Բորիս Ֆոգել

ռուս նկարիչ
(Վերահղված է Ֆոգել Բորիսից)

Բորիս Ֆոգել (ռուս.՝ Фогель Борис Александрович, հունվարի 18, 1872(1872-01-18), Բույնակսկ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ - 1961[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային գեղանկարիչ և մանկավարժ, Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսոր, Լենինգրադի նկարիչների միության անդամ[2]։

Բորիս Ֆոգել
Ծնվել էհունվարի 18, 1872(1872-01-18)
ԾննդավայրԲույնակսկ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ
Մահացել է1961[1]
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ (1896), Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1902) և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
«Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Բորիս Ֆոգելը ծնվել է 1872 թվականի հունվարի 18-ին, Տեմիր-Հան-Շուրա քաղաքում (այժմ` Բույնակսկ)։ Նրա հայրը` Ալեքսանդր Ֆոգելը, եղել է կադրային զինվորական, գնդապետ, գրեթե ամբողջ կյանքում ղեկավարել է Կովկասի գրավման արշավանքները։ Մայրը` Օլգա Ֆլովիցկայան, եղել է նկարիչ Կոնստանտին Ֆլավիցկու մոտիկ ազգականուհին։

1880 թվականին հոր մահից հետո մոր հետ տեղափոխվել է Թիֆլիս։ 1882 թվականին հաճախել է տղամարդկանց 2-րդ գիմնազիան։ Առաջին դասարանից զբաղվել է նկարչությամբ` Ստրոգանովյան ուսումնարանի սան Աննա Զախարովայի մոտ։ Ավարտելով գիմնազիան, 1891 թվականին մեկնել է Մոսկվա, որտեղ ընդունվել է Մոսկովյան համալսարանի բժշկական ֆակուլտետ։ Միաժամանակ շարունակել է գեղանկարչության պարապմունքները, օգտվելով Վասիլի Պոլենովի, Վլադիմիր Մակովսկու, Կոնստանտին Կորովինի և Սերգեյ Կորովինի խորհուրդներից։ Շուրջ մեկ տարի սովորել է Լեոնիդ Պաստեռնակի մասնավոր ստուդիայում, ում հետ առաջին անգամ նկարել է Ա. Արենսկու «Ռաֆայել» օպերայի դեկորացիաները, որը գրվել է 1894 թվականին Նկարիչների համառուսական համագումարի և Տրետյակովյան պատկերասրահի բացման համար։

Համալսարանից հետո 1896 թվականին Վլադիմիր Մակովսկու խորհրդով գնացել է Փարիզ, որտեղ սովորել է Ժյուլիանի մասնավոր ակադեմիայում` Ժան Պոլ Լորանի և Բենժամեն Կոնստանի ղեկավարությամբ։ Մասնակցել է «Ռուս նկարիչների համայնքի» և «Մարսյան դաշտ» սալոնի ցուցահանդեսներին։ 1897 թվականին վերադարձել է Պետերբուրգ և ընդունվել Գեղարվեստի Կայսերական ակադեմիային կից Բարձրագույն գեղարվեստական ուսումնարան։ Սովորել է Պավել Կովալևսկու և Իլյա Ռեպինի մոտ։ Ամուսնացել է իր նկարիչ ընկերոջ` Նիկոլայ Սկլիֆոսովսկու քրոջ` Ելենա Սկլիֆոսովսկու հետ։ 1902 թվականին ավարտել է Ակադեմիան, արժանանալով առաջին աստիճանի դասական նկարչի կոչմանը «Երեկո» նկարի համար։

Ակադեմիան ավարտելուց հետո վերադարձել է Թիֆլիս, որտեղ աշխատել է որպես նկարիչ և մանկավարժ։ Դասավանդել է տղամարդկանց և կանանց առաջին գիմնազիաներում և Կովկասի գեղեցիկ արվեստների խրախուսման հասարակությանը կից գեղանկարչական և քանդակագործական դպրոցում։ Միաժամանակ շարունակել է մասնակցել պետերբուրգյան «Նկարիչների նոր հասարակություն» ցուցահանդեսներին, որի հիմնադիրներից մեկն էր ինքը։ 1905 թվականին Պետերբուրգում «Նկարիչների նոր հասարակություն» հերթական ցուցահանդեսում «Զովանում է» նկարի համար Վասիլի Պոլենովի անվան մրցանակ է ստացել։ Երկարատև ուղևորություն է կատարել դեպի Ֆրանսիա, Իտալիա և Գերմանիա։ Վերադառնալուց հետո «Նկարիչների նոր հասարակություն» ցուցահանդեսին է ներկայացրել «Հին կամուրջը Ֆլորենցիայում», «Դեղին առագաստներ», «Վենետիկ» և այլ նկարներ։

Վրաստանի հեղափոխության և խորհրդային իշխանության հաստատումից հետո ղեկավարել է Կարմիր բանակի Տանը կից Թբիլիսիի գեղարվեստական ստուդիան, այնուհետև Բարձրագույն գեղարվեստական-տեխնիկական վարպետի մոտ, մինչև դրանց վերափոխումը Վրաստանի գեղարվեստի ակադեմիա, որտեղ եղել է գեղանկարչության և գեղանկարչության ֆակուլտետի դեկանի պրոֆեսոր։ Թիֆլիս քաղաքի թանգարանի համար նկարել է «Հին Թիֆլիս» յոթ մեծ էտյուդներով նկարներ և «Նոր Թիֆլիս» երեք էտյուդներով նկարներ, ինչպես նաև Անդրկովկասյան ՀԷԿ-ի երկու էտյուդ-նկարներ։ Վրաստանի կառավարության պատվերով նկարել է «Հին սեմինարիա, երբ այնտեղ սովորում էր Իոսիֆ Ստալինը» նկարը։

1934 թվականին Իոսիֆ Բրոդսկու հրավերով Բորիս Ֆոգելը տեղի պրոֆեսոր է աշխատել Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ Զուգընթացաբար մասնակցել է լենինգրադցի նկարիչների ցուցահանդեսներին։ Լենիզոյի պատվերով Մուրմանսկի թանգարանի համար նկարել է «Հյուսիսային Արկտիկական ճակատ» և «Լիտկե» սառցաբեկի ժամանումը Մուրմանսկում նկարները։ 1941 թվականի հունիսին Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայի Տիցիանի դահլիճում բացվել է Բորիս Ֆոգելի ստեղծագործությունների անհատական ցուցահանդես, որտեղ ցուցադրվել է 150 նկար և նկարչի էտյուդները, այդ թվում` «Զովանում է», «Վրաստանի ճոխ հովիտը» նկարները, Կախեթի մարզի, Ղրիմի և Վրաստանի էտյուդները։ Նոր պատերազմի պատճառով ցուցահանդեսը շուտով փակվել է և աշխատանքի մեծ մասը կորել էր շրջափակման ժամանակ։

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո Ֆոգելը մնացել է Լենինգրադում։ 1942 թվականի փետրվարին ինստիտուտի հետ միասին տարհանվել է Սամարղանդ, որտեղից վերադարձել է 1944 թվականի հուլիսին։ Պարգևատրվել է «Լենինգրադի պաշտպանության համար» և «1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմի հերոսական աշխատանքի համար» մեդալներով։

Պատերազմից հետո դասավանդել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ 1947 թվականից ավագ գիտաշխատող է աշխատել Գեղարվեստի ակադեմիային կից գեղարվեստական նյութերի տեխնոլոգիաների լաբորատորիայում, համատեղությամբ շարունակել է մանկավարժական գործունեությունը, ինչպես նաև ստեղծագործական աշխատանքը` բնանկարի և նատյուրմորտի ժանրում։ Մասնակցել է լենինգրադցի նկարիչների ցուցահանդեսների մինչև 1950-ական թվականների վերջին։ Այդ շրջանում Բորիս Ֆոգելի աշխատանքներից են «Վիրիցա. Էտյուդ»[3] (1950 թվական), «Մումանսկյան նավահանգստում. Փայտակրանավեր»[4] (1951 թվական), «Պայծառ օրը»[5], «Դնեստր գետը Մոլդովայում»[3] (երկուսն էլ` 1953 թվական), «Վրաստանի լեռներում»[6] (1958 թվական) և այլ նկարներ։

Բորիս Ֆոգելը մահացել է 1961 թվականին Լենինգրադում` 90 տարեկան հասակում։ Նրա ստեղծագործությունները պահվում են Ռուսական պետական թանգարանում, Ռուսաստանի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Բորիս Ֆոգելի հայտնի գեղանկարչական դիմանկարը, նկարվել է 1946 թվականին, նկարիչ Ալեքսանդր Դեբլերի կողմից (այժմ` Ռուսական պետական թանգարանի հավաքածու)[7]։

Աշակերտներ խմբագրել

Ցուցահանդեսներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Artnet — 1998.
  2. Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.3. Д.67. Л.16.
  3. 3,0 3,1 '1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.33.
  4. Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.21.
  5. Весенняя выставка произведений ленинградских художников 1953 года. Каталог. — Л: ЛССХ, 1953. — с.8.
  6. Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.28.
  7. Живопись первой половины XX века (К) / Альманах. Вып.226. СПб., Palace Edition, 2008. С.64.

Աղբյուրներ խմբագրել

  • Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.3. Д.67.
  • Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.21.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1953 года. Каталог. — Л: ЛССХ, 1953. — с.8.
  • 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.33.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.28.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.19, 358, 381, 386, 397, 442. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.