Մեծ մողոլներ, Հնդկաստանի տիրակալների դինաստիա 1526–1858 թվականներին։ Օգտվելով Հյուսիսային Հնդկաստանի քաղաքական անկայուն վիճակից՝ Քաբուլի կառավարիչ Բաբուրը ներխուժեց Հյուսիսային Հնդկաստան և հիմնեց Մեծ մողոլների կայսրությունը։ «Մողոլներ» անվանումն առաջացել է Հյուսիսային Հնդկաստանի և Միջին Ասիայի մուսուլմաններին հնդիկների տված «մուղալ» անունից։ «Մեծ մողոլներ» անվանել են 17–րդ դարի եվրոպացի ճանապարհորդները։ 17-րդ դարում Մեծ մողոլների պետությունն իր մեջ ընդգրկել է ամբողջ Հնդկաստանը (բացի ծայր հարավից), այժմյան Աֆղանստանի տարածքի արևելյան մասը, Փենջաբը։ Հզորության գագաթնակետին է հասել Շահ Ջահանի օրոք։ Աուրենգզեբի մահից (1707) հետո սկսվել է երկպառակտչական պայքար, պետությունը տրոհվել է։ Թուլացել է Մեծ մողոլների ազդեցությունը ենթակա մարզերում։ 18-րդ դարի կեսին Մեծ մողոլները փաստորեն տիրել են միայն Դելիին և նրա շրջակայքը։ 18-րդ դարի վերջին Մեծ մողոլները դարձել են Հյուսիսային Հնդկաստանի խոշոր ֆեոդալների դրածոները։ 1803 թվականին Բրիտանական արևելահնդկական ընկերությունը զավթել է Դելին։ Մեծ մողոլները ձևականորեն համարվել են Հնդկաստանի կառավարիչներ մինչև 1858 թվականը, երբ անգլիական գաղութային իշխանությունները վերացրին դինաստիան։
Բաբուր արքան պառկած է պարտեզում