Վալյա Խաչիկի Խաչատրյան (օգոստոսի 14, 1938(1938-08-14), Նախիջևան, Ջուղա), հայ դերասանուհի-տրավեստի, 1960-1970-ական թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի տրավեստի հարմարադերի անվանի դերասանուհիներից[1]։

Վալյա Խաչատրյան
Ծնվել էօգոստոսի 14, 1938(1938-08-14) (85 տարեկան)
ԾննդավայրՆախիջևան, Ջուղա
Քաղաքացիությունհայ
Մասնագիտությունդերասանուհի
ՎԱԼՅԱ-ԳԻՐՔ
«Վալյա Խաչատրյան-85» գիրք-ալբոմը
Ձախից՝ Հասմիկ Տեր-Կարապետյան, Վալյա Խաչատրյան, Կարեն Վարդանյան, 2023

Կենսագրություն խմբագրել

Վալյա Խաչատրյանը ծնվել է 1938 թվականի օգոստոսի 14-ին, Նախիջևանի Ջուղա գյուղում[2]։

Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Ջուղայում և Երևանում։

Վաղ տարիքում կորցրել է մորը, խնամել է մորական տատը՝ Վարսենիկը։

Հայրը՝ Խաչիկ Խաչատրյանը, ծնվել է Վանում։ 1915 թվականի ջարդի ժամանակ թուրքերը սպանել են նրա հորը։ Չորս երեխաները հայտնվել են ամերիկյան որբանոցում։ Հոր մորը՝ Զանազանին, հետագայում հաջողվել է գտնել երեք երեխաներին ու նրանց հետ հաստատվել Երևանում։ Չորրորդին՝ Գոհար անունով աղջնակին, որդեգրել ու իր հետ տարել էր մի ամերիկացի։

Վալյա Խաչատրյանը Երևանում սովորել է Ն.Կ. Կրուպսկայայի (այսօր՝ Նիկոլ Աղբալյանի) անվան դպրոցում, հաճախել Պիոներների քաղաքային պալատի գրական խմբակ, խմբակի պարապմունքների շրջանակում հաճախ հանդիպել ժամանակի անվանի գրողների՝ Սիլվա Կապուտիկյանի, Մարո Մարգարյանի, այլոց հետ։

8-րդ դասարանը վերջացնելուց հետո ընդունվել և ավարտել է Ակումբա-գրադարանային տեխնիկումի «Ակումբային» բաժինը։

1958 թվականին, Պատանի հանդիսատեսի թատրոնի երիտասարդ ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանի հրավերով ընդունվել է աշխատանքի որպես դերասանուհի։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

ՊՀԹ-ում առաջին դերը Զավեն Տատինցյանի բեմադրած «Ս. Ա. Բյուրեղիկներ» ներկայացման մեջ էր՝ ըստ Լվովսկու համանուն պիեսի, 1958 թվականին[3]։

Աշխատանքն ու համագործակցությունը հայ թատրոնի անվանի ու երիտասարդ ռեժիսոր-բեմադրիչների՝ Հրաչյա Ղափլանյանի, Զավեն Տատինցյանի, Մարատ Մարինոսյանի, Աստղիկ Աղասյանի, Նորայր Սարգսյանի, Երվանդ Ղազանչյանի, Արսեն Վարդանյանի, Յուրի Էլոյանի և այլոց հետ հղկել են արտիստուհու դերասանական վարպետությունը։

Թատրոնին զուգահեռ, մասնակցել է հեռուստատեսային հաղորդումների պատրաստմանը՝ համագործակցելով ժամանակի հայտնի հեռուստառեժիսորներ Օլգա Մելիք-Վրթանեսյանի, Էլմիրա Հեքեքյանի հետ։

 
«Սուրի և Սամի արկածները», 1960, Մանուշ - Վալյա Խաչատրյան

Ռադիոթատրոնի մանկական բեմադրությունների ձայնագրման ակտիվ մասնակիցներից է եղել։

Աշխատել է նաև «Հայֆիլմ» կինոստուդիայի կինոկրկնօրինակման բաժնում։ Նրա ձայնով են հայերեն խոսում «Գնդակը վախենում է քաջից», «Թանկարժեք տղա» և այլ ֆիլմերի պատանի հերոսները։

Թատերական բեմադրությունները, որոնցում հիմնականում գլխավոր դերերով մասնակցել է նաև Վալյա Խաչատրյանը, տարբեր տարիներին արժանացել են ՀԽՍՀ և ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրությունների, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրերի ու դիպլոմների։

