Վալենտինա Սեմյոնովնա Բրումբերգ (ռուս.՝ Валентина Семёновна Брумберг, ) և Զինաիդա Սեմյոնովնա Բրումբերգ (ռուս.՝ Зинаида Семёновна Брумберг, ), առավել հայտնի որպես Բրումբերգ քույրեր, Խորհրդային անիմացիոն արդյունաբերության պիոներներից։ Կես դարում որպես անիմացիոն ռեժիսորներ և/կամ սցենարիստներ մշտապես աշխատելով միասին՝ ստեղծել են մոտ 50 ֆիլմ։ 1968 թվականին դարձել են ՌՖԽՍՀ վաստակավոր արտիստներ[1][2][3]։

Բրումբերգ քույրեր
Ի ծնե անուն՝Վալենտինա Բրումբերգ
Զինաիդա Բրումբերգ
Ծննդյան թիվ՝օգոստոսի 2, 1899 (Վալենտինա)
օգոստոսի 2, 1900 (Զինաիդա)
Ծննդավայր՝Մոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանի թիվ՝նոյեմբերի 28, 1975 (76 տարեկանում) (Վալենտինա)
փետրվարի 9, 1983 (82 տարեկանում) (Զինաիդա)
Ազգություն՝ռուսներ
Քաղաքացիություն՝Ռուսաստան Ռուսաստան
Մասնագիտություն՝Ռեժիսորներ
Սցենարիստներ

Կենսագրություն խմբագրել

Վալենտինա և Զինաիդա Բրումբերգները ծնվել են Մոսկվայում՝ հրեաների ընտանիքում։ Նրանց հայրը՝ Սեմյոն Բրումբերգը, բժիշկ էր, որն ավելի ուշ մասնակցել է Առաջին աշխարհամարտին, իսկ մայրը՝ Սեսիլիա Բրումբերգը, երաժշտության ուսուցչուհի էր[4]։ Ընկերները նրանց բնութագրում էին որպես «երկու հակապատկերներ», Վալենտինան՝ կարճահասակ, ակտիվ կին էր, մշտապես տարված նոր գաղափարներով, իսկ Զինաիդան՝ բարձրահասակ, դանդաղաշարժ և գերադասում էր նստել տանը[5]։ 1916 թվականին քույրերն ավարտել են Մոսկվայի գիմնազիան։ 1918 թվականին ընդունվել են Վխուտեմաս, որն ավարտել են 1925 թվականին[4]։

Գործունեություն խմբագրել

1925 թվականին նրանք միացել են Նիկոլայ Խոդատաևի, Յուրի Մերկուլովի և Զենոն Կոմիսարենկոյի գլխավորած փորձարարական սեմինարին՝ աշխատելու «Չինաստանը կրակի մեջ» լիամետրաժ ֆիլմի վրա, որը նկարահանվելու էր ի աջակցություն չինական ազգային-ազատագրական շարժման։ Ֆիլմը, որի ժապավենն ուներ 1000 մետր երկարություն և 14 կադր վայրկյան հաճախություն, տևում էր 50 րոպե։ Արդյունքում այն դարձել է աշխարհի առաջին անիմացիոն լիամետրաժներից մեկը[3][6]։ Ֆիլմն աչքի էր ընկնում նաև արվեստի տարբեր ոճերով, որոնք ներդրել են երիտասարդ անիմատորներ Բրումբերգ քույրերը, Իվան Իվանով-Վանոն և Վլադիմիր Սուտեևը։

1928 թվականին նրանք համատեղ նկարահանել են իրենց առաջին ձեռքով նկարված կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ «Սամոյեդ տղան»՝ Նիկոլայ Խոդատաև և Օլգա Խոդատաևա քույր-եղբայր թիմի հետ։ Այն նկարահանվել է ավանդական նենեցյան արվեստի ոճով և կրել է պատմողական բնույթ, Խոդատաևը այն բնութագրել է որպես «ողբերգության ժանրը նվաճելու առաջին քայլեր»[7]։ 1934 թվականին նրանք, Իվանով-Վանոյի հետ միավորելով ուժերը, համատեղ բեմադրել են «Ցար Դուրանդայը» (հայտնի նաև որպես՝ «Ցար Դուրանդայի հեքիաթը»)՝ հիմնված ռուսական հեքիաթի վրա, լի տպավորիչ անիմացիաներով[4]։

«Ցար Դուրանդայից» պահպանված մաս (1934)

1936 թվականին Բրումբերգ քույրերը Մոսկվայից այլ անիմատորների հետ տեղափոխվել են «Սոյուզմուլտֆիլմ», որտեղ կենտրոնացել են Դիսնեյի ոճով կարճամետարաժներ ստեղծելու՝ հիմնված մանկական հայտնի հեքիաթների վրա, ինչպիսիք են՝ «Կարմիր գլխարկ», «Սագեր և կարապներ»։ 1937 թվականից նրանք ինքնուրույն էին ֆիլմեր նկարահանում։

Հայրենական մեծ պատերազմի պատճառով քույրերն այլ անիմատորների հետ տարհանվել են Սամարղանդ, այնուհետև՝ Ալմաթի։ Նրանք շարունակել են ստեղծել ֆիլմեր՝ ներառելով հակաֆաշիստական պրոպագանդա։ Այդ ընթացքում նրանք նկարահանել են «Ցար Սալթանի հեքիաթը», որը թողարկվել է 1943 թվականին։ Այնուհետև նրանք տեղափոխվել են Մոսկվա և մոտ 1945 թվականին ավարտել «Կորած հավատարմագիրը», որը ուներ 40 րոպե տևողություն և դարձել է ավանդականորեն պահպանված խորհրդային գեղարվեստական առաջին մուլտիպլիկացիոն ֆիլմերից մեկը[6]։ Նրանք ակտիվորեն կիրառում էին ռոտոպատճենումը (Սովետական Միությունում հայտնի որպես Eclair՝ հայտնի վիդեո պրոյեկտորի անունով), իսկ պարերը բեմադրելու համար հրավիրում էին Իգոր Մոիսեևին[4]։

