Պատերազմ և խաղաղություն (մինչհ. ռուս.՝ Война́ и миръ, ռուս.՝ Война́ и мир), ռուս գրող Լև Տոլստոյի վեպ-էպոպեան։ Համարվում է համաշխարհային գրականության կենտրոնական ստեղծագործություններից մեկը[1][2][3]։ «Պատերազմ և խաղաղություն» և «Աննա Կարենինա» (1875-77) վեպերը Տոլստոյի ամենահայտնի երկերն են։

Պատերազմ և խաղաղություն
ռուս.՝ Война и мир
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրռոմանտիկ գեղարվեստական գրականություն, պատմական գեղարվեստական գրականություն, պատերազմական գեղարվեստական ստեղծարործություն և փիլիսոփայական գեղարվեստական գրականություն
Ձևվեպ
ՀեղինակԼև Տոլստոյ
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն և ֆրանսերեն
Գրվել է1863
ՏեսարանՌուսական կայսրություն և Ավստրիական կայսրություն
ԿերպարներՆատաշա Ռոստովա, Andrei Nikolayevich Bolkonsky?, Pierre Bezukhov?, Hélène Kuragin?, Nikolai Rostov?, Fedor Ivanovich Dolokhov?, Anatole Kuragin?, Marya Bolkonskaya?, Sonya Rostova?, Petya Rostov?, Boris Drubetskoy?, Vasily Denisov?, Elisabeta Karlovna Bolkonskaya?, Prince Nikolay Bolkonsky?, Vasili Kuragin?, Anna Mikhaylovna Drubetskaya? և Platon Karataev?
ՀրատարակչությունРусский вестник
Հրատարակվել է1869
ՆախորդԿազակներ
ՀաջորդԱննա Կարենինա
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/tolstoi/kriegfri/kriegfri.html
ՎիքիքաղվածքՊատերազմ և խաղաղություն
 War and Peace
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պատերազմ և խաղաղություն (այլ կիրառումներ)

«Պատերազմ և խաղաղություն» վեպում հինգ տոհմերի պատմության միջոցով պատկերված է ֆրանսիացիների ներխուժումը Ռուսաստան և Նապոլեոնյան դարաշրջանի ազդեցությունը ցարական հասարակության վրա։ Վեպի մի հատվածը 1805 թվական[4] վերնագրով տպագրվել է «Русский вестник» ամսագրում 1865 թվականին։ Վեպն ամբողջությամբ առաջին անգամ տպագրվել է 1869 թվականին[5]։ 2009 թվականին Newsweek պարբերականի կազմած լավագույն հարյուր գրքերի ցանկում «Պատերազմ և խաղաղություն» վեպն զբաղեցնում էր առաջին հորիզոնականը[6]։ 2007 թվականին Time ամսագրի կողմից կազմված բոլոր ժամանակների տասը լավագույն գրքերի ցանկում «Պատերազմ և խաղաղություն» վեպը եղել է երրորդը, իսկ «Աննա Կարենինա» վեպը՝ առաջինը[7]։

Հայերեն թարգմանել է Ստեփան Զորյանը[8]։

Ստեղծման պատմություն խմբագրել

Էպոպեայի միտքը Տոլստոյի մոտ հղացել է շատ առաջ նրանից, երբ նա սկսել է աշխատել այն տեքստի վրա, որ ներկայում հայտնի է «Պատերազմ և խաղաղություն» վերնագրով։ «Պատերազմ և խաղաղություն» վեպի առաջաբանի ուրվագրում Տոլստոյը գրել է, որ 1856 թվականին սկսել է գրել վիպակ «որի հերոսը պիտի լիներ դեկաբրիստ, որն ընտանիքի հետ վերադառնում է Ռուսաստան։ Ակամա ներկա ժամանակից ես անցա 1825 թվականին... Սակայն 1825 թվականին էլ իմ հերոսն արդեն հասուն, ընտանիքատեր մարդ էր։ Նրան հասկանալու համար ես պիտի տեղափոխվեի նրա երիտասարդություն, իսկ նրա երիտասարդությունը համընկավ... 1812 թվականի ժամանակաշրջանի հետ»։ Այդպես Տոլստոյն աստիճանաբար ստիպված է եղել իր պատմությունն սկսել 1805 թվականից։

 
Բորոդինոյի թանգարանի շենքը, որտեղ տեղավորված է վեպին նվիրված ցուցադրությունը

Վիպակի վրա կատարվող աշխատանքը Տոլստոյը վերսկսել է մի քանի անգամ։ 1861 թվականի սկզբին նա Տուրգենևի համար կարդացել է «Դեկաբրիստներ» վեպի որոշ գլուխներ, որ գրել էր 1860 թվականի նոյեմբերից մինչև 1861 թվականի սկիզբը և հայտնել է Գերցենին, որ աշխատում է վեպի վրա[9]։ Սակայն նա մի քանի անգամ ընդհատել է աշխատանքը, մինչև 1863-1869 թվականներին գրել է «Պատերազմ և խաղաղություն» վեպը։ Որոշ ժամանակ Տոլտոյն իր վեպ-էպոպեան համարում էր այն պատմության մի մասը, որ պետք է ավարտվեր 1856 թվականին Պիեռի ու Նատաշայի վերադարձով սիբիրյան աքսորից (հենց այդ մասին են «Դեկաբրիստներ» վեպի պահպանված երեք գլուխները)։ Այդ մտահղացումն իրականացնելու վերջին փորձերը Տոլստոյը կատարել է 1870-ական թվականներին՝ «Աննա Կարենինա» վեպն ավարտելուց հետո։

«Պատերազմ և խաղաղություն» վեպը մեծ հաջողություն է ունեցել։ Նրա մի հատվածը «1805 թվական» վերնագրով տպագրվել է «Русский вестник» ամսագրում 1865 թվականին։ 1868 թվականին հրատարակվել են նրա երեք մասերը, որոնց հետևել են մյուս երկուսը (ընդհանուր չորս հատոր)[10]։

Աշխարհի քննադատների կողմից ճանաչված լինելով եվրոպական նոր գրականության լավագույն արձակ ստեղծագործությունը՝ «Պատերազմ և խաղաղություն» վեպն առանձնանում է ոչ միայն իր ընդգրկման ծավալով։ Միայն գեղանկարչության մեջ կարելի է գտնել որոշակի զուգահեռներ Պաոլո Վերոնեզեի՝ Վենետիկի Դոժերի պալատում գտնվող հսկայական նկարում, որում նույնպես հարյուրավոր անձինք պատկերված են զարմանալի հստակությամբ ու անհատականությամբ[11]: Վեպում Տոլստոյը պատկերել է հասարակության բոլոր խավերը՝ կայսրերից ու թագավորներից մինչև վերջին զինվորը, բոլոր տարիքները, բոլոր խառնվածքները և ներկայացրել է Ալեքսանդր I-ի թագավորության ողջ տարածքը[11]։ Ստեղծագործությունը՝ որպես էպոս, ավելի արժեքավոր է դառնում այն բանի շնորհիվ, որ նրանում հեղինակը ներկայացրել է ռուս ժողովրդի հոգեբանությունը։ Տոլստոյը խորաթափանցությամբ պատկերել է ամբոխի տրամադրությունները՝ ինչպես բարձր, այնպես էլ ամենացածր ու գազանային (օրինակ՝ Վերեշչագինի սպանության տեսարանում)։

 
Հուշատախտակ այն տան պատին, որ նախատիպ է ծառայել Ռոստովների տան համար, Մոսկվա, Պովարսկայա փողոց, 55

Վեպում Տոլստոյը փորձում է գտնել մարդկային կյանքի տարերային, անգիտակցական սկիզբը։ Վեպի փիլիսոփայական հիմքն այն է, որ պատմության մեջ հաջողությունը կամ անհաջողությունը կախված են ոչ թե առանձին մարդկանց կամքից կամ տաղանդից, այլ նրանից, թե որքանով են նրանք իրենց գործունեության մեջ արտացոլում պատմական իրադարձությունների տարերային դրդապատճառները։ Ահա դա է պատճառը, որ նա համակրանքով է վերաբերվում Կուտուզովին, ով ուժեղ է առաջին հերթին ոչ թե ռազմավարական գիտելիքներով ու հերոսականությամբ, այլ նրանով, որ նա հասկացել է այն մաքուր ռուսական, ոչ տպավորիչ ու ոչ վառ, բայց միակ ճիշտ ուղին, թե ինչպես կարելի է հաղթել Նապոլեոնին։ Այդտեղից էլ գալիս է Տոլստոյի՝ Նապոլեոնին չսիրելը, ով բարձր է գնահատում իր տաղանդը։ Այդտեղից է գալիս նաև սովորական զինվորին՝ Պլատոն Կարատաևին, մեծն իմաստունի աստիճանի հասցնելը նրա համար, որ նա իրեն համարում է բացառապես ամբողջի մաս՝ առանց փոքր-ինչ հավակնելու անհատապես որևէ նշանակություն ունենալու։ Տոլստոյի վեպն արժեքավոր է ոչ թե քննարկումներով, այլ նրանում ներկայացված հիանալի ընտրված մանրամասնություններով ու ամբողջական պատկերներով, որոնց իրական իմաստը կարող է հասկանալ յուրաքանչյուր խելամիտ ընթերցող[11]։

«Պատերազմ և խաղաղություն» վեպի առաջին հրատարակությունում կային զուտ տեսական երկար էջեր, որոնք խոչընդոտում էին գեղարվեստական տպավորության ամբողջականությանը։ Հետագա հրատարակություններում այդ դատողություններն առանձնացվել են և կազմել մեկ հատուկ մաս։ Սակայն այդ վեպում չկա այն խորը վատատեսական տրամադրությունը, որ հատուկ է Տոլստոյի երկերին՝ գրված ինչպես «Պատերազմ և խաղաղություն» վեպից առաջ, այնպես էլ դրանից հետո։

Տոլստոյի հետագա գործերում Նատաշայի՝ նրբագեղ, հմայիչ կոկետուհու վերածվելը անփույթ հագնված, միայն ընտանիքի ու երեխաների մասին մտահոգ կնոջ կարող էր տխուր տպավորություն թողնել, սակայն դա լիովին բացատրվում է նրանով, որ այդ ժամանակ Տոլստոյը վայելում էր իր ընտանեկան երջանկությունը։

Հետագայում Տոլստոյը թերահավատորեն է վերաբերվել իր վեպին։ 1871 թվականի հունվարին նա Աֆանասի Ֆետին ուղղված նամակում գրել է.: «Որքան երջանիկ եմ... որ «Պատերազմի» նման բազմաբառ դատարկաբանություն էլ երբեք չեմ գրելու»[12]։

1908 թվականի դեկտեմբերի 6-ին Տոլստոյն իր օրագրում գրել է. «Մարդիկ սիրում են ինձ այն դատարկ բաների համար՝ «Պատերազմ և խաղաղություն» և այլն, որոնք իրենց թվում են շատ կարևոր»[13]։

1909 թվականի ամռանը Յասնայա Պոլյանայի այցելուներից մեկն իր հիացմունքն ու երախտագիտությունն է հայտնել Տոլստոյին «Պատերազմ և խաղաղություն» և «Աննա Կարենինա» վեպերն ստեղծելու համար։ Տոլստոյը պատասխանել է. «Դա նույնն է, որ Էդիսոնի մոտ մեկը գա ու ասի. «Ես շատ եմ հարգում Ձեզ նրա համար, որ Դուք լավ եք պարում Մազուրկա»։ Ես կարևորություն եմ տալիս իմ բոլորովին այլ գրքերի»։

Սակայն դժվար թե Տոլստոյը իսկապես ժխտեր իր երկերի կարևորությունը։ Երբ ճապոնացի գրող և փիլիսոփա Ռոքա Տոկուտոմին հարցրել է, թե իր ստեղծագործություններից որն է նա սիրում ամենաշատը, Տոլստոյը պատասխանել է՝ «Պատերազմ և խաղաղություն» վեպը[14]։ Վեպում առկա մտքերն իրենց արտահայտությունն են գտել Տոլստոյի՝ հետագայում գրած կրոնափիլիսոփայական երկերում։

Գոյություն են ունեցել վեպի վերնագրի մի քանի տարբերակներ՝ «1805 թվական» (ռուս.՝ «1805 год», այդ վերնագրով տպագրվել է վեպի մի հատված ), «Ամեն ինչ լավ է, եթե լավ է վերջանում» (ռուս.՝ «Всё хорошо, что хорошо кончается») և «Երեք ժամանակ» (ռուս.՝ «Три поры»):

«Պատերազմ և խաղաղություն» վեպի ձեռագրային ֆոնդը կազմում է 5202 թերթ։

Աղբյուրներ խմբագրել

«Պատերազմ և խաղաղություն» վեպը գրելիս Լև Տոլստոյն օգտագործել է հետևյալ գիտական աշխատությունները[15][16]. պատերազմի ակադեմիական պատմությունը՝ գրված ակադեմիկոս Ալեքսանդր Միխայլովսկի-Դանիլևսկու կողմից, Մոդեստ Իվանովիչ Բոգդանովիչի պատմությունը, Մոդեստ Կորֆի «Կոմս Սպերանսկու կյանքը», Միխայիլ Շչերբինինի «Միխայիլ Սեմյոնովիչ Վորոնցովի կենսագրությունը», Կառլ Գուբերտ Լոբրեյխ ֆոն-Պլումենեկի երկը մասոնների և Իվան Ժուկովի երկը Վերեշչագինի մասին, ֆրանսիացիներ Ադոլֆ Տիերի, Ալեքսանդր Դյումա-հոր, Ժորժ Շամբրեի, Մաքսիմիլյեն Ֆուայի, Պիեռ Լանֆրեի պատմությունները, ինչպես նաև Հայրենական պատերազմի մի շարք մասնակիցների վկայություններ, օրինակ՝ Ալեքսեյ Բեստուժև-Ռյումին, Նապոլեոն Բոնապարտ, Սերգեյ Գլինկա, Ֆեոդոր Գլինկա, Դենիս Դավիդով, Ստեպան Ժիխարև, Ալեքսեյ Երմոլով, Իվան Լիպրանդի, Ֆեոդոր Կորբելեցկի, Ալեքսանդր Կրասնոկուտսկի, Վասիլի Պերովսկի, Իլյա Ռադոժիցկի, Իվան Սկոբելև, Միխայիլ Սպերանսկի, Ալեքսանդր Շիշկով, և Ա. Վոլկովայի նամակները Լանսկոյին։ Ֆրանսիացի հուշավիպագիրներից նա օգտագործել է Լուի Ֆրանսուա Ժոզեֆ Բոսսեի, Ժան Ռապի, Ֆիլիպ դե Սեգյուրի, Օգյուստ Մարմոնի երկերը, Էմանուել Օգյուստ դե Լաս-Կազի «Սուրբ Հեղինեի հուշամատյանը»։

Լև Տոլստոյի վրա ազդեցություն են թողել Ռաֆաիլ Զոտովի «Լեոնիդ կամ հատվածներ Նապոլեոն I-ի կյանքից» (ռուս.՝ «Леонид или черты из жизни Наполеона I»), Միխայիլ Զագոսկինի «Ռոսլավլև» (ռուս.՝ «Рославлев»), ինչպես նաև Ուիլյամ Թեքերեյի «Սնափառության տոնավաճառ» և Մերի Էլիզաբեթ Բրեդոնի «Ավրորա Ֆլոյդ» երկերը։ Ըստ Տ. Կուզմինսկայան հուշերի՝ Տոլստոյն ինքն է նշել, որ վերջին ստեղծագործության գլխավոր հերոսուհու բնավորությունը հիշեցնում է Նատաշային[15]։

Վեպի գլխավոր հերոսները խմբագրել

  • Կոմս Պիեռ Բեզուխով,
  • Կոմս Նիկոլայ Իլյիչ Ռոստով (Nicolas) , Իլյա Ռոստովի ավագ որդին,
  • Նատաշա Ռոստովա (Natalie), Ռոստովների կրտսեր դուստրը, ամուսնանալուց հետո՝ կոմսուհի Բեզուխովա, Պիեռի երկրորդ կինը,
  • Սոնյա (Սոֆյա Ալեքսանդրովնա, Sophie) , կոմս Ռոստովի զարմուհին, դաստիարակվել է կոմսի ընտանիքում,
 
Ազգակցական կապերը հորինված ազնվականական ընտանիքների միջև
  • Ելիզավետա Բալկոնսկայա (Լիզա, Lise) (օրիորդական ազգանունը՝ Մեյնեն), իշխան Անդրեյի կինը,
  • Իշխան Նիկոլայ Անդրեևիչ Բալկոնսկի, ծեր իշխան, ըստ սյուժեի՝ եկատերինինյան դարաշրջանի նշանավոր գործիչ, նախատիպը Լև Տոլստոյի մորական պապն է, ով Վոլկոնսկիների հնագույն տոհմի ներկայացուցիչ էր,
  • Իշխան Անդրեյ Նիկոլաևիչ Բալկոնսկի (ֆր.՝ André), ծեր իշխանի որդին,
  • Իշխանուհի Մարիա Նիկոլաևնա (ֆր.՝ Marie), ծեր իշխանի դուստրը, իշխան Անդրեյի քույրը, ամուսնությունից հետո՝ կոմսուհի Ռոստովա (Նիկոլայ Իլյիչ Ռոստովի կինը), նախատիպը կարելի է համարել Մարիա Նիկոլաևնա Վոլկոնսկայային (ամուսնական ազգանունը՝ Տոլստոյա)՝ Լև Տոլստոյի մորը,
  • Իշխան Վասիլի Սերգեևիչ Կուրագին, Աննա Պավլովնա Շերերի ընկերը, երեխաների մասին ասում է. «Իմ զավակները իմ գոյության բեռն են»։ Հավանական նախատիպը Ալեքսեյ Բորիսովիչ Կուրակինն է,
  • Ելենա Վասիլևնա Կուրագինա (Էլեն), Վասիլի Կուրագինի դուստրը, Պիեռ Բեզուխովի առաջին կինը,
  • Անատոլ Կուրագին, իշխան Վասիլիի կրտսեր որդին, քեֆչի և անառակ, փորձում է գայթակղել Նատաշա Ռոստովային և տանել իր հետ, «անհանգիստ հիմար»՝ ըստ իշխան Վասիլիի,
  • Մարյա Իվանովնա Դոլոխովա, Ֆեոդոր Դոլոխովի մայրը,
  • Ֆեոդոր Իվանովիչ Դոլոխով, Սեմյոնովյան գնդի սպա, վեպի սկզբում եղել է Սեմյոնովյան հետևակային գնդի սպա, հետագայում դարձել է պարտիզանական շարժման առաջնորդներից մեկը։ Կերպարի համար որպես նախատիպ են ծառայել պարտիզան Իվան Դորոխովը, մենամարտիկ Ֆեոդոր Տոլստոյը և պարտիզան Ալեքսանդր Ֆիգները[17],
  • Պլատոն Կարատաև, Ապշերոնյան գնդի զինվոր, որին Պիեռ Բեզուխովը հանդիպել է գերության ժամանակ,
  • Կապիտան Տուշին, հրետանային գնդի կապիտան, որ աչքի է ընկել Շենգրաբենի ճակատամարտում, նախատիպը եղել է հրետազորի շտաբս-կապիտան Յա. Սուդակովը,
  • Վասիլի Դմիտրիևիչ Դենիսով, Նիկոլայ Ռոստովի ընկերը, նախատիպը եղել է Դենիս Դավիդովը,
  • Մարիա Դմիտրիևնա Ախրոսիմովա, Ռոստովների ընտանիքի ծանոթը, նախատիպը եղել է գեներալ-մայորի այրի Նաստասյա Դմիտրիևնա Օֆրոսիմովան։ Ալեքսանդր Գրիբոյեդովը գրեթե նույնությամբ նրան պատկերել է իր «Խելքից պատուհաս» կատակերգությունում։

Վեպում կան 559 գործող անձինք, որոնցից շուրջ 200-ը պատմական դեմքեր են։

Սյուժե խմբագրել

 
Նապոլեոնն ու Ալեքսանդր I-ը Տիլզիտում

Վեպը կազմված է մի շարք գլուխներից, որոնց մեծ մասն ունի ավարտուն սյուժե։ Կարճ գլուխներն ու բազմաթիվ մասերը թույլ են տվել տեղափոխվել ժամանակի ու տարածության մեջ և վեպում ընդգրկել հարյուրավոր էպիզոդներ։

Առաջին հատոր խմբագրել

Առաջին հատորում ներկայացված է Ռուսաստանի ու Ավստրիայի պատերազմը Նապոլեոնի դեմ 1805-1807 թվականներին։

1-ին մաս խմբագրել

Վեպի գործողություններն սկսում են կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի մտերմուհի Աննա Պավլովնա Շերերի տանը կազմակերպված երեկույթով, որին հրավիրված էր Պետերբուրգի ողջ վերնադասը։ Այդ հրավերքը յուրատիպ ցուցադրություն է. այնտեղ ընթերցողը ծանոթանում է վեպի գլխավոր հերոսների մեծ մասի հետ։ Մյուս կողմից այդ երեկույթը միջոց է բնութագրելու վերնախավը, որ «ֆամուսովյան հասարակության» (Ալեքսանդր Գրիբոյեդով, «Խելքից պատուհաս») նման բարոյազուրկ է ու կեղծ։ Բոլոր այցելուները ձգտում են Շերերի միջոցով հաստատել շահեկան ծանոթություններ՝ հետագայում որոշակի օգուտ ստանալու նպատակով։ Իշխան Վասիլին, օրինակ, անհանգստացած է իր որդիների ճակատագրով և փորձում է ամուսնացնել նրանց որևէ հարմար թեկնածուի հետ, իսկ Դրուբեցկայան երեկույթին եկել է, որպեսզի իշխան Վասիլիին խնդրի բարեխոսել իր որդու համար։ Բնութագրական է «ամենքին անհայտ, ամենքին անհետաքրքիր ու անհարկավոր» մորաքրոջը (ֆր.՝ ma tante) ողջունելու ծեսը։ Հյուրերից ոչ ոք չգիտի, թե ով է նա, և չի ուզում զրուցել նրա հետ, սակայն չի կարող խախտել բարձրաշխարհիկ հասարակության մեջ ընդունված օրենքը։ Աննա Շերերի հյուրերի շարքում առանձնանում են երկու կերպարներ՝ Անդրեյ Բալկոնսկին ու Պիեռ Բեզուխովը։ Նրանք հակադրվում են վերնախավին, ինչպես Չացկին հակադրվում էր «ֆամուսովյան հասարակությանը»։ Պարահանդեսում տեղի ունեցող խոսակցությունների մեծ մասը վերաբերում են քաղաքականությանը և այն պատերազմին, որ շուտով սկսվելու է ընդդեմ Նապոլեոնի, ում անվանում են «Կորսիկայի հրեշ»։ Ընդ որում, երկխոսությունների զգալի մասը հյուրերը վարում են ֆրանսերենով։

Պիեռ Բեզուխովը, չնայած Բալկոնսկոն խոստացել էր չգնալ Կուրագինի մոտ, Անդրեյի մեկնելուց հետո անմիջապես գնում է Կուրագինի տուն։ Անատոլի Կուրագինը՝ իշխան Վասիլի Կուրագինի որդին, հորը մշտապես անհանգստացնում էր իր անառակ կյանքով ու վատնում էր նրա փողերը։ Արտասահմանից վերադառնալուց հետո Պիեռն իր ժամանակն անցկացնում է Կուրագինի, Դոլոխովի ու մի քանի այլ սպաների հետ։ Այդ կյանքը բոլորովին Բեզուխովի համար չէ, ով մեծահոգի է, բարեսիրտ և կարող է դառնալ իսկապես ազդեցիկ մարդ ու օգտակար լինել հասարակությանը։ Սակայն Անատոլիի, Պիեռի ու Դոլոխովի հետ պատահած հերթական «արկածը» լուրջ հետևանքներ է ունենում. նրանք գտնում են կենդանի արջ, դրանով վախեցնում երիտասարդ դերասանուհիներին, իսկ երբ գալիս է ոստիկանությունը, նրանք ոստիկանական թաղապետի կապում են արջի մեջքին ու արջին բաց թողնում Մոյկա գետում։ Արդյունքում Դոլոխովին աստիճանազուրկ են անում և դարձնում հասարակ զինվոր, Պիեռին աքսորում են Մոսկվա, իսկ Անատոլիին հայրն ազատում է պատժից։

 
Լ. Պաստեռնակ, «Պատերազմ և խաղաղություն» վեպի նկարազարդումներից - «Նապոլեոնն ու Լավրուշկան Վյազմայից Ցարևո-Զայմիշչե անցնելիս»

Պետերբուրգից գործողությունները տեղափոխվում են Մոսկվա, որտեղ կատարվում է կոմսուհի Ռոստովայի ու նրա դստեր՝ Նատաշայի անվանակոչության տոնը։ Ռոստովների ընտանիքի անդամներն են կոմսուհի Նատալյա Ռոստովան, նրա ամուսինը՝ կոմս Իլյա Ռոստովը, նրանց երեխաները՝ Վերան, Նիկոլայը, Նատաշան ու Պետյան, ինչպես նաև կոմսուհու ազգականուհին՝ Սոնյան։ Ռոստովների տան մթնոլորտը հակադրվում է Շերերի տան իրավիճակին. այստեղ ամեն ինչ ավելի պարզ է, անկեղծ ու բարի։ Այստեղ էլ սկիզբ են առնում երկու սիրային կապեր՝ Սոնյայի ու Նիկոլայ Ռոստովի և Նատաշայի ու Բորիս Դրուբեցկոյի միջև։

Սոնյան ու Նիկոլայը ձգտում են գաղտնի պահել իրենց հարաբերությունները, քանի որ ազգականներ են։ Սակայն Նիկոլայը մեկնում է պատերազմ, և Սոնյան չի կարողանում զսպել արցունքները։ Նրանց զրույցի ու համբույրի ականատեսն է դառնում Նատաշան, որ նույնպես ուզում է սիրել ինչ-որ մեկին։ Այդ պատճառով էլ Նատաշան Բորիսին դրդում է համբուրել իրեն, և վերջինս խոստովանում է, որ սիրահարված է նրան։ Տոնին ներկա է նաև Պիեռ Բեզուխովը, ով ծանոթանում է դեռատի Նատաշա Ռոստովայի հետ։ Ռոստովների տուն է գալիս Մարիա Դմիտրիևնա Ախրոսիմովան՝ շատ ազդեցիկ ու հարգարժան մի կին։ Ներկաներից գրեթե բոլորը վախենում էին նրանից իր անվախ ու կտրուկ դատողությունների համար։ Կոմս Ռոստովը նրա ետ պարում է իր սիրելի պարը՝ «Դանիլո Կուպորը»։

Այդ ժամանակ Մոսկվայում մահամերձ պառկած է կոմս Բեզուխովը՝ հսկայական կարողության տերն ու Պիեռի հայրը։ Իշխան Վասիլին, ով Բեզուխովի ազգականն է, սկսում է պայքարել ժառանգության համար։ Ժառանգությանը հավակնում են նաև Մամոնտովա իշխանուհիները, ովքեր իշխան Վասիլիի հետ կոմսի ամենամոտ ազգականներն են։ Պայքարին միանում է նաև իշխանուհի Դրուբեցկայան՝ Բորիսի մայրը։ Դրությունը բարդանում է նրանով, որ կոմս Բեզուխովը նամակ է գրել թագավորին՝ խնդրելով օրինական ճանաչել իր որդի Պիեռին (Պիեռը կոմսի ապօրինի որդին էր և առանց այդ գործընթացի չէր կարող ժառանգել հոր ունեցվածքը), և ամեն ինչ կտակում է նրան։ Իշխան Վասիլին փորձում էր ոչնչացնել կտակն ու կոմսի կարողությունը բաժանել իր ու իշխանուհիների միջև։ Դրուբեցկայան նպատակ ուներ ստանալ ժառանգության գոնե փոքր մասը, որպեսզի կարողանա համազգեստ ձեռք բերել իր որդու համար, ով պատրաստվում էր մեկնել պատերազմ։ Արդյունքում պայքար է սկսվում նկարազարդ պորտֆելը ձեռք բերելու համար, որում պահվում էր կտակը։ Մահացող հոր մոտ է գալիս Պիեռը, ով իրեն օտար է զգում այդտեղ։ Նա միաժամանակ տխուր է հոր մահվան համար և զգում է անհարմարություն իր վրա սևեռված չափազանց ուշադրության պատճառով։

Մեկնելով պատերազմ՝ Անդրեյ Բալկոնսկին իր հղի կնոջը՝ Լիզային, թողնում է հոր ու քրոջ՝ իշխանադուստր Մարիայի մոտ, ովքեր ապրում էին Լիսիե Գորի կալվածքում։ Անդրեյի հայրը՝ գեներալ-անշեֆ իշխան Նիկոլայ Անդրեևիչ Բալկոնսկին, արդեն մի քանի տարի ապրում է իր կալվածքում ու ոչ մի տեղ չի մեկնում։ Նա աչքի է ընկնում իր ուղղակի դատողություններով դաժանությամբ ու խստությամբ։ Իր դստերը նա ցանականում է դաստիարակել որպես խելացի աղջիկ, այդ պատճառով էլ նրան ստիպում է մաթեմատիկա պարապել։ Իշխանադուստր Մարիան անչափ սիրում է հորն ու եղբորը, նա շատ զգայուն է ու աստվածավախ։ Հրաժեշտ տալիս նա եղբորը խնդրում է վերցնել սրբապատկերը։ Դրանից կարճ ժամանակ առաջ Մարիան նամակ էր ստացել իր ընկերուհուց՝ Ժյուլի Կարագինայից, ով հայտնում էր, որ իշխան Վասիլին ցանկանում է իր որդի Անատոլիին ամուսնացնել Մարիայի հետ։

2-րդ մաս խմբագրել

 
Ա. Կիվշենկո, «Պատերազմ և խաղաղություն» վեպի նկարազարդում - «Կուտուզովը Պոկլոննի լեռան վրա Ֆիլիի ռազմական խորհրդից առաջ»
 
Ա. Կիվշենկո, «Պատերազմ և խաղաղություն» վեպի նկարազարդում - «Կոմս Ռոստոպչինը և առևտրականի որդի Վերեշչագինը Մոսկվայում՝ նահանգապետի տան բակում»

Երկրորդ մասում գործողությունները տեղափոխվում են Ավստրիա։ Ռուսական բանակը երկար ճանապարհ անցնելուց հետո Բրաունաու վայրում պատրաստվում է զորատեսի, որին ներկա է գլխավոր հրամանատար Միխայիլ Իլարիոնովիչ Կուտուզովը։ Անցնելով գնդերի մոտով՝ նա ողջունում է իրեն ծանոթ սպաներին։ Այդտեղ է գտնվում նա աստիճանազուրկ եղած Դոլոխովը։ Կուտուզովին ուղեկցում են ադյուտանտներ Նեսվիցկին ու Բալկոնսկին։

Պատերազմը շարունակվում է։ Կուտուզովի զորքերը նահանջում են՝ իրենց հետևից այրելով կամուրջները։ Դաշնակից ավստրիական բանակը, որը գլխավորում էր գեներալ Մակը, ջախջախվում է։ Կուտուզովն Անդրել Բալկոնսկուն ուղարկում է Ավստրիայի Ֆրանց կայսր մոտ՝ հայտնելու նրան ռուսական բանակի առաջին հաղթանակի լուրը։

Տեղի է ունենում Շենգրաբենի ճակատամարտը։ Բագրատիոնի չորսհազարանոց բանակը պիտի իր վրա ապահովեր Կուտուզովի բանակի մնացած մասի նահանջը։ Ֆրանսիացիները որոշում են, որ իրենց դիմաց ռուսական ողջ զորքն է։

Այդ ճակատամարտի ժամանակ վառ արտահայտվում է վեպի հիմնական թեմաներից մեկը՝ իսկական ու կեղծ հայրենասիրության հարցը։ Ճակատամարտի իսկական հերոսը Տուշինն է, ում մարտկոցի շնորհիվ ռուսները հաջողության հասան։ Սակայն խորհրդի ժամանակ նրան մեղադրում են կորած երկու թնդանոթի համար։ Տուշինը չի համարձակվում պատմել եղելությունը՝ վախենալով դրանով անհարմար վիճակի մեջ դնել մեկ այլ զորապետի։ Նրան պաշտպանում է Անդրեյ Բալկոնսկին, ով պատմում է, որ Տուշինն առանց օգնական ուժի դիմադրել է ու կարողացել է փրկել միայն երկու թնդանոթ։

Շենգրաբենի ճակատամարտին մասնակցում էր նաև Պավլոգրադյան հուսարական գունդը, որտեղ ծառայում էր Նիկոլայ Ռոստովը, ում կյանքում դա առաջին խոշոր ճակատամարտն էր։ Նիկոլայն անչափ վախենում է. այն ամենը, ինչ նա պատկերացրել էր, չի համապատասխանում իրականությանը։ Պատերազմը սարսափելի է և այնտեղ իրական են պայթյունները, զենքերը, ցավն ու մահը։ Ու թեև Նիկոլայ Ռոստովը վախկոտություն է ցուցաբերում, սակայն ոչ ոք նրան չի մեղադրում, քանի որ բոլորը հասկանում են նրա հոգեվիճակը։

3-րդ մաս խմբագրել

Հոր մահից հետո Պիեռ Բեզուխովը ժառանգում է նրա ողջ ունեցվածքն ու դառնում Ռուսաստանի ամենահարուստ երիտասարդներից մեկը, ում բոլորը ցանկանում են դարձնել իրենց փեսան։ Այժմ նա հրավիրվում է բոլոր պարահանդեսներին ու ընդունելություններին, բոլորը ցանկանում են շփվել նրա հետ։ Իշխան Վասիլին, բաց չթողնելով ընձեռնված հնարավորությունը, Պիեռին ծանոթացնում է իր դստեր՝ Էլենի հետ, ով խորը տպավորություն է թողնում երիտասարդի վրա։ Իշխան Վասիլին Պիեռին նշանակել է տալիս կամեր-յունկեր, պնդում է, որ նա մնա իր տանը։ Հասկանալով հարուստ փեսացուին դուր գալու անհրեշտությունը՝ Էլենն իրեն սառն է պահում, սիրախաղ է սկսում, իսկ նրա ծնողները Պիեռին համոզում են ամուսնանալ։ Երիտասարդը միամտորեն հավատում է այդ վերաբերմունքի անկեղծությանը. նրան թվում է, թե բոլորն իրեն սիրում են ու հարգում։

Միևնույն ժամանակ իշխան Վասիլին որոշում է իր որդուն՝ Անատոլիին, ամուսնացնել Մարիա Բալկոնսկայայի հետ, ով այդ ժամանակ ամենահարուստ ու հայտնի ժառանգորդուհիներից մեկն էր Ռուսաստանում։ Վասիլին որդու հետ մեկնում է Բալկոնսկիների կալվածք՝ Լիսիյե Գորի, և հանդիպում իշխան Բալկոնսկու հետ։ Ծեր իշխանն թերահավատորեն է վերաբերվում Անատոլիին, ով կասկածելի համբավ ուներ բարձր հասարակության մեջ։ Անատոլին «իր ամբողջ կյանքը համարում էր մի անընդհատ զվարճություն» և հույսը դնում էր միայն հոր վրա։ Այժմ էլ խոսակցությունը վարում են միայն ավագ սերնդի ներկայացուցիչները՝ իշխան Վասիլին ու ծեր իշխան Բալկոնսկին։ Վերջինս ընտրությունը թողնում է դստերը՝ հասկանալով, որ «տգեղ» և կալվածքից երբեք չհեռացած իշխանադստեր համար գեղեցկադեմ Անատոլիի հետ ամուսնանալու հնարավորությունը հաջողություն է։ Սակայն Մարիան երկմտանքի մեջ է. նա չի սիրում Անատոլիին, սակայն հույս ունի, որ ամուսնանալուց հետո կսիրի նրան, բայց միաժամանակ նա չի ուզում մենակ թողնել հորը։ Անատոլին սկսում է սիրահետել Բուրիենին։ Տեսնելով նրանց՝ Մարիան վճռականորեն մերժում է ամուսնության առաջարկությունը՝ որոշելով մնալ հոր մոտ։

 
Աուստեռլիցի ճակատամարտ

Շենգրաբենի մոտ տեղի ունեցած տակտիկական նահանջից հետո ռուսները պատրաստվում են վճռական ճակատամարտ տալ Աուստեռլիցի մոտ։ Նախապես ամեն ինչ պլանավորվել է։ Խորհրդի ժամանակ Վեյրոտերը քննարկում է զորքերի դասավորությունը, իսկ Կուտուզովն նստած տեղում քնել է։ Նա նախապես գիտի, որ ճակատամարտում ռուսները կպարտվեն, իսկ Վեյրոտերի դիսպոզիցիան լավ է այնքանով, որ արդեն հաստատված է վերադասի կողմից, ու ոչինչ փոխել չի կարելի։ Կուտուզովի կարծիքով՝ հաջորդ օրվա ճակատամարտից առաջ մնում է միայն լավ քնել։

Ճակատամարտին պիտի մասնակցի նաև Անդրեյ Բալկոնսկին։ Ճակատամարտի նախորդ գիշերը նա չի կարողանում քնել, մտածում է, թե ինչ կբերի վաղվա օրը։ Նա երազում է փառքի արժանանալու մասին, այն մասին, թե ինչպես պատահական մի դեպք կարող է հայտնի դարձնել իրեն։ Նա օրինակ է համարում Նապոլեոնին, որին հռչակ է բերել Տուլոնի ճակատամարտը, ինչից հետո նա կարողացել է մի քանի տարվա ընթացքում վերաձևել Եվրոպայի քարտեզը։ Բալկոնսկին սեփական փառքի համար պատրաստ է զոհել ամեն ինչ. նա չի ափսոսում ոչ իր ընտանիքը, ոչ փողը, ոչ էլ իր կյանքը։ Բալկոնսկին կանխազգում է, որ վաղվա օրը ճակատագրական է լինելու ինչպես իր, այնպես էլ ողջ զորքի համար։

Հաջորդ առավոտյան Նապոլեոնը բարձր տրամադրություն ունի, քանի որ այդ օրը լրանում է իր թագադրման մեկ տարին։ Նա դիտում է շրջակայքը, սպասում, որ արևը դուրս գա, և գործն սկսելու հրաման է տալիս մարշալներին։ Կուտուզուվը, ընդհակառակը, առավոտյան դժգոհ է ու ուժասպառ։ Նա տեսնում է, որ դաշնակիցների զորքերում խառնաշփոթ կա, և սպասում է, որ ամբողջ զորքը հավաքվի։ Այդ ժամանակ նա լսում է ողջույնի ձայներ։ Գալիս են Ալեքսանդր ու Ֆրանց կայսրերը։ Ալեքսանդրը, մոտենալով Կուտուզովին, կտրուկ հարցնում է, թե ինչու չեն սկսում։ Կուտուզովը բացատրում է, թե դեռ ողջ զորքը չի հավաքվել։ Այնուամենայնիվ, նա համաձայնում է անմիջապես սկսել։

Անցնելով կես վերստ՝ Կուտուզովը կանգ է առնում մի լքված տան մոտ, որը գտնվում էր ճամփաբաժանի մոտ։ Մառախուղը ցրվում է, և երկու վերստ այն կողմ երևում են ֆրանսիացիները։ Ադյուտանտներից մեկը նկատում է, որ ներքևում կա մի ամբողջ էսկադրոն։ Մոտիկից տեսնելով թշնամուն և լսելով հրաձգության ձայները՝ Կուտուզովի շքախումբն սկսում է փախչել հետ։ Բալկոնսկին որոշում է, որ եկել է երկար սպասված պահը։ Իջնելով ձիուց՝ նա վերցնում է զինվորի ձեռքից ընկած դրոշակն ու «ուռա» գոռալով վազում առաջ՝ հույս ունենալով, որ գումարտակը կգնա իր հետևից։ Եվ իսկապես, զինվորները շարժվում են առաջ։ Անդրեյ Բալկոնսկին վիրավորվում է և ընկնում մեջքի վրա։ Նրա աչքերի առաջ միայն անսահման երկինքն է. անցած ամեն ինչ թվում է անօգուտ ու չնչին։

Ռուսները պարտվում են բոլոր ռազմակետերում։ Ճակատամարտի ավարտից հետո Բոնապարտը շրջում է մարտի դաշտում՝ տալով վերջին հանձնարարություններն ու դիտելով սպանվածներին ու վիրավորներին։ Նա տեսնում է նաև երեսնիվեր պառկած Բալկոնսկուն և հրամայում տանել վիրակապման կայան։

Առաջին հատորն ավարտվում է նրանով, որ իշխան Անդրեյը մյուս անհուսալի վիրավորների հետ հանձնվում է տեղացիների խնամքին։

II հատոր խմբագրել

Երկրորդ հատորում պատկերված է վեպի գործող անձանց կյանքը 1806 թվականից մինչև 1812 թվականը։ Հատորի մեծ մասը նվիրված է հերոսների անձնական հարաբերություններին, սիրո ու կյանքի իմաստի որոնման թեմաներին։

1-ին մաս խմբագրել

Երկրորդ հատորն սկսվում է Նիկոլայ Ռոստովի վերադարձով տուն, որտեղ նրան ուրախությամբ դիմավորում է Ռոստովների ողջ ընտանիքը։ Նիկոլայի հետ գալիս է նաև նրա զինվորական ընկերը՝ Դենիսովը։

Շուտով Անգլիական ակումբում հանդիսություն է կազմակերպվում պատերազմական գործողության հերոսի՝ իշխան Բագրատիոնի պատվին։ Ողջ երեկոյի ընթացքում հնչում են Բագրատիոնին ու կայսերը փառաբանող կենացներ, և ոչ ոք չի ուզում հիշել ոչ վաղ անցյալում տեղի ունեցած պարտության մասին։

Հանդիսությանը ներկա է նաև Պիեռ Բեզուխովը, ով շատ է փոխվել ամուսնությունից հետո։ Նա իրեն շատ դժբախտ է զգում, քանի որ սկսել է իսկապես ճանաչել կնոջը, որ անչափ նման է իր եղբորը։ Նա նաև կասկածներ ունի, որ կինն իրեն դավաճանում է երիտասարդ սպա Դոլոխովի հետ։ Հանգամանքների բերումով Պիեռն ու Դոլոխովը սեղանի մոտ նստում են իրար դիմաց։ Դոլոխովի անպատկառ վարքը զայրացնում է Պիեռին, իսկ երբ սպան առաջարկում է խմել «գեղեցիկ կանանց ու նրանց սիրեկանների կենացը», Բեզուխովը նրան մենամարտի է հրավիրում։ Նիկոլայ Ռոստովը դառնում է Դոլոխովի մարտավկան, Նեսվիցկին՝ Բեզուխովի։ Նեսվիցկին փորձում է կողմերին համոզել, որ հաշտվեն, բայց հակառակորդները վճռական են տրամադրված։ Մենամարտից առաջ պարզվում է, որ Բեզուխովն անգամ չի կարողանում ինչպես հարկն է բռնել ատրճանակը, այնինչ Դոլոխովը հրաշալի մենամարտիկ է։ Հակառակորդները հրահանգով սկսում են քայլել միմյանց ընդառաջ։ Բեզուխովը կրակում է առաջինը, և գնդակը դիպչում է Դոլոխովի որովայնին։ Պիեռն ու մյուս ներկաները փորձում են ընդհատել մենամարտը, սակայն Դոլոխովը նախընտրում է շարունակել. նա հանգամանորեն նշան է բռնում, սակայն վրիպում է։ Ռոստովն ու Դենիսովը տանում են վիրավորին, որը Ռոստովին խնդրում է գնալ և նախապատրաստել իր պաշտելի մորը։ Մեկնելով կատարելու Դոլոխովի խնդրանքը՝ Ռոստովն իմանում է, որ Դոլոխովը մոր և քրոջ հետ ապրում է Մոսկվայում և սիրող որդի ու եղբայր է՝ հակառակ այն համագամանքին, որ հասարակության մեջ դրսևորում է գրեթե բարբարոսական վարք։

Պիեռը շարունակում է կասկածել կնոջը դավաճանության մեջ և հաճախ է մտածում, թե մենամարտի մասնակիցներից ով էր մեղավոր։ Երբ Պիեռն ի վերջո երես առ երես հանդիպում է կնոջ հետ, վերջինս սկսում է ծաղրել ամուսնու պարզամտությունը։ Պիեռն ասում է, թե ավելի լավ կլինի, եթե իրենք բաժանվեն, իսկ Էլենը պատասխանում է, թե կհամաձայնի, եթե նա իրեն տա ունեցվածք. այդ ժամանակ Պիեռի մեջ «խոսեց հոր արյունը»։ «Ես քեզ կսպանեմ», - գոռում է Պիեռն ու սեղանից վերցնելով մարմարյա տախտակը՝ գնում դեպի կինը։ Էլենը սարսափահար փախչում է։ Մեկ շաբաթ անց Բեզուխովը կնոջը հավատարմաթուղթ է տալիս կառավարելու իր մի շարք կալվածքները, որ կազմում էին իր ունեցվածքի մեծ մասը։ Դրանից հետո նա մեկնում է Պետերբուրգ։

Լիսիյե Գորիում ստանում են Աուստեռլիցի ճակատամարտում իշխան Անդրեյի զոհվելու լուրը, այնուհետև ծեր իշխանը նամակ է ստանում Կուտուզովից, ով գրում է, թե իրականում հայտնի չէ, թե ինչ է պատահել Անդրեյին, որովհետև մարտի դաշտում սպանված սպաների ցանկում նրա անունը հիշատակված չէ։ Այդ մասին ոչինչ չեն հայտնում իշխանուհի Լիզային՝ Անդրեյի կնոջը։ Լիզայի ծննդաբերության գիշերն անսպասելիորեն գալիս է ապաքինված Անդրեյը։ Որդու ծնվելուց հետո Լիզան մահանում է։ Հանգուցյալ կնոջ դեմքին Անդրեյը կարդում է. «Ի՞նչ արիք դուք ինձ»։ Այդ միտքը հետո երկար ժամանակ տանջում է նրան։ Նորածին որդուն կոչում են Նիկոլայ։

Դոլոխովի ապաքինման ընթացքում Նիկոլայը մտերմանում է նրա հետ, և նա սկսում է հաճախակի այցելել Ռոստովներին։ Դոլոխովը սիրահարվում է Սոնյային և առաջարկություն է անում նրան, սակայն աղջիկը մերժում է, քանի որ դեռ սիրում է Նիկոլային։ Բանակ մեկնելուց առաջ Ֆյոդորը հրաժեշտի երեկո է կազմակերպում, որի ընթացքում Նիկոլայը խաղում տանուլ է տալիս 43 հազար ռուբլի Դոլոխովի հետ, ով այդպիսով վրեժ է լուծում Սոնյայի մերժման համար։

Վասիլի Դենիսովը երկար ժամանակ էր անցկացնում Նատաշա Ռոստովայի հետ։ Շուտով նա առաջարկություն է անում աղջկան։ Նատաշան, չիմանալով ինչպես վարվել, այդ մասին հայտնում է մորը, ով Դենիսովին շնորհակալություն է հայտնում իրենց նման պատվի արժանացնելու համար, սակայն իր համաձայնությունը չի տալիս, քանի որ Նատաշան դեռ փոքր է։ Դենիսովը ներողություն է խնդրում կոմսուհուց։ Հաջորդ օրը նա մեկնում է Մոսկվայից։ Ընկերոջ մեկնելուց հետո Նիկոլայ Ռոստովը ևս երկու շաբաթ մնում է Մոսկվայում, մինչև հայրն ուղարկում է անհրաժեշտ գումարը, որ նա տալիս է Դոլոխովին ու վերցնում ստացականը։ Դրանից հետո Նիկոլայը մեկնում է հասնելու իր գնդին։

2-րդ մաս խմբագրել

Կնոջ հետ բացատրվելուց հետո Պիեռը մեկնում է Պետերբուրգ։ Տորժոկում կայարանում ձիերի սպասելիս Պիեռը ծանոթանում է մի մասոնի հետ, ով ուզում է օգնել նրան։ Նրանք սկսում են զրուցել Աստծու մասին, սակայն Պիեռն անհավատ է։ Նա ասում է, որ ատում է իր կյանքը։ Մասոնը համոզում է նրան ընդունվել իրենց շարքերը, և երկար տատանումներից հետո Պիեռը համաձայնում է։ Դրանից հետո նա զգում է, որ փոխվել է։ Պիեռի մոտ է գալիս իշխան Վասիլին և խնդրում վերադառնալ Էլենի մոտ։ Պիեռը մերժում է և խնդրում, որ իշխանը հեռանա։ Պիեռը մեծ գումար է նվիրում մասոններին։ Նա հավատացել էր մարդկանց համախմբվածությանը, սակայն հետագայում բոլորովին հիասթափվում է։ 1806 թվականի վերջին սկսվում է նոր պատերազմ Նապոլեոնի դեմ։ Շերերն ընդունում է Բորիսին։ Վերջինս ծառայության մեջ կարևոր պաշտոն էր ստացել։ Նա այլևս չէր ուզում հիշել Ռոստովների մասին։ Էլենը հետաքրքրություն է ցուցաբերում Բորիսի նկատմամբ ու հրավիրում է նրան իր մոտ։ Բորիսը դառնում է մոտ մարդ Բեզուխովների ընտանիքի համար։ Իշխանադուստր Մարիան խնամում է Նիկոլային։ Երեխան հանկարծակի հիվանդանում է, և Մարիան ու Անդրեյը վիճում են, թե ինչպես բուժեն նրան։ Բալկոնսկին նրանց նամակ է գրում, իբր հաղթել են։ Երեխան լավանում է։ Պիեռն զբաղվում է բարեգործությամբ։ Նա ամեն ինչում համաձայնում է կառավարչի հետ և սկսում է ապրել նախկին կյանքով։ 1807 թվականի գարնանը Պիեռը մեկնում է Պետերբուրգ։ Նա այցելում է իշխան Անդրեյին, և նրանք զրուցում են կյանքի իմաստի ու մասոնության մասին։ Անդրեյն ասում է, որ ինքը ներքին վերածնունդ է ապրում։ Պատերազմը վերսկսվում է։

3-րդ մաս խմբագրել

 
Լ. Պաստեռնակ, «Պատերազմ և խաղաղություն» վեպի նկարազարդումներից. «Նատաշա Ռոստովայի առաջին պարահանդեսը»

Ռուսաստանն ու Ֆրանսիան դառնում են դաշնակիցներ, և «աշխարհի երկու տիրակալների» միջև հաստատվում են բարեկամական հարաբերություններ։ Ռուսներն իրենց նախկին թշնամիներին՝ ֆրանսիացիներին, օգնում են կռվել իրենց նախկին դաշնակիցների՝ ավստրիացիների դեմ։

Իշխան Անդրեյ Բալլկոնսկին ապրում է իր կալվածքում ու զբաղվում իր գործերով։ Նա ակտիվորեն բարեփոխումներ է կատարում իր կալվածքներում, շատ է կարդում և դառնում է իր ժամանակի ամենակրթված անձանցից մեկը։ Սակայն նա չի կարողանում գտնել կյանքի իմաստը և համարում է, որ ինքն արդեն ապրել է իր դարը։

Անդրեյ Բալկոնսկի գործերով մեկնում է կոմս Ռոստովի մոտ։ Այնտեղ նա հանդիպում է Նատաշային և պատահաբար լսում է աղջկա խոսակցությունը Սոնյայի հետ, որի ընթացքում Ռոստովան նկարագրում էր գիշերային երկնքի ու լուսնի գեղեցկությունը։ Աղջկա խոսքը ազդում է Անդրեյի վրա։

  Ոչ, կյանքը չի վերջանում 31 տարում» հանկարծ կտրուկ որոշեց իշխան Անդրեյը։  

Բալկոնսկին մեկնում է Պետերբուրգ, որտեղ ծանոթանում է Սպերանսկու հետ։ Այդ մարդը դառնում է նրա իդեալը, և Անդրեյը փորձում է ամեն ինչով հավասարվել նրան։ Իշխան Անդրեյը նշանակվում է օրենքներ մշակող հանձնաժողովի բաժանմունքի պետ և Սպերանսկու խնդրանքով հանձն առնում կազմել քաղաքացական օրենքների առաջին մասը։

Իշխան Անդրեյը նրա [Սպերանսկու] մեջ տեսնում էր խելացի, խոհուն, մեծ խելքի տեր մարդ, որ եռանդով ու համառությամբ հասել էր իշխանության և այն գործադրում էր միայն Ռուսաստանի բարօրության համար:Սպերանսկին իշխան Անդրեյի աչքում հենց այն մարդն էր, որ խելացի կերպով բացատրում էր կյանքի բոլոր երևույթները, կարևոր էր համարում միայն այն, ինչ խելացի էր և ամեն բանի մոտենում էր խելացիության չափանիշով, մի մարդ, որի նմանը կուզեր լինել ինքը

Պիեռը հիասթափվում է մասոնությունից։ Իր բոլոր եղբայրներին նա գիտեր որպես թույլ ու չնչին մարդիկ։ Նա ավելի ու ավելի հաճախ էր մտածում, որ իր ընկերները ժլատ են ու շահասեր։

  Պիեռին կրկին տիրեց այն թախիծը, որից այնպես վախենում էր նա։  

Պիեռն ավելի ու ավելի էր օտարանում իր կնոջից, իրեն զգում էր անպատվված ու ստորացված։

Ռոստովների ֆինանսական դրությունը շարունակում էր վատթարանալ, և կոմսն ընտանիքի հետ տեղափոխվում է Պետերբուրգ՝ պաշտոն գտնելու։ Բերգն առաջարկություն է անոմ Վերային և ստանում համաձայնություն։ Տասնվեցամյա Նատաշան կրկին մտերմանում է Բորիս Դրուբեցկու հետ, սակայն նրա ընտանիքն այնպես է անում, որ Բորիսը դադարի այցելել իրենց տուն։ Դրուբեցկին, որ խճճվել էր իր զգացմունքների մեջ, ուրախությամբ դադարեցրեց իր այցելությունները։

Դեկտեմբերի 31-ին՝ 1810 թվականի նախօրեին, պարահանդես էր Եկատերինայի ժամանակի մի ավագանու մոտ։ Դա առաջին մեծ պարահանդեսն էր Նատաշա Ռոստովայի համար, և նա անչափ հուզված էր։ Սակայն պարահանդեսի ընթացքում ոչ ոք նրան չի մոտենում, և նրա վրա ուշադրություն չեն դարձնում։ Նատաշան վրդովված է։ Այդ պարահանդեսին ներկա էր նաև իշխան Անդրեյը։ Պիեռ Բեզուխովն իր ընկերոջը խնդրում է պարի հրավիրել Նատաշա Ռոստովային, և իշխանն ուրախությամբ համաձայնում է՝ ճանաչելով այն աղջկան, որ մի քանի տարի առաջ խոսում էր լուսնի գեղեցկության մասին։

  ....Բայց նա հազիվ էր գրկել այդ բարակ, շարժուն իրանը և հազիվ Նատաշան շարժվեց ու ժպտաց նրան այնքան մոտիկ, որ նրա հրապուրանքն իսկույն արբեցրեց իշխան Անդրեյին. և իշխան Անդրեյն իրեն կենդանացած ու երիտասարդացած զգաց միայն ա՛յն ժամանակ, երբ շունչ քաշելով ու Նատաշային թողնելով, կանգ առավ ու սկսեց պարողներին նայել։  

Իշխան Անդրեյն զգում է, որ իրեն այլևս չեն հետաքրքում բարեփոխումները։ Նա հիասթափվում է Սպարենսկուց, որ առանց հոգում մարդ է և հայելու պես անդրադարձնում է այլ մարդկանց, բայց չունի իր ներաշխարհը։ Իշխան Անդրեյն այցելում է Ռոստովներին, և իրեն երջանիկ է զգում նրանց մոտ։ Ընթրիքից հետո Նատաշան իր հարազատների խնդրանքով երգում է։ Իշխան Անդրեյը, մինչև հոգու խորքը հմայված նրա երգով, իրեն զգում էր երիտասարդ ու ուժեղ։

Հաջորդ անգամ Անդրեյն ու Նատաշան հանդիպում են Բերգի՝ Վերայի ամուսնու կազմակերպած երեկույթի ժամանակ։ Վերան, նկատելով, որ Անդրեյը հետաքրքրված է Նատաշայով, խոսակցություն է բացում այն մասին, որ Նատաշան փոքր տարիքում սիրահարված էր Բորիսին, և Անդրեյն ակամա հետաքրքրվում է դրանով։ Երեկոյի մեծ մասը նա անցկացնում է Նատաշայի հետ։

Հաջորդ օրը իշխան Անդրեյը գնում է Ռոստովների մոտ ճաշելու և մինչ երեկո մնում է նրանց տանը։ Նա երկար ժամանակ է անցկացնում Նատաշայի հետ։ Աղջիկն ինքն իրեն խոստովանում է, որ սիրում է Բալկոնոսկում։

Նույն երեկոյան Անդրեյն այցելում է Պիեռին։ Նա պատմում է, որ սիրում է Նատաշա Ռոստովային, և ասում է, որ ցանկանում է ամուսնանալ նրա հետ։ Պիեռը, նկատելով, որ իր ընկերը փոխվել է, պատրաստակամություն է հայտնում լսել և օգնել Անդրեյին։

  Ես չէի հավատա այն մարդուն, որն ինձ ասեր, թե ես կարող եմ այսպես սիրել, - ասում էր իշխան Անդրեյը:- Սա բոլորովին այն զգացմունքը չէ, որ առաջ կար մեջս։ Այժմ ամբողջ աշխարհն ինձ համար բաժանված է երկու մասի. մեկը՝ նա և նրա հետ երջանկություն, հույսեր ու լույս. մյուս մասը՝ ամենը, ուր նա չկա, այնտեղ ամեն ինչ տխուր է ու մութ։  

Իշխան Անդրեյը խնդրում է հոր օրհնությունը, սակայն վերջինս զայրացած մերժում է։ Նա կարծում է, որ Նատաշան հարմար զույգ չէ իր որդու համար։ Հայրն Անդրեյին ստիպում է մեկ տարով հետաձգել ամուսնությունը։ Անդրեյն առաջարկություն է անում Նատաշային, և վերջինս ուրախությամբ համաձայնում է, սակայն հարսանիքը մեկ տարով հետաձգելու լուրը վշտացնում է նրան։ Անդրեյը պնդում է, որ նշանախոսությունը գաղտնի պահվի, քանի որ ցանկանում է Նատաշային տալ լիակատար ազատություն։ Եթե այդ ընթացքում նա դադարի սիրել իրեն, ապա լիովին իրավունք ունի մերժելու իրեն։ Նատաշան ծանր էր տանում Անդրեյից բաժանվելը, սակայն երկու շաբաթ անց դառնում է առաջվանը։

Նիկոլայ Անդրեևիչը, զայրացած որդու արածի պատճառով, իր ողջ զայրույթը թափում էր դստեր վրա։ Նա դիտմամբ փորձում է անտանելի դարձնել դստեր կյանքը և սկսում է մտերմանալ մադմուազել Բուրիենի հետ։ Իշխանադուստր Մարիան շատ էր տառապում, բայց դիմանում էր, քանի որ զգում էր, որ «հորն ու եղբոր որդուն ավելի է սիրում, քան աստծուն»։

4-րդ մաս խմբագրել

Ռոստովների ընտանիքի գործերը վատ են, և կոմսուհին իր որդուն՝ Նիկոլային, խնդրում է վերադառնալ և օգնել հորը։ Նիկոլայը չի ուզում, բայց ստիպված գնում է ընտանիքի մոտ։ Նա շատ է զարմանում՝ տեսնելով, թե ինչքան է փոխվել Նատաշան, սակայն վատատեսորեն է վերաբերվում նրա ու իշխան Անդրեյի ամուսնությանը։ Նիկոլայը շուտով հասկանում է, որ ինքն ավելի քիչ է հասկանում տնտեսությունից, քան հայրը, և այլևս չի զբաղվում դրանով։

Ռոստովները՝ Նիկոլայը, Պետյան, Նատաշան և Իլյա Անդրեևիչը, գնում են որսի։ Կոմսը բաց է թողնում ծեր գայլին, սակայն Նիկոլայի շնորհիվ հաջողվում է որսալ նրան։

Որսից հետո Նատաշան, Պետյան ու Նիկոլայը հյուր են գնում քեռուն։ Այնտեղ Նատաշան դրսևորում է իր սերը ամեն ռուսականի նկատմամբ, նա իրեն զգում է ամենաերջանիկը և վստահ է, որ կյանքում ավելի լավ ոչինչ չի արել։

Ծննդյան տոներին Նիկոլայը նկատում է Սոնյայի գեղեցկությունը, և առաջին անգամ հասկանում է, որ իսկապես սիրում է նրան։ Նա Նատաշային ասում է, որ ուզում է ամուսնանալ։ Նատաշան ուրախությամբ է ընդունում այդ լուրը։

Նատաշան ու Սոնյան տոների ժամանակ գուշակում են, և Սոնյան հայելու մեջ տեսնում է պառկած իշխան Անդրեյին։ Նրանք նշանակություն չեն տալիս այդ տեսիլքին և շուտով մոռանում են դրա մասին։

Նիկոլայը հայտնում է մորը, որ մտադիր է ամուսնանալ Սոնյայի հետ։ Կոմուհին կարծում է, որ նա լավագույն թեկնածուն չէ իր որդու համար վիճում է որդու հետ։ Կոմսուհին սկսում է ամեն կերպ նեղել Սոնյային։ Արդյունքում Նիկոլայը զայրացած հայտարարում է, որ կամուսնանա առանց մոր թույլտվության, եթե նա հանգիստ չթողնի Սոնյային։ Նատաշան փորձում է հաշտեցնել նրանց, սակայն չի հաջողվում։ Նա միայն կարողանում է հասնել նրան, որ մայրն ու Նիկոլայը համաձայնության են գալիս. որդին ոչինչ չի ձեռնարկի առանց մոր իմացության, իսկ նա էլ իր հերթին հանգիստ կթողնի Սոնյային։ Նիկոլայը մեկնում է։

Ռոստովների գործերն ավելի են վատանում, և նրանք տեղափոխվում են Մոսկվա։ Սակայն կոմսուհին, որ վրդովված էր որդու հետ վեճի պատճառով, հիվանդանում է ու մնում գյուղում։

5-րդ մաս խմբագրել

Ծեր իշխան Բալկոնսկին ապրում է Մոսկվայում։ Նա զգալիորեն ծերացել է, դարձել ավելի դյուրագրգիռ, դստեր հետ հարաբերությունները վատացել են, ինչի պատճառով տանջվում են և իշխանը, և հատկապես իշխանադուստր Մարիան։ Երբ կոմ Ռոստովը Նատաշայի հետ այցելում են Բալկոնսկիներին, Մարիա Դմիտրիևնան, ում տանը մնում են Ռոստովները, օպերայի տոմս է գնում Նատաշայի համար։ Թատրոնում Ռոստովները հանդիպում են Բորիս Դրուբեցկուն (ով հիմա Ժյուլի Կարագինայի փեսացուն է), Դոլոխովին, Էլեն Բեզուխովային ու նրա եղբորը՝ Անատոլի Կուրագինին։ Նատաշան ծանոթանում է Անատոլիի հետ։ Էլենը Ռոստովներին հրավիրում է իր տուն, որտեղ Անատոլին հետապնդում է Նատաշային, խոսում է նրա հետ իր սիրո մասին։ Նա գաղտնի նամակներ է ուղարկում Նատաշային և պատրաստվում է առևանգել նրան, որպեսզի գաղտնի պսակադրվեն (Անատոլն արդեն ամուսնացած էր, բայց այդ մասին գրեթե ոչ ոք չգիտեր)։

Առևանգումը չի հաջողվում. Սոնյան պատահաբար իմանում է այդ մասին ու հայտնում Մարիա Դմիտրիևնային։ Պիեռը Նատաշային պատմում է, որ Անատոլն ամուսնացած է։ Անդրեյ Բալկոնսկին վերադառնում է և իմանում Նատաշայի մերժման (վերջինս նամակ էր ուղարկել իշխանադուստր Մարիային) և Անատոլիի հետ նրա սիրավեպի մասին։ Պիեռի միջոցով Անդրեյը Նատաշային է վերադարձնում նրա նամակը։ Երբ Պիեռը գնում է Նատաշայի մոտ և տեսնում, որ նա լաց է եղել, նա խղճում է աղջկան և ասում, թե եթե ինքը լիներ աշխարհի ամենալավ մարդը, ծնկաչոք կխնդրեր նրա ձեռքն ու սերը։ Երջանկության արցունքներն աչքերին Պիեռը հեռանում է։ Ճանապարհին նա դիտում է 1811 թվականի գիսաստղը, որի տեսքը համապատասխանում էր իր հոգեվիճակին։

III հատոր խմբագրել

1-ին մաս խմբագրել

Երրորդ հատորն սկսում է Նապոլեոնի բանակի ներխուժումով Ռուսաստանի տարածք. նրանք անցնում են սահմանի վրա գտնվող Նեման գետը։ Նապոլեոնը գլխավորում է բանակը։ Ֆրանսիական բանակի բոլոր զինվորները բարձր տրամադրություն ունեն, քանի որ կարծում են, որ նոր սկսված պատերազմը արդեն իսկ հաջողված է։ Այդ ժամանակ Ալեքսանդր կայսրը արդեն մի քանի ամիս գտնվում էր Վիլնոյում, որտեղ ռուսական բանակը զորավարժություններ էր անցկացնում։ Ֆրանսիացիների ներծուժման մասին նա իմանում է կոմս Բենիգսենի ամառանոցում անցկացվող պարահանդեսի ժամանակ, որին ներկա էին նաև Բորիսն ու Էլենը։ Լուրն ստանալուց անմիջապես հետո կայսրը նամակ է գրում Բոնապարտին՝ խնդրելով հարթել պատահած թյուրիմացությունը։ Նամակն ուղարկվում է Ալեքսանդրի գեներալ-ադյուտանտ իշխան Բալաշևի միջոցով։

Իշխան Բալկոնսկին, ով ձգտում էր վրեժ լուծել Անատոլիից իր արարքի համար, նրա հետևից գնում է բանակ։ Թեև Անատոլին շուտով վերադառնում է Ռուսաստան, Անդրեյը մնում է շտաբում, ապա մի որոշ ժամանակ անց վերադառնում է Ռուսաստան, որպեսզի տեսակցի հոր հետ։ Լիսիե Գորիում նա վիճում է հոր հետ, ինչից հետո մեկնում է արևմտյան բանակ։ Այդտեղ նա հրավիրվում է ռազմական խորհուրդ, որտեղ յուրաքանչյուր գեներալ պնդում էր իր դիրքորոշման իրավացիությունը, անզիջում վեճի մեջ մտնում մյուսների հետ, և ի վերջո ոչինչ չի որոշվում, բացի նրանից, որ թագավորը պիտի մեկնի մայրաքաղաք, որպեսզի նրա ներկայությունը չխանգարի ռազմական գործողությունների իրականացմանը։

Նիկոլայ Ռոստովն ստացել էր ռոտմիստրի կոչում և իր հեծվաշտի հետ նահանջում էր, ինչպես և ամբողջ բանակը։ Նահանջի ժամանակ հեծվաշտն ստիպված էր մարտի մեջ մտնել, որի ընթացքում Նիկոլայը ցուցաբերում է առանձնակի խիզախություն, ինչի համար պարգևատրվում է գեորգիևյան խաչով և արժանանում բանակի հրամանատարության գովասանքին։ Նատաշան, որ այդ ժամանակ գտնվում էր Մոսկվայում, ծանր հիվանդ է, սակայն այդ հիվանդությունը, որ գրեթե նրան մահվան դուռն էր հասցրել, ավելի շուտ հոգեան է. նա ծանր է տանում և իրեն մեղադրում այն բանի համար, որ թեթևամտության պատճառով դավաճանել է Անդրեյին։ Հարևանուհու խորհրդով նա սկսում է ծոմ պահել և ամեն առավոտ գնում է եկեղեցի՝ աղոթելու իր մեղքերի թողության համար։ Պիեռն այցելում է Նատաշային. նա զգում է անկեղծ սեր դեպի աղջիկը, ով իր հերթին որոշակի զգացմունքներ է տածում նրա նկատմամբ։ Ռոստովների ընտանիքը նամակ է ստանում Նիկոլայից, որում նա գրում է իր պարգևի ու ռազմական գործողությունների ընթացքի մասին։

Նիկոլայի կրտսեր եղբայրը, որ արդեն տարեկան է, վաղուց նախանձելով եղբորը, ցանկանում է ընդունվել զինվորական ծառայության՝ հայտնելով ծնողներին, թե եթե իրեն չթողնեն, ինքը կփախչի։ Այդ նպատակով Պետյան գնում է Կրեմլ՝ ցանկանալով անձամբ հայտնել Ալեքսանդր թագավորին հայրենիքին ծառայելու իր ցանկության մասին։ Սակայն նա այդպես էլ չի կարողանում տեսնել թագավորին։

Մոսկվայում հավաքվում են հարուստ տոհմերի ներկայացուցիչները ու տարբեր առևտրականներ, որպեսզի քննարկեն ստեղծված իրավիճակն ու միջոցներ հատկացնեն Բոնապարտի դեմ պայքարելու համար։ Այդտեղ ներկա է նաև կոմս Բեզուխովը։ Անկեղծորեն ցանկանալով օգնել՝ նա հայտարարում է, որ տալիս է հազար մարդ և նրանց պահելու ծախսը։

2-րդ մաս խմբագրել

Երկրորդ մասի սկզբում հեղինակը ներկայացնում է տարբեր փաստարկներ Նապոլեոնի պարտության պատճառների վերաբերյալ։ Հիմնական գաղափարն այն է, որ այդ ռազմական գորողությանն ուղեկցած տարբեր իրադարձությունները եղել են սոսկ հանգամանքների բերումով, և ոչ՛ Նապոլեոնը, ո՛չ Կուտուզովը, չունենալով պատերազմի տակտիկական պլան, ամեն ինչ թողնում են ինքնահոսի, և դեպքերը զարգանում են իրենք իրենց։

Ծեր իշխան Բալկոնսկի նամակ է ստանում որդուց՝ իշխան Անդրեյից։ Վերջինս ներողություն է խնդրում հորից և հայտնում, որ Լիսիե Գորիում մնալն անվտանգ չէ, քանի որ ռուսական բանակը նահանջում է, և խորհուրդ է տալիս իշխանադուստր Մարիայի ու փոքրիկ Նիկոլայի հետ տեղափոխվել երկրի խորքերը։ Ստանալով այդ լուրը՝ ծեր իշխանն իր ծառային՝ Յակով Ալպատիչին, ուղարկում է մոտակա գավառային քաղաք՝ Սոլենսկ, որպեսզի նա տեղեկություն բերի տիրող իրավիճակի վերաբերյալ։ Սմոլենսկում Ալպատիչը հանդիպում է իշխան Անդրեյին, ով նրան է տալիս քրոջն ուղղված երկրորդ նամակը, որն ուներ նույն բովանդակությունը, ինչ առաջինը։ Միևնույն ժամանակ Մոսկվայում՝ Էլենի ու Աննա Պավլովնայի սալոններում, պահպանվում են նախկին տրամադրությունները. առաջինում նախկինի նման փառաբանվում է Նապոլեոնը, իսկ երկրորդում տիրում է հայրենասիրական տրամադրություն։ Այդ ժամանակ Կուտուզովը նշանակվում է ռուսական բանակի գլխավոր հրամանատար, ինչն անհրաժեշտ էր նրա կորպուսների միավորումից ու առանձին դիվիզիաների հրամանատարների միջև առաջացած կոնֆլիկտներից հետո։

Չանսալով որդու խորհրդին՝ ծեր իշխան Բալկոնսկին շարունակում է մնալ իր կալվածքում, սակայն նա կաթված է ստանում և դստեր՝ իշխանադուստր Մարիայի հետ ճանապարհվում է դեպի Մոսկվա։ Բոգուչարովո կալվածքում տեղի ունեցած երկրորդ կաթվածից հետո ծեր իշխան Բալկոնսկին մահանում է։ Իշխանի մահից հետո նրա կալվածքի գյուղացիները խռովություն են բարձրացրում և նրա ծառաներին ու դստերը չեն թողնում մեկնել Մոսկվա՝ պահանջելով վտանգից ու սովից ապահովել նաև իրենց։ Այդ ժամանակ կալվածքի մոտով անցնում էր Նիկոլայ Ռոստովի հեծվաշտը։ Ձիերի համար կեր փնտրելու նպատակով Նիկոլայ իր ծառայի ու Իլինի հետ գնում է Բոգուչարովո, որտեղ պաշտպանում է իշխանադստերը և ուղեկցում նրան մինչև Մոսկվա տանող մոտակա ճանապարհը։ Հետագայում իշխանադուստր Մարիան հաճախ էր երախտագիտությամբ ու սիրով հիշում Նիկոլային «և մտովի մխիթարում էր իրեն, որ ոչ ոք երբեք այդ չի իմանա, և թե նա հանցավոր չի լինի, եթե մինչև կյանքի վերջը, այդ մասին ոչ ոքի չասելով, սիրի նրան, որին սիրել է առաջին և վերջին անգամ»։ Նիկոյալը նույնպես սիրով էր հիշում իշխանադստերը և նրա հետ «ամուսնանալու միտքը մեկ անգամ չէր, որ հակառակ իր կամքի, ծագում էր նրա գլխում»։ Նա հասկանում էր, որ իշխանադստեր հետ ամուսնանությունը կերջանկացներ մորն ու կշտկեր հոր գործերը, բայց Սոնյայի մասին հիշելիս բարկություն էր իջնում վրան։

Իշխան Անդրեյը Կուտուզովի մոտ հանդիպում է փոխգնդապետ Դենիսովին, ով նրան պատմում է պարտիզանական պատերազմի իր պլանի մասին։ Դրանից հետո Ադրեյը, թույլտվություն խնդրելով անձամբ Կուտուզովից, մեկնում է գործող բանակ որպես գնդի հրամանատար։ Այդ ժամանակ կայանալիք մարտի վայր է մեկնում նաև Պիեռը, ով շտաբում հանդիպում է նախ Բորիս Դրոբեցկուն, ապա իշխան Անդրեյին իր զորքերից ոչ հեռու։ Զրույցի ժամանակ իշխանը դատողություններ է անում այն մասին, որ պատերազմը թողնված է ինքնահոսի, և հաջողությունը կախված է ոչ թե զորավարի իմաստությունից, այլ զինվորների՝ մինչև վերջ պայքարելու ձգտումից։

Կատարվում են վերջին մարտի նախապատրաստությունները. Նապոլեոնը նշում է զորքի դասավորությունը և տալիս հրամաններ, որոնք այս կամ այն պատճառով այդպես էլ չեն կատարվելու։

Պիեռը, ինչպես և բոլորը, արթնանում է ձախ թևում հնչած հրամանով։ Ցանկանալով մասնակցել մարտական գործողություններին՝ նա հայտնվում է Ռաևսկու ռեդուտում, որտեղ նա ժամանակն անցկացնում է անգործությամբ և բախտի բերմամբ լքում է այն նախքան ֆրանսիացիների հանձնվելը։ Անդրեյի գունդը մարտի ժամանակ պահեստային ուժերի կազմում էր։ Անդրեյից ոչ հեռու ընկնում է հրետանային ռումբ, սակայն հպարտությունից Անդրեյն իր ծառայակիցների նման չի պառկում գետնին և ծանր վիրավորվում է որովայնից։ Իշխանին տանում են վիրակապության կայան և պառկեցնում վիրահատության սեղանին։ Այդտեղ նա տեսնում է իր վաղեմի թշնամուն՝ Անատոլ Կուրագինին, ում ոտքը կտրում էին։ Հիշելով իշխանադուստր Մարիայի խոսքերը և ինքն էլ լինելով մահվան շեմին՝ իշխան Անդրեյը մտքում ներում է Կուրագինին։

Մարտն ավարտվում է։ Նապոլեոնը, չկարողանալով հասնել հաղթանակի և կորցնելով իր զորքի մեկ հինգերորդ մասը (ռուսները կորցրել էին իրենց բանակի կեսը), ստիպված է լինում նահանջել, քանի որ ռուսները պատրաստ էին պայքարել մինչև մահ։ Ռուսները նույնպես ոչ մի գործողություն չեն ձեռնարկում. և մնում են իրենց տեղում (Կուտուզովը նախատեսում էր նահանջել հաջորդ օրը)՝ փակելով Մոսկվայի ճանապարհը։

3-րդ մաս խմբագրել

Այս մասի սկզբում ևս հեղինակը փիլիսոփայական դատողություններ է կատարում պատմության ստեղծման պատճառների և 1812 թվականի Հայրենական պատերազմի ժամանակ ռուսական ու ֆրանսիական զորքերի գործողությունների վերաբերյալ։ Կուտուզովի շտաբում բուռն վեճեր են. ոմանք պնդում են, որ պետք է պաշտպանել Մոսկվան, մյուսներն առաջարկում են նահանջել։ Գեներալ Բենիգսենը կողմ է քաղաքը պաշտպանելուն, սակայն անհաջողության դեպքում պատրաստ է ամեն ինչում մեղադրել Կուտուզովին։ Սակայն գլխավոր հրամանատարը, գիտակցելով, որ Մոսկվայի պաշտպանության համար անհրաժեշտ ուժեր չեն մնացել, որոշում է առանց մարտի հանձնել այն։ Ողջ Մոսկվան պատրաստվում է ֆրանսիացիների ներխուժմանն ու մայրաքաղաքի հանձնմանը։ Հարուստ կալվածատերերն ու առևտրականներն արդեն հեռացել են քաղաքից՝ իրենց հետ տանելով որքան հնարավոր է շատ ունեցվածք։ Աղքատներն էլ այրում են իրենց ունեցածը, միայն թե այն չընկնի թշնամու ձեռքը։ Մոսկվայում սկսվում է խուճապային փախուստ, ինչը դուր չի գալիս գեներալ-նահանգապետ իշխան Ֆեոդոր Ռաստոպչինին, որի հանձնարարությունները պիտի ժողովրդին համոզեին չլքել Մոսկվան։

Կոմսուհի Բեզուխովան Վիլնոյից Պետերբուրգ վերադառնալուց հետո ցանկանում է հարաբերությունները պարզել Պիեռի հետ, քանի որ պատրաստվում էր նորից ամուսնանալ։ Նա նամակ է գրում Պիեռին, ով գտնվում էր Մոսկվայում։ Նամակը, որում Էլենն առաջարկում էր ամուսնալուծվել, Պիեռին են հանձնում Բորոդինոյի դաշտում տեղի ունեցա ճակատամարտի օրը։ Մարտից հետո Պիեռը երկար ժամանակ թափառում է խեղված ու ուժասպառ զինվորների մոտ։ Այդտեղ էլ նա քնում է։ Հաջորդ օրը Պիեռը վերադառնում է Մոսկվա և կանչվում իշխան Ռաստոպչինի մոտ, ով նրան հայտնում է, որ իր նախկին ընկեր մասոնների մեծ մասը ձերբակալվել են ֆրանսիացիների թռուցիկները տարածելու կասկածանքով, և խորհուրդ է տալիս, որ Պիեռը հեռանա քաղաքից։ Տուն վերադառնալուց հետո Պիեռն իմանում է Էլենի խնդրանքի ու իշխան Անդրեյի մահվան մասին։ Պիեռը, փորձելով մոռանալ այդ ամենը, գաղտնի հեռանում է տնից։

Ռոստովների չէին շտապում հեռանալ Մոսկվայից, քանի որ կոմսն իրեն հատուկ անհոգությամբ ամեն ինչ հետաձգում էր։ Տուն էր եկել Պետյան, ով զորքի հետ նահանջում էր։ Նատաշան իրենց տան մոտով անցնող մի քանի վիրավորների հրավիրել էր կանգ առնելու իրենց տանը։ Այդ վիրավորներից մեկն էլ Նատաշայի նախկին փեսացուն էր՝ Անդրեյ Բալկոնսկին։ Նատաշան պնդում է, որ սայլերը տրամադրեն վիրավորներին, և կոմսը կարգադրում է իրենց իրերը թողնել խորդանոցում։ Մահամերձ Անդրեյ Բալկոնսկին նույնպես այդ վիրավորների մեջ էր։ Ճանապարհին Նատաշան նկատում է Պիեռին, որ հասարակ հագնված, մտախոհ քայլում էր մի ծերունու ուղեկցությամբ։ Նատաշան, իմանալով, որ իշխան Անդրեյն իրենց մոտ է, սկսում է խնամել նրան։ Յոթերորդ օրը նա իրեն արդեն լավ էր զգում, սակայն բժիշկը պնդում էր, որ եթե իշխանը այդ ժամանակ չմեռնի, ապա կմեռնի հետո՝ տանջվելով ավելի շատ։ Նատաշան Անդրեյից ներողություն է խնդրում իր թեթևամտության ու դավաճանության համար։ Անդրեյն արդեն ներել է նրան և հավատացնում է, որ սիրում է նրան։

Նապոլեոնը, որ ընդհուպ մոտեցել է Մոսկվային, ուրախ է, որ այդ քաղաքը ենթարկվել է իրեն ու ընկած է իր ոտքերի առաջ։ Նա մտքում պատկերացնում է, թե ինչպես այնտեղ կտարածի պատկերացում իսկական քաղաքակրթության մասին և բոյարներին կստիպի սիրով հիշել նվաճողի մասին։ Սակայն մտնելով քաղաք՝ նա դժգոհությամբ է ընդունում այն լուրը, որ բնակիչների մեծ մասը հեռացել է։

Մոսկվայում տիրում են անկարգություններն ու գողությունները (այդ թվում նաև իշխանության ներկայացուցիչների կողմից)։ Քաղաքային կառավարության շենքի դիմաց հավաքվել է դժգոհ ժողովուրդը։ Քաղաքագլուխ Ռաստոպչինը, փորձելով շեղել զայրացած ամբոխի ուշադրությունը, նրա դատաստանին է հանձնում ձերբակալված Վերեշչագինին՝ հայտարարելով, որ հայրենիքի դավաճան է և Մոսկվայի կործանման պատճառը։ Ռաստոպչինի հրամանով դրագունը պալաշով խփում է Վերեշչագինի գլխին, ինչից հետո ամբոխը դաժան ծեծի ենթարկեց երիտասարդին։ Մոսկվան այրվում էր. հրդեհման համար ֆրանսիացիները մեղադրում էին քաղաքի բնակիչներին, իսկ վերջիններս՝ ֆրանսիացիներին, սակայն փայտաշեն քաղաքը չէր կարող չայրվել, եթե բնակիչները թողել են այն, իսկ օտար զորքը խարույկներ է վառում Սենատի հրապարակում։

  Մոսկվան թշնամու կողմից գրավվելուց հետո ողջ և անվնաս չմնաց, ինչպես Բեռլինը, Վիեննան և մյուս քաղաքները, մի՛այն այն պատճառով, որ նրա բնակիչները աղ ու հաց և բանալիներ չմատուցեցին ֆրանսիացիներին, այլ հեռացան քաղաքից։  

Պիեռը հանգում է այն մտքին, որ իր գոյությունն արդարածված կլինի միայն այն դեպքում, երբ ինքը սպանի Նապոլեոնին, ում համարում էր համայն Եվրոպայի դժբախտության պատճառը։ Միևնույն ժամանակ ծեր խելագարի (իր նախկին ընկեր մասոնի եղբայրը) ձեռքից նա ակամա փրկում է ֆրանսիացի սպա Ռամբայլին, ապա ընկերանում նրա հետ ու երկար զրուցում։ Հաջորդ առավոտյան Պիեռը գնում է քաղաքի արևմտյան մուտքի մոտ՝ նպատակ ունենալով դաշույնով սպանել նրան։ Սակայն նա չէր կարող իրականացնել իր մտադրությունը թեկուզև այն պատճառով, որ ուշացել էր հինգ ժամ, և Նապոլեոնն արդեն Կրեմլում էր։ Սրտնեղած Պիեռը, շրջելով լքված քաղաքի փողոցներով, հանդիպում է մի մանր աստիճանավորի ընտանիքի, որի դուստրը ենթադրաբար գտնվում է այրվող տանը։ Պիեռը, ներս է մտնում փնտրելու աղջկան։ Աղջկան տնից բարեհաջող կերպով դուրս բերելուց հետո Պիեռը նրան հանձնում է մի կնոջ, ով ճանաչում էր նրա ծնողներին (աստիճանավորի ընտանիքն արդեն հեռացել էր այն վայրից, որտեղ Պիեռը հանդիպել էր նրանց հուսալքված վիճակում)։

Պիեռը, տեսնելով ֆրանսիացի երկու մարոդյորների, որ կողոպտում էին երիտասարդ հայուհուն ու ծերունուն, հարձակվում է նրանց վրա և կատաղորեն սկսում խեղդել նրանցից մեկին։ Սակայն շուտով նա ձերբակալվում է ֆրանսիական հեծելադետի կողմից և գերի տարվում. նա կասկածվում էր որպես Մոսկվան հրդեհողներից մեկը։

IV հատոր խմբագրել

1-ին մաս խմբագրել

Օգոստոսի 26-ին՝ Բորոդինոյի ճակատամարտի օրը, Աննա Պավլովնայի մոտ երեկույթ կար, որի ընթացքում պիտի կարդային սրբազանի նամակը։ Պետերբուրգի այդ օրվա նորությունը կոմսուհի Բեզուխովայի հիվանդությունն էր։ Խոսում են, որ նա շատ վատ է, և բժիշկը ասել է, որ դա կրծքի հիվանդություն է։ Երեկույթի հաջորդ օրը նամակ է ստացվում Կուտուզովից, ով գրում է, որ ռուսները չեն նահանջել, և ֆրանսիացիների կորուստներն ավելի շատ են։ Հաջորդ օրվա երեկոյան հայտնի է դառնում մի քանի տխրալի դեպքերի մասին, որոնցից մեկն Էլենի մահն էր։ Կուտուզովի զեկույցից երեք օր հետո հայտնի է դառնում, որ Մոսկվան հանձնվել է ֆրանսիացիներին։ Մոսկվայի հանձնումից ինն օր անց թագավորի մոտ է գալիս ֆրանսիացիների սուրհանդակ Միշոն («թեև օտարերկրացի, բայց հոգով ու սրտով ռուս»), ով հայտնում է, որ Մոսկվան թողնված է և հրդեհված։

Բորոդինի ճակատամարտից մի քանի օր առաջ Նիկոլայ Ռոստովն ուղարկվել էր Վորոնեժ՝ ձի գնելու։ Նահանգական կյանքը 1812 թվականին սովորականի պես էր։ Հասարակությունը հավաքվել էր նահանգապետի մոտ, սակայն նրանց մեջ ոչ ոք չէր կարող մրցակցել Գեորգիի ասպետ-հուսարի հետ։ Նա երբեք չէր պարել Մոսկվայում, որտեղ դա համարում էր իրեն ոչ վայել, սակայն այստեղ նա զարմացնելու պահանջ է զգում։ Ողջ երեկոն Նիկոլայն անցկացնում է երկնագույն աչքերով խարտյաշուհու՝ նահանգական պաշտոնյաներից մեկի կնոջ ընկերակցությամբ։ Շուտով նրան հայտնում են, որ հարուստ այրի Աննա Իգնատևնա Մալվինցևան ցանկանում է տեսնել Նիկոլային, ով փրկել էր իր ազգականուհուն՝ իշխանադուստր Մարիային։ Մալվինցևան իր խոսքում նշում է, որ Մարիան լավագույն զույգ կլինի Նիկոլայի համար։ Վերջինս ասում է, որ իր մայրն էլ է նույն կարծիքին, և իրեն էլ դուր է գալիս իշխանադուստրը, սակայն ինքը խոստացել է ամուսնանալ Սոնյայի հետ։ Նիկոլայ Ռոստովը գնում է Աննա Իգնատևնայի տուն, որտեղ հանդիպում է Բալկոնսկայային։ Իշխանադուստր Մարիան նամակ է ստանում եղբորից, ով գրում է, որ Մարիան իր որդու հետ գնա Վորոնեժ՝ մորաքույր Մալվինցևայի մոտ, որտեղ նա հանդիպեց Նիկոլային։ Ռոստովի աչքին իխանադուստրը երևաց բոլորովին փոխված. նրա մեջ Նիկոլայը տեսավ բարու ձգտում, հնազանդություն, սեր և ինքնազոհողություն։ Նրանք զրուցում են աննշան թեմաներից։ Նրանք հանդիպում են Բորոդինոյի ճակատամարտից կարճ ժամանակ հետո եկեղեցում։ Իշխանադուստրն իմանում է եղբոր վիրավորվելու մասին։ Իշխանադստեր հետ զրույցից հետո Նիկոլայը հասկանում է, որ Մարիան իր րտում ավելի մեծ տեղ է գրավում, քան ինքը կարծում էր.

  Իր երազանքները Սոնյայի մասին՝ իրենց մեջ ինչ-որ ուրախ-զվարթ, խաղալիքային բան ունեին։ Բայց մտածել իշխանադուստր Մարիայի մասին միշտ դժվար էր և փոքր-ինչ սարսափելի։  

Նիկոլայը նամակներ է ստանում մորից ու Սոնյայից։ Առաջինում մայրը հայտնում էր, որ իշխան Արդրեյը ծանր վիրավոր է, և Նատաշան ու Սոնյան խնամում են նրան Երկրորդում Սոնյան գրում էր, որ հրաժարվում էր իր խոստումից, և Նիկոլայն ազատ է։ Նիկոլայն Անդրեյի վիճակի մասին հայտնում է իշխանադստերը, նրան ուղեկցում մինչև Յարոսլավլ, իսկ մի քանի օր անց մեկնում իր գնդի մոտ։ Սոնյան Նիկոլային նամակ էր գրել Տրոիցից։ Աղջիկը գրում էր, թե հույս ունի, որ Անդրեյ Բալկոնսկին կառողջանա և կամուսնանա Նատաշայի հետ։ Այդ ժամանակ Նիկոլայը չի կարողանա ամուսնանալ իշխանադուստր Մարիայի հետ։

Այդ ժամանակ Պիեռը գերության մեջ էր։ Նրա հետ գտնվող բոլոր ռուսները ամենացածր դասի մարդիկ էին։ Պիեռին ուրիշ 13 հոգու հետ տանում են Կրիմսկի Բրոդ։ Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած երկրորդ հարցաքննությանը նախորդած ժամանակահատվածն ամենածանրն էր Պիեռի համար։ Պիեռին հարցաքննում է Դավուն, և նրան դատապարտում են մահապատժի։ Հանցագործներին կանգնեցրին որոշակի կարգով. Պիեռը վեցերորդն էր։ Հինգերորդին տանելուց հետո պարզվում է, որ Պիեռին ու մյուսներին բերել էին միայն մահապատժին ներկա լինելու համար։ Մահապատիժներից հետո Պիեռին առանձնացնում են մյուս մեղադրյալներից և թողնում եկեղեցում, որտեղ նա ծանոթանում է Պլատոն Կարատաևի (հիսունն անց մարդ՝ հաճելի ձայնով, անմիջական, ով երբեք չէր մտածում, թե ինչի մասին է խոսում) Նա ամեն ինչ գիտեր անել, միշտ զբաղված էր, երգում էր տարբեր երգեր։ Պիեռի համար Պլատոն Կարատաևը պարզության ու ճշմարտության մարմնավորում էր։ Նա ոչինչ անգիր չգիտեր, բացի իր աղոթքից։

Շուտով իշխանադուստր Մարիան գնում է Յարոսլավլ։ Այնտեղ նա իմանում է, որ Անդրեյի վիճակը վատացել է։ Նատաշան ու Մարիան մտերմանում են։ Նրանք Անդրեյի կողքին են մնում մինչև նրա մահը։

2-րդ մաս խմբագրել

Հեղինակը դատողություններ է անում Բորոդինյան ճակատաարտի, Կուտուզովի վաստակի, ինչպես նաև այն մասին, թե ինչու Նապոլեոնը չկարողացավ կառավարել Մոսկվան։ Պիեռը գերության մեջ անցկացնում է չորս շաբաթ։

3-րդ մաս խմբագրել

Պետյա Ռոստովը գեներալի հանձնարարության ընկնում է Դենիսովի պարտիզանական ջոկատ։ Դենիսովի ջոկատը Դոլոխովի ջոկատի հետ կազմակերպում է հարձակում ֆրանսիացիների ջոկատի վրա։ Պետյա Ռոստովը զոհվում է կռվում, ֆրանսիացիների ջոկատը պարտված է։ Ռուս գերիների հետ ազատվում է նաև Պիեռ Բեզուխովը։

4-րդ մաս խմբագրել

Նատաշան ու Մարիան ծանր են տանում Անդրեյի մահը։ Ստացվում է նաև Պետյա Ռոստովի զոհվելու լուրը, և կոմսուհի Ռոստովան ընկնում է հուսահատության գիրկը՝ հիսունամյա աշխույժ կնոջից վերածվելով պառավի։ Նատաշան մշտապես խնամում է մորը, ինչը նրան օգնում է գտնել կյանքի նոր իմաստ սիրելիի մահից հետո։ Սակայն միևնույն ժամանակ նա թուլանում է հոգեպես ու մարմնապես։ Կորուստները մտերմացնում են Մարիային ու Նատաշային, և արդյունքում նրանք, Նատաշայի հոր պնդմամբ, միասին վերադառնում են Մոսկվա։

Վերջաբան խմբագրել

1-ին մաս խմբագրել

Պիեռ Բեզուխովն ամուսնանում է Նատաշա Ռոստովայի հետ՝ դրանով իսկ նրան օգնելով հաղթահարել այն դեպրեսիան, որ պայմանավորված էր ինչպես նրա եղբոր ու Անդրեյ Բալկոնսկու, այնպես էլ հոր մահով։

Հոր մահից հետո Նիկոլայ Ռոստովն իմանում է, որ իր ստացած ժառանգությունը կազմված է պարտքերից, որոնք տասն անգամ գերազանցում են ամենավատ սպասելիքները։ Նիկոլայն ամուսնանում է Մարիա Բալկոնսկայայի հետ և մի քանի տարվա ընթացքում մարում է բոլոր պարտքերը՝ Պիեռ Բեզուխովից պարտք վերցնելով 30 հազար և մեկնելով Լիսիե Գորի, որտեղ նա դառնում է լավ բարին ու տանտեր։ Հետագայում նա փորձում է ամեն կերպ հետ գնել իրենց կալվածքը, որ վաճառվել էր հոր մահից անմիջապես հետո։

2-րդ մաս խմբագրել

Հեղինակը վերլուծում է 1805-1812 թվականներին Եվրոպայում ու Ռուսաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների միջև եղած պատճառահետևանքային կապերը։ Լև Տոլստոյը նաև համեմատում է «արևմուտքից արևելք ու արևելքից արևմուտք» տեղի ունեցած մասշտաբային շարժումները։ Տոլստոյը դիտարկում է առանձին վերցրած կայսրերի, զորավարների, գեներալների՝ նրանցից վերացարկելով ժողովրդին։ Նա բարձրացնում է կամքի ու անհրաժեշտության, հերոսության ու պատահականության հարցերը, փորձում է ապացուցել հին ու նոր պատմությունների վերլուծության մեջ եղած հակասությունները՝ նպատակ ունենալով ժխտել այն օրենքները, որոնց վրա հիմնվում է պատմությունը։

Վեճեր վերնագրի վերաբերյալ խմբագրել

Ժամանակակից ռուսերենում мир բառն ունի երկու տարբեր նշանակություն՝ խաղաղություն և աշխարհ, տիեզերք, երկիր, երկրագունդ, շրջակա աշխարհ, բնակության վայր։ Մինչև 1917-1918 թվականների ուղղագրական բարեփոխումը այդ երկու իմաստներն արտահայտվում էին տարբեր գրություն ունեցող բառերով՝ миръ «խաղաղություն» և міръ «աշխարհ»։

Գոյություն ունի լեգենդ, իբր Տոլստոյն իր վեպի վերնագրում օգտագործել է міръ (տիեզերք, հասարակություն) բառը։ Սակայն նրա կենդանության օրոք լույս տեսած բոլոր հրատարակություններն ունեն «Война и миръ» վերնագիրը, իսկ գրողն ինքը վեպի վերնագիրը ֆրանսերեն գրել է „La guerre et la paix“: Գոյություն ունեն այդ լեգենդի ստեղծման մի քանի վարկածներ։

  • Դրանցից մեկի համաձայն՝ անմիօրինակությունն ի հայտ է եկել վեպի առաջին ամբողջական հրատարակության ժամանակ։ 1868 թվականին Միխայիլ Կատկովի հրատարակչությունում լույս է տեսնում գիրքը, որի տիտղոսաթերթին գրված էր «Война и миръ»: Պահպանվել է այդ դեպքին վերաբերող մի փաստաթուղթ՝ թվագրված 1867 թվականի մարտի 24-25-ով և ուղղված Կատկովի տպագրատան ծառայող Մ. Լավրովին։ Դա վեպի հրատարակության վերաբերյալ պայմանագրի նախագիծն է։ Այդ փաստաթղթում վեպի ենթավերնագրի («Тысяча восемьсотъ пятый годъ») վրա գիծ է քաշված և «Тысяча восемьсот» բառերի տակ Տոլստոյն իր ձեռքով գրել է «Война и миръ»[18]: Փաստաթղթի սկզբում՝ «Милостивый Государь, Михаилъ Николаевичъ» բառերի վերևում մատիտով գրված է «Война и Мiръ»: Դա արված է Սոֆյա Տոլստայայի ձեռքով հավանաբար այն ժամանակ, երբ նա կարգի է բերել ամուսնու թղթերը 1880-ական թվականներին։
  • Ըստ այլ վարկածի՝ լեգենդն ի հայտ է եկել 1913 թվականին Պավել Բիրյուկովի խմբագրությամբ լույս տեսած հրատարակության մեջ տեղի ունեցած վրիպակի պատճառով։ Քառահատոր հրատարակության մեջ վեպի վերնագիրը նշված է ութ անգամ՝ յուրաքանչյուր հատորի տիտղոսաթերթի վրա ու առաջին էջում։ Յաթ անգամ տպագրված է «миръ», մեկ անգամ՝ «міръ», ընդ որում՝ առաջին հատորի առաջին էջում։
  • Ըստ երրորդ վարկածի՝ լեգենդը տարածվել է Գեորգի Ֆլորովսկու հայտնի աշխատության բնօրինակ հրատարակության մեջ տեղ գրած վրիպակի պատճառով[19]։ Նրանում վեպի վերնագիրը գրված է «i» տառով։

Վլադիմիր Մայակովսկու «Война и міръ» (1916) պոեմում օգտագործվում է բառախաղ, որը հնարավոր էր միայն ուղղագրական բարեփոխմանը նախորդած ժամանակաշրջանում և անհասկանալի է ներկայիս ընթերցողին։

Էկրանավորումներ և օգտագործում որպես գրական հիմք խմբագրել

Էկրանավորումներ խմբագրել

  • «Պատերազմ և խաղաղություն» (1913, Ռուսաստան), համր ֆիլմ, ռեժիսոր՝ Պյոտր Չարդինին, Անդրեյ Բալկոնսկի՝ Իվան Մոզժուխին
  • «Պատերազմ և խաղաղություն» (1915, Ռուսաստան), համր ֆիլմ, ռեժիսորներ՝ Յակով Պրոտազանով, Վլադիմիր Գարդին, Նատաշա Ռոստովա՝ Օլգա Պրեոբրաժենսկայա, Անդրեյ Բալկոնսկի՝ Իվան Մոզժուխին, Նապոլեոն՝ Վլադիմիր Գարդին
  • «Նատաշա Ռոստովա» (1915, Ռուսաստան), համր ֆիլմ, ռեժիսոր՝ Պյոտր Չարդինին, Նատաշա Ռոստովա՝ Վերա Կարալի, Անդրեյ Բալկոնսկի՝ Վիտոլդ Պոլոնսկի
  • «Պատերազմ և խաղաղություն» (War & Peace, 1956, ԱՄՆ, Իտալիա), ռեժիսոր՝ Քինդ Վիդոր, կոմպոզիտոր՝ Նինո Ռոթա, հագուստը՝ Մարիա դե Մատեիի, Նատաշա Ռոստովա՝ Օդրի Հեփբերն, Պիեռ Բեզուխով՝ Հենրի Ֆոնդա, Անդրեյ Բալկոնսկի՝ Մել Ֆերեր, Նապոլեոն Բոնապարտ՝ Հերբերտ Լոմ, Էլեն Կուրագինա՝ Անիտա Էկբերգ
  • «Նույնպես մարդիկ են» (1959, ԽՍՀՄ), կարժամետրաժ ֆիլմ վեպի մի հատվածի հիման վրա (ԽՍՀՄ), ռեժիսոր՝ Գեորգի Դանելիա
  • «Պատերազմ և խաղաղություն» / War and Peace (1963, Մեծ Բրիտանիա), հեռուստաֆիլմ, ռեժիսոր՝ Սիլվիո Նարիզանո, Նատաշա Ռոստովա՝ Մերի Հինտոն, Անդրեյ Բալկոնսկի՝ Դենիել Մեսի
  • «Պատերազմ և խաղաղություն» (1965, ԽՍՀՄ), ռեժիսոր՝ Սերգեյ Բոնդարչուկ, Նատաշա Ռոստովա՝ Լյուդմիլա Սավելևա, Անդրեյ Բալկոնսկի՝ Վյաչեսլավ Տիխոնով, Պիեռ Բեզուխով՝ Սերգեյ Բոնդարչուկ
  • «Պատերազմ և խաղաղություն» (War & Peace, 1972, Մեծ Բրիտանիք), սերիալ, ռեժիսոր՝ Ջոն Դեյվիս, Նատաշա Ռոստովա՝ Մորագ Հուդ, Անդրեյ Բալկոնսկի՝ Ալան Դոբի, Պիեռ Բեզուխով՝ Էնթոնի Հոփքինս
  • «Պատերազմ և խաղաղություն» (2007, Գերմանիա, Ռուսաստան, Լեհաստան, Ֆրանսիա, Իտալիա), սերիալ, ռեժիսորներ՝ Ռոբերտ Դորնհելմ, Բրենդոն Դոնիսոն, Անդրեյ Բալկոնսկի՝ Ալեսիո Բոնի, Նատաշա Ռոստովա՝ Կլեմանս Պոեզի
  • «Պատերազմ և խաղաղություն» (2012, Ռուսաստան), եռագրություն, կարճամետրաժ ֆիլմեր վեպի հատվածների հիման վրա, ռեժիսորներ՝ Մարիա Պանկրատովա, Անդրեյ Գրաչև (ցուցադրվել է 2012 թվականի սեպտեմբերին «Звезда» ալիքով)
  • «Պատերազմ և խաղաղություն» (2016, Մեծ Բրիտանիա), սերիալ, ռեժիսոր՝ Թոմ Հարպեր, Անդրեյ Բալկոնսկի՝ Ջեյմս Նորտոն, Նատաշա Ռոստովա՝ Լիլի Ջեյմս, Պիեռ Բեզուխով՝ Պոլ Դանո

Օգտագործում որպես գրական հիմք խմբագրել

  • «Պատերազմ և խաղաղությունը» չափածո»՝ պոեմ Լև Տոլստոյի վեպ-եռագրության մոտիվներով, Մոսկվա, Ключ-С, 2012, հեղինակ՝ Նատալյա Տուգարինովա[20]

Օպերա խմբագրել

  • Սերգեյ Պրոկոֆև, «Պատերազմ և խաղաղություն» (1943, վերջնական խմբագրում՝ 1952, 1946, Լենինգրադ, 1955, նույն տեղում)
  • Պատերազմ և խաղաղություն (ֆիլմ-օպերա, Մեծ Բրիտանիա, 1991) (TV), երաժշտությունը՝ Սերգեյ Պրոկոֆևի, ռեժիսոր՝ Համֆրի Բերտոն
  • Պատերազմ և խաղաղություն (ֆիլմ-օպերա, Ֆրանսիա, 2000) (TV), երաժշտությունը՝ Սերգեյ Պրոկոֆևի, ռեժիսոր՝ Ֆրանսու Ռասիլոն

Բեմադրություններ խմբագրել

  • «Իշխան Անդրեյ» (2006, Радио России), ռադիոներկայացում, ռեժիսոր՝ Գերման Սադչենկով, գլխավոր դերում՝ Վասիլի Լանովոյ
  • «Պատերազմ և խաղաղություն։ Վեպի սկիզբը։ Տեսարաններ» (2001), բեմադրությունը՝ Մոսկվայի «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի
  • «Տոլստոյի պատերազմ և խաղաղությունը», վեպի ուղեցույց (2016), բեմադրությունը՝ Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնի, ռեժիսոր՝ Վիկտոր Ռիժակով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Moser, Charles. 1992. Encyclopedia of Russian Literature. Cambridge University Press. pp. 298–300.
  2. Thirlwell, Adam "A masterpiece in miniature." The Guardian (London, UK) October 8, 2005
  3. Briggs, Anthony. 2005. "Introduction" to War and Peace. Penguin Classics.
  4. Pevear, Richard (2008). «Introduction». War and Peace. Trans. Pevear; Volokhonsky, Larissa. New York City, New York: Vintage Books. էջեր VIII–IX. ISBN 978-1-4000-7998-8.
  5. Knowles, A.V. Leo Tolstoy, Routledge 1997.
  6. "Newsweek's Top 100 Books: The Meta-List", 7 հուլիսի, 2009
  7. Grossman, Lev (15 հունվարի, 2007). 8599, 1578073, 00.html «The 10 Greatest Books of All Time». Time Magazine. Վերցված է 9 փետրվարի, 2016-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  8. Լև Տոլստոյ, Պատերազմ և խաղաղություն, հատոր 1-4, Երևան-Մոսկվա, Պետհրատ, 1935-1940։
  9. Толстой Л. Н. Письмо Герцену А. И., [14 (26) марта 1861 г. Брюссель] // Л. Н. Толстой: К 120-летию со дня рождения. (1828—1948) / Коммент. и ред. Н. Н. Гусева. — М.: Гос. лит. музей, 1948. — Т. II. — С. 4—6. — (Летописи Государственного литературного музея; Кн. 12).
  10. Վեպի մասին առաջինը կարծիք է հայտնել ռազմական պատմաբան Նիկոլայ Լաչինովը, ով այդ ժամանակ եղել է «Русский инвалид» պարբերականի աշխատակից (հետագայում դարձել է նույն պարբերականի խմբագիր) – «По поводу последнего романа графа Толстого» // Русский инвалид. 1868. № 96 /10 апр./ (Бабаев Э. Г. Лев Толстой и русская журналистика его эпохи. МГУ. М. 1993; С.33, 34 ISBN 5-211-02234-3)
  11. 11,0 11,1 11,2 Энциклопедический словарь Брокгауза и Ефрона
  12. Толстой Л. Н. ПСС. т.61, стр.247.
  13. Толстой Л. Н. ПСС. т.56, стр.162.
  14. Токутоми Рока. Пять дней в Ясной Поляне // Л. Н. Толстой в воспоминаниях современников: В 2 т. / Ред. С. А. Макашин. — М.: Худож. лит., 1978. — Т. 2 / Сост., подгот. текста и коммент. Н. М. Фортунатова. — С. 320—338. — (Сер. лит. мемуаров).
  15. 15,0 15,1 В. Б. Шкловский. Материал и стиль в романе Льва Толстого «Война и мир»
  16. +Histoire+de+Napoleon+1-er.&source=bl&ots=eNVpHDVCfJ&sig=3Dxoi2xtOQODFEUaHTuTzP6ujws&hl=ru&sa=X&ei=yWgrUam0HYj14QTBqIDYBA&ved=0CF0Q6AEwBQ#v=onepage&q&f=false Kathryn B. Feuer, Robin Feuer Miller, Donna T. Orwin. Tolstoy and the Genesis of «War and Peace»
  17. Комментарии Н. М. Фортунатова. Толстой Л. Н. Собрание сочинений в 22-х томах. Т.4. Война и мир. Коммент. Н. М. Фортунатова. М. «Худож. лит.», 1979.
  18. «Война и миръ»
  19. Протоиерей Георгий Флоровский. Пути русского богословия. — Париж, 1937. 2-е издание (репринт) — Париж: YMCA-Press, 1983.
  20. «РЭП-РОК-ОПЕРА НАТАЛЬИ ТУГАРИНОВОЙ «ВОЙНА И МИР»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատերազմ և խաղաղություն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատերազմ և խաղաղություն» հոդվածին։