Սոլոն կամ Սողոն (հունարեն՝ Σόλων, մոտ մ. թ. ա. 630[1], Հին Աթենք - մոտ մ. թ. ա. 560[1], Կիպրոս, Ակրոտիրի և Դեկելիա, Միացյալ Թագավորություն[2]), Հին Հունաստանի Աթենք քաղաքի հայտնի պետական գործիչ, օրենսգիր և բանաստեղծ։ Հին Հունաստանի յոթ իմաստուններից մեկը։

Սոլոն
հին հունարեն՝ Σόλων ο Αθηναίος
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 630[1]
ԾննդավայրՀին Աթենք
Մահացել էմոտ մ. թ. ա. 560[1]
Մահվան վայրԿիպրոս, Ակրոտիրի և Դեկելիա, Միացյալ Թագավորություն[2]
ՔաղաքացիությունՀին Աթենք
Մասնագիտությունկանոնագիր, բանաստեղծ, գրող, փիլիսոփա և elegist
Զբաղեցրած պաշտոններԱթենքի արխոնտ
 Solon Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սոլոնն իր ծագումով պատկանում էր հին էվպատրիդական դասին՝ սերվելով ազնվական, սակայն աղքատ ընտանիքից։ Արդեն երիտասարդ տարիքում Սոլոնը զբաղվում էր առևտրով։ Արիստոտելը և Պլուտարքոսը հաղորդում են, որ Սոլոնն ըստ իր բարեկեցության պատկանում էր բնակչության միջին դասին։
Մ.թ.ա. 594 թ. Սոլոնն ընտրվում է Աթենքի արքոնտ։ Պաշտոնը ստանձնելիս՝ նա հրաժարվում է արքոնտների ավանդական երդումից, որով ստանձնում էին պահպանել տիրող օրենքները։

Բարեփոխումները խմբագրել

Առաջին օրենքը, որով սկսվեց Սոլոնի գործունեությունը, սիսախֆիան էր (թոթափում), որով արգելվեց պարտքը չվճարելու պատճառով ստրկությունը և իջեցվեցին տոկոսադրույքները։ Սակայն սկզբնական շրջանում ոչ ոք չէր կարողանում առանց փոխհատուցման դադարեցնել աթենական հողատերերի ստրկացումը։ Հողերը, որոնց վրա կանգնեցված էին պարտային սյուներ, հայտարարվեցին պարտքերից ազատ և վերադարձվեցին իրենց տերերին։ Ստրկությունից աթենական հողատերերի ազատագրումը առաջին քայլն էր հետագա բարեփոխումների ճանապարհին։
Հողային բարեփոխումներից հետո Սողոնը իրականացրեց տնտեսական համալիր քաղաքականություն, որով նա աջակցություն էր ցուցաբերում արհեստավորներին։ Այլ քաղաքներից Աթենք եկած արհեստավորներին իրավունք էր տրվում այնտեղ բնակվել։ Մեկ այլ օրենքով, իրենց որդուն արհեստ չսովորեցրած ծնողները զրկվում էին ծերության օրոք նրանից օգնություն պահանջելու իրավունքից։
Սոլոնն արգելեց ցորենը Աթենքից դուրս տանելը և խրախուսեց ձիթապտղի մշակումը, որը դարձավ գյուղատնտեսության բարգավաճող ճյուղ։

 
Սողոնի արձանը ԱՄՆ կոնգրեսի գրադարանում։

Հողային հարցի հետ կապված ռեֆորմների իրականացնելուց հետո Սոլոնը սկսեց ամրապնդել քաղաքական կարգը։ Հին ավագանու խորհրդի կողքին, որը այդ ժամանակ ստացել էր արեոպագոս անունը, Սոլոնը հիմնադրեց Չորս հարյուրի խորհուրդը, որի անդամներն ընտրվում էին ըստ ունեցվածքային ցենզի՝ յուրաքանչյուր փիուլեից հարյուր մարդ։

Սոցիալական բարեփոխումներ իրականացնելով, Սոլոնը պոլիսի ամբողջ բնակչությունը բաժանեց չորս ունեցվածքային դասերի՝ ըստ իրենց տարեկան եկամտի, որը չափվում էր գյուղատնտեսական մթերքով։
Այդ դասերն էին՝

  • Պենտակոսիոմեդիմնոսները, որոնց տարեկան եկամուտը կազմում է 500 մեդիմնոս (1 մեդիմնոս = 52.5 լ ) ցորեն։

Կարող էին ընտրվել արքոնտներ և գանձապահներ։

  • Հիպեիսները, որոնց եկամուտը կազմում էր ավելի քան 300 մեդիմնոս ցորեն։

Կարող էին պահել մարտական նժույգ։

  • Զևգիտները, որոնց տարեկան եկամուտը կազմում էր ավելի քան 200 մեդիմնոս ցորեն։

Ծառայում էին որպես հոպլիտեսներ։

  • Թետեսները, որոնց տարեկան եկամուտը 200 մեդիմնոսից պակաս էր։

Բարձրագույն զինվորական և արքոնտների պաշտոնները կարող էին ստանալ միայն առաջին դասի ներկայացուցիչները, երկրորդ դասը ներկայացված էր հեծելազորում, երրորդ դասը՝ ծանրազեն հետևակում և չորրորդը՝ թեթևազեն հետևակում։
Չորս հարյուրի խորհրդի մեջ կարող էին մտնել միայն առաջին երեք դասերի ներկայացուցիչները։

Բոլոր չորս դասերի ներկայացուցիչները իրավունք ունեին մասնակցել Ժողովրդական ժողովում, Ժողովրդական դատարանում, որը կրկին վերականգնվել էր։ Սոլոնը առաջին անգամ մտցրեց նաև ազատ կտակի սկզբունքը։ Եթե քաղաքացին չուներ օրինական որդիներ, ապա նա իրավունք ուներ կտակելու իր ունեցվածքը ում որ ցանկանում էր, այլ ոչ թե թողնել իր տոհմի որևիցե անդամի, ինչպես դա լինում էր նախկինում։ Այս օրենքով հաստատվում էր յուրաքանչյուրի իրավունքը ղեկավարել իր ունեցվածքը իր հայեցողությամբ, այլ ոչ թե տոհմի շահերին համապատասխան։

Ճանապարհորդությունը խմբագրել

 
Գ. վան Հոնտհորստ. «Սողոնը եւ Կրեսոսը»« (1624)

Պաշտոնավարությունն ավարտելուց հետո Սոլոնն սկսեց ճանապարհորդություն դեպի արեւելք։ Ճանապարհորդությունը տևեց տասը տարի (մ.թ.ա. 593-583 թթ.)։ Այդ ընթացքում նա եղավ Եգիպտոսում, Կիպրոսում, Լյուդիայում։ Եգիպտոսում նա հանդիպեց Ամասիս II փարավոնին, զրույցներ ունեցավ քրմերի հետ։ Կիպրոսում նրան որպես բարեկամ ընդունեց Սողոս Փիլոկիպրոս թագավորը։ Այնտեղ նա իր խորհուրդներն առաջարկեց նոր մայրաքաղաքի շինարարության վերաբերյալ, ինչի համար թագավորը քաղաքին տվեց Սոլի անունը։
Այնուհետև եղավ Լյուդիայի Սարդիս մայրաքաղաքում, հանդիպեց Կրեսոս արքային։ Կրեսոսի հետ կայացած զրույցը հիշատակվում է անտիկ շատ աղբյուրներում։ Մասնավորապես, դրա մասին գրել է Պլուտարքոսը։
Մ.թ.ա. 583 թ. Սողոնը վերադարձավ Աթենք։ Նրա ստեղծած օրենքները շարունակում էին գործել և նրա բացակայության ժամանակ դրանք փոխելու կամ չեղարկելու փորձեր չէին արվել։
Պլուտարքոսը գրում է, որ իր ճանապարհորդությունից հետո Սողոնն այլևս քաղաքականությանն ակտիվ մասնակցություն չի ունեցել։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Колобова К.М (1958). Очерки истории Древней Греции. Լենինգրադ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սոլոն հոդվածին