Ջավախքի հայ կաթոլիկներ (խոսակցական լեզվում՝ «ֆռանգ», «ֆռանկ»)[1], Հռոմի կաթոլիկ եկեղեցու արևելաեվրոպական թեմին պատկանող ազգությամբ հայ ներկայացուցիչներն են, ովքեր հաստատվել են Ախալքալաքի գավառում 19-րդ դարի առաջին կեսին։ Այսօր Վրաստանի Սամցխե-Ջավախքի կաթոլիկների թիվը կազմում է մոտավորապես 50 հազար և տեղաբաշխված է Ախալքալաքի շրջանի Ալաստան, Տուրցխ, Վարևան, Բավրա,Ղազանչի Խուլգումո, Կարտիկամ, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա, Ժդանովական, Թորիա, Ուջմանա, Ասփարա, Նոր Խուլգումո, Կաթնատու և Ախալցխայի շրջանի Սուխլիս, Ղուլալիս, Ծղալթբիլա, Ծինուբան, Մոխրեբ (Նիոխրեբ, Աբաթխսև, Ջուլղա) գյուղերում։

Ժամանակագրություն խմբագրել

Սկսած 11-րդ դարից՝ Կիլիկյան Հայաստանի ժամանակաշրջանից, Հռոմեական կաթոլիկ եկեղեցին ձեռնարկում է ծավալուն միսիոներական գործունեություն։ Կաթոլիկություն տարածելու ջանքերը կոորդինացնելու և ավելի արդյունավորելու համար Գրիգոր XV Պապի 1622 թ-ի որոշմամբ հիմնվում է «Հավատի պրոպագանդայի Սուրբ միաբանությունը» Արխիվացված 2012-12-13 Wayback Machine։ Կրոնափոխ էր լինում հատկապես թուրքական գյուղերի և քրդական աշիրեթների հոծ շրջապատման մեջ գտնվող ֆիզիկական բնաջնջման և բռնի իսլամացման երկընտրանքի առջև կանգնած հայ բնակչությունը։ XIX դարի սկզբին կաթոլիկ հայերի համայնքներ կային Բարձր Հայքում և Տայքում, որոնք 1829 թ-ի հոկտեմբերի 7-ին ռուս-թուրքական հաշտության Ադրիանապոլսի պայմանագրի 13-րդ հոդվածի ընձեռած հնարավորություններով հայ հիմնական գաղթականության հետ անցան ռուսական կայսրության սահմանները։ 1830 թ-ի ամռանը Հայ առաքելական եկեղեցու մոտ 58 հազար հետևորդ հայեր Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու և այլ ավագների առաջնորդությամբ, նախապես ստանալով գեներալ Պասկևիչի թույլտվությունը, վերջինիս զորքի հետ հեռանում են իրենց բնակավայրից և հաստատվում ներկայիս Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի (Բոգդանովկայի) շրջաններում։ Իրենց տարածքներից հեռանում են նաև հայ կաթոլիկները։ Նույն՝ 1886 թ-ին, միայն Ախալքալաքի գավառում հաշվվում էր 63,8 հազար բնակչություն, որից 46386-ը՝ հայեր (39150-ը՝ առաքելական, 7236-ը՝ կաթոլիկ)։

Նոր ջարդերից խուսափելու համար իր բնակավայրերից հեռանում է և հայ ազգաբնակչությունը՝ գաղթելով դեպի Բակուրիանի և Ծալկայի լեռնային անտառները։ Այդ օրերին Ջավախքի հայախոս երեք՝ Հեշտիա, Ուջմանա, Թորիա և ժամանակին պարտադրանքով թրքախոս դարձած որոշ կաթոլիկ գյուղեր, թուրքական հրամանատարությունից ստանում են այսպես կոչված ‹‹Վեհիբ փաշայի մանդատներ››, որոնք հնարավորություն էին ընձեռում արժանանալու թուրքերի և «մեսխեթցիների» լոյալ վերաբերմունքին։ Արդյունքը լինում է այն, որ նշյալ գյուղերի բնակչությունը չի գաղթում և զերծ է մնում (ի տարբերություն այլ՝ չգաղթած գյուղերի բնակչության) կոտորածներից։ Համաձայն նույն վկայությունների՝ թուրք հրամանատարները այդ գյուղերի բնակիչներին դիմել են հետևյալ կոչով. «Դուք` կաթոլիկներդ, հայեր չեք, այլ ավստրիացի և գերմանացի, դրա համար ձեզ չենք կոտորի, քանի որ հետո միասին ենք ապրելու… դիմում ենք ձեզ, հեռու մնացեք մյուս քրիստոնյաներից … »:

XIX դ. 60-80 թթ. վրացական եկեղեցու՝ հայությանը դավանափոխ անելու սլաքն ուղղված էր հատկապես կաթոլիկություն դավանող հայկական գյուղերին` Բավրայի, Խուլգումոյի, Կարտիկամի, և Տուրցխի բնակչությանը։ Ախալքալաքի գավառապետ իշխան Սմբաթովը աշխարհագիր անցկացնելու ժամանակ փորձել է այս գյուղի բնակիչներին վրաց հոգևորականության պահանջով որպես վրացիներ գրանցել, կաթոլիկ հայերը միահամուռ ընդդիմացել են, ասելով, որ իրենք ոչ թե վրացի են, այլ հայ[2]։

Միայն 1909-ին Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարքարանի առաջնորդությունից զրկված կաթոլիկ հայերի համար Հռոմի Աթոռը ռուսական իշխանությունների համաձայնությամբ ամբողջ Կովկասի համար առաքելական կառավարիչ է նշանակում Սարգիս վարդապետ Տեր-Աբրահամյանին։ Վերջինս պաշտոնավարում է մինչև խորհրդային կարգերի հաստատումը։

Լեզու խմբագրել

Ջավախքի հայ կաթոլիկները բաժանվում են 3 մասի՝ մշեցի ֆռանգներ, խաս ֆռանգներ, գբո ֆռանգներ։

1. Մշեցի ֆռանգները Նինոծմինդայի շրջանում հաստատված Հեշտիա, Ուջմանա, Թորիա և նրանցից տեղափոխված Ժդանովական և Կաթնատու գյուղերի բնակիչներն են։ Ինչպես նշվեց, նրանք 1830 թ. Խնուսից գաղթած վերաբնակների սերունդներն են։ «Մշեցի» անունը ստացել են հավանաբար Մշո բարբառով խոսելու պատճառով։ Չնայած հետագա հարյուրամյակի ընթացքում Կարնո բարբառը «հաղթող» դուրս եկավ, այժմ էլ այս գյուղի բնակիչների շրջանում զգացվում է Մշո խոսվածքը։

2. Խաս են կոչվում Ալաստան և Վարևան գյուղերի բնակիչները։ Ալաստանցիների մեկնաբանությամբ սեփական «խասությունը», այսինքն՝ «մաքրությունը», «կատարելությունը» այն է, որ երբևէ թրքախոս չեն եղել։ Այս հանգամանքով էլ իրենք իրենց առանձնացնում են ժամանակին թրքախոս նախկին վելցի կաթոլիկ հայերից։ Համաձայն մեկ այլ բացատրության՝ հարևաններն իրենց «խաս» են կոչում, քանզի միշտ մերժելով լատինածես արարողակարգը, հավատարիմ են մնացել Հայ կաթողիկե եկեղեցու հայածես ավանդույթներին8։

3. «Մշեցի ֆռանգների» կողմից ժամանակին թուրքերեն խոսացող կաթոլիկ հայերին տվել են գբո անունը։ «Գբոներ» նշանակում է կոշտ, կոպիտ մարդ։ «Գբո» են անվանվում Ախալքալաքի Բավրա, Խուլգումո, Կարտիկամ, Տուրցխ և Նինոծմինդայի Ասփարա, Նոր Խուլգումո գյուղերի բնակչությունը։

Հոգևոր –եկեղեցական կյանքը խմբագրել

Սամցխե-Ջավախքի (և ընդհանրապես Վրաստանի) հայերի կաթոլիկ համայնքը ներառված է Հայ կաթոլիկ (կաթողիկե) եկեղեցու Արևելաեվրոպական թեմում (Առաջնորդարանը՝ Գյումրիում) որպես Վրաստանի ճյուղ։ Սամցխե-Ջավախքը բաղկացած է երկու ժողովրդապետությունից՝ Ախալցխայի և Ախալքալաք-Նինոծմինդայի, համապատասխանաբար՝ Ծղալթբիլա (Ս. Խաչ) և Տուրցխ (Ս. Աստվածածին) կենտրոններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հռոմի Աթոռի հետ միության կողմնակիցներին Հայաստանում անվանում էին նաև «ծայթ», «աղթարմա», «ֆռանգ»։ Միջնադարում «ծայթ» էին անվանում քաղքեդոնական հայերին։
  2. Ե. Լալայան, Երկեր, հ1, Երևան, 1983, էջ 87

Արտաքին հղումներ խմբագրել

Օգտագործված գրականության ցանկ խմբագրել

  1. Ալիշան Ղ., Շիրակ, Վենետիկ 1881։
  2. Զուռնաջյան Ս., Ջավախք, ժամանակագրություն, Երևան, 2002։
  3. Լալայան Ե., Ջավախք, Թիֆլիս 1897։
  4. Մելքոնյան Ա. , Երզրում, Երևան 1994։
  5. Մելքոնյան Ա. , Ջավախք, Երևան 1999։
  6. Արեստակես Սիմավորյան, ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ Ջավախահայության դավանանքային և տեղեկատվական վիճակի ուսումնասիրություն, Երևան, 2009։
  7. Кавказский календарь на 1893 год, Тифлис 1892.
  8. Мартен А.Католическая энциклопедия, т.1, 2002։
  9. Петросян А., Франги։ историко-этнографическое исследование։