Նակշբանդիականություն (արաբ․՝ نقشبندية‎‎‎՝ նակշբանդիյյա) սուֆիական գլխավոր հոգևոր դպրոցներից՝ տարիկաթներից մեկն է և իր տեսակի մեջ միակն է, որի հոգևոր ժառանգության շղթան հանգում է Մուհամմադ մարգարեին։


Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ  · Թազիե

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ
Մուսուլման

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Պատմություն խմբագրել

Նակշբանդիականություն տարիկաթը ձևավորվել է Միջին Ասիայում։ Դրա գաղափարական հիմքը այսպես կոչված Խոջագան կամ «Մեծ Վարպետների ավանդույթ»-ն էր, որն այդ տարածքում ձևավորվել էր դեռևս տասներեքերորդ դարում։ Նակշբանդիականությունը այստեղից տարածվեց տարբեր ուղղություններով՝ մինչև Չինաստան, Հնդկաստան և Թուրքիա։ Հնդկաստանում ստեղծվեց մուջադիդիան (արաբ․՝ جدید‎‎՝ նոր բառից)՝ Նակշբանդիյայի կարևոր ճյուղավորումը։ Այս ուղղության ներկայացուցիչները բավականին ակտիվ քարոզչական գործունեություն էին ծավալում՝ իրենց անդամներին ուղարկելով այլ երկրներ՝ տարիկաթի գաղափարները քարոզելու։ Մուջադիդիյայից առանձնացավ խալիդիան և հետագայում տարածվեց գլխավորապես Օսմանյան կայսրությունում և հարակից երկրներում։

Նակշբանդիականությունը իր անվանումն ստացել է տասնչորսերորդ դարում Բուխարա քաղաքում բնակվող սուֆի Բահաուդին Նակշբանդի անունից։ «Նակշբանդ» անունը հետագայում գրված աղբյուրներում տարբեր կերպ է ստուգաբանվում։ Որոշ հեղինակներ նշում են, որ այդ անուն գալիս է նրա հոր արհեստի անվանումից, ով ասեղնագործող էր։ Այլ աղբյուրներ «Նակշբանդ» բառը ստուգաբանում են որպես լուռ, անխոս, ինչով էլ բացատրում են Նակշբանդիականությունին բնորոշ գծերից մեկը՝ լուռ զիքրը(արաբ․՝ ذكر‎‎՝ Ալլահի անվան անընդմեջ կրկնությունը մտքում)։

Բահաուդին Նակշբանդը ծնվել է 1318 թվականին Բուխարայի մոտ գտնվող Ղասր-է-Հինդուան (Հնդիկների ամրոց) բնակավայրում։ Նրան որդեգրում է Բուխարայի հայտնի կրոնական գործիչներից մեկը՝ Խոջա Մուհամադ Սամասին։ Նա Բահաուդին Նակշբանդի կրթությունը վստահում է իր մերձավորներից մեկին՝ Ամիր Քուլալին, ով տարիկաթի ժառանգական շղթայում՝ «սելսելե»-ում (արաբ․՝ سلسلة‎‎՝ շղթա) անմիջապես նախորդում է Նակշբանդին։ Բուխարայի բնակիչները Բահաուդին Նակշբանդին համարում են իրենց հովանավոր սուրբը։

Թեև տարիկաթը իր անվան համար պարտական է վերոհիշյալ գործչին, նրա պատմության մեջ եղել են դեմքեր, ովքեր ավելի կարևոր դեր են խաղացել տարիկաթի կայացման և ծավալման գործում։ Նրանցից էր Աբդուլխալիդ Գիջդուվանին, ով մշակել է Նակշբանդիականությունյի գլխավոր դրույթներից ութը։ Մեկ այլ նշանավոր գործիչ էր Ուբայդուլլահ Ահրարը, ում եռանդուն ջանքերի շնորհիվ տասնհինգերորդ դարում տարիկաթը ձեռք բերեց տնտեսական հզորություն և քաղաքական ազդեցություն Միջին Ասիայում։ Այլ նշանավոր գործիչներից էին Մուհամադ Փարսան, Յաղուբ Չարխին, Ալաուդին Աթթարը և այլք։

17-րդ դարի սկզբին Ահմադ Սիրհինդին Հնդկաստանում հիմնեց նակշբանդիականության նոր ուղղությունը՝ մուջադիդիան։ Շուտով այս նոր ուղղության ներկայացուցիչները մեծ ազդեցություն ձեռք բերեցին Հնդկաստանի տիրակալների՝ Մեծ Մողոլների արքունիքում։ Սակայն նրանք իրենց գործունեությունը չսահմանփակեցին Հնդկաստանում։ Սկսած հենց հիմնադրից՝ Ահմադ Սիրհինդիից, մուջադիդիայի առաջնորդներն իրենց աշակերտներին ուղարկում էին տարբեր երկրներ՝ քարոզչական գործունեություն ծավալելու նպատակով։ Վերջիններս էլ իրենց եռանդուն աշխատանքի շնորհիվ կարողանում էին հաճախ դուրս մղել այդ տարածքներում արդեն իսկ գործող բուն Նակշբանդիականության միաբանությունները։

Այսպիսի քարոզիչներից էր նաև ազգությամբ քուրդ Մավլանա Խալիդը (Շահրազուրի)։ 1811 թվականին նա իր հայրենի Սուլեյմանիա քաղաքից մեկնեց Դելի և մեկ տարի տեղի մուջադիդիա միաբանությունում անցկացնելով՝ վերադարձավ հայրենիք, սակայն նրան թշնամաբար ընդունեցին Սուլեյմանիայում արդեն իսկ գործող սուֆիական մեկ այլ միաբանության՝ ղադիրիայի առաջնորդները։ Խալիդը ստպված մեկնեց Բաղդադ, ապա Դամասկոս, որտեղ և մահացավ։ Խալիդի գործունեությունը նոր շունչ տվեց Օսմանյան կայսրությունում նակշբանդիականության ծավալմանը, թեև այն այդտեղ էր ներթափանցել դեռևս տասնհինգերորդ դարում։ Խալիդ գաղափարապես քիչ բան փոխեց, սակայն քարոզչական ահռելի աշխատանք ծավալեց, ինչի պատճառով տարիկաթը սկսեցին կոչել նաև նրա անունով՝ խալիդիա։

Այժմ Նակշբադիա տարիկաթը տարածված է ամբողջ աշխարհով մեկ՝ ներառյալ Ամերիկան և Եվրոպան։ Հնդկաստանում Նակշբանդիները գործուն մասնակցություն են ունեցել Մեծ Բրիտանիայի դեմ ուղղված հակաիմպերիալիստական պայքարին։ Սիրիայում Նակշբանդիականությունյի առաջնորդ Ահմադ Քուֆթարուն միաժամանակ երկրի գլխավոր մուֆտին էր։ Նակշբանդիականությունը մեծ ազդեցություն ունի նաև Թուրքիայում։ Չնայած 1925 թվականին Մուստաֆա Քեմալի կողմից սուֆիական բոլոր տարիկաթները արգելվեցին, Նակշբանդիականությունը կարողացավ պահպանել իր գոյությունը և արդեն քսաներորդ դարի 70-ականներից սկսեց ակտիվ մասնակցություն ցուցաբերել երկրի քաղաքական կյանքին։ Դրա հիմնադիրը ազդեցիկ գործիչ Զահիդ Քոթքուն էր, ով ղեկավարում էր կրթական և տեղեկատվական մի հիմանրկություն, որ իր շուրջն էր համախմբում թուրքական վերնախավի կրոնական տրամադրվածություն ունեցող գործիչներին։ Ուզբեկստանում, որտեղ և ծագել է տարիկաթը, այն նոր վերածնունդ ապրեց ԽՍՀՄ-ի անկումից հետո։ Միաբանության Տաշքենդի ճյուղավորումը լոյալ տրամադրվածություն ունի երկրի իշխանության հանդեպ, ինչը չի կարելի ասել Ֆերգանայի հովտում գործող խմբավորումների մասին, որոնք աշխարհիկ կարգերի հակառակորդներ են։

Գաղափարախոսություն խմբագրել

Սուֆիական տարիկաթները ձևավորվել են 12-րդ դարում, սակայն իրենց հեղինակությունն ավելի բարձրացնելու նպատակով դրանց ղեկավարները կազմում էին ժառանգական շղթաներ (սելսելե), որոնք հանգում էին Մուհամմադ մարգարեին և իրենց մեջ ներառում էին իսլամի պատմության նշանավոր դեմքերին՝ սկսած իմամներից, վերջացրած նշանավոր միստիկներով։ Դիցուք այս շղթաներին բնորոշ հատկանիշներից է անախրոնիզմը։

 

Ըստ աղբյուրների՝ Խոջագան ավանդույթին նախորդող շրջանում եղել է ոչ թե մեկ, այլ երեք ժառանգական շղթա։ Դրանցից առաջին երկուսը, ծագելով Մուհամմադից, անցնում է Ալիին, ում, ըստ ավանդության, Մուհամմադը փոխանցել էր իր էզոթերիկ գիտելիքները։ Շղթաներից առաջինը, որ սովորաբար անվանվում է Ոսկե շղթա, Ալիից անցնում է երրորդ իմամ Հուսեյնին, ապա Ջաֆար ալ-Սադիկին, հետո իմամ ար-Ռիզային և հանգում սուֆիզմի բաղդադյան դպրոցի ներկայացուցիչ Մարուֆ ալ-Կարխիին։ Երկրորդ շղթան նույնպես հանգում է Կարխիին, սակայն, ի տարբերություն առաջինի, ներառում է նշանավոր միստիկ Հասան ալ-Բասրիին, ով համարվում է սուֆիի նախատիպը։ Երրորդ շղթան բավականին յուրահատուկ է։ Սկսելով Մուհամմադից՝ այն անցնում է ոչ թե Ալիին, այլ Աբու Բաքրին։ Աբու Բաքրից սկսվող ժառանգական շղթայի առկայությունը հատուկ ընդգծում է Նակշբանդիականությունյի ուղղափառ սուննի կողմնորոշումը։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Աբու Բաքրի շղթայում ներառված են «հարբած միստիցիզմի» ներկայացուցիչներ Բայազիդ Բիսթամին և Սալման ալ-Ֆարիսին, մինչդեռ Ալիից սկսվող երկրորդ շղթան ներառում է «սթափ միստիցիզմի» ներկայացուցիչներին, մասնավորապես Ջունայդ ալ-Բաղդադիին։ Այս բոլոր երեք շղթաները վերջիվերջո հանգում է նշանավոր սուֆի Աբու Ալի Ֆարմադիին, ապա անցնում Յուսուֆ Համադանիին, ում հաջորդում է Խոջագան ավանդույթի հիմնադիր Աբդուլղադիր Գիջդուվանին։ Այս ավանդույթը սկիզբ է առնել 13-րդ դարում Միջին Ասիայում։ Սկզբնապես այն կազմակերպված կառույց չի եղել. տարբեր բնակավայրերում գործել են առանձին խմբեր, որոնք հաճախ որդեգրել են տարբեր ծիսակարգեր և տարբեր կերպ են մասնակցել հասարակա-քաղաքական կյանքին։ Դրանցից մեկին հետագայում անդամակցում է Բահաուդին Նակշբանդը, ում աշակերտների, հատկապես Ուբայդուլլա Ահրարի ջանքերով Նակշբանդիականությունը կայանում է որպես կազմակերպված միավոր։

Նակշբանդիականությունը այլ սուֆիական տարիկաթնեիրց զանազանող գլխավոր հատկանիշներից է լուռ զիքրը։ Զիքրը Ալլահի անվան կամ մի շարք այլ կրոնական արտահայտությունների տևական կրկնումն է, որն այլ տարիկաթների պարագայում կատարվում է բարձրաձայն, իսկ երբեմն տարբեր երաժշտական գործիքների նվագակցությամբ։ Իսկ ահա Նակշբանդիների մոտ այն կատարվում է լուռ՝ մտքում։ Լուռ զիքրի ներմուծումը վերագրվում է տարիկաթի անվանահայր Բահաուդին Նակշբանդին, ում, իր իսկ պնդմամբ, այդ մասին հրամայել էր Գինջդուվանին։

Նակշբանդիականությունյին բնորոշ է նաև սուհբայի (արաբ․՝ صحبة‎‎) գաղափարը, այսինքն որևէ մեծ վարպետին ուղեկցելը։ Սա համարվում է էզոթերիկ գիտելիք ստանալու լավագույն միջոցը։ Կա նաև ռաբիթայի գաղափարը, ինչը նշանակում է վարպետի պատկերը գամել սրտին։

Անհրաժեշտ է սակայն նշել, որ այս գաղափարախոսությունը քարացած վիճակում չի մնացել։ Հետագայում տարբեր պատճառներով դրանք փոփոխվել են կամ հարստացել է նոր սկզբունքներով։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Кныш А. Д., «Мусульманский мистицизм»
  • Bois Th., «The Kurds», Beirut 1966
  • Bruinessen M. van, «Agha, Shaikh and State. The social and political structures of Kurdistan» , London 1992
  • Bruinessen M. van, «The Naqshbandi order in seventeenth-century Kurdistan»
  • Edmonds C.J., «Kurds, Turks and Arabs», London 1957
  • Weismann I., «The Naqshbandiayya. Orthodoxy and activism in a worldwide Sufi tradition»