեն՝ Ջիվանշիր և հայերեն Կորյուն անուններին[3]։
Հայտնի անվանակիրներ
խմբագրել
- Մար Աբաս Կատինա (ասոր. Mār Awā Qațțīnā), նշանավոր ասորի պատմիչ, որից Մովսես Խորենացին կազմել է իր «Հայոց Պատմության» նախնական շրջանը.
- Աբաս (կամ Սեավ), Գրիգոր Լուսավորչի աշակերտներից, Ոսկյանց և Սուքիասյանց վկայարանի առաջին վանահայրը (4-րդ դար).
- Աբաս, Մոմհարի երեցը, աղվան, մասնակցել է Կաղսետի նշխարաց գյուտին (560).
- Աբաս, Աղվանքի կաթողիկոս (552-596).
- Աբաս, Փարպիի վաներեց (հիշվում է 607 թ.).
- Աբաս, թարգմանիչ Գրիգոր Րաբունու հայրը (7-րդ դար).
- Հազրեթ-ի-Աբբաս (647-680), Ալի ամիրապետի որդին, շիա մուսուլմանների մոտ սրբազան անձնավորություն.
- Աբբաս, Մամուն-առ-Ռաշիդ խալիֆայի հայրը, վերջինս տապալելով գահակալող տոհմին, Բաղդադում հիմնեց նոր ամիրապետություն, որն էլ նրա հոր անունով կոչվեց Աբբասյան (750-1258).
- Աբաս Արծրունի, Վասպուրականի երկրորդ գահերեց իշխան Աշոտ Արծրունու որդին, Բուղայի գերեվարվածներից (852).
- Աբաս, Շերանիկի որդին, հիշվում է իբրև վկա՝ Տաթևի 881 թվականի կալվածագրում.
- Աբաս Բագրատունի (ծն. թվ. անհ. - մինչ 893), Հայոց սպարապետ (862-892), Սմբատ Խոստովանողի ավագ որդին, Աշոտ Ա-ի եղբայրը, Սմբատ Ա-ի հորեղբայրը.
- Աբաս Ա Բագրատունի (880-953/954), Հայոց սպարապետ (մոտ 914-919), Հայոց թագավոր (928/930–953/954), Սմբատ Ա-ի որդին, Հայոց արքա Աշոտ Երկաթի եղբայրը, Հայոց արքա Աշոտ Գ Ողորմածի և Կարսի արքա Մուշեղ Բագրատունու հայրը.
- Աբաս Ա Բագրատունի (մհ. 1029), Կարսի թագավոր (984-1029), Կարսի թագավորներ Մուշեղ Բագրատունու որդին և Գագիկ Կարսեցու հայրը.
- Աբաս Բագրատունի (մհ. 1010-1020), արքայազն, Հայոց թագավոր Գագիկ Ա-ի և Կատրանիդեի կրտսեր որդին, Հայոց արքաներ Հովհաննես-Սմբատի և Աշոտ Դ Քաջի եղբայրը.
- Աբաս, Հայոց Հովհաննես-Սմբատ թագավորի կնոջ հայրը.
- Աբաս Ա Կյուրիկյան (մհ. 1145), Տաշիր-Ձորագետի թագավորության վերջին արքան (1090-1113), Տավուշի իշխան (1113-1145) Կյուրիկե Բ-ի որդին, Դավիթ Բ Կյուրիկյանի եղբյարը.
- Աբաս Բ Կյուրիկյան (1171-1190), Մածնաբերդի իշխան (1185-1190), Մածնաբերդի Կյուրիկե Գ իշխանի որդին.
- Աբաս, Գրիգոր Րաբունու հայրը (12-րդ դար).
- Աբաս Ճահկեցի (12-րդ դար), Սյունիքի Ստեփանոս Գ եպիսկոպոսի քրոջ ամուսինը.
- Աբաս, Օշականի ռես (գյուղապետ) Արտաշիրի որդին (1211).
- Աբաս Սևատյանց, Կուկի հայրը, հիշված 1222-1236 թվականներին.
- Աբաս եպիսկոպոս, Խծկոնք վանքի առաջնորդը (1233-1240).
- Աբաս (Աբրահամ), Անիի եպիսկոպոս, հիշվում է 1240 թվականին.
- Շահ-Աբբաս, Իրանի շահ, Սեֆյանների տոհմից (1587-1628).
- Աբաս քահանա, գրիչ, 1674 թվականին օրինակել է Ներսես Լամբրոնացու «Մեկնութիւն Առակացն Սողոմոնի» երկը.
- Աբբաս-Միրզա (օգոստոսի 26, 1789 - հոկտեմբերի 25, 1833), Իրանի պետական և ռազմական գործիչ, Ատրպատականի նահանգապետ, Ֆաթհ-Ալի-Շահ Կաջարի որդին.
- Աբաս Իսահակյան (հուլիսի 16, 1900 - հունվարի 6, 1977), հայ խորհրդային բանասեր.
- Աբաս Քիառոստամի (հունիսի 22, 1940 - հուլիսի 4, 2016), պարսիկ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր.
- Աբաս Աբասով (օգոստոսի 4, 1949, Գանձակ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի պետական և քաղաքական գործիչ։
Ծանոթագրություններ
խմբագրել
- ↑ «Armenische Grammatik» (Հայերենի քերականությունը), Հայնրիխ Հյուբշման, Լայպցիգ, 1897, էջ 288
- ↑ «Կամուս ալ-մուհիտ» (Ծովի համատարած անդունդ), Ֆայրուզաբադի, Կ.Պոլիս, Հատոր Բ, էջ 258
- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 1-2 — 634 էջ։
- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 1-2
- «Armenische Grammatik» (Հայերենի քերականությունը), Հայնրիխ Հյուբշման, Լայպցիգ, 1897, էջ 288
- «Կամուս ալ-մուհիտ» (Ծովի համատարած անդունդ), Ֆայրուզաբադի, Կ.Պոլիս, Հատոր Բ, էջ 258