Պունշ (գերմ.՝ punsch, անգլ.՝ punch) ալկոհոլային կոկտեյլների հավաքական անուն, որոնք սովորաբար մրգեր կամ մրգային հյութեր են պարունակում։ Ավանդաբար մատուցվում է խնջույքների ժամանակ, լայն մեծ տարաների մեջ, որոնց մեջ մրգեր են «լողում»[1][2]։ Խմիչքը Անգլիա էր ներկրվել Հնդկաստանից 17–րդ դարի սկզբին և տարածվել Եվրոպայում։ Գոյություն ունի նաև նմանատիպ անվամբ շվեդական և ֆիննական ալկոհոլային խմիչք՝ անգլ.՝ Punsch, ֆիններեն՝ Punssi:

Պունշ
ԵնթատեսակԿոկտեյլ
 Punch (drink) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Պունշն առաջին անգամ հայտնվեց Հնդկաստանում, անունը ծագում է հինդի panch («հինգ») բառից (և ծագում է սանսկրիտի panchan-s) բառից[3]։ Դա 5 բաղադրիչներից՝ ռոմից, շաքարից, լիմոնի հյութից, տաք ջրից և թեյից պատրաստված տաք խմիչք էր։ Հնդկաստանում խմիչքը կոչվում էր paantsch:

17-րդ դարի սկզբին բրիտանական Օստ Իդնիայի ծովագնացները Հնդկաստանից պունշը ներկրեցին Անգլիա և այնտեղից այն տարածվեց Եվրոպայում։ Սկզբում այն պատրաստում էին բրենդիի և գինու հիման վրա, քանի որ ռոմը հայտնի դարձավ միայն XVII-րդ դարի վերջին։ Առաջին անգամ «պունշ» (անգլ.՝ punch) տերմինը գրանցվեց բրիտանական փաստաթղթերում 1632 թվականին։

Ժամանակի ընթացքում պունշի պատրաստման եղանակները շատացան և դրանց համար միակ ընդհանուր բանը դա մրգային հյութն է, որը մտնում է բոլորի բաղադրության մեջ։ Պունշը երբեմն մատուցում են սառը կամ պատրաստում են նույնիսկ ոչ ալկոհոլային կոկտեյլ զանազան մրգային հյութերից, թարմ կամ պահածոյացված հատապտուղներից և մրգերից, որը նույնպես պունշ է կոչվում։

Ռոմի պունշ խմբագրել

Ռոմով պատրաստվում է «պլանտատորի պունշ» (Planter’s Punch), բարբադոսյան ռոմի պունշ (Bajan Rum Punch), կարիբյան ռոմի պունշ (Caribbean Rum Punch): «Ամենաիսկական» ռոմի պունշերը՝ պլանտատորի և բարբադոսյանն են։

Բարբադոսյան պունշը պատրաստվում է ռոմի պունշի պատրաստման ամենահին բաղադրատոմսերից մեկով։ Դրա բաղադրատոմսը հանգավորված է՝ «One of Sour, Two of Sweet, Three of Strong, Four of Weak», ինչը նշանակում է մեկ բաժին լիմոնի հյութ, 2 բաժին շաքար, 3 բաժին ռոմ (նախընտրելի է բարբադոսյան), 4 բաժին ջուր։ Խմիչքի մեջ ավելացվում է անգոստուրա և մշկընկույզ[4]։

Պունշը Գերմանիայում խմբագրել

«Zuckerhut» շաքարի այրվող կտորը «Feuerzange» ցանցի վրա
 
Feuerzangenbowle պունշ

Գերմանիայում պունշ (գերմ.՝ punsch) անվանում են զանազան մրգային հյութերի խառնուրդից պատրաստված խմիչքը տարբեր համեմունքներով, հաճախ գինու կամ լիկյորի ավելացմամբ։ Ֆրիդրիխ Շիլլերը (1759-1805) նկարագրեց պունշի բաղադրատոմս 4 բաղադրիչներից՝ լիմոն, շաքար, ջուր և ալկոհոլային խմիչք իր՝ Punschlied բանաստեղծության մեջ։

Գերմանիայում Սուրբ Ծննդի ավանդական տոնակատարությունը ներառում է գերմ.՝ Feuerzangenbowle «շիկացած ուտելիքների խմիչք», այրող պունշ։ Կարմիր չոր գինով լի տարան, որի մեջ համեմունքներ են ավելացված (դարչինի ձողիկներ, մեխակ, նարնջի կեղև, ինչպես և գլինտվեյնում), տաքացնում և վերևից դնում են գերմ.՝ Feuerzange հատուկ ցանց, որի փոխարեն հնում օգտագործում էին բուխարու վանդակ։ Վանդակի վրա դնում են գերմ.՝ Zuckerhut շաքարի գլուխ (կոնաձև շաքարի մեծ կտոր), որը ցանում են ռոմով (54 % ոչ պակաս թունդությամբ) և այրում։ Շաքարը հալչում է, ռոմ ավելացնում են այնքան ժամանակ, մինչև ողջ շաքարը չհոսի գինու մեջ։ Խմիչքը շարունակում են տաքացնել քանի դեռ այն մինչև վերջ չի խմվել։

Պունշը մեր օրերում խմբագրել

Այսօր «պունշ» բառը համարվում է ոչ ավելին քան հավաքական տերմին նման բազում խմիչքների համար։ Գոյություն ունեն բազում տարբերակներ, որոնք հեռու են ավանդական պունշից։ Օրինակ՝ այն կարող է մատուցվել սառը վիճակում, դրա մեջ կարող են ավելացվել այլ բաղադրիչներ (մեղր, թեյ, մրգի կտորներ), ռոմի փոխարեն կարող է օգտագործվել մեկ այլ թունդ խմիչք (կոնյակ, բուրբոն)։ Պունշ կարող է կոչվել նաև ոչ ալկոհոլային կոկտեյլը պատրաստված զանազան մրգային խմիչքներից, թարմ և պահածոյացված մրգերից և հատապտուղներից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Punch at dictionary.com
  2. Edwards, Graham and Sue. The Language of Drink, Alan Sutton Publishing, 1988.
  3. Punch at the Online Etymology Dictionary
  4. David Wondrich (2004). Esquire Drinks. Hearst Books. էջ 192. ISBN 1588162052.

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել