Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբաս (այլ կիրառումներ)
Աբաս (անհայտ[1][2], Մեծիրանք, Արցախ, Մեծ Հայք - 596[1][2]), Պարտավի եպիսկոպոսը, Աղվանքի կաթողիկոս 552-596 թվականներին։ Կրել է «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ» տիտղոսը։ Պարսից Սասանյան արքունիքի հովանավորությամբ առանձնացել է Հայոց մայր եկեղեցուց և աթոռանիստը Չողայից տեղափոխել և հիմնվել է Պարտավ քաղաքում։ X դարի վրացի մատենագիր Արսեն Սափառելին Աբասին հիշատակում է իբրև «Կաթողիկոս Հերեթի» (Աղվանքի)։ Նրան են ենթարկվել ութ եպիսկոպոսական թեմեր։ Սակայն Աբասն ընդունել է հայ եկեղեցու առաջնությունը (Աղվանքի կաթողիկոսներին ձեռնադրում էին Հայոց կաթողիկոսները), պայքարել Բյուզանդիայից պարտադրվող քաղկեդոնականության (երկաբնակության) դեմ՝ վայելելով Բյուզանդիայի հակառակորդ Սասանյան արքունիքի հովանավորությունը[3]։ Աբասին է ուղղված Երուսաղեմի Հովհաննես եպիսկոպոսի թուղթը, որով հրավիրում է նրան քաղկեդոնական դավանանքին։