Տիգրան Միկելե Շիրինյան (Սիրինյան, իտալ.՝ Michele Dicran Sirinian, մարտի 12, 1923(1923-03-12), Կոստանդնուպոլիս - դեկտեմբերի 10, 2003(2003-12-10), Հռոմ, Իտալիա), իտալական ռազմական օդուժի և տիեզերագիտության հայ խոշորագույն մասնագետ, Իտալիայի ռազմական ավիացիայի գեներալ, պրոֆեսոր։

Տիգրան Միկելե Շիրինյան
իտալ.՝ Michele Dicran Sirinian
Ծնվել է1923 մարտի 12
Թուրքիա Թուրքիա Ստամբուլ
Մահացել էդեկտեմբերի 11, 2003(2003-12-11) (տարիքը 80)
Իտալիա Իտալիա
Բնակության վայր(եր)Իտալիա Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
ԱզգությունՀայ
ԴավանանքԿաթոլիկ
ՄասնագիտությունՏիեզերագիտություն
Ալմա մատերՄիլանի պոլիտեխնիկական ինստիտուտ
Տիրապետում է լեզուներինիտալերեն

Կենսագրություն խմբագրել

Տիգրան Շիրինյանը ծնվել է 1923 թ. մարտի 12-ին՝ Պոլսում, Հայոց ցեղասպանությունը վերապրած կեսարացի կաթոլիկ Միհրան և Եղիսաբեթ Շիրինյանների ընտանիքում։

1942 թ. Պոլսի պապական նվիրակ Անջելո Ռոնալդիի (հետագայում՝ Հռոմի պապ Հովհաննես 18-րդ) միջնորդությամբ տեղափոխվում է Միլան` ապաստանելով հորաքրոջ՝ Քեհյանների ընտանիքում։

Ավարտում է Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարագիտական ֆակուլտետը, որից հետո գործուղվում է Հռոմ։ Տաղանդի և աշխատասիրության շնորհիվ նա կարճ ժամանակում գիտական լուրջ ձեռքբերումներ է ունենում տիեզերական ճարտարագիտության և իտալական ռազմական օդուժի բնագավառում։ Նա դառնում է Իտալիայի զինված ուժերի բարձրաստիճան սպա։ Երիտասարդ հասակում դառնում է Հռոմի Լա Սապիենցա համալսարանի տիեզերագիտական ճարտարագիտության պրոֆեսոր, միաժամանակ` ռազմաօդային ուժերի վերահսկիչ զորավար։

Գիտական ներդրումը խմբագրել

 
Իտալական առաջին «Սան Մարկո» արբանյակը

Շիրինյանը մեծ ներդրում ունի իտալական «Սան Մարկո» տիեզերական ծրագրի իրականացման գործում, որի հեղինակն է նա։ Ըստ դրա՝ Քենիայում (ԱֆրիկաՀնդկական օվկիանոսի ափամերձ տիեզերակայանից 1964 թվականի դեկտեմբերի 15-ին 20։24։00-ին (UTC) տիեզերք է ուղարկվում իտալական առաջին «Սան Մարկո» արբանյակը։ Շնորհիվ մեկ այլ գիտնական, պրոֆեսոր Լուիջի Պրոլիոյի և Տիգրան Շիրինյանի, ինչպես նշում էին լրատվամիջոցները, Իտալիան այդ ժամանակ կանգնեց տիեզերքը նվաճող ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի կողքին։

Այնուհետև նրան հրավիրում են ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչություն (ՆԱՍԱ), որտեղ ամերիկացի գործընկերների հետ Տեխասում թռիչքի է պատրաստում Scout փոխադրող տիեզերանավը։

Կապը Հայաստանի հետ խմբագրել

Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո նրա նախաձեռնությամբ իտալացիները ձեռք բերեցին և Հայաստան առաքեցին «Վիլլաջիո Իտալիա» բնակավայրի շենքերի տանիքներին անհրաժեշտ շինանյութ։

Բերգամո քաղաքի եկեղեցական Frati Camilliani հաստատության՝ մինչ օրս Աշոցքում գործող հիվանդանոցներում Շիրինյանը ստեղծել է լաբորատորիաներ՝ անհրաժեշտ սարքավորումներով։

1995 թ. տիկնոջ՝ Նաձարենա Մոսկատելիի և դուստրերի հետ առաջին անգամ այցելել է հայրենիք, հյուրընկալվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինին։

Հայ գիտնականի հետագա ծրագրերը ծավալվել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) 1999-2001 թվականներին, սակայն թոշակառու լինելու հանգամանքը և հիվանդությունը կասեցրին նրա հայրենանպաստ եռանդուն գործունեությունը։ Մեծ ջանքերի շնորհիվ, Եվրամիության նյութական և բարոյական աջակցությամբ, գիտնականը ՀՊՃՀ-ում իրականացրել է Pregetto Tempus Tacis-ի տիեզերագիտական նորագույն ծրագիրը, որում ներառվել են ուսանողական դասընթացներն ու դասախոսների վերապատրաստումը։

ՀՊՃՀ-ի գիտական խորհրդի որոշմամբ՝ տրանսպորտային համակարգի մասնագիտացված սրահը 2005 թ. հուլիսին անվանակոչվել է պրոֆեսոր Տիգրան Միկելե Շիրինյանի անվամբ՝ որպես օդային տրանսպորտի տնտեսագիտության և կառավարման լսարան։

Ընտանիքի անդամներին Շիրինյանի ուղղած վերջին պատգամը եղել է սա. «Մի թողեք, որ իմ թոռները մոռանան իրենց հայկական արմատները և այն սերը, որ ես մշտապես տածել եմ հայրենիքիս հանդեպ»[1]։

Ընտանիք խմբագրել

Կինը՝

  • Նաձարենա Մոսկատելի

Դուստրերը՝

  • Իզաբելա. նա ևս զբաղվում է գիտությամբ ու տեխնիկայով
  • Աննա. հայագետ է

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել