Ռատկո Մլադիչ (սերբ.՝ Ратко Младић, սերբախորվաթ․՝ Ratko Mladić, մարտի 12, 1943(1943-03-12)[1], Բոժանովիչի, Կալինովիկ, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա, Խորվաթիայի անկախ պետություն), սերբ գեներալ և ռազմական գործիչ, Սերբական Հանրապետության բանակի հրամանատար (1992-1995), Հարավսլավիայի փլուզման ժամանակ սերբերի առաջնորդներից մեկը։ Խորվաթիայում ու Բոսնիա և Հերցեգովինայում պատերազմների ժամանակ ղեկավարում էր մի շարք խոշոր ռազմական գործողություններ։

Ռատկո Մլադիչ
սերբ.՝ Ратко Младић
Դիմանկար
Ծնվել էմարտի 12, 1943(1943-03-12)[1] (81 տարեկան)
ԾննդավայրԲոժանովիչի, Կալինովիկ, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա, Խորվաթիայի անկախ պետություն
Քաղաքացիություն ՀՍՖՀ,  Republic of Serbian Krajina,  Republika Srpska և  Բոսնիա և Հերցեգովինա
Մասնագիտությունռազմական գործիչ և զինվոր
Պարգևներ և
մրցանակներ
Եղբայրության և միասնության շքանշան և Order of the People's Army
 Ratko Mladić Վիքիպահեստում

1996 թվականին Մլադիչը Սերբական Հանրապետության այլ ղեկավարների հետ միասին Հաագայի Միջազգային տրիբունալի կողմից մեղադրվեց ռազմական հանցագործություների և ցեղասպանություն կատարելու մեջ՝ Սարաևոյում և Սրեբրենիցայում։ Նրա հայտնաբերումն ու տրիբունալին հանձնումը համարվում էին Սերբիայի Եվրոպական միության կազմի մեջ մտնելու պայմաններից մեկը, իշխանությունները նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար խոստացել էին 10 միլիոն եվրո։ 2011 թվականին Մլադիչը ձերբակալվել է Սերբիայում և արտահանձնվել Հաագա։ Մլադիչի դատը սկսվել է 2012 թվականի մայիսի 16-ին։ Նրա գործով դատավճիռը սպասվում է 2017 թվականից ոչ շուտ։

Կենսագրություն

խմբագրել

Երիտասարդություն և կրթություն

խմբագրել

Ռատկո Մլադիչը ծնվել է 1942[2] կամ 1943 թվականի մարտի 12-ին Բոժանովիչի գյուղում (Բոսնիա և Հերցեգովինա), որն այն ժամանակ մտնում էր Խորվաթիայի Անկախ Հանրապետության կազմի մեջ, որն ստեղծվել էր Հարավսլավիայի Թագավորության տարածքում օկուպացիոն իշխանությունների կողմից։ Հայրը՝ Նեջա Մլադիչը, եղել է պարտիզանական ջոկատի հրամանատար և զոհվել է 1945 թվականին Խորվաթիայի ուստաշների դեմ պատերազմի ժամանակ։ Մայրը՝ Ստանա Մլադիչը (աղջկական ազգանունը Լալովիչ), միայնակ մեծացնում էր դստերը՝ Միլիցային (1940 թվականին ծնված) և երկու որդիներին՝ Ռատկոյին և Միլիվոյին (1944 թվականին ծնված)։

Ռատկոյի ծնվելուց օրեր առաջ, նրա մայրը և հայրը հիվանդացել են տիֆով։ Ռատկոն շատ հիվանդոտ երեխա էր։ Նրա կյանքը փրկել են իտալացի զինվորականները։ Ավարտելով դպրոցը՝ Ռատկո Մլադիչը տեղափոխվել է Բելգրադ, որտեղ ավարտել է Զեմունի Ռազմա-արդյունաբերական ուսումնարանը։ 1961 թվականի հոկտեմբերի 20-ին մրցույթով ընդունվել է Ռազմական ակադեմիա և այդպիսով դարձել է Հարավսլավիայի Ազգային բանակի զինծառայող։ 1964 թվականի փետրվարի 12-ին մտնում է Հարավսլավիայի կոմունիստների միության մեջ[2]։ Զինվորական ակտիվ ծառայության է ընդունվել 1965 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ ստորագրել է զինվորական երդումը[2].

  Ես՝ Ռատկո Մլադիչը, հանդիսավոր կերպով պարտավորվում եմ ծառայել իմ ժողովրդին, պաշտպանել իմ սոցիալիստական հայրենիքը՝ Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետությունը, պահպանել մեր ժողովրդների եղբայրությունն ու միասնությունը, պահել Հարավսլավիայի Ազգային բանակի պատիվը և բարեխղճորեն կատարել իմ հրամանատարների բոլոր հրամանները։ Միշտ պատրաստ կլինեմ պայքարել իմ Հայրենիքի ազատության և պատվի համար, այդ պայքարում առանց ափսոսանքի կտամ նաև իմ կյանքը։  

Զինվորական կարիերա

խմբագրել

Հարավսլավական ժողովրդական բանակում

խմբագրել

1965 թվականի սեպտեմբերի 27-ին Մլադիչը տեղափոխվել է 3-րդ Ռազմական օկրուգ, Սկոպյեի կայազոր, որտեղ լեյտենանտի (սերբ.՝ подпоручник) կոչումով իր հրամանատարության տակ է ստանում 89-րդ հետևակային գնդի մոտոհրաձիգային դասակը։ 1967 թվականին նա ավարտել է հետախուզության և հետախուզական աշխատանքի և հունարենի եռամսյա դասընթացներ, ինչից հետո նրան շնորհվել է ավագ լեյտենանտի կոչում։ 1968 թվականին Մլադիչը նշանակվել է հետախուզության դասակի հրամանատար։ 1970 թվականին նրան շնորհվել է կապիտանի կոչում։ 1974 թվականի նոյեմբերի 27-ին նա դարձել է առաջին կարգի կապիտան և նշանակվել 87-րդ առանձին հետևակային բրիգադի թիկունքի հրամանատարի օգնական։ 1976 թվականին նա ընդունվել է Բելգրադի Հրամանա-շտաբային ակադեմիա, որտեղ ավարտել է ընդհանուր համազորային կուրսը։ 1977 թվականին մայորի կոչումով նրան ուղարկում են ծառայության 3-րդ Ռազմական օկրուգ, Կումանովի կայազոր, որտեղ նա 89-րդ հետևակային բրիգադի առաջին հետևակային գումարտակի հրամանատար էր[3]։

1980 թվականի դեկտեմբերի 25-ին Մլադիչին շնորհվեց փոխգնդապետի կոչում, զբաղեցնում էր Սկոպյեում կայազորի օպերատիվ-ուսումնական հրամանատարության պատրաստության բաժնի պետի պաշտոնը։ Այնուհետև նրան ուղարկում են Շտիպ քաղաք՝ որպես 39-րդ հետևակային բրիգադի հրամանատար։ Որոշ ժամանակ անց նա կրկին ծառայում է Սկոպյեի և Օխրիդի կայազորներում։ Գնդապետի կոչումը շնորհելուց հետո 1986 թվականի օգոստոսին նա նշանակվել է Շտիպ քաղաքում 26-րդ հետևակային դիվիզիայի 39-րդ հետևակային բրիգադի հրամանատար։ Նույն թվականի սեպտեմբերին Մլադիչին ուղարկել են մեկամյա ուսումնառության Օպերատիվ արվեստի դպրոց։ 1989 թվականի հունվարի 31-ին Մլադիչը գլխավորեց 3-րդ Ռազմական օկրուգի շտաբին կից գործող ուսումնական գործառնության բաժինը։ 1991 թվականի հունվարի 25-ին նա տեղափոխվեց Պրիշտինա 52-րդ կորպուսի թիկունքի հրամանատարի օգնականի պաշտոնին[3]։

Հարավսլավիայի փլուզում

խմբագրել
 
Գեներալ Ռատկո Մլադիչը Սարաևոյի օդանավակայանում բանակցությունների ժամանակ, 1993 թվականի հունիս

1991 թվականին եղել է Կոսովոյում Պրիշտինսկի կորպուսի հրամանատարի օգնական։ Իր նշանակումից քիչ անց, Խորվաթիայում իրավիճակի կտրուկ վատթարացման և մարտական գործողությունների ֆոնի վրա, որոնք սկսվել են խորվաթական ուժերի և հարավսլավական բանակի ստորաբաժանումների միջև, տեղափոխվել էր Կնին (Սերբիական Կրաինա Հանրապետություն) Հարավսլավիայի ազգային բանակի (ՀԱԲ) 9-րդ կորպուսի հրամանատարի պաշտոնին։ Նրան նախորդող գեներալ Շպիրո Նիկոլիչը այսպես բնութագրեց Մլադիչին[4].

  Նա անհանգիստ, փնտրող ոգու տեր է և այդ պատճառով միշտ մասնակցում է նախաձեռնությունների ձեռնարկման և դրանց իրականացման մեջ... Ազնիվ, քաջարի սպա, աչքի է ընկնում բարձր մարդկային բարոյական հատկանիշներով։  

Լիլյանա Բուլատովիչը Մլադիչի մասին իր գրքում գրում է, որ մինչ համազգեստների և տարբերանշանների ի հայտ գալը, Մլադիչը ռազմաճակատի գիծն անցնում էր քաղաքացիական հագուստով՝ օգտագործելով խորվաթական սպայի փաստաթղթերը, շատ հաճախ Սլավկո Լիսիցայի հետ միասին։ Սլավկո Լիսիցան հիշեց Մլադիչի մասին.

  Մի օր մենք Պրոկլյանսկոե լճի մոտ էինք, ուստաշների դիրքերի դիմաց։ Նա ասում է. «Լիյո, դու լողավարտիք ունե՞ս»։ Ես ոչ թե լողալ էի ուզում, այլ ուտել, իսկ Մլադիչը թռավ ջրի մեջ, մեմ ժամ մեջքի վրա, մեկ ժամ այլ ոճով։ Բավական է, գոռում եմ Մլադիչին, մեր կողքը ուստաշներն են, կարող են տեսնել մեզ և կրակ բացել... Ավելի ուշ ես հավատացի, որ այս մարդու մոտ վախ չկա։ Հետագայում ես նրան խնդրում էի խնայել իրեն, քանի որ, եթե մենք մեզ խնայենք, Աստված նույնպես կպահպանի մեզ...  

1991 թվականի հոկտեմբերի 4-ին Ռատկո Մլադիչին շնորհվեց արտահերթ գեներալ-մայորի կոչում։ Ընդ որում, նա դարձել էր ՀԱԲ առաջին սպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ով գեներալ է դարձել առանց հատուկ քննություններ հանձնելու[5]։ 1992 թվականի ապրիլի 24-ին Մլադիչին շնորհվեց արտահերթ գեներալ-լեյտենանտի կոչում (գեներալ-փոխգնդապետ)[6]։

1992 թվականի գարնանը Բոսնիա և Հերցեգովինան անկախություն է հռչակել։ Այն ճանաչելուց հրաժարվեցին բոսնիացի սերբերը։ Հանրապետության տարածքում սկսվեցին բախումներ, որոնք վերածվեցին մարտական գործողությունների։ Բոսնիայի տարածք են մտցվել խորվաթական զորքեր, որոնք հարձակվել են հարավսլավական բանակի ստորաբաժանումների և բոսնիական սերբերի ջոկատների վրա[7]։ Բոսնիական մուսուլմանների առաջնորդ Ալիա Իզետբեգովիչը հրաման արձակեց ՀԱԲ զորանոցների համընդհանուր հարձակման մասին։ Ապրիլի 27-ին Բոսնիա և Հերցեգովինայի նախագահությունը՝ հավաքվելով ոչ լրիվ կազմով, պահանջեց հարավսլավական բանակից զենքերը ցած դնել և լքել հանրապետության տարածքը։ Մայիսի 2-ին իսլամադավան ուժերը պաշարեցին Սարաևոյում ՀԱԲ զորանոցները և նախաձեռնեցին մի շարք հարձակումներ պարեկային և զինվորական օբյեկտների վրա[8][9]։ Մայիսի 9-ին Մլադիչը նշանակվեց շտաբի պետ և Սարաևոյում Երկրորդ ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, իսկ արդեն մայիսի 10-ին դարձել է օկրուգի հրամանատար[6][10]։ Այդ ժամանակ արդեն Սարաևոն շրջափակված էր բոսնիական սերբերի կողմից, որոնց ջոկատները կազմակերպվում էին կանոնավոր բանակի մեջ[8]։

Մայիսի 12-ին Սերբիայի Հանրապետության խորհրդարանը որոշել է Սերբիայի Հանրապետության Զինված Ուժեր ստեղծել։ Գեներալ Մլադիչը նշանակվել էր Սերբիայի Հանրապետության Զորքերի գլխավոր հրամանատար[11]։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր մինչև 1996 թվականի դեկտեմբերը[6][10]։ 1992 թվականի մայիսին, Բոսնիա և Հերցեգովինայից ՀԱԲ ուժերի դուրս բերելուց հետո, ՀԱԲ նախկին Երկրորդ ռազմական օկրուգը դարձել է Սերբիայի Հանրապետության Զինված Ուժերի (ՍՀԶ) հիմքը։

1993 թվականի մարտին Մլադիչը գլխավորեց ստորաբաժանումները, որոնք հարձակվել են անկլավ Սրեբրենիցայի վրա, որտեղից բոսնիական մուսուլմանների կազմավորումները հարձակվել են սերբիական գյուղերի վրա։ Այդ հարձակումները ուղեկցվում էին քաղաքացիական սերբերի մասսայական սպանություններով և դարձել են անկլավների Սերբիայի Հանրապետության Զորքերի հարձակման պատճառ[12]։ 1993 թվականի հուլիսին Մլադիչը գլխավորում էր «Լուկավաց 93» գործողությունը, որի արդյունքում սերբերի վերահսկողության տակ է անցել Տրնովոն և Սարաևոյի մոտակայքում գտնվող լեռները[12]։

1994 թվականի գարնանը Սերբիայի Հանրապետության Զորքերի ստորաբաժանումները Մլադիչի անմիջական ղեկավարության տակ Գորաժդայում անց են կացրել խոշոր հարձակում մուսուլմանաբնակ անկլավների վրա։ Հունիսի 24-ին Մլադիչին շնորհվեց գեներալ-գնդապետի կոչում[6][10]։

Բոսնիացի սերբերի բանակը գեներալ Մլադիչի հրամանատարության տակ հարձակում է իրականացրել Սրեբրենիցայի վրա 1995 թվականի հուլիսի 6-ին և ամբողջությամբ գրավել է քաղաքը հինգ օրից ՝ հուլիսի 11-ին։ Մինչ հուլիսի 19-ը, ըստ Նախկին Հարավսլավիայի հարցերով Միջազգային տրիբունալի[13][14], նա վերացրել է 7-8 հազար արական սեռի իսլամադավան։ Մոտ 36 հազար կին և երեխա արտաքսվել են քաղաքից և ավտոբուսներով տեղափոխվել Կլադան, որը գտնվում էր իսլամական կազմավորումների վերահսկողության տակ[15]։

Օգոստոսի 2-ին Սերբիական Կրաինայի վրա խորվաթական հարձակումից առաջ, Ռադովան Կարաջիչը հայտարարեց, որ իր ղեկավարության տակ է վերցնում բոսնիական սերբերի բանակը և Մլադիչի գլխավոր հրամանատարի պաշտոնից հեռանալու մասին։ Կարաջիչը Մլադիչին մեղադրեց արևմտյան Բոսնիայում սերբերի համար կարևոր նշանակություն ունեցող երկու քաղաքների՝ Գլամոչա և Բոսանսկո-Գրախովո կորստի մեջ, որոնք դրանից քիչ առաջ գրավվել էին խորվաթների կողմից «Ամառ-95» գործողության ընթացքում, ինչը հանգեցրեց Սերբիական Կրաինա Հանրապետության արագ փլուզմանը։ Մլադիչին առաջարկվեց նոր պաշտոն՝ Սերբիայի Հանրապետության և Սերբիական Կրաինա Հանրապետության համատեղ պաշտպանության հարցերով գերագույն գլխավոր հրամանատարի հատուկ խորհրդատու։ Մլադիչը հայտնի էր սերբիական զինծառայողների շրջապատում և հրաժարվեց կատարել այդ հրամանը։ Կարաջիչը ստիպված էր մեկ շաբաթ անց հրամանը չեղյալ հայտարարել[16]։

Հետպատերազմյան շրջան

խմբագրել

1996 թվականի նոյեմբերի 8-ին Սերբիայի Հանրապետության նախագահ Բիլյանա Պլավշիչի հրամանով գեներալ Ռատկո Մլադիչը պաշտոնանկ է արվել Սերբիական Հանրապետության Զորքերի Գլխավոր շտաբի հրամանատարի պաշտոնից[17]։ Ընդ որում, նա շարունակում էր համարվել հարավսլավական բանակի կադրային զինծառայող։ 2001 թվականի փետրվարի 28-ին Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության նախագահ Վոիսլավ Կոշտունիցան Մլադիչին հեռացրեց Հարավսլավիա Զինված ուժերի շարքերից։ Սերբիայի Հանրապետության նախագահի 2002 թկականի մարտի 7-ի հրամանով Մլադիչի մասնագիտական զինվորական ծառայությունը դադարեցվել է «ծառայողական անհրաժեշտությամբ»։ 2002 թվականի մարտի 8-ին Մլադիչը հեռացվեց մասնագիտական զինվորական ծառայությունից։ Այդ ժամանակից նա պաշտոնապես թոշակի է անցել[18]։ Մլադիչը ՀԱԲ-ի կազմի պրոֆեսիոնալ զինծառայողների, ովքեր մնացել են ծառայել Սերբիայի Հանրապետության Զորքերում, աշխատանքի տեղավորման խնդիրների լուծման Պայմանագրի համաձայն ստացել է վճարումների իրավունք։ Թոշակը Մլադիչին փոխանցվել է ընդհուպ մինչև 2005 թվականի նոյեմբերը, այնուհետև վճարումները դադարեցվել են Եվրոպական միության և նախկին Հարավսլավիայի հարցերով Միջազգային տրիբունալի ճնշման տակ[17]։

Հետախուզում և կալանք

խմբագրել
 
Հանրահավաք՝ ի պաշտպանություն գեներալ Ռատկո Մլադիչի Բանյա-Լուկայում

1996 թվականին ՆԱՏՕ պահանջեց Հաագայի տրիբունալին հանձնել Մլադիչին և Ռադովան Կարաջիչին։ Նույն ժամանակ Մլադիչը անհետացել է Բոսնիայից։ Շուտով նա հայտնվեց Բելգրադում, որտեղ հետագա մի քանի տարիները ազատ և բացահայտ ապրել է Սլոբոդան Միլոշևիչի պաշտպանության տակ։ Միլոշևիչի պաշտոնանկ լինելուց հետո 2000 թվականին Մլադիչն անհետացել է։

Պաշտոնապես նրա գտնվելու վայրը հայտնի չէր։ Վերջին անգամ նրան նկատել են 2002 թվականին Դիվչիբարեի մոտ։ 2006 թվականին սերբական ոստիկանությունը ձերբակալեց մի քանի հոգու, ովքեր օգնում էին թաքնվել Մլադիչին[6]։ Մինչև 2010 թվականը ԶԼՄ-ներում հայտնվում էին կեղծ հաղորդագրություններ Մլադիչի ձերբակալության մասին։ 2010 թվականի հոկտեմբերին Սերբիայի կառավարությունը Մլադիչին հայտնաբերել օգնող տեղեկատվության համար պարգևաչափը 1 միլիոն եվրոից բարձրացրեց մինչև 10 միլիոն եվրո[19]։ ՎիքիԼիքսի կողմից հրապարակված փաստաթղթերի համաձայն, Ռուսաստանի ԱԴԾ գիտեր Մլադիչի գտնվելու վայրի մասին, սակայն թաքցնում էր այդ տեղեկատվությունը[20]։

2010 թվականի մայիսին Մլադիչի ընտանիքը հայտնել է գեներալին մահացած ճանաչելու որոշման մասին։ Ըստ Սերբիայի օրենքների՝ մահացած կարող է ճանաչվել 70 տարեկանից բարձր անձը, ում մասին հավաստի տեղեկատվություն չկա հինգ տարվա ընթացքում։ Հայտը ներկայացվել է նույն տարվա հունիսին։ Սակայն Սերբիայի իշխանությունները հայտնել են, որ Մլադիչի որոնումները չեն դադարեցվելու անկախ այդ հայտից։ 2010 թվականի հունիսի վերջերին գեներալի ընտանիքի միջնորդագիրը մերժվել է ընթացակարգային խախտումների պատճառով[21]։

2011 թվականի մայիսի 26-ի առավոտյան Ռատկո Մլադիչը ձերբակալվել է Լազարևո գյուղում (Բելգրադից մոտ 80 կմ դեպի հյուսիս-արևելք), հայտնել է Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը[22], իսկ հարցաքննությունը հետաձգվում է ձերբակալվածի վատ ինքնազգացողության պատճառով[23]։ Հունիսի 1-ին նրան ուղղաթիռով տեղափոխել են Հաագա[24]։ Հունիսի 3-ին Մլադիչը Հաագայի տրիբունալի առաջ կանգնեց[25]։

Ռատկո Մլադիչի ձերբակալության դեմ բողոքի ակցիաները անց էին կացվում ձերբակալության օրվանից՝ մայիսի 26-ից մինչև 2011 թվականի հունիսի սկիզբը Նովի Սադ, Բելգրադ, Բանյա Լուկա, Իստոչնո Սարաևո, Կոզարսկա-Դուբիցա, Վլասենիցա, Տրեբինե, Բիելինա և Դերվենտա քաղաքներում։ Առավել բազմամարդ ելույթներ են անցել Բելգրադում մայիսի 29-ին[26] և Բանյա-Լուկայում մայիսի 31-ին։

Ընտանիք

խմբագրել

Կինը՝ Բոսան, աղջկական ազգանունը Յեդիչ, ծննդով Հերցեգովինայից է։ Նրանք ծանոթացել են, երբ Մլադիչը ծառայում էր Մակեդոնիայում, որտեղ էլ նրանք պսակադրվել են 1966 թվականի ամռանը։ Որդին՝ Դարկոն, ամուսնացած է, նրա կինը՝ Բիլյանան 2006 թվականի մարտի 2-ին որդի է լույս աշխարհ բերել։ Ռատկոյի թոռան անունը դրել են Ստեփան՝ Սուրբ Ստեփանի պատվին, ով համարվում է Սերբիայի Հանրապետության բարեխոսը։ Նրա ծնողները բնակվում են Բելգրադի Բանովո Բրդո թաղամասում։

1994 թվականի մարտի 24-ին Մլադիչի 23-ամյա դուստրը՝ Աննան, ով բժշկական համալսարանի ուսանողուհի էր, ինքնասպանություն է գործել։

2009 թվականի մարտի 11-ին Ռուսաստանի գրողների միությունում անց է կացվել Ռատկո Մլադիչին «Կայսերական մշակույթ» մրցանակի հանձնման արարողությունը, որը Ռատկոի փոխարեն ստացել է նրա որդի՝ Դարկոն[27]։

Մեղադրանքներ ռազմական հանցագործություններում և դատը

խմբագրել

Նախկին Հարավսլավիայի հարցերով Միջազգային տրիբունալը 1995 թվականի հուլիսի 25-ին 16 կետերով առաջին մեղադրանքն է ներկայացրել Մլադիչի դեմ, նրանցից մեկը «ցեղասպանություն» հոդվածով և երեքը՝ «մարդկության դեմ հանցագործության» հոդվածով։ Այդ ամենածանր հոդվածները վերաբերում էին այդ թվում Սարաևոի շրջափակումը, որի արդյունքում մահացել է քաղաքի մոտ 10 հազար բնակիչ, այդ թվում զինծառայողներ և քաղաքացիականներ։ Քաղաքը գնդակոծվում էր ոչ միայն հրետանուց, այլ նա դիպուկահարների կողմից, ովքեր միտումնավոր ընտրում էին քաղաքացիական բնակչությանը, այդ թվում նաև երեխաներին։ Եվ մեկ մեղադրանք 20 կետով վերաբերում էր Սրեբրենիցա մուսուլմանական անկլավի իրադարձություններին և առաջադրվել է 1995 թվականի նոյեմբերի 16-ին[28]։

Հաագայի տրիբունալի պահանջով Մլադիչին զրկեցին թոշակից, որը կանոնավոր վճարվում էր մինչև 2005 թվականի նոյեմբերը։ Նրա ամբողջ անշարժ գույքը սառեցվել է՝ համաձայն Հաագայի փախստականների ունեցվածքի սառեցվելու մասին օրենքի, որն ընդունվել է Սերբիայի և Չերնոգորիայի խորհրդարանի կողմից 2006 թվականի ապրիլի 7-ին[6][10]։ Ինքը՝ Մլադիչը, մինչև 2002 թվականը չի թաքնվել, նրան շատ հաճախ կարելի էր տեսնել մարզադաշտերում ֆուտբոլային խաղերի ժամանակ։ Հաագայի տրիբունալի մասին նա ասում էր, որ «այդ դատաստանը ստեղծված է, որպեսզի Բալկաններում արյունահեղությունների համար ամբողջ մեղքը գցի սերբերի վրա»։ Մլադիչը ասաց, որ Հաագա նա կներկայանա այն դեպքում, եթե այնտեղ «կամավոր ներկայանան այն գեներալները, ովքեր պատերազմում էին Վիետնամում, ռմբակոծում էին Հարավսլավիան»[29]։

Մլադիչի դատը սկսվել է 2012 թվականի մայիսի 16-ին, սակայն հաջորդ օրը դադարեցվել է դատախազի բացման խոսքի բարձրաձայնումից հետո ընթացակարգային խախտումների պատճառով և շարունակվել է հուլիսի 9-ին[30]։ Մեղադրական ակտում առկա էր 11 կետ․ Մլադիչը մեղադրվում է պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ցեղասպանության, մարդկության դեմ այլ հանցագործությունների մեջ, որոնք կատարվել են 1992-1995 թվականներին Բոսնիա և Հերցեգովինայում[31]։ Մլադիչը հերքում է մեղադրանքները։ Առաջին անգամ կանգնելով դատարանի առաջ՝ նա պնդում էր[32].

  Ես պաշտպանել եմ իմ ժողովուրդը և իմ երկիրը, այլ ոչ թե ինքս ինձ։ Ես խորվաթներին չեմ սպանել նրանց ազգության պատճառով, ես ուղղակի պաշտպանել եմ Հայրենիքը։  

Նրա փաստաբանը բողոքարկում է այն, որ Մլադիչը ուղղակի կատարում էր հրամանները, ինչպես նաև տառապում է հիշողության խանգարումով, և նա դժվարանում է սահմանազատել իրականությունն ու հորինվածքը[33]։ 2012 թվականի դեկտեմբերին Սրեբրենիցայում հանցագործությունների համար ցմահ բանտարկության է դատապարտվել Մլադիչի տեղակալ գեներալ Զդրավկո Տոլիմիրը[34]։

2014 թվականի հոկտեմբերին նախկին Հարավսլավիայի հարցերով Միջազգային տրիբունալի նախագահ Թեոդոր Մերոնը հայտնեց, որ գեներալ Մլադիչի գործով դատավճիռը սպասվում է 2017 թվականի մարտից ոչ շուտ։ Ընդ որում, բժիշկները հայտնում են, որ Մլադիչը առողջական իրավիճակից ելնելով, չի կարող մասնակցել դատական գործընթացին շաբաթական չորս օրից ավել[35]։

Ռատկո Մլադիչի կերպարը մշակույթում

խմբագրել
  • Սերբական կատարողներ Ժարեն և Գոցին գեներալին երգ են նվիրել[36]։
  • Կանադական Godspeed You! Black Emperor խումբը ձայնագրել է 20 րոպեանոց «Mladic» ստեղծագործությունը[37]։
  • Բոսնիա և Հերցեգովինայից սերբիացի երգիչ Ռոդոլյուբ Վուլովիչը Մլադիչին նվիրել է «Generale, generale» երգը[38]։

Գրականություն

խմբագրել
  • Блажановић J. Генерали Војске Републике Српске. — Бања Лука: Борачка организациjа Републике Српске, 2005. — 304 с.
  • Булатович, Л. Сербский генерал Младич. Судьба защитника Отечества. — М.: Ихтиос, 2013. — 556 с. — ISBN 978-5-8402-0348-3
  • Булатовић, Љ. Генерал Младић. - Београд-Бањалука-Добој։ Нова Европа, Глас Српски, Графичар, 1996
  • Булатовић, Љ. Рапорт команданту. — Београд: Поета, 2009. — 470 с. — ISBN 978-86-86863-19-5
  • Гуськова, Е. Ю. История югославского кризиса (1990-2000). — М.: Рус. право, Рус. нац. фонд, 2001. — 720 с. — ISBN 5941910037
  • Югославия в XX веке: очерки политической истории / К. В. Никифоров (отв. ред.) и др. — М.: Индрик, 2011. — 888 с. — ISBN 9785916741216
  • Milutinović, M. Rat je poćeo rijećima. — Banja Luka: Grafid, 2010. — 495 p. — 1000 экз. — ISBN 978-99955-41-15-6
  • Radinović, R. Laži o sarajevskom ratištu. — Beograd: Svet knjige, 2004. — 261 p. — 1000 экз. — ISBN 86-7396-076-2

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Munzinger-Archiv — 1913.
  2. 2,0 2,1 2,2 Булатович, 2013, էջ 94
  3. 3,0 3,1 Булатович, 2013, էջ 95
  4. Булатович, 2013, էջ 98
  5. Булатович, 2013, էջ 106
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Biografija Ratka Mladića» (սերբերեն). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. Югославия в XX веке, 2011, էջ 810
  8. 8,0 8,1 «Очерки военной истории конфликта в Югославии (1991-1995)». ArtOfWar. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
  9. Гуськова, 2001, էջ 249
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Biografija Ratka Mladića» (սերբերեն). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  11. «Istorijat». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17 lang=sr-ին. {{cite web}}: Missing pipe in: |accessdate= (օգնություն)
  12. 12,0 12,1 «Очерки военной истории конфликта в Югославии (1991-1995)». ArtOfWar. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
  13. «В Гааге возобновился процесс над Ратко Младичем». Lenta.ru. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  14. «Младич слушает обвинение». Газета.ру. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  15. Булатович, 2013, էջ 182
  16. Гуськова, 2001, էջ 316
  17. 17,0 17,1 Biografija Ratka Mladića (серб.). Проверено 8 декабря 2014
  18. Булатович, 2013, էջ 96
  19. Zehn Millionen Euro Kopfgeld für Mladic(գերմ.)
  20. «Сербия подозревает, что русские помогают разыскиваемому Ратко Младичу». Инопресса.ру. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  21. «Младич, Ратко». Lenta.ru. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  22. «В Сербии арестован генерал Ратко Младич». Газета.ру. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  23. «Допрос Младича прекращен из-за плохого самочувствия арестованного». РИА Новости. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  24. «Младича отправили из Белграда в Гаагу». Lenta.ru. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  25. «Ратко Младич отказался признать вину». Lenta.ru. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  26. «На митинг против ареста Младича вышли десять тысяч человек». Lenta.ru. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  27. Пока сербские чиновники твердят о скорой поимке Ратко Младича, генералу вручили в Москве премию «Имперская культура». Русская линия.
  28. «Podaci o predmetu» (PDF) (սերբերեն). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  29. «Президент Сербии объявил об аресте Ратко Младича». Вести.ру. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  30. Гаагский трибунал вернулся с каникул к делу Ратко Младича. Вести.Ru
  31. Суд над Ратко Младичем начнется в середине 2012 года. Вести.Ru
  32. «Ратко Младич отказался признать вину». Лента.ру. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  33. В Гааге началась защита Ратко Младича. BBC Russian (19 мая 2014)
  34. За координацию в Сребренице – пожизненное. Евроньюс (12.12.2012)
  35. «Вынесение приговора по делу Ратко Младича откладывается до марта 2017 года». un.org. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  36. «‪ZARE i GOCI - GENERAL RATKO MLADIC (OFFICIAL SONG) 2011» (սերբերեն). YouTube. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  37. «Godspeed You! Black Emperor - Mladic» (անգլերեն). YouTube. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  38. «Rodoljub Roki Vulovic - Generale,generale» (սերբերեն). YouTube. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռատկո Մլադիչ» հոդվածին։