Վարյագյան կամ վարանգյան գունդ (հունարեն՝ Τάγμα των Βαράγγων, Տագմա տոն վարյագոն), Բյուզանդական կայսրության բանակի ընտրյալ ստորաբաժանում։ Գոյություն է ունեցել 10-րդ դարից 14-րդ դարը։ Հիմնականում ծառայում էին որպես կայսեր թիկնապահներ։ Հիմնականում կազմված են եղել սկանդինավյան ժողովուրդներից և, Անգլիայի նորմանական նվաճումից հետո, նաև անգլո-սաքսերից[1]։ Անունը գալիս է Ռուսիա արշավող վիկինգներից, ում հին սկանդինավյան լեզուներով անվանում էին «վարեինգի»՝ զինակից։

Վարյագյան գնդի անդամ:

Սկզբնական շրջանում կազմվել է ռուս վարյագներից։ Ամենահին վկայությունը նրանց մասին թվագրվում է 874 թվականով։ Որպես առանձին գունդ կազմվել է 988 թվականին Բարսեղ Բ կայսեր կողմից, քանի որ նրան Կիևյան Ռուսիայի առաջին քրիստոնյա արքա Վլադիմիր I-ն ուղարկել էր 6,000 զինվոր[2][3][4]։ Քանի որ Բարսեղը չէր վստահում բյուզանդացի թիկնապահներին, իսկ վարյագների հավատարմությունը ապացուցվել էր արդեն մեկ դար տևած ծառայությամբ, նա որոշեց կազմել նրանցից իր անձնական պահակախումբը։

Մինչև 11-րդ դարի վերջը գունդը հիմնականում կազմված էր շվեդ, դանիացի, նորվեգացի և իսլանադացի զինվորներից։ Այդ տարիներին այնքան շատ սկանդինավացի տղամարդ էր լքում սկանդինավյան երկրները, որ արտագաղթը պակասեցնելու նպատակով շվեդական հատուկ օրենք «Վեստերգյոթլանդն» արգելում էր Հունաստանում (իրականում՝ Բյուզանդական կայսրությունում) մնացող զինվորին ժառանգել կարողություն Շվեդիայում[5]։

Սակայն 11-րդ դարի վերջից, ավելի քան 100 տարվա սկանդինավյան գերակայությունից հետո, գնդում մեծ ռեղ սկսեցին զբաղեցնել նորմաններից փախչող անգլո-սաքսերը։ Արդեն Ալեքսիոս Կոմնենոսի գահակալության ժամանակ վարյագյան գունդը կազմված էր հիմնականում անգլո-սաքսերից և «այլոցից, ովքեր տառապել են վիկինգների և նրանց բարեկամ նորմանների ձեռքերից»։ Անգլո-սաքսերը, ինչպես և սնկադինավյան զինվորներն ունեին մինչև մահ հավատարմորեն ծառայելու սովորույթ և, երբ նորմանական ներխուժման հետևանքով բազմաթիվ անգլո-սաքս զինվորներ կորցրեցին իրենց տիրույթները և որոշեցին մատուցել իրենց ծառայությունները կայսրությանը։

Վարյագյան գունդը ոչ միայն ապահովում էր կայսրերի անձնական անվտանգությունը, այլև մասնակցում էր բազմաթիվ ճակատամարտերի և երբեմն նրանց հայտնվելն ունենում էր վճռական դեր։ 13-րդ դարի վերջում գունդը կազմված էր բյուզանդացիների հետ ձուլված զինվորներից։ Դեռևս 1400 թվականին մայրաքաղաք Կոստանդնուպոլսում դեռևս կային մարդիկ, ովքեր համարում էին իրենց «վարյագներ»[6]

Պատմություն խմբագրել

 
Պատկերված է բյուզանդացի կին, ով, պաշտպանվելով վարյագյան զինվորից, սպանում է նրան: Զինվորի զինակից վարյագները գովում են կնոջը և նրան տալիս սպանված զինվորի ունեցվածքը[7]:

Գնդի ամենաառաջին անդամները գալիս էին Կիևյան Ռուսիայից։ 874 թվականին Ռուսիայի և Բյուզանդիայի կայսր Միքայել III-ի միջև կնքված պայմանագրով հաշտության դիմաց ռուսները պարտավոր էին տրամադրել զինվորներ բյուզանդական ծառայության համար։ 911 թվականին մեկ այլ պայմանագրով թույլ տրվեց յուրաքանչյուր ռուսի ցանկության դեպքում ծառայել կայսրության բանակում[8]

902 թվականին Բյուզանդիան հարձակվեց Կրետեի էմիրության վրա։ Այդ ծովային արշավանքին մասնակցում էին մոտ 700 վարյագներ, որոնցից մի քանի տարի անց ետ վերադարձան 629 հոգի։ 936 թվականին կայսերական իտալական արշավանքին մասնակցում էին 415 վարյագ։ Կան տեղեկություններ, որ 955 թվականին վարյագները բյուզանդական բանակի կազմում կռվում էին արաբների դեմ Սիրիայում։

988 թվականին իր գահը ապահովելու համար Բյուզանդիայի կայսր Բարսեղ Բ-ն Կիև մեծ իշխան Վլադիմիրից խնդրեց ռազմական օգնություն։ Վերջինս իր հոր կողմից 971 թվականին կնքված պայմանագրի համաձայն Բարսեղին ուղարկեց 6,000 հոգի։ Վլադիմիրն օգտվեց առիթից և հիմնականում ուղարկեց անկարգապահ զինվորների, ում նա վճարել չէր կարող[9]։ Համարվում է, որ գունդը, որպես ընտրյալ ստորաբաժանում, պաշտոնապես ստեղծվել է հենց 971 թվականին[10]։ Օգնության դիմաց Վլադիմիրին կնության տրվեց Բարսեղի քույրը։ Վլադիմիրն էլ իր հերթին համաձայնվեց ընդունել քրիստոնեություն։

989 թվականին այս վարյագները Բարսեղի ղեկավարությամբ հաղթանակ տոնեցին ապստամբ զորավար Բարդաս Փոկասի նկատմամբ։ Աղբյուրները վկայում են վարյագների դաժանության մասին. համաձայան դրանց՝ նրանք հետապնդում էին փախչող թշնամուն և «ուրախությամբ մասերի էին կտրտում»։

Այս զինվորները կազմեցին գնդի միջուկը, որը 11-րդ դարում հարավային Իտալիայում մասնակցեց մի շարք ռազմական արշավանքներին։ Այնտեղ նրանց դիմակայում էին լոմբարդներն ու նորմանները։ 1018 թվականին Իտալիայի բյուզանդացի կատեպանը կայսրից օգնություն խնդրեց և ստացավ վարյագյան գնդի մի մասը։ Վերջիններիս շնորհիվ 1018 թվականի Կաննեի ճակատամարտում բյուզանդացիները տարան վճռական հաղթանակ։

1038 թվականին գունդը մասնակիորեն մասնակցեց Սիցիլիայի մի մասի վերանվաճմանը արաբներից։ Այս դեպքում նրանք կողք կողքի կռվում էին վարձկան նորմանների և բյուզանդական Իտալիայի լոմբարդների հետ միասին։ Այս ժամանակաշրջանում գնդի հայտնի անդամն էր Հարալդ Հարդրադան, ով հետագայում դառնում է Նորվեգիայի արքա Հարալդ III (1046-1066 թվականներ)։ Սակայն, երբ բյուզանդացի հրամանատար Մանիակեսը բոլորի առաջ խայտառակեց լոմբարնդերի առաջնորդին, վերջիններս նորմանների և վարյագների հետ լքեցին իրենց դիրքերը։

վարյագյան գնդի մի մասն էլ գնտվում էր Իտալիայի Բարի քաղաքում։ 1041 թվականի մարտի 16-ին նրանք մարտի բռնվեցին նորմանների հետ և մեծ մասը նահանջի ժամանակ խեղդվեց Օֆանտո գետում։ Սեպտեմբերին Իտալիա ուղարկվեց վարյագների փոքր խումբ, ովքեր սակայն սեպտեմբերի 3-ին պարտվեցին նորմաններին։

Իտալիայի վերջին կատեպանները հիմանականում կռվում էին վարյագյան գնդի ուժերով։ 1047 թվականին նոր կատեպան Հովհաննես Ռաֆայելը վարյագների հետ միասին ուղարկվեց Բարի։ Իսկ 20 տարի անց՝ 1067 թվականին վերջին կատեպան Մաբրիկան վարյագների օգնական ուժերով գրավեց Բրինդիսի և Տարանտո քաղաքները։

1071 թվականին Մանազկերտի աղետալի ճակատամարտում կայսրին ուղեկցող գրեթե ողջ գնդի անդամները զոհվեցին պաշտպանելով նրան[11]։

 
Վիկինգների ասպատակությունները Եվրոպայում, Միջերկրական ծովում, հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում և Արկտիկայում:

1088 թվականին մեծ քանակությամբ անգլո-սաքսեր և դանիացիներ գաղթեցին Բյուզանդական կայսրություն[12]։ Մեկ աղբյուր նշում է, որ 5,000 հոգի եկան 235 նավերով։ Այն ներգաղթյալները, ովքեր որ չմտան կայսերական բանակ ծառայության, բնակություն հաստատեցին Սև ծովի ափին և կառուցեցին Դրեպանա քաղաքը[13]։ Իսկ նրանք, ովքեր անցան ծառայության այնպիսի մեծ ազդեցություն ունեցան, որ վարյագյան գունդը այդ ժամանակ հաճախ անվանում էին «Ինգլինբարանգոի» (անգլո-վարյագներ)։ Վերջիններս 1080-ական թվակականներին պայքարում էին Ռոբերտ Գվիսկարդի նորմանների դեմ։

1080 թվականին արքայադուստր և պատմիչ Աննա Կոմնենեն նշում է, որ այս «կացնով կռվող բարբարոսները» գալիս են «Թուլ»ից, հավանաբար նկատի ունենալով Բրիտանական կղզիները կամ Սկանդինավյան թերակղզին[14]։ 12-րդ դարի պատմիչ Հովհաննես Կինամոսը նշում է, որ կայսրին պաշտպանող այս զինվորները գալիս են «բրիտանական ազգից, ովքեր ծառայում են հռոմեացիների կայսրերին վաղ ժամանակներից»[15]

վարյագները հիմանակում օգտագործում էին երկար կացիններ, սակայն նրանք նաև հմուտ թուր և նետ ու աղեղ օգտագործողներ էին։ Երբեմն նրանք հիշատակվում են որպես հեծյալներ. վիկինգներն ու անգլո-սաքսերը օգտագործում էին ձիեր, երբ պահանջվում էր արագ տեղաշարժ, չնայած նրանք նախընտրում էին կռվել որպես հետևակ։ Գունդը հիմնականում գտնվում էի մայրաքաղաք Կոստանդնուպոլսի շրջակայքում, հավանաբար Բուկոլեոնյան պալատում։ Գունդը նաև միանում էր մարտի բռնվող բյուզանդական բանակին, և բազմաթիվ բյուզանդացի, արևմտաեվրոպացի ու արաբ պատմիչներ նշում են վարյագների ռազմական ուժը։ Օրինակ նրանք վճռական դեր խաղացին 1122 թվականի Բերոյի ճակատամարտում։ Վարյագները ճեղքեցին պեչենենգների կառուցած արգելապատնեշները և առաջացրին խուճապ, որը բերեց վերջիններիս փախուստին։

11-րդ դարի բյուզանդացի պատմիչ Միքայել Պսելուսը նկարագրում է նրանց այսպես՝ «ողջ խումբը բռնում է վահաններ, իսկ ուսերին՝ ինչ-որ միակողմ, ծանր և երկաթե զենք», որը հավանաբար եղել է սկանդինավյան սեկիրը[12][16]։

