Ռիկարդո Գուիրալդես
Ռիկարդո Գուիրալդես (փետրվարի 13, 1886 - հոկտեմբերի 8, 1927[1][2]), արձակագիր և բանաստեղծ, իր ժամանակաշրջանի ամենակարևոր արգենտինացի գրողներից մեկն, ով հատկապես հայտնի է իր 1926 թվականի «Դոն Սեգունդո Սոմբրա» վեպով, որի դեպքերն ընթանում են գաուչոների շրջանում[3]։
Կյանքը
Գուիրալդեսը ծնվել է Բուենոս Այրեսում։ Եղել է հին հողատեր արիստոկրատիայի հարուստ ընտանիքի երկրորդ զավակը։ Նրա մայրը Դոլորես Գոնյին, Ռուիս դե Արեյանոյի հետնորդն էր, ով հիմնադրեց Սան Անտոնիո դե Արեկո գյուղը 1730 թվականին: Մանուել Գուիրալդեսը՝ նրա հայրը, ով հետագայում նշանակվեց Բուենոս Այրեսի[2] քաղաքապետ (կառավարության կողմից), եղել է դաստիարակված, կրթված մարդ՝ մեծապես հետաքրքրված արվեստով։ Ռիկարդոն ժառանգել է իր հոր այդ նախասիրությունը. երիտասարդ տարիներին ճեպանկարել է գյուղական տեսարաններ և նաև աշխատել յուղաներկով։
Մեկ տարեկանում Գուիրալդեսն ընտանիքի հետ ճանապարհորդել է Եվրոպայում՝ չորս տարի ապրելով Փարիզում՝ Սեն-Կլոդ փողոցում։ Վեց տարեկանում խոսում էր իսպաներեն, ֆրանսերեն և գերմաներեն։ Իհարկե ֆրանսերենը նրա առաջին լեզուն էր, և ֆրանսալեզու գրականությունը մեծ հետք է թողել նրա գրական ոճի և ճաշակի վրա[2][4][5]։
Գուիրալդեսն իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Լա Պորտենյայում՝ Սան Անտոնիո դե Արեկո, և Բուենոս Այրեսում[2][5]։ Սան Անտոնիոյում նա ծանոթացել է գաուչոների աշխարհի հետ, որոնք մեծ դեր են խաղում իր «Ռաուչո» և «Դոն Սեգունդո Սոմբրա» վեպերում։ Այնտեղ էլ հանդիպել է Սեգունդո Ռամիրեսին, ի պատիվ որի ընտրվել է «Դոն Սեգունդո Սոմբրա» ստեղծագործության վերնագիրը։ Գուիրալդեսը սիրում էր գյուղական կյանքը, բայց տառապում էր ասթմայով, որը երբեմն սահմանափակում էր իր ֆիզիկական ակտիվությունը, թեև ընդհանուր առմամբ ֆիզիկապես առողջ տեսք ուներ[2]:
Նրան դասավանդել են մի քանի կին ուսուցիչներ, իսկ ավելի ուշ՝ մեքսիկացի ինժեներ Լորենցո Սեբայոսը[2], ով ճանաչել և խրախուսել է նրա գրական հավակնությունները։ Նա սովորել է տարբեր ուսումնական հաստատություններում և ստացել բակալավրի աստիճան 16 տարեկանում։ Գուիրալդեսը փայլուն ուսանող չի եղել. Լակորդեր քոլեջում (Colegio Lacordaire), Վերտիզի համալսարանում (Vertiz Institute) և Ինստիտուտո Լիբրե դե Սեգունդա էսպենյանսայում (Instituto Libre de Segunda Enseñanza)[2] նա սովորել է և՛ ճարտարապետություն, և՛ իրավաբանություն, բայց երբեք չի զբաղվել դրանցից որևէ մեկով[5]: Գուիրալդեսը մի քանի անհաջող փորձ էլ արել է բիզնեսում։ 1910 թվականին իր ընկեր Ռոբերտո Լևիլերի ընկերակցությամբ մեկնել է Եվրոպա։ Այնուհետև մեկ այլ ընկերոջ՝ իր ապագա աներորդի Ադան Դեյլի հետ այցելել է Իտալիա, Հունաստան, Կոստանդնուպոլիս, Եգիպտոս, Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան, Հնդկաստան, Ցեյլոն և Գերմանիա։ Հետո հաստատվել է Փարիզում (այն բանից հետո, երբ հայրը որոշեց այլևս չհոգալ նրա ծախսերը), մնացել քանդակագործ Ալբերտո Լագոսի հետ (ում պատվին հետագայում գրվեց Կսայմակու-ն), և որտեղ էլ որոշեց դառնալ գրող[2]։
Չնայած այդ որոշման՝ Գուիրալդես հայտնվեց մայրաքաղաքի հասարակական կյանքի շրջապտույտի մեջ՝ գործնականում անտեսելով իր գրական հավակնությունները։ Բայց մի օր նա վերանայեց Արգենտինայի գյուղական շրջանների մասին իր գրական նոթերը և գործի անցավ. դրանք ի վերջո դարձան իր Cuentos de muerte y de sangre («Մահվան և արյան պատմություններ») պատմութոյւնների շարքը:
Նա այս պատմությունները կարդում էր ընկերների համար, ովքեր էլ քաջալերեցին նրան հրատարակել դրանք։ Նույնիս իր կողմից արված գրական նոթերում արդեն իսկ տեսանելի էր տարբերվող, անհատական ոճը։
Ի վերջո, ամբողջովին նվիրված գրականությանը, Գուիրալդեսը վերադարձավ Բուենոս Այրես 1912 թվականին՝ դառնալով Ալեխանդրո Բուստիյոյի շրջապատի մի մասը։ 1913 թվականի հոկտեմբերի 13-ին նա ամուսնացավ Ադելինա դել Կարիլի հետ, քաղաքի հայտնի ընտանիքներից, ում առաջին անգամ հանդիպել էր 1905 թվականին[2][4]։ 1913–1914 թվականներին նա մի քանի պատմվածքներ հրապարակեց Caras y Caretas (Դեմքեր և դիմակներ) ամսագրում, որոնք, մի շարք այլ պատմվածքների հետ, 1915 թվականին հրատարակվել են Cuentos de muerte y de sangre («Մահվան և արյան պատմություններ») պատմվածաշարում։ Ավելի վաղ այդ տարում նա հրատարակել էր El cencerro de cristal (Ապակե կովերի զանգը) բանաստեղծությունների շարքը: Իր գրական գործունեության մեջ Գուիրալդեսին խրախուսում էր կինը և Լեոպոլդո Լուգոնեսը[2], բայց երբ վաղ շրջանի այս ստեղծագործությունները չընդունվեցին և չընկալվեցին հանրության կողմից, նա դրանք հանեց շրջանառությունից, հավաքեց չվաճառված օրինակները և նետեց ջրհորը[4]։ Կնոջը հաջողվեց փրկել որոշները և այսօր այդ վնասված օրինակները մեծ գնահատանքի են արժանանում գրքասերների կողմից:
1916 թվականի վերջին զույգը ճամփորդեց Խաղաղ օվկիանոսով դեպի Կուբա և Ջամայկա, որտեղ Գուիրալդեսը գրեց «թատերական քմայք»՝ El reloj («Ժամացույցը», այդպես էլ չհրապարակված) վերնագրով: Այս ճամփորդությունների արդյունքում 1923 թվականին ստեղծվեց «Կսայմակու» վեպը, բայց դրանից շատ առաջ՝ 1917 թվականին, լույս էր տեսել նրա առաջին վեպը՝ «Ռաուչո»-ն , որին հաջորդեց 1918 թվականի Un idilio de estación (Հիանալի ժամնակ) վիպակը Օրասիո Կիրոգայի El cuento ilustrado ամսագրում։ 1922 թվականին այն ուսումնասիրվեց և հրատարակվեց՝ նոր Rosaura[2] վերնագրով։
1919 թվականին Գուիրալդեսը կնոջ հետ կրկին մեկնեց Եվրոպա։ Փարիզում նա կապ հաստատեց բազմաթիվ ֆրանսիացի գրողների հետ և հաճախակի այցելում էր գրական ակումբներ և գրախանութներ։ Այստեղ նա սկսեց գրել «Դոն Սեգունդո Սոմբրա» (Don Segundo Sombra) ստեղծագործությունը: Ասում են, որ Գուիրալդեսի վրա հատուկ ազդեցություն է ունեցել իր ընկեր Վալերի Լարբոն, սակայն գրողի անգլիալեզու թարգմանիչ Հարիետ դե Օնիսը կարծում է, որ այդ ազդեցությունը չափազանցված է եղել[6]։ Գուիրալդեսը վերադարձավ Արգենտինա, այնուհետև 1922 թվականին հետ եկավ Եվրոպա, որտեղ, Փարիզ վերադառնալուց բացի, որոշ ժամանակ անցկացրեց Պուերտո դե Պոյենսայում՝ Մայորկայում։
Այս ժամանակահատվածը նրա համար եղել է մտավոր և հոգևոր փոփոխությունների շրջան։ Նա սկսեց հետաքրքրվել թեոսոֆիայով և արևելյան փիլիսոփայությամբ՝ փնտրելով հոգևոր խաղաղություն, որը խիստ արտացոլված է նրա ուշ շրջանի պոեզիայում:
Գուիրալդեսի ստեղծագործությունն ավելի լավ ընդունվեց իր հարազատ Բուենոս Այրեսում, որտեղ նա աջակցում էր ավանգարդ գրողներին: 1924 թվականին Ալֆրեդո Բրանդան Կարաֆայի (1898-1978), Խորխե Լուիս Բորխեսի և Պաբլո Ռոխաս Պազի հետ միասին նա հիմնեց Proa ամսագիրը, որը կարճ կյանք ունեցավ և առանձնապես հաջողության չհասավ իր հայրենի քաղաքում՝ առավել լայնորեն ընդունվելով Լատինական Ամերիկայի այլ վայրերում։ Գուիրալդեսը նաև եղել է Frente Ứnico-ի համահիմնադիրը՝ ընդդիմանալով pompierismo-ին (չոր կամ ճոխ ակադեմիական լեզվի օգտագործմանը գրավոր խոսքում) և համագործակցել է Մարտին Ֆիեռո (Martín Fierro) ամսագրի հրատարակման գործում[2][5]։
Այն բանից հետո, երբ ամսագիրը փակվեց Գուիրալդեսը կենտրոնացավ Don Segundo Sombra-ի վրա, որն ավարտի հասցրեց 1926 թվականի մարտին[2]։
1927 թվականին, մտադրվելով վերադառնալ Հնդկաստան՝ հինդուիզմի նկատմամբ իր աճող հետաքրքրության պատճառով, Գուիրալդեսը ևս մեկ անգամ մեկնեց Ֆրանսիա[2]: Նա նախ գնաց Արկախոն, բայց այնտեղ պարզվեց, որ տառապում է Հոջկինի հիվանդությամբ: Նրան շտապօգնության մեքենայով բերեցին Փարիզ, այնտեղ կինը[2] դիմավորեց Գուիրալդեսին։ Նա մահացավ ընկերոջ՝ նկարիչ Ալֆրեդո Գոնսալես Գարանյոյի (1886-1969) տանը[7]։ Գուիրալդեսի մարմինը հետ բերվեց Բուենոս Այրես և վերջապես թաղվեց Սան Անտոնիո դե Արեկոյում։
Aerolíneas Argentinas-ի (խոշոր բեռնափոխադրող ընկերություն) նախագահն է նրա եղբորորդի Խուան Խոսե Գուիրալդեսը։
Գրական գործեր
Each year links to its corresponding "[year] in literature" or "[year] in poetry" article:
- 1915: Ապակե կովերի զանգը (բանաստեղծությունների շարք)[6][8]
- 1915: Մահվան և արյան պատմություններ (կարճ պատմվածքներ)[6][8]
- Գրոտեսկ արկածներ (կարճ պատմվածքներ)
- Քրիստոնեական եռերգություն (կարճ պատմվածքներ)
- 1917: Ռաուչո (վեպ)[8][9]
- 1917: Հիանալի ժամնակ, ավելի ուշ վերանվանված Ռոսաուրա (1922), (վիպակ)
- 1923: Կսայմակու (գեղարվեստականացված ճանապարհորդական պատմություն).[8][9]
- 1926: Դոն Սեգունդո Սոմբրա (վեպ)[6][8]
- 1928: Առեղծվածային բանաստեղծություններ (հետմահու հրատարակված բանաստեղծություններ)[8]
- 1928: Լքված բանաստեղծություններ (հետմահու հրատարակված բանաստեղծություններ)[8]
- 1929: Վեց պատմություն (հետմահու հրատարակված կարճ պատմություններ)[8]
- 1932: Ուղին (հրատարակված հետմահու)
- 1936: Քաջ գիրքը (հետմահու հրատարակված բանաստեղծություններ)[8]
- 1954: Պամպա (հրատարակված հետմահու)[8]
- 1952: Սպիտակ թռչուն (բանաստեղծություն)
Գրականություն
- J.P. Spicer-Escalante, Ricardo Güiraldes's Américas: Reappropriation and Reacculturation in Xaimaca (1923). Studies in Travel Writing 7.1: 9-28.
- J.P. Spicer, Don Segundo Sombra: en busca del otro. Revista de Crítica Literaria Latinoamericana 38.2: 361–73.
- Ricardo Güiraldes and Don Segundo Sombra; life and works / Giovanni Previtali, 1963
- Language, humor, and myth in the frontier novels of the Americas : Wister, Güiraldes, and Amado / Nina M Scott, 1983
- Martín Fierro, Don Segundo Sombra, ambassadors of the New World / Edward Larocque Tinker, 1958
- Ricardo Güiraldes: argentino (1886-1927) / Harry Weiss, 1955
Ծանոթագրություն
- ↑ IMDB entry.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Escuela Normal Superior de Chascomús
- ↑ Southern Cone Literature:Ricardo Güiraldes (1886-1927), University of Notre Dame Library Rare Books and Special Collections. Accessed 13 September 2006.
- ↑ 4,0 4,1 4,2 Todo-Argentina.net
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 de Onís, 1966, p. 217.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 de Onís, 1966, p. 218.
- ↑ Galliani.
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 Beilharz
- ↑ 9,0 9,1 de Onís, 1966, p. 219.
- Harriet de Onís, afterword (p. 215–222) to her 1935 translation of Don Segundo Sombra; Signet, 1966.
- Ricardo Güiraldes Internet Movie Database կայքում Accessed 13 September 2006.
- (de) Johannes Beilharz, Ricardo Güiraldes on jbeilharz.de. Undated. Accessed 14 September 2006.
- (es) Ricardo Güiraldes, undated, on Todo-Argentina.net. Accessed 14 September 2006.
- (es) Ricardo Güiraldes. Part of La Literatura en Argentina, Escuela Normal Superior de Chascomús; site dated 1997. Accessed 14 September 2006.
- (en) Carlos Galliani, Delia del Carril: Neruda's wife was born in Saladillo, undated, on the official site of the city of Saladillo, Argentina. Accessed 28 February 2007.
Արտաքին հղումներ
- Works by Ricardo, Güiraldes at Faded Page (Canada)
- (es) Ricardo Güiraldes works online on Portal Academia Argentina de Letras
- Works by Ռիկարդո Գուիրալդես at LibriVox (public domain audiobooks)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդո Գուիրալդես» հոդվածին։ |