Սուննա
Սուննան մուսուլմանական սուրբ ավանդություն է, որն իր մեջ ընդգրկում է մարգարե Մուհամմադի կյանքի մասին պատմությունները, որպես օրինակ ողջ մուսուլմանական համայնքի (ումմայի) և յուրաքանչյուր մուսուլմանի համար։ Սուննան համարվում է երկրորդը Ղուրանից հետո որպես իսլամական իրավունքի (ֆիկհի) աղբյուր։ Այն ներկայացնում է Մուհամմադի վարքը, մարգարեի կողմից ճիշտ ընդունված կանոններն ու նորմերը։ Սուննան՝ հադիսների տեսքով, փոխանցվել է բանավոր կերպով Մուհամմադի զինակիցների կողմից։ Սուննան շատ սերտ կապված է Ղուրանի հետ և լրացնում է այն։ Սուննային հետևելը համարվում է մուսուլմանի կյանքի կարևորագույն բաղադրիչը։ Մուսուլմանական կրոնական կրթության մեջ նշանակալից դեր ունի Սուննայի ուսուցում։ Մուհամմադի մահից հետո Սուննան թույլ տվեց լուծել խալիֆայության բնակչության կյանքի մի շարք խնդիրներ։ Սուննայի նշանակությունը սկզբից ևեթ շատ մեծ էր, իսկ 9-10-րդ դարերում այն սկսում են կարդալ Ղուրանի հետ հավասար։ Ղուրանը և Սուննան իսլամական իրավական համակարգի հիմքն են։ Ղուրանի հիմնական տեքստերը ունեն ընդհանուր բնույթ, գրեթե հնարավոր չէ գտնել մանրամասներ և երկրորդական դետալներ։ Հիմնականում Ղուրանում խոսվում է հավատի սկզբունքների մասին, հաստատվում են երկրպագության նորմերը, հիշատակվում է հնագույն ազգերի պատմությունը։ Սուննան բացատրում է Ղուրանի ոչ հասկանալի հատվածները, մանրամասն նկարագրում է այն, ինչ Ղուրանում ներկայացված է ընդհանուր կողմերով։ Սուննան նաև ընդգրկում է կանոններ, որոնք չկան Ղուրանում։ Օրինակ՝ Ղուրանում Ալլահը մուսուլմաններին հրահանգում է աղոթել։ Յուրաքանչյուր մուսուլման ենթարկվում է և պատրաստ է աղոթել, սակայն ե՞րբ և ինչպե՞ս։ Այս հարցերի պատասխանը տալիս է Սուննան, որտեղ մանրամասն նկարագրված է, թե ինչպես և երբ պետք է կատարվի աղոթքը՝ Մուհամմադ մարգարեի օրինակով։
Գրականություն
խմբագրել- Գ. Նյուբի - Իսլամի կրճատ հանրագիտարան = A Concise Encyclopedia of Islam, Ֆայր փրեսս, 384 էջ, 3000 օրինակ