Հետագա 15 տարիների ընթացքում նրանք նկարել են ռոտոպատճենման վրա հիմնված մի շարք կարճամետրաժ ֆիլմեր՝ «Սուրբ ծննդյան նախորդ գիշերը» (1951) և «Սխալների կղզին» (1955)։ Հաճախ համագործակցում էին իրենց մոտ ընկերոջ՝ կատակերգական դերասան Միխայիլ Յանշինի հետ, որը ոչ միայն մասնակցում էր արտաքինով, շարժումներով ու ձայնով, այլև աշխատում որպես սցենարիստ և խորհրդատու ռեժիսոր՝ տալով ֆիլմերին Մոսկվայի գեղարվեստական թատրոնին հատուկ ոճ[8]։

1948 թվականը նշանավորվել է Մոսկվայում գծամարդուկի արկածների մասին «Ֆեդյա Զաիտցևի» թողարկմամբ։ Չնայած ֆորմալիզմի և թաքնված ենթատեքստերի մեղադրանքներին՝ այն մեծ տարածում գտավ երեխաների շրջանում, և գծամարդուկը երկար տարիներ վերածվեց «Սոյուզմուլտֆիլմի» զինանշանի[4][5]։

«Մարդուկին ես նկարեցի» (1960) Ֆեդյա Զայցևի լիամետրաժ ռիմեյքի շնորհիվ Բրումբերգ քույրերը միացան «Խրուշչովյան ձնհալի» անիմացիայի նոր ալիքին։ Նրանք թողեցին ռոտոպատճենը և հեռացան ռեալիստական արվեստի ոճից դեպի ավելի փորձարարական ձևեր։ «Մեծ անախորժություններ» (1961) ֆիլմը ոճավորվել է որպես մանկական պրիմիտիվ նկարներ, մինչդեռ համանուն խորհրդային հանրահայտ հեքիաթի վրա հիմնված «Երեք գեր մարդիկ» (1963) ֆիլմի հերոսները բաղկացած էին պարզ երկրաչափական ձևերից[4]։ Նրանք նկարահանել են մի շարք երգիծական կարճամետրաժներ, ինչպես նաև Գրիմ եղբայրների հեքիաթների և Օսկար Ուայլդի «Քենթերվիլի ուրվականի» ադապտացիաները (1970)։

Բրումբերգ քույրերն արդյունաբերությունից դուրս են եկել 1974 թվականին, իսկ մեկ տարի անց Վալենտիան Բրումբերգը մահացել է հիվանդության պատճառով։ Զինադիդա Բրումբերգը մահացել է 6 տարի անց։ Նրանք թաղված են Մոսկվայում։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1925 - «Չինաստանը կրակի մեջ» - դերասաններ, անիմատորներ
  • 1928 - «Սամոյեդ տղան» - ռեժիսորներ, դերասաններ, սցենարիստներ (Նիկոլայ Խոդատաևի և Օլգա Խոդատաևայի հետ)
  • 1934 - «Ցար Դուրանդայը» - ռեժիսորներ, սցենարիստներ (Իվան Իվանով-վանոյի հետ)
  • 1943 - «Ցար Սալթանի հեքիաթը» - ռեժիսորներ, սցենարիստներ
  • 1945 - «Կորած հավատարմագիրը» - ռեժիսորներ, սցենարիստներ
  • 1948 - «Ֆեդյա Զատիցև» - ռեժիսորներ
  • 1951 - «Սուրբ ծննդյան նախորդ գիշերը» - ռեժիսորներ, սցենարիստներ
  • 1955 - «Սխալների կղզին» - ռեժիսորներ
  • 1960 - «Մարդուկին ես նկարեցի» - ռեժիսորներ
  • 1961 - «Մեծ անախորժություններ» - ռեժիսորներ
  • 1963 - «Երեք գեր մարդիկ» - ռեժիսորներ
  • 1970 - «Քենթերվիլի ուրվականը» - ռեժիսորներ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Giannalberto Bendazzi (2016). Animation: A World History: Volume I: Foundations - The Golden Age at Google Books, p. 177
  2. Giannalberto Bendazzi (2016). Animation: A World History: Volume II: The Birth of a Style - The Three Markets at Google Books, p. 78
  3. 3,0 3,1 Sergey Kapkov (2006). Encyclopedia of Domestic Animation, pp. 129–130, 14
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 The Stars of Russian Animation. Valentina and Zinaida Brumberg Արխիվացված 2022-02-10 Wayback Machine by Irina Margolina and Eduard Nazarov, Studio M.I.R., 2013 (in Russian)
  5. 5,0 5,1 Irina Margolina, Natalia Lozinskaya (2006). Our Animation. — Moscow: Interros, p. 28 5-91105-007-2
  6. 6,0 6,1 Ivan Ivanov-Vano(1980). Frame by Frame. — Moscow: Iskusstvo, pp. 18, 129
  7. The Stars of Russian Animation. Film 2. Nikolai Khodataev Արխիվացված 2022-02-11 Wayback Machine by Irina Margolina and Eduard Nazarov, 2010 (in Russian)
  8. Sergey Kapkov. Masters of Tomfoolery. Fragments of the Unwritten Book at Film Historian's Notes № 80, 2006 ISSN 0235-8212 (in Russian)

Արտաքին հղումներ խմբագրել