Վարյագները մեծ դեր խաղացին 1204 թվականին Կոստանդնուպոլսի պաշտպանման ժամանակ[12]։ Վերջին հիշատակություններից մեկը նրանց մասին, Մորեայի պատմագրությունը, նշում է, որ վարյագյան գունդը ուղեկցում էր Աքայան պետության իշխանին բանտ[17]։

Գործառույթ խմբագրել

Վարյագյան գնդի գործառույթներն ու նպատակերը գրեթե նույնն էին ինչ որ կիևյան «դրուժինայինը»։ Վարյագները ծառայում էին որպես կայսեր անձնական թիկնապահներ, ում նրանք հավատարմության երդում էին տալիս։ Վարյագները երբեմն մեծ դերակատարում էին ունենում հեղաշրջումների ժամանակ։ Նրանց գլխավորում էր բյուզանդացի պաշտոնյա՝ «ակոլութոսը»։

Վարյագյան գունդը հիմնականում օգտագործվում էր ճակատամարտերի ամենաթեժ պահին կամ այնտեղ որտեղ կռիվներն ամենակատաղին էին[18]։ Պատմիչները վախով և հիացմունքով նշում էին, որ «սկանդինավացիները սարսափեցնող էին արտաքին տեսքով և սպառազինությամբ, նրանք հարձակվում էին կատաղությամբ ու չէին մտածում արյուն կորցնելու կամ վերքերի մասին»[18]։ Այս նկարագրությունը հավանաբար պատմում է բերսերկերների մասին. համարվում էր, որ նրանք խելացնորության մեջ ընկելով ստանում էին գերմարդկային ուժ և ցավ չէին զգում[18]։ Երբ կայսրը մահանում էր, վարյագներն ունեին յուրահատուկ իրավունք գնալ դեպի կայսերական գանձարան և վերցնել այնքան ոսկի և թանկարժեք քար, որքան որ կարող էին տանել իրենց հետ։ Այս իրավունքը հնարավորություն էր տալիս բազմաթիվ սկանդինավացիների ետ վերադառնալ հարստացած, որն էլ իր հերթին դրդում էր շատերին մեկնել Կոստանդնուպոլիս և անցնել ծառայության[18]։

վարյագների հայտնի էին իրենց հավատարմությամբ։ 1081 թվականին Աննա Կոմնենեն, գրելով իր հոր Ալեքսիոս Ա Կոմնենոսի հեղաշրջում կատարելու մասին, նշում է, որ «նրան խորհուրդ են տվել չհարձակվել կայսրին պաշտպանող վարյագների վրա, ովքեր համարում են հավատարմությունը կայսրին և կայսերական ընտանիքի պաշտպանությունը ինչպես ընտենական ավանդույթ, ասես սրբազան վստահություն»։ Ըստ Աննա Կոմնենեի «վարյագների հավատարմությունն անսասան է և նրանք նույնիսկ փոքրագույն պատճառ չեն տալիս կասկածելու իրենց դավաճանության մեջ»[19]։ Ի հակադրություն բյուզանդացի թիկնապահների, ում հավատարմությունը կապված էր այն մարդու հետ, ով կայսր էր, վարյագները հավատարիմ էին կայսին անկախ նրանից թե ով էր նա։ Այս պարզ դարձավ 969 թվականին, երբ կայսր Նիկեփոր Փոկասի վրա հարձակվել էր Հովհաննես Չմշկիկը։ Սպասավորն օգնության էր կանչել վարյագյան գնդին, սակայն նրանք ուշացել էին. Նիկեփորն արդեն սպանված էր։ վարյագները միանգամից ծնկի իջան Հովհաննես Չմշկիկի առջև և հայտարարեցին նրան կայսր։ Ըստ պատմիչների՝ «կենդանի լիներ նա, վարյագները կպաշտպանեին նրան մինչև վերջին շունչը, բայց երբ նա արդեն սպանվել էր, այլևս իմաստ չկար վրեժ լուծել. նրանք արդեն ունեին նոր տիրակալ»[20]։

Գոյություն ունի ևս երկու այսպիսի արձանագրություն։ 1071 թվականին, երբ Ռոմանոս Դիոգենեսը պարտվեց Ալփ Արսլանին Մանազկերտի ճակատամարտում, Հովհաննես Դուկասն օգտագործեց վարյագներին, որպեսզի հայտարարի իր զարմիկ Միքայել VII-ին կայսր և ձերբակալի կայսրուհի Եվդոկիային։ Այսպիսով այս դեպքում վարյագներն օգտագործվեցին բռնագրավելու գահը։ 1078 թվականին վարյագյան գունդն ապստամբեց կայսրի դեմ, երբ վերջինս կուրացրել էր զորավարներից մեկին։ Գունդը որոշել էր «սպանել կայսրին», սակայն բյուզանդական ուժերից կրած պարտությունից հետո նարնք խնդրեցին և ստացան ներում[21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սանդրա Ալվարես
  2. Ռաֆայելլե դը Ամատո. Վարանգյան գունդը 988-1453 թվականներին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.(չաշխատող հղում)
  3. Աբբոտ Գլիսոն. Ուղեկից ռուսական պատմությանը. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
  4. Թոմաս Կրաուֆել. Ինչպես բարբարոսական ներխուժումները ձևավորեցին ներկայիս աշխարհը. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
  5. Յանսոն 1980:22
  6. Մարկ Բարտուսիս, Ուշ բյուզանդական բանակը. բանակ և հասարակություն, անգլ.՝ The Late Byzantine Army: Arms and Society 1204–1453 (Ֆիլադելֆիա, 1992), էջեր. 272–275.
  7. Ուորթլեյ, Ջոն, ed. (2010), Ջոն Սկիլիտցես. Բյուզանդական պատմության համառոտագիր, 811-1057. [[անգլերեն|անգլ.]]՝ John Skylitzes: A Synopsis of Byzantine History, 811-1057, Քեմբրիջ, Մեծ Բրիտանիա: Cambridge University Press, էջ 372, ISBN 978-0-521-76705-7 {{citation}}: URL–wikilink conflict (օգնություն)
  8. Դը Ամատո, էջեր. 4, 6
  9. Դը Ամատո, էջեր. 6-7
  10. Դը Ամատո, էջ.4
  11. Ստեֆան Լոու Վարանգյան գնդի մարտական սխրանքները
  12. 12,0 12,1 12,2 Ստեֆան Թրնբուլ, Կոստանդնուպոլսի պատերը, մ.թ. 324–1453, էջեր 35-36, Osprey Publishing, ISBN 1-84176-759-X.
  13. Բաքլեր, էջ. 366.
  14. Աննա Կոմնենե, Ալեքսիադ (Լոնդոն։ Penguin, 2003), էջ. 95.
  15. Հովհաննես Կինամոս, "Հովհաննես և Մանվել Կոմնենոսների գործերը". Նյու Յորք, Columbia University Press, 1976, էջ. 16.
  16. Թիմոթի Դոուսոն (մայիս, 1992). «Վարանգյան Ռոմֆայա. ուսոցողական պատմություն. [[անգլերեն|անգլ.]]՝ The Varangian Rhomphaia: a Cautionary tale». Varangian Voice. 22: 24–26. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին. {{cite journal}}: URL–wikilink conflict (օգնություն)
  17. Դենո, Ջ., Գենակոպլոս, Կայսր Միքայել Պալեոլոգոսը և Արևմուտքը (Քեմբրիջ։ Harvard University Press, 1959), էջ. 43
  18. 18,0 18,1 18,2 18,3 Էնոքսեն, Լարս Մագնար. (1998). Runor : historia, tydning, tolkning. Historiska Media, Falun. ISBN 91-88930-32-7 էջ. 135
  19. Աննա Կոմնենե, Ալեքսիադ (Լոնդոն։ Penguin, 2003), էջ. 97.
  20. Նորվիչ, Ջոն (1997). Բյուզանդիայի կարճ պատմություն. Viking. ISBN 0-679-77269-3..
  21. Բաքլեր, էջ. 367.

Արտաքին հղումներ խմբագրել