Փոլ Վացլավեկ (գերմ.՝ Paul Watzlawick, հուլիսի 25, 1921(1921-07-25)[1][4][6][…], Ֆիլլախ, Կարինտիա, Ավստրիա[7] - մարտի 31, 2007(2007-03-31)[1][4][5][…], Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավստրիացի ընտանեկան թերապևտ, հոգեբան, հաղորդակցման տեսաբան և փիլիսոփա։ Որպես հաղորդակցման տեսության և արմատական կառուցողականության մասնագետ՝ Վացլավեկը ուսումնասիրություններ է կատարել ընտանեկան թերապիայի և ընդհանուր հոգեթերապիայի բնագավառներում։ Վացլավեկը համոզված էր, որ մարդիկ, անընդհատ իրենց խնդիրների մասին մտածելով և փորձելով լուծումներ գտնել, իրենք իրենց տառապանք են պատճառում։ Նա Հոգեկանի հետազոտությունների համալսարանի ամենակարկառուն դեմքերից մեկն էր։ Վացլավեկն ապրել և աշխատել է Պալո-Ալտո քաղաքում (Կալիֆոռնիա)[8][9][10]։

Փոլ Վացլավեկ
Paul Watzlawick
Ծնվել է1921 հուլիսի 15
Ֆիլլախ, Ավստրիա
Մահացել էմարտի 31, 2007(2007-03-31) (տարիքը 85)
Պալո-Ալտո, Կալիֆոռնիա
Բնակության վայր(եր)Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՔաղաքացիությունԱվստրիա Ավստրիա,
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱզգությունԱվստրիացի
ՄասնագիտությունՀոգեբանություն
Հոգեթերապիա
Հաստատություն(ներ)Սթենֆորդի համալսարան
Գործունեության ոլորտհոգեթերապիա
Ալմա մատերԿա Ֆոսկարի համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][2], գերմաներեն[2] և իտալերեն
Պարգևներ
 Paul Watzlawick Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1939 թվականին Ավստրիայի Ֆիլլախ քաղաքի ավագ դպրոցն ավարտելուց հետո Վացլավեկը տեղափոխվում է Իտալիա՝ Վենեցիա։ Այնտեղ նա ընդունվում է Կա Ֆոսկարի համալսարան և ուսումնասիրում փիլիսոփայություն ու բանասիրություն։ 1949 թվականին Վացլավեկը ստանում է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Այնուհետև նա սովորում է Ցյուրիխի Կարլ Յունգի համալսարանում, որտեղ էլ արժանանում է վերլուծական հոգեբանության դոկտորի աստիճանի։ 1957 թվականին նա շարունակում է իր հետազոտական գործունեությունը Էլ Սալվադորի համալսարանում[8]։

1960 թվականին իր դասախոսներից մեկի միջնորդությամբ Վացլավեկը տեղափոխվում է Պալո-Ալտոյի Հոգեբանական հետազոտությունների համալսարան։ 1967 թվականից սկսած նա դասավանդում է հոգեբուժություն Սթենֆորդի համալսարանում[8]։

Վացլավեկը մահացել է 2007 թվականին Պալո-ալտոյում գտնվող իր տանը։ Մահվան պատճառ էր հանդիսացել սրտի հանկարծակի կանգը[8]։

Գործունեություն խմբագրել

Կալիֆոռնիայում Վացլավեկը համագործակցում է Գրեգորի Բեյթսոնի և նրա թիմի հետ։ Վերջիններս զբաղված էին, այսպես կոչված, երկակի հաղորդակցության ուսումնասիրությամբ, որը հանդիսանում է շիզոֆրենիայի տեսություններից մեկը։ Այն իրենից ներկայացնում է մի այնպիսի հաղորդակցական իրավիճակ, որի դեպքում անհատը ստանում է մի ինֆորմացիա, որն ներառում է երկու կամ ավելի տեղեկատվություն։ Ընդ որում, դրանք բոլորն իրար հակասող և միևնույն ժամանակ բացառող են։ Այսպիսով, ինֆորմացիա ստացողն ընկնում է շփոթմունքի մեջ։ Ահա, այս ուսումնասիրությունն էլ հետագայում հաղորդակցման տեսության հիմնաքարը հանդիսացավ։ Վացլավեկը նաև զարգացրել է արմատական կառուցողականության տեսությունը և մանրամասն ուսումնասիրություններ է կատարել ընտանեկան թերապիայի ոլորտում[8][11]։

Փոխազդեցության տեսություն խմբագրել

Վացլավեկը լայնամասշտաբ ուսումնասիրություններ է կատարել, թե ինչպես է ընտանիքի ներսում տեղի ունենում հաղորդաակցությունը։ Նա հաղորդակցման տեսության (առավել հայտնի որպես փոխազդեցության տեսություն) հինգ աքսիոմ է սահմանում։ Կիբեռնետիկայի տեսանկյունից դիտարկելիս՝ փոխազդեցությունն իրենից ներկայացնում է մեկնաբանական տեսություն։ Բոլոր հինգ աքսիոմները պարտադիր կերպով պետք է ներկա լինեն, որ ունենանք լիարժեք հաղորդակցական գործընթաց, ինչպես նաև միմյանց հետ շփվելու ունակություն երկու անհատների կամ ընտանիքի բոլոր անդամների միջև։ Երբ գործը հասնում է այս տեսությանը, բազմաթիվ անհամապատասխանություններ են առաջանում, քանի որ հաղորդակցությանը մասնակից բոլոր անդամները ՙՙ տարբեր լեզուներով են խոսում՚՚: Սա տեղի է ունենում, քանի որ յուրաքանչյուր մարդ ունի իր անհատական մոտեցումը և պատկերացումը հաղորդակցության վերաբերյալ։ Փոխազդեցության տեսության հիմնական սկզբունքները կիբեռնետիկ բնույթ են գրում։ Քանի որ ինֆորմացիան այս տեսության ուսումնասիրության առանցքային առարկան է, այն կապված է հաղորդակցական համակարգերի տարաբնույթ գործընթացների հետ։ Հետևաբար այն սերտորեն առնչվում է մարդկային համակարգերի, օրինակ ընտանիքի, մեծ կազմակերպությունների և նույնիսկ միջազգային հարաբերությունների հետ[8][12]։

Ըստ փոխազդեցության տեսության հաղորդակցությունը հիմնված է այն բանի վրա, թե ինչ է տեղի ունենում, և ոչ թե՝ ում հետ, որտեղ, երբ կամ ինչու է տեղի ունենում։ Ուսումնասիրության ենթարկվել են ներքին առողջ հարաբերություններ ունեցող ընտանիքիները և միմյանց հետ շփման խնդիրներ ունեցող ընտանիքները։ Համարվում է, որ մարդու անհատականությունը, բնավորությունը ձևավորվում են այլ մարդկանց հետ շփման արդյունքում[12]։

Փոխազդեցության տեսությունը պահանջում է հաղորդակցական կանոնների ցանց, որը կառավարում է ընտանեկան հոմեոստազը։ Վերջինս, կարծես, ընտանիքի անդամների միջև ներքին, հաճախ անգիտակցական մակարդակում ձևավորված համաձայնություն լինի՝ ստատուս-քվոն պահպանելու համար։ Անգամ եթե ստատուս-քվոն բացասական է, շատ բարդ է լինելու այն պահպանելը։ Փոխազդեցության տեսաբանները հավատացած են, որ մենք չենք կարողանա գիտակցել այդ կործանարար դիմադրության իրական էությունը, եթե չհասկանանք Վացլավեկի առաջարկած աքսիոմները։ Հետևյալ աքսիոմները կարող են բացատրել, թե ինչպես է տեղի ունենում թերհասկացումը, եթե հաղորդակցությանը մասնակիրց բոլոր անձինք չեն գտնվում «նույն գծի վրա»։ Եթե այս աքսիոմներից մեկը խախտվում է, ողջ հաղորդակցությունը հնարավոր է ձախողվել։ Բոլոր այս աքսիոմները բխում են Գրեգորի Բեյթսոնի աշխատություններից։ Դրանց մեծ մասը զետեղված է «Քայլեր դեպի մտքի էկոլոգիան» (1972) աշխատությունում[12]։

Վացլավեկն առաջարկել է հետևյալ աքսիոմները ընտանեկան հոմեոստազը պահպանելու համար[12]՝

  • Մարդը չի կարող չհաղորդակցվել. յուրաքանչյուր վարքագիծ հաղորդակցման տեսակ է։ Քանի որ յուրաքանչյուր վարքագիծ յուրօրինակ է, և չկա նույնի կրկնորդը, չհաղորդակցվելը դառնում է անհնար։ Եթե նույնիսկ ինչ-որ մեկը խուսափում է հաղորդակցումից (ինչպես օրինակ ոչ վերբալ հաղորդակցության անգիտակցական օգտագործումը), դա էլ արդեն իսկ հաղորդակցման տեսակ է։ Գոյություն ունի, այսպես կոչված, ախտանիշների ստրատեգիա։ Դա մեր լռությունն է ուղված մի բանի, որը դուրս է մեր վերահսկողությունից, և դրա հետևանքով յուրաքանչյուր հաղորդակցման գոյությունը դառնում է հնարավոր։ Դրա օրինակներն են դեմքի արտահայտությունները, թվային հաղորդակցությունը, լռությունը։ Սրանք բոլորը ինֆորմացիա ստացողի կողմից կարող են դիտարկվել որպես նշաններ։
  • Յուրաքանչյուր հաղորդակցություն ունի բովանդակություն և հարաբերակցություն։ Վերջինս լրացնում է առաջինին և հետևաբար դառնում է մետահաղորդակցություն։ Բոլոր հաղորդակցությունները իմաստ և ինֆորմացիա են պարունակում։ Այդ ինֆորմացիան հիմնված է այն փաստի վրա, թե խոսող անձը ինչպես է ուզում, որ իրեն հասկանան։ Կարևոր է նաև, թե նա ինչպիսի հարաբերություններ ունի ինֆորմացիա ստացողի հետ։ Հաղորդակցությանը մասնակից անձանց հարաբերությունները համարվում են ոչ վերբալ։ Բովանդակությունն այն է, ինչ ասվել է։ Այսինքն, այն վերբալ է։ Որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե ինչ է ասվել, հարկավոր է կարողանալ վերլուծել և՛ բովանդակությունը, և՛ հարաբերակցությունը։ Փոխազդեցության հարաբերակցական ասպեկտը հայտնի է որպես մետահաղորդակցություն։ Մետահաղորդակցությունը հաղորդակցության մասին հաղորդակցությունն է։
  • Հարաբերակցության բնույթը կախված է հաղորդակցության ընթացակարգի կետադրությունից։ Ինֆորմացիա ուղարկողն ու ստացողը տարբեր կերպ են կառուցում հաղորդակցության հոսքը։ Դրա միջոցով նրանք իրենց վարքագիծը և վերաբերմունքն են արտահայտում։ Հաղորդակցությունը կետադրելը նշանակում է իրադարձությունների մի մասը որակել որպես պատճառ, իսկ մյուս մասը՝ հետևանք։ Հաղորդակցության դեպքում, երբ մի բան տեղի է ունենում, ապա դրան ի պատասխան մեկ ուրիշն էլ է տեղի ունենում։ Օրինակ, կինը տղամարդու հետ հարաբերություններում իրեն ընկճված է զգում։ Հետևաբար տղամարդն իրեն մեղավոր է զգում։ Սակայն այստեղ հարց է առաջանում՝ արդյոք կինը ընկճված է տղամարդու պատճառով, և արդյոք տղամարդն իրեն մեղավոր է զգում կնոջ ընկճվածության հետևանքով։
  • Մարդկային հաղորդակցությունը ներառում է և՛ թվային, և՛ հաղորդակցական մոդալայնություն։ Այս աքսիումը վերաբերում է առաջին աքսիոմում նշված ոչ վերբալ հաղորդակցությանը և ախտանիշների ստրատեգիային։ Այն հիմնականում կապված է հարաբերակցության ներսում տեղի ունեցող հաղորդակցության թվային բովանդակությանը։
  • Միջմարդկային հաղորդակցական ընթացակարգերը կա՛մ սիմետրիկ են, կա՛մ լրացական։ Այս աքսիումը կարևորություն է տալիս մետահաղորդակցությանը, որը ներառում է երկու բաղկացուցիչ մասնիկներ՝ ինֆորմացիայի սիմետրիկ փոխանակում և լրացական փոխանակում։ Սիմետրիկ փոխանակումը հիմնված է հաղորդակցվող անձանց հավասարության վրա։ Մինչդեռ լրացական հաղորդակցությունը հիմնված է հաղորդակցվող անձանց հարաբերությունների տարբերության վրա։ Այս ողջ իրավիճակում երեք տեսակի հարաբերություններ կարող են ձևավորվել։ Հաղորդակցվող անձանցից մեկը փորձում է ամբողջությամբ կառավարել իրավիճակը։ Երկրորդ հնարավոր տարբերակը հակառակ գործընթացն է։ Տվյալ անձը ենթարկվում է մյուսին։ Վերջին տարբերակն այն է, որ հաղորդակցվող բոլոր անձինք հավասար են, և, այսպիսով, իրավիճակը չեզոքանում է։ Առաջին երկուսը լրացական հաղորդակցման տեսակին են պատկանում, իսկ վերջինը՝ սիմետրիկ։

Պարգևներ խմբագրել

  • Վիեննային մատուցած ծառայությունների համար մեդալ
  • Վիկտոր Ֆրանկլի մրցանակ

Աշխատություններ խմբագրել

Փոլ Վացլավեկ հանդիսանում է բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ։ Ստորև ներկայացված են նրա ուսումնասիրություններն ու հետազոտություններն ամփոփող գրքերը[13]՝

  • mit Janet H. Beavin und Don D. Jackson: Menschliche Kommunikation – Formen, Störungen, Paradoxien (Originaltitel: Pragmatics of Human Communication), Hans Huber, Bern 1969. (13., unveränderte Auflage. Hogrefe Verlag, Bern/ Göttingen 2016, ISBN 978-3-456-85745-9)(գերմ.)
  • mit John H. Weakland und Richard Fisch: Lösungen – Zur Theorie und Praxis menschlichen Wandels. Huber, Bern 1974, ISBN 3-456-80038-X.(գերմ.)
  • Wie wirklich ist die Wirklichkeit – Wahn, Täuschung, Verstehen. Piper, München 1976, ISBN 3-492-02182-4.(գերմ.)
  • Die Möglichkeit des Andersseins – Zur Technik der therapeutischen Kommunikation. Huber, Bern 1977, ISBN 3-456-80433-4. (Neuauflage 2002, ISBN 3-456-83895-6)(գերմ.)
  • Gebrauchsanweisung für Amerika – Ein respektloses Reisebrevier. Piper, München 1978, ISBN 3-492-02401-7.(գերմ.)
  • Die erfundene Wirklichkeit – Wie wissen wir, was wir zu wissen glauben? Piper, München 1981, ISBN 3-492-02581-1.(գերմ.)
  • Anleitung zum Unglücklichsein. Piper, München 1983, ISBN 3-492-02835-7.(գերմ.)
  • Vom Schlechten des Guten oder Hekates Lösungen. Piper, München 1986, ISBN 3-492-03085-8.(գերմ.)
  • mit Franz Kreuzer: Die Unsicherheit unserer Wirklichkeit – Ein Gespräch über den Konstruktivismus. Piper, München 1988, ISBN 3-492-20742-1.(գերմ.)
  • Münchhausens Zopf oder Psychotherapie und „Wirklichkeit“. Huber, Bern 1988, ISBN 3-456-81708-8.(գերմ.)
  • Vom Unsinn des Sinns oder vom Sinn des Unsinns. Picus, Wien 1992, ISBN 3-85452-315-7.(գերմ.)
  • Wenn du mich wirklich liebtest, würdest du gern Knoblauch essen – Über das Glück und die Konstruktion der Wirklichkeit. Piper, München 2006, ISBN 3-492-04942-7.(գերմ.)
  • Man kann nicht nicht kommunizieren. Huber, Bern 2011, ISBN 978-3-456-85029-0.(գերմ.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 CONOR.Sl
  3. http://www.u-bordeaux-montaigne.fr/fr/universite/decouvrir-bordeaux-montaigne/histoire-d-universite.html
  4. 4,0 4,1 4,2 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
  7. 7,0 7,1 Deutsche Nationalbibliothek Record #118629549 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Andrea Köhler-Ludescher: Paul Watzlawick: Die Biografie. Die Entdeckung des gegenwärtigen Augenblicks. Huber, Bern 2014, ISBN 978-3-456-85412-0.(գերմ.)
  9. Alois Huber, André Höschele: Paul Watzlawick: Mensch, einer von uns beiden ist verrückt. Der Konterfei 008, Wien 2014 ISBN 978-3-9503749-7-1.(գերմ.)
  10. Watzlawick, Paul (Verfasser), Menschliche Kommunikation : Formen, Störungen, Paradoxien / Paul Watzlawick, Janet H. Beavin, Don D. Jackson. 2017.(գերմ.)
  11. Paul Watzlawick, Janet H. Beavin, Don D. Jackson: Menschliche Kommunikation. Formen, Störungen, Paradoxien. 11., unveränd. Auflage. Huber, Bern 2007.(գերմ.)
  12. 12,0 12,1 12,2 12,3 Mehnert, Ann-Kristin (Verfasser), Watzlawicks Axiome im Spannungsfeld interkultureller Kommunikation / Ann-Kristin Mehnert, 2016. 978-3-668-16780-3
  13. Paul Watzlawick - KATALOG DER DEUTSCHEN NATIONALBIBLIOTHEK.(գերմ.)
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Փոլ Վացլավեկ հոդվածին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Վացլավեկ» հոդվածին։