Սեմա-քամյան լեզվաընտանիք
Սեմա-քամյան լեզվաընտանիք, Հյուսիսային Աֆրիկայում և Հարավարևմտյան Ասիայում տարածված աֆրիկա-ասիական կամ աֆրասիական լեզվաընտանիքի ավանդական (հնացած) անունը։ Սեմա-քամյան լեզվաընտանիքը ամենայն հավանականությամբ, ունի 5 ճյուղ՝ սեմական, եգիպտական, բերբերա-լիբիական, քուշական և չադական․ որոշ հետազոտողներ արևմտյան-քուշական լեզուները համարում են օմոյան ճյուղին պատկանող։ Սեմական լեզուներով խոսում է ավելի քան 120 միլիոն մարդ։ Եգիպտական ճյուղը (եգիպտերեն) XVII դարից մեռած է․ եգիպտերենի ուշ ձևը՝ ղպտիերենը, օգտագործում են քրիստոնյա եգիպտացիները եկեղեցական արարողությունների ժամանակ։ Բերբերական ճյուղն ունի իրարամերձ բարբառային խմբեր։ Այս ճյուղին են պատկանում հին գրավոր լիբիա-նումիդլերենը, որ քիչ հավանական է, Կանարյան կղզիների մեռած լեզուն՝ գուանչերենը։ Քուշական լեզուները տրոհվում են 5 ենթաճյուղի։ Չադական խմբին են պատկանում հաուսա լեզուն, կոտոկո լեզուները ևն։ Ըստ նախնական դասակարգման, այս խումբը բաժանվում է 10 ենթախմբի։ Սեմա-քամյան լեզվաընտանիքին բնորոշ է բաղաձայների 3 խմբի (ձայնեղ, խուլ և «էմֆատիկ»՝ ըմպանայնացած, քմայնացած) առկայությանը և ոչ վանկարար ու-ի և յ-ի, ինչպես նաև բաղաձայնի դերում կոկորդային պայթյունի օգտագործումը։ Որոշ հին աֆրասիական հնչույթներ մի քանի լեզվաճյուղերում վերացել են։ Առանձին լեզուներում կորսվել են նաև «էմֆատիկ» բաղաձայնները։ Համաաֆրասիական լեզվի առանձին ճյուղեր իրարից հեռացել են վաղ անցյալում և այդ պատճառով ժամանակակից Սեմա-քամյան լեզվաընտանիքի ազգակցության աստիճանն ավելի փոքր է, քան հնդեվրոպական լեզուներինը։ Նկատելի է դերանունների, բայական նախածանցների և համեմատաբար փոքրաթիվ հնագույն բառերի նմանությունը։ Հին ածանցային, այդ թվում՝ նախնական հոլովական թեքումը Սեմա-քամյան լեզվաընտանիքի մեծ մասում չի պահպանվել։
Քամյան լեզուներ
խմբագրելՍեմա-քամյան լեզվաընտանիքի ճյուղերից մեկը։ Քամյան լեզուների մեջ մտնում են եգիպտական (կամ նեղոսյան), բերբերա-լիբիական և քուշական լեզուները։
Բերբերա-Լիբաիական լեզուներ
խմբագրելՍեմա-քամյան ընտանիքին պատկանող լեզվախումբ, որի մեջ մտնում են լիբիերենն ու բերբերերենը։ Բերբերա-Լիբաիական լեզուներին երբեմն հատկացնում են նաև գուանչների լեզուն (Կանարյան կղզիներում, մեռած)։ Լիբիերենով են խոսել ժամանակակից Լիբիայի և հարակից վայրերի հին բնակիչները։ Հետագայում դուրս է մղվել արաբերենի կողմից։ Գրավոր աղբյուրները, մասնավորապես բարբառներից մեկը՝ գրված լիբիական այբուբենով, վերաբերում են մ.թ.ա. II—I դարերին։ Արձանագրությունների մեծ մասը (կարճ տապանագրեր) աչքի է ընկնում լիբիա-պունական (լիբիերեն-պուներեն) երկլեզվությամբ։ Ձևաբանական միջոցներից բնորոշ են նախամասնիկավորումը, վերջնամասնիկավորումը, ըստ էության նաև՝ ներքին թեքումը։ Նյութական ընդհանրություններով մերձենում է բերբերականին, կառուցվածքային գծերով՝ հին սեմական լեզուներին։ Բերբերերենը խոսվում է Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում (Ալժիր, Թունիս, Մարոկկո, Եգիպտոս, Լիբիա, Մալի), Ալժիրում բնակչության 30%-ը, Մարոկկոյում՝ 40%-ը։ Խոսողների թիվը՝ մոտ 7 միլիոն է։ Բերբերներից շատերը նաև արաբախոս են։ Բերբերերենն ունի բազմաթիվ բարբառներ (մոտ 300), որոնք կարելի է խմբավորել 5 բարբառախմբի մեջ՝ տուարեգ, զենետ, տարմազիգտ, տաշելհայթ, զենագա։ Որոշ մասնագետների կարծիքով՝ սրանք առանձին լեզուներ են։ Հնչյունական կազմը բաղկացած է ձայնավորներից, բաղաձայններից և ձայնորդներից։ Շեշտն ունի թույլ արտահայտություն։ Արմատի բաղաձայնական կազմը միատիպ չէ։ Առկա են մասնիկավորում և ներքին թեքում, քերականական երկու սեռ (արական, իգական)։ Երկակին վերացված է։ Բերբերա-Լիբաիական լեզուների ցեղակցության հարցն ունի չլուսաբանված կողմեր։ Զգալի մասը գրազուրկ է, մյուս մասն օգտագործել է փյունիկյան, արաբական, լատինական գրատեսակներ։
Քուշական լեզուներ
խմբագրելՍեմա-քամյան լեզվաընտանիքին պատկանող լեզվախումբ։ Խոսվում է Աֆրիկայի արևելքում և հյուսիս-արևելքումում։ Բաղկացած է 5 ենթախմբից․
- հյուսիսային (բեդաույե լեզուն՝ Կարմիր ծովի ափերին, Սուդանում և Եթովպիայում),
- կենտրոնական (ագավյան լեզուները՝ Հյուսիսային և Կենտրոնական Եթովպիայի առանձին բնակավայրերում),
- արևելյան (Սոմալի, աֆարների և իսաների ֆրանսիական տարածքում, Եթովպիայի հարավարևմտյան մի մասում, արևելքում և հարավում, Քենիայի հյուսիսում), որը միավորում է աֆար-սախո լեզուները, գալլա-սոմալիական, սիդամական լեզուները և, հնարավոր է, գոնսո-գելեբական լեզուները,
- արևմտա-քուշական (օմետո, կաֆֆա են, Եթովպիայի հարավ-արևմթքում և արևմութքում),
- հարավ-քուշական․ իրակվական լեզուներ (Տանզանիայում), ասա և նգոմվիա (Տանզանիայում և Քենիայում)։
Քանանական լեզուներ
խմբագրելՓյունիկերեն
խմբագրելՓյունիկեցիների լեզուն։ Պատկանում է սեմական լեզվաընտանիքի քանանական ենթախմբին։
Սեմական լեզուներ
խմբագրելՍեմա-քամյան կամ աֆրասիական լեզվաընտանիքի ճյուղերից մեկը։ Տարածված են արաբական երկրներում (Իրաք, Քուվեյթ, Պարսկական ծոցի հարավային ափի պետությունները, Եմենի ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն, Եմենի Արաբական Հանրապետություն, Սաուդյան Արաբիա, Հորդանան, Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Լիբիա, Թունիս, Ալժիր, Մարոկկո, Մավրիտանիա, Սուդան), Իսրայելում, Մալթայում, Չադում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Եթովպիայում։ Սեմական լեզուների առանձին օջախներ կան Հարավային Աֆրիկայում, Նիգերում, ԱՄՆ-ում, Իրանում, Նախկին Խորհրդային երկրներում։ Խոսողների թիվը՝ ավելի քան 120 միլիոն (1980)։ Սեմական լեզուներ տրոհվում են հետևյալ խմբերի՝ Հյուսիսային շրջագծային կամ արևելյան (աքքադերեն՝ ասսուրական և բաբելոնական բարբառներով), հյուսիս կենտրոնական կամ հարավ արևմտյան (կենդանի լեզուներ՝ իվրիտերեն և նոր արամեերենի բարբառները, այդ թվում՝ նոր սիրիերենը, մեռած լեզուներ՝ ամորեերենը, քանաներենը, ուգարիտերենը, փյունիկերեն-բունիերենը, հին հրեերենը (իվրիտերենի առավել հին ձևը) և արամեական բարբառները (հին արամեերենը, կայսերական արամեերենը, բաբելաթալմուտերենը)), հարավային կենտրոնական (արաբերեն խիստ տարբերակված բազմաթիվ բարբառներով, մալթերեն), հարավ շրջագծային (կենդանի լեզուներ՝ մեհրի, շահրի, սոքոտրի և հարավ Արաբիայի ու Սոքոտրա կղզու մի քանի փոքր լեզուներ, տիգրե, տիգաի կամ տիգրինիա, ամհարերեն, արգոբբա, հաֆաթ, մեռած լեզուներ՝ մինեերեն, սաբեերեն, քաթաբաներեն, եթովպերեն կամ գեեզ)։ Հավավ կենտրոնական և հարավ շրջագծային խմբերը հաճախ միացվում են մեկ՝ հարավ խմբի մեջ։ Սեմական լեզուների հնագույն գրավոր հուշարձանները Իրաքի սեպագիր արձանագրությունները և Պաղեստինի տեղանուններն են․ վերջինները պահպանվել են եգիպտական արձանագրություններում մ․ թ․ ա․ Ill-II հազարամյակում։ Ընդարձակ գրավոր հուշարձաններ կան աքքադերենով, հին հրեերեն, սիրիերեն և այլ արամեական բարբառներով, եթովպերենով և, մասնավորապես, արաբերենով, որը երկար ժամանակ եղել է նաև Իրանի, Միջին Ասիայի, Իսպանիայի և շատ այլ երկրների գրական լեզուն։ Գրավոր լեզուներ են տիգրե լեզուն, ամհարերենը, մալթերենը։ Սեմական լեզուների հնչյունական հատկանիշներից են ձայնավորների սահմանափակ քանակը, եռաշարք բաղաձայնական համակարգը (ձայնեղ, խուլ և կոկորդային պայթյունով արտասանվող բաղաձայններ), պայթաշփականների բացակայությունը, ռնգային, քմալեզվակային և կոկորդային պայթական բաղաձայնների առկայությունը։ Արմատը սովորաբար կազմված է 3 բաղաձայնից, որը և կրում է բառարանային հիմնական իմաստը, միաժամանակ ձայնավորումը, վերջածանցները, նախածանցները և միջածանցները ճշգրտում են արմատի իմաստը կամ տալիս են նրան քերականական կարգ։ Կան արմատի վաղ հետքեր, որոնցում առկա են 2—3 բաղաձայն և ձայնավոր։ Սեմական լեզուները ունեն բառակազմական բարդ համակարգ՝ ածանցումով և ձայնավորման փոփոխությամբ։ Մեծ դեր է կատարում սեռական հոլովով դրված անվանական որոշիչը։ Հին աքքադերենն ունի 5 հոլով, մյուս հին Սեմական լեզուները՝ 3։ Հետագայում հոլովական համակարգը բոլոր Սեմական լեզուներում վերանում է։ Կան երկակի և հոգնակի թվի կարգեր։ Վերջինս հարավային Սեմական լեզուներում մեծ մասամբ դուրս է մղվել։ Բայական համակարգին բնորոշ են այսպես կոչված «ցեղակից» բառերը, որոնք կապակցված են միենույն ձայնավորումն ունեցող հիմքերի խմբերով։ Յուրաքանչյուր «ցեղային» բառ ունենում է փոփոխությունների ամբողջական համակարգ՝ ըստ դեմքի, թվի, կերպի։ ժամանակի կարգը զարգացել է ավելի ուշ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |