Սան Ռեմոյի կոնֆերանս, Անտանտի Գերագույն խորհրդի նիստը Սան Ռեմոյում (Իտալիա), որը տեղի է ունեցել ապրիլի 19-ից 26-ը 1920 թվականին։

Սան Ռեմոյի կոնֆերանսի պատվիրակները 1920 թվականի ապրիլի 19-ին։

Այն իրենից ներկայցնում է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Կենտրոնական ուժերից յուրաքանչյուրի հետ Դաշնակիցների (Անտանտի) գերագույն խորհուրդի անցկացրած համագումարների և պայմանագրերի շարքի բաղկացուցիչ մասը։ Սան Ռեմոյի համագումարը հրավիրվեց Լոնդոնի համագումարից (փետրվար 12-24, 1920 թ․) հետո և օգոստոսի 10-ին հանգեցրեց Սևրի պայմանագրին։

Մասնակցել են Անտանտի տերությունների դիվանագետները՝ Մեծ Բրիտանիայի (Դեյվիդ Լլոյդ Ջորջ), Ֆրանսիայի (Ալեկսանդր Միլերան), Իտալիայի (Ֆրանչեսկո Նիտտի) վարչապետները, Ճապոնիայի ներկայացուցիչ Կեյշիրո Մազուին։ Բելգիայի (Պոլ Հյումանս) և Հունաստանի (Էլեֆթերիոս Վենիզելոս) ներկայացուցիչները հրավիրվում էին միայն այդ երկրներին վերաբերող հարցերի քննարկմանը։ Ամերիկան մասնակցում էր որպես դիտորդ։ Հայաստանին վերաբերող հարցերի քննարկմանը հրավիրվում էին Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախագահ Ավետիս Ահարոնյանը և Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարը։

Քննարկումներ խմբագրել

Սան Ռեմոյի համագումարում խորհրդակցություններ անցկացվեցին Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի և նրա հետ առնչվող Ազգերի լիգայի մանդատների բաշխման, Գերմանիայի կողմից հաշտության պայմանագրի (տես Վերսալի հաշտության պայմանագիր 1919 թ․) կատարման հարցերի և Խորհրդային Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին[1]։

Քննարկումների շարքում էին Մոսուլի նավթի ճակատագիրը, Հայաստանի կարգավիճակի, մանդատի ու սահմանային խնդիրները և Պաղեստինում հրեական օջախի ստեղծումը (տես Իսրայել պետության ստեղծում

Հայկական հարցի մասին խորհրդակցություններ խմբագրել

Քննարկվեց նաև Հայաստանի հարցը։ Սան Ռեմոյի կոնֆերանսը դիմեց ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին Հայաստանի մանդատը ստանձնելու և հանդես գալու որպես միջնորդ նրա վերջնական սահմանների ճշտման հարցում։ Որոշվեց Թուրքիայի հետ պայմանագրի Հայաստանի վերաբերյալ մասում արձանագրել, որ Թուրքիան, Հայաստանը և մյուս պայմանավորվող կողմերը համաձայն են դիմել ԱՄՆ-ի նախագահի միջնորդությանը Թուրքիայի և Հայաստանի սահմանների (Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում) հարցով և ընդունել այդ առթիվ նրա որոշումը, ինչպես նաև՝ որևէ պայման, որ նա կառաջարկի Հայաստանի դեպի ծով ելք ունենալու մասին։

Սույն կոնֆերանսի Հայաստանի վերաբերյալ դիրքորոշումը՝ իր անմիջապես նախորդը հանդիսացող Լոնդոնինից գլխավորապես զանազանվում է այն հանգամանքով, որ Դաշնակիցները Սան Ռեմոյում փաստորեն հրաժարվեցին Հայաստանի նկատմամբ ռազմաքաղաքական և ֆինանսական հովանավորության իրենց նախկինում հայտարարած պարտավորվածություններից, և փորձեցին փոխանցել այդ բեռի գեթ մեկ մասը Ազգերի լիգային։ Այդ ձեռնարկը, սակայն, անհաջողության մատնվեց, որովհետև վերջինիս կանոնադրությունը չէր թույլատրում նման պարտավորությունների, այդ թվում՝ նորաստեղծ պետությունների մանդատների ստանձնումը։  Դաշնակիցները դրա փոխարեն դիմեցին ԱՄՆ-ի նախագահ Վ․ Վիլսոնին` Հայաստանի մանդատատար դառնալու և հանդես գալու որպես միջնորդ նրա վերջնական սահմանների ճշտման, նրան ծովային ելք, ռազմական ու տեխնիկական օգնություն, ինչպես նաև, ֆինանսական վարկեր ու երաշխիքներ ապահովելու հարցերում։ Այն դեպքում, եթե ԱՄՆ-ն չընդուներ Հայաստանին մանդատը ստանձնելու առաջարկը, ապա նրանք խնդրեցին ԱՄՆ նախագահի միջնորդությունը` Հայաստան-Թուրքիա սահմանատման և Հայաստանի դեպի ծով ելք ապահովելու հարցում (տես՝ Վիլսոնի իրավարար վճիռ