Դերասանական կարիերայի ընթացքում հանրապետական, անդրկովկասյան ու համամիութենական թատերական տարբեր ստուգատես-փառատոների ժամանակ մի քանի անգամ հատուկ նշվել ու ճանաչվել է իբրև «ԽՍՀՄ լավագույն տրավեստի-դերասանուհի»։

 
«Իմ սիրելի փոքրիկը», 1966, Զարեհ Տեր-Կարապետյան, Վալյա Խաչատրյան

Երեխաների և պատանիների համար թատրոնների համաշխարհային ասոցիացիայի՝ ԱՍՍԻՏԵԺ-ի նախագահ Կոնստանտին Շահ-Ազիզովը ռուսական ու միութենական այլ հանրապետությունների թատրոնների առաջատար տրավեստի-դերասանուհիներ Վալենտինա Սպերանտովայի, Ալեքսանդրա Օխիտինայի, Վերա Սինգաևսկայայի, Նինա Կազարինովայի, Օլգա Վոլկովայի և էլի մի քանիսի անունների հետ առանձնացրել է նաև Վալյա Խաչատրյանի անունն ու նրան ներառել ԽՍՀՄ տասը լավագույն տրավեստի- դերասանուհիների ցանկում՝ շեշտելով դերասանական ակնառու վարպետությունը[4]։

Հաջող դերասանական գործունեությունը, սակայն, ընդհատվել է, երբ 1978 թվականին ամուսնու ծնողին տեսնելու համար մեկնել է Ֆրանսիա։ Վերադառնալուց հետո սկսվել են իր ու ընտանիքի անդամների հանդեպ ՊԱԿ-ի հետապնդումները, գաղտնալսումները, վախեցնելը։ Նա հայտնվել է, այսպես կոչված, «սև ցուցակում»։

1979 թվականին, ՊՀԹ-ի կեսդարյա հոբելյանի առթիվ, ներկայացվել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ պատվավոր կոչման, սակայն, անունը դիտավորությամբ, իբրև «սև ցուցակում» ընդգրկվածի, հանվել է ցանկից։

1980-ական թվականների սկզբներին ընտանիքով մեկնել ու հաստատվել է Ֆրանսիայում։

Վերջին տասնամյակներին հաջողությամբ նկարում է։ Նրա գեղանկարչական աշխատանքները բարձր են գնահատվում և՛ արվեստասեր հանրության, և՛ մասնագետների կողմից։

2023 թվականին լույս է տեսել հոբելյանական տարեդարձին նվիրված «Վալյա Խաչատրյան-85» պատկերազարդ գիրք-ալբոմը, որի շնորհանդեսն ու արտիստուհու մեծարման միջոցառումն անցկացվել է Երևանի Համո Սահյանի անվան գրադարանում[3]։

 
«Գիքոր», 1969, Գիքոր - Վալյա Խաչատրյան
 
«Մանչուկն ու Կարլսոնը», 1973, Զավեն Աբրահամյանն ու Յուրի Էլոյանը Կարլսոնի դերում են, Վալյա Խաչատրյանը՝ Մանչուկի
 
«Մաթիուշ Առաջին թագավորը», 1971, Մաթիուշ - Վալյա Խաչատրյան, Պալատական բժիշկ - Նուբար Չալիկյան, Ֆելեկ - Լենա Դավթյան

Դերակատարումների տարեգրություն խմբագրել

Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն խմբագրել

  • Լվովսկի, «Ս.Ա. Բյուրեղիկներ», Աղջիկ, 1958 թվական
  • Արաքսմանյան, «Երբ տանն աչքեր չկան», Լիլիթ, 1958 թվական
  • Սումարոկով, «Մայրը», Լյովա, 1958 թվական
  • Մալյարևսկի, «Կախարդական կարասը», Դորժի պապի թոռը, 1960 թվական
  • Յաղջյան, «Գիշերային հրաշք», Սուրիկ, Աշոտ, 1960 թվական
  • Շահինյան, «Սուրի և Սամի արկածները», Մանուշ, 1960 թվական
  • Ղափլանյան, «Իմ աղջիկը», Տղա, 1960 թվական
  • Արաքսմանյան, «Այսպես էին անցնում տարիները», Տղա, 1960 թվական
  • Շվարց, «Ձյունե թագուհին», Փոքր ավազակուհի, 1961 թվական
  • Միխալկով, «Սոմբրերո», Ալլա, 1961 թվական
  • Ռիբակով, «Քեզ կանչում են հեռուները», Դպրոցական տղա, 1961 թվական
  • Գոգոլաշվիլի, «Կռունկներ», Պարող աղջիկ, 1962 թվական
  • Տվեն, «Արքայազնն ու աղքատը», Մանկլավիկ, 1962 թվական
  • Շահինյան, «Փոքր բակի մեծ հոգսերը», Մանուշ, 1963 թվական
  • Լվովսկի, Կորոստիլյով, «Անտեսանելի Դիմկա», Պետյա Երշով, 1963 թվական
  • Ժուլկևսկայա, Բուգայսկի, «Կախարդի աշակերտը», Տղա (գլխավոր հերոս), 1965 թվական
  • Մամլին, «Հրաշքներ կեսօրին», Ստյոպա, 1965 թվական
  • Բայանդուր, «Աղմկալից փողոց», Պետո (գլխավոր հերոսներից մեկը), 1966 թվական
  • Վեհմիր Խաչիկյան, «Թագաժառանգը», Պարուհի, 1966 թվական
  • Շահինյան, «Իմ սիրելի փոքրիկը», Փոքրիկ (գլխավոր հերոս), 1966 թվական
  • Խմելիկ, «Սրվակներ», Վոլոդյա Լապտև, 1966 թվական
  • Թումանյան, «Գիքոր», Մակիչ, 1966 թվական
  • Տվեն, «Թոմ Սոյերի արկածները», Բեքի Տեչեր, 1968 թվական
  • Թումանյան, «Գիքոր», Գիքոր (գլխավոր հերոս), 1969 թվական
  • Արշավիր Ղազարյան, «Երեք գիշեր», Փոքրիկ, 1970 թվական
  • Ալեքսին, «Եղբայրս կլարնետ է նվագում», Պետկա, 1970 թվական
  • Սարոյան, «Մարդկային կատակերգություն», Յուլիսիս, 1971 թվական
  • Կորչակ, «Մաթիուշ Առաջին թագավորը», Մաթիուշ Առաջին (գլխավոր հերոս), 1971 թվական
  • Շահինյան, «Խրտվիլակ», Ճնճղուկ, 1972 թվական
  • Լինդգրեն, «Մանչուկն ու Կարլսոնը», Մանչուկ (գլխավոր հերոս), 1973 թվական
  • Մամլին, «Հրավառություն», Միտյա Վասին, 1975 թվական
  • Օլշանսկի, «Թոմմին մամոնտի ժամանակակիցը», Ջերրի, 1978 թվական
  • Շահինյան, «Երկնագույն և կարմիր երազներ» («Իմ սիրելի փոքրիկը»), Փոքրիկ (գլխավոր հերոս), 1979 թվական[5]

Փարիզ խմբագրել

  • Շվարց, «Մերկ արքան», Դայակ, Փարիզ, 1989 թվական[2]

Կարծիքներ, գնահատականներ խմբագրել

  Վալյա Խաչատրյանն օժտված դերասանուհի է և նրա ստեղծած տղաների ու աղջիկների կերպարները վաղուց տպավորվել են երեխաների մեջ։  
  Հենց առաջին ծանոթությունից մտովի ընկերանում ես նրա հետ ու ափսոսանքով բաժանվում, երբ ներկայացման վերջին իջնում է վարագույրը։ Հեռանում ես դահլիճից՝ ցանկություն ունենալով նորից հանդիպել այդ թռվռան, փոքրիկ տղային, դարձյալ լսելու նրա ձայնը, տեսնելու հետաքրքրությունից վառվող սև, փայլուն աչքերը, որոնք այնպես հաճախ ճպճպացնում է՝ կարծես իրեն հետաքրքրող հարցի մեջ թափանցելու համար։ Երիտասարդ դերասանուհի Վալյա Խաչատրյանն առհասարակ մնջախաղով վարպետորեն է դրսևորում կերպարի վերաբերմունքը դեպի իր շրջապատը։
- Վիկտոր Բալայան, արձակագիր, լրագրող, թարգմանիչ
 
 
Թամար Հովհաննիսյան, Վալյա Խաչատրյան, Մհեր Մկրտչյան, Փարիզ, 1980

 

  «Ինձ համար հաճելի անակնկալ էր Սուրի փոքրիկ քրոջ՝ Մանուշի դերակատարուհի Վալյա Խաչատրյանը։ Երիտասարդ (թերևս՝ պատանի՞) դերասանուհին այնքան պարզ, բնական ու համոզիչ է խաղում 9-10 տարեկան քմահաճ, վախկոտ ու լացկան աղջկա դերը, որ անկախ քո կամքից, ներկայացումից հետո ուզում ես կուլիսների ետևն անցնել, տեղի ունեցած «հրաշքը» կամ «թյուրիմացությունը» պարզելու համար»։
- Գևորգ Էմին, բանաստեղծ, թարգմանիչ
 
  Ի պատիվ ռեժիսոր Զավեն Տատինցյանի և Գիքորի դերակատար, դերասանուհի Վալյա Խաչատրյանի, պետք է ասել, որ այդ նպատակադրումը (ֆիզիկական, նաև նյութական հալածանքների հետ մեկտեղ պիեսում շեշտվել է Գիքորի մարդկային արժանապատվության ոչնչացման երևույթը) հիանալի մարմնավորում է ստացել։ Վալյա Խաչատրյանի Գիքորը կենսուրախ է, աշխույժ, ընդունակ։ Նա կարող է սոսկ մեկ անգամ լսելով անգիր անել «Ճախարակը», գիտի բազմաթիվ հեքիաթներ։ Վալյա Խաչատրյանի Գիքորը թերևս մեկն էր այն հազարավոր տաղանդավոր երեխաներից, ովքեր կորչում էին գյուղական տգիտության խավարում և քաղաքային կյանքի դաժան փոխհարաբերություններում։
- Ս.Արսենյան
 
  Վալյա Խաչատրյանի հերոսից լեռնային աղբյուրի կարկաչ ու թարմություն է ցայտում, պայծառություն ու կենսախնդություն։ Նա մաքուր ու ազնիվ սիրտ ունի, ընկերասեր է ու բարի, հետաքրքրասեր է ու նույնիսկ չարաճճի։ Եվ միայն հետո, բուժուական քաղաքի այլասերված բարքերը աստիճանաբար ճմլում են երեխային, սպանում նրան նախ՝ հոգեպես, ապա՝ նաև ֆիզիկապես։ Ներկայացման հաջողությանը մեծապես նպաստում է Գիքորի դերակատար Վալյա Խաչատրյանը։ Խաչատրյանի Գիքորը կարողանում է հանդիսատեսին գերել ու համակել ամենից առաջ իր անմիջականությամբ ու անկեղծությամբ։ Խաչատրյանը լավ է հատկապես բազազի երեխաների, Վասոյի հետ ունեցած խոսք ու զրույցում, դուքանի այն տեսարանում, երբ լացն ու ծիծաղը աչքերում՝ հարկադրված է լինում վերարտադրել կապկի պարը։
- Արմ. Թամազյան, «Ավանգարդ»
 
  Երբ Փարիզում էի, ինձ համար Վալյան բացվեց բոլորովին անսպասելի, նոր տեսակով։ Ստեղծագործող մարդը չի կարողանում հանգիստ լինել. որպեսզի կարողանար հագուրդ տալ ստեղծագործական իր տեսակին, նա սկսել էր նկարել։ Ես ապշե՛լ էի… Որտեղի՞ց… Նա հատուկ չէր սովորել… Եվ մեկը մեկից ի՜նչ նկարներ… Այնքան հպարտ եմ, որ իր նվիրած երեք նկար կախված են իմ պատերին։ Դրանք ինձ համար շատ թանկ նվերներ են իր կողմից։
- Հասմիկ Տեր-Կարապետյան, դերասանուհի, խաղընկերուհի
 

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգիր՝ «Թատերարվեստի ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեության համար» (Հրամանի թիվ 1255-Ա, 2023 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Валя Хачатрян». Кино-Театр.Ру. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 15-ին.
  2. 2,0 2,1 «Վալյա Խաչատրյան - 85» պատկերազարդ գիրք-ալբոմ, Երևան, 2023 (կազմեց, թարգմանեց, խմբագրեց և մեկնաբանեց Կարեն Վարդանյանը)
  3. 3,0 3,1 «Վալյա Խաչատրյան-85» պատկերազարդ գիրք-ալբոմի շնորհանդեսն ու դերասանուհու մեծարման միջոցառումը Երևանի Համո Սահյանի անվան գրադարանում, 2023 թվականի մարտի 17-ին։
  4. «Իզվեստիա» թերթի 1969 թվականի դեկտեմբերի 18-ի համարում հրապարակված «Աշխարհ բացող թատրոնը» հոդված
  5. ՀԽՍՀ Թատերական ընկերության հրատարակած «Թատերական Երևան» խաղացանկային տեղեկատուներ, 1960-1970 թթ․։ Դերակատարումների ճշտված այս տարեգրությունը կազմվել է «ՎԱԼՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ-85» պատկերազարդ գրքի կազմման ժամանակ արտիստուհու տրամադրած ցուցակի և 1960-1970 թվականներին ՀԽՍՀ Թատերական ընկերության կողմից հրատարակվող «Թատերական Երևան» խաղացանկային տեղեկատուի տարբեր համարների օգնությամբ