Ջեմալ Աջիաշվիլի
Ջեմալ (Սեմյոն, Շիմոն) Աջիաշվիլի (մարտի 23, 1944, Սենակ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 5, 2013), խորհրդային և վրաց բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակագիր, թատերագիր, գիտնական, հասարակական գործիչ[1]
Ջեմալ Աջիաշվիլի | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1944 |
Ծննդավայր | Սենակ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 5, 2013 (68 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ, բանաստեղծ, թարգմանիչ և հասարակական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Վրաստանի խորհրդարանի պատգամավոր |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1944 թվականի մարտի 23-ին, Սենակիում։ Վրաստանի հրեա է։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի պարսկերենի բաժինը, դեռ ուսանողական տարիներից թարգմանությոններ կատարել պարսից դասական պոեզիայից՝ Ֆիրդուսու, Խայամի, Սաադիի ստեղծագործություններից։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Իրանում, 1970−1980 թվականներին հիմնականում զբաղվել թարգմանչական և դասախոսական աշխատանքներով։ 1974—1990 թվականներին աշխատել է որպես Վրաստանի գրողների միությանն առընթեր գեղարվեստական թարգմանության և գրական կապերի գլխավոր խմբագրական կոլեգիայի ավագ գիտական խմբագիր[2]։ Միաժամանակ դասախոսել է Թբիլիսիի պետական համալսարանում և օտար լեզուների ինստիտուտում։
1988 թվականից աշխատանքի է անցել Թբիլիսիի պետհամալսարանի վրաց և օտար երկրների գրական կապերի գիտահետազոտական լաբորատորիայում։
1993 թվականից գլխավորել է Օրբելիանու անվան մանկավարժական համալսարանի արևելագիտության ամբիոնը, 1997 թվականից՝ հրեական ժողովրդական համալսարանը։ Վրաստանի թատերական գործիչների միության անդամ էր 1977, գրողների միության անդամ՝ 1980 թվականից։
Մահացել է 2013 թվականի հունվարի 5-ին[3]։
Ստեղծագործություններ
խմբագրել1979 թվականին վրացերեն հրատարակել է ԽՍՀՄ-ում եզակի համարված թարգմանական մի ժողովածու՝ «Միջնադարյան հրեական պոեզիա»-ն, որ լայն արձագանք է գտել ողջ աշխարհում։
Հեղինակել է «Արթնացի՛ր, տավի՛ղ» թատերգությունը Վրաստանի հրեաների ճակատագրի մասին։ Թատերական այդ երկը, որ գրված է մեկ դերասանի համար, առաջին անգամ բեմադրվել է 1988 թվականին, Իսրայելում։ Իսկ Վրաստանում այն ներկայացրել է հանրաճանաչ դերասան և հաղորդավար Կոտե Մախարաձեն։ Բացի այդ, Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան դրամատիկական թատրոնում հաջողությամբ բեմականացվել են Կառլո Գոցցիի «Կապույտ անդունդ» և Չիկամացուի «Սիրահարների ինքնասպանությունը՝ կղզու երկնային շուրթերին» թատերական ստեղծագործությունները՝ Աջիաշվիլու թարգմանությամբ։ Նրա հիշարժան գործերից է և այն, որ գեղարվեստական պատշաճ մակարդակով վրացերենի է փոխադրել համաշխարհային դասական պոեզիայի բազում ստեղծագործություններ՝ աստվածաշնչյան սաղմոսներ, անդալուզցի հրեա բանաստեղծների չափածո երկեր, հին եգիպտական ծիսական երգեր, պարսից դասական պոեզիայի գողտրիկ նմուշներ, Շեքսպիրի, Տիրսո դե Մոլինայի, Կառլո Գոցցիի, Դանթեի, Պետրարկայի, Միքելանջելոյի, Ռիլկեի, Մայակովսկու, Բորիս Պաստեռնակի և հանրաճանաչ բազմաթիվ այլ հեղինակների բարձրաժեք գեղարվեստական ստեղծագործություններ։
Պարսկերենից զատ՝ Աջիաշվիլին ազատորեն կարդում էր ու թարգմանում իվրիտից, արաբերենից, անգլերենից, իսպաներենից, իտալերենից, ռուսերենից, ֆրանսերենից ու ճապոներենից։
Հասարակական գործունեություն
խմբագրելԱջիաշվիլին եռանդուն կերպով մասնակցել է Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքին. եղել է Վրաստանի Պետական խորհրդի անդամ (1992), երեք անգամ ընտրվել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր (1992, 1995 և 2000 թթ.): 2009-ին ընտրվել է հրեական համաշխարհային կոնգրեսի Վրաստանի մասնաճյուղի գլխավոր տնօրեն։ Եվրասիական հրեական կոնգրսի ստեղծման պահից այդտեղ ներկայացրել էՎրաստանի հրեական համայնքը, ընտրվել է այդ կոնգրեսի գլխավոր խորհրդի անդամ։
Պարգևներ
խմբագրել- Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ (1984),
- Պատվո նշան շքանշան (1996),
- Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում (2004)
- Փարիզի վրաց-եվրոպական ինստիտուտի Իլիա Ճավճավաձեի անվան մրցանակ (1991)
- Մաչաբելու անվան մրցանակ (1995)
- արտասահմանյան մի շարք գրական մրցանակներ
Գրականություն
խմբագրել- Российская еврейская энциклопедия / Гл. ред. Г. Г. Брановер (т. 1) — Москва, ЭПОС, 1997. — с. 23 — ISBN 965-293-033-4
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Памяти Джемала Аджиашвили». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Джемал Аджиашвили - Биография
- ↑ Ушёл замечательный человек