Շիմպանզե (անգլ.՝ Pan), խոշոր մարդանման կապիկների սեռ։ Մարմնի բարձրությունը 150-165 սմ է, կենդանի զանգվածը՝ 45-80 կգ։ Էգերը արուներից փոքր են։ Մարմինը պատված է կոպիտ, սև մազերով։ Քիթը տափակ է, ականջները մեծ, ատամները նման են մարդու ատամներին։ Ձեռքերը ոտքերից երկար են։ Բութ մատը հակադրվում է մյուսներին։ Դեմքի մաշկը բաց գույնի է, կնճռոտ։ Հայտնի է շիմպանզեի 2 տեսակ՝ սովորական շիմպանզե (անգլ.՝ Pan troglodytes) և գաճաճ շիմպանզե կամ բոնոբո (անգլ.՝ Pan paniscus), տարածված Հասարակածային Աֆրիկայի արևադարձային անտառներում։ Ապրում են 5-25 անհատներից բաղկացած հիերարխիկ խմբերով։ Ամեն գիշեր նոր բներ են կառուցում ծառերի վրա։ Սնվում են գլխավորապես բուսական կերով, երբեմն՝ մանր կենդանիներով։ Հղիությունը տևում է մոտ 225 օր։ Սեռահասուն են դառնում 6-10 տարեկանում։ Ապրում են 50-60 տարի։ Շիմպանզեներն աչքի են ընկնում զարգացած հասարակական բնազդներով, հեշտությամբ վարժեցվում են։ Կենսաքիմիական և գենետիկական բազմաթիվ ցուցանիշներով ավելի մոտ են մարդուն, քան մյուս մարդանման կապիկները։ Օգտագործվում են բժշկակենսաբանական և հոգեֆիզիոլոգիական փորձերում։ Քանակը խիստ կրճատվել է։ Գաճաճ շիմպանզեն գրանցված է բնության և բնական ռեսուրսների պահպանության Միջազգային կարմիր գրքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 498)։
|