Չնայած Լոնդոնի կոնֆերանսում Բաթումի հարցը սկսել էր շոշափվել, բայց Սան Ռեմոյում իսկ սկիզբ առավ Անտանտի երկրների և Հայաստանի (մինչ այդ արդեն միավորված) ազգային պատվիրակության միջև Հայաստանին դեպի Սև ծով ելք ապահովելու սցենարների մանրամասն քննարկումը։ Խորհրդակցություններին մաս կազմեցին հետևյալ առաջարկները՝ նախ Բաթումի շրջանը, ապա դրա փոխարեն, Բաթումի արևմուտքում գտնվող Լազիստանը (Լազիկան) ամբողջությամբ, ավելի ուշ`նրանից մի փոքր հողաշերտ Հայաստանին կցել, դրանից հետո Բաթումը հռչակել ազատ նավահանգիստ ու Հայաստանին անվերապահ իրավունք տալ սեփական երկաթուղի կառուցել Կարսից դեպի Բաթում, և ի վերջո, Հայաստանին արտոնել այդ նավահանգստից ազատորեն օգտվելու թույլտվություն։ Այնուամենայնիվ, Հայաստանի սևծովյան ելքի հեռանկարը իր հնարավոր բոլոր տարբերակներով ձախողվեց, ինչը պայմանավորված էր Անտանտի տերությունների, Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև շահերի սուր հակասություններով, ինչպես նաև, այս բոլոր առաջարկների հանդեպ Վրաստանի ցուցաբերած խիստ ընդդիմությամբ[2]։

Համագումարի արդյունքները և բանաձևը խմբագրել

Կոնֆերանսի որոշմամբ Մեծ Բրիտանիան ստացավ Օսմանյան կայսրությունից անջատված Պաղեստինի և Իրաքի (ներառյալ Մոսուլը), իսկ Ֆրանսիան՝ Սիրիայի մանդատները (վերջինիս սահմաններում 31 օգոստոս 1920 թվականին Ֆրանսիան հռչակեց Մեծ Լիբանան և այլ բաղկացուցիչ մասեր)։

Կոնֆերանսը հաստատեց Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի նախագիծը, որը դրվեց Սևրի պայմանագրի հիմքում։

Համաժողովը վերահաստատեց Հայաստանի անկախությունը, դիմելով ԱՄՆ-ին Հայաստանի խնամակալությունը ստանձնելու հարցով։ Կոնֆերանսը հաստատելով Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթների Հայաստանի Հանրապետությանը պատկանելը՝ ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնին խնդրեց նաև իրավարար վճիռ արձակել Հայաստան-Թուրքիա վերջնական սահմանատման վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության, Վրաստանի ու Ադրբեջանի հետ սահմանների կապակցությամբ Համաժողովը պահպանեց այն սկզբունքը, թե Դաշնակիցները կորոշեն նշված սահմանները՝ եթե այդ երեք պետությունների միջև ինքնակամ համաձայնություն ձեռք չբերվի[3]։

Սան Ռեմոյի կոնֆերանսում կնքվեց նաև Անգլո-ֆրանսիական նավթային համաձայնագիր որով գլխավորաբար Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի մեջ էր բաժանվում Մոսուլի նավթային հարստությունը՝ մոտավորապես 4/1-ի հարաբերակցությամբ, շահաբաժինների մնացյալ 5 տոկոսը թողնելով հայազգի գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանին։ Ֆրանսիայի բաժնեմասի և նրան բաժին ընկած նավթի դեպի Միջերկրական ծով փոխադրելու բարենպաստ պայմանների երաշխավորման փոխարեն նախատեսում էր, որ Մոսուլի շրջանը ներառվի Իրաքի բրիտանական մանդատի մեջ[4][5][6]։

Կոնֆերանսը Գերմանիայից պահանջեց կատարել Վերսալի պայմանագրի ռազմական և փոխհատուցման պայմանները՝ հրաժարվելով մեղմացուցիչ փոփոխություններ մտցնել նրանց մեջ։

Նաև ընդունվեց որոշում, որը նպաստեց Անտանտին Ռուսաստանի հետ առևտրի վերականգնման հարցում[6]։

1920 թ. ապրիլի 25-ին ընդունված Սան Ռեմոյի բանաձևը ներառեց 1917 թ. Բալֆորի հռչակագիրը։ Այն և Ազգերի լիգայի դաշնագրի 22-րդ հոդվածը հիմնական փաստաթղթերն էին, որոնց հիման վրա ձևավորվել էր բրիտանական խնամակալությունը Պաղեստինի նկատմամբ։ Բալֆորի հռչակագրի համաձայն, բրիտանական կառավարությունը պարտավորություն էր ստանձնել աջակցել հրեական ազգային տան (օջախի) ստեղծմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hovannisian, Richard G. (1996). The Republic of Armenia, From London to Sèvres, February-August 1920. Vol. 3. University of Calfornia, Berkeley and Los Angeles. էջ 71.
  2. Թորոսյան, Շիրակ (2016). «1920թ. մայիսի 7-ի ռուս-վրացական դաշնագիրը եւ Բաթումի հանձնումը Վրաստանին» (PDF). Բանբեր Երևանի Համալսարանի. 1 (19): էջ 3.
  3. Պապյան, Արա. «Հայաստանի Հանրապետության կարգավիճակի և սահմանների հարցը Սան Ռեմոյի համաժողովի ժամանակ» (PDF). էջեր 31–32.
  4. Zedalis, Rex J. (2009 թ․ սեպտեմբերի 14). The Legal Dimensions of Oil and Gas in Iraq: Current Reality and Future Prospects (անգլերեն). Cambridge University Press. էջ 264. ISBN 9780521766616.
  5. «Conference of San Remo | Italy [1920]». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. 6,0 6,1 Olson, James Stuart (1991). Historical Dictionary of European Imperialism (անգլերեն). Greenwood Publishing Group. էջ 544. ISBN 9780313262579.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Ռեմոյի կոնֆերանս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 169