Յոթերորդ կնիքը
«Յոթերորդ կնիքը» (շվեդ.՝ Det Sjunde Inseglet), շվեդական գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանի կողմից 1957 թվականին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1957 թվականի փետրվարի 16-ին Շվեդիայում։ Բերգմանի ճանաչված գործերից մեկն է։ Արված է «փիլիսոփայական առակ» ժանրով։
Յոթերորդ կնիքը շվեդ.՝ Det sjunde inseglet | |
---|---|
Երկիր | Շվեդիա |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, դրամա, պատմական ֆիլմ և միջնադարի մասին ֆիլմ |
Թեմա | շախմատ |
Հիմք | Wood painting?[1] |
Թվական | փետրվարի 14, 1962[2], փետրվարի 16, 1957[3] և հոկտեմբերի 13, 1958[3] |
Լեզու | շվեդերեն և լատիներեն |
Ռեժիսոր | Ինգմար Բերգման |
Պրոդյուսեր | Ալլան Էքելունդ |
Սցենարի հեղինակ | Ինգմար Բերգման |
Դերակատարներ | Մաքս ֆոն Սյուդով, Գուննար Բյորնստրանդ, Bengt Ekerot?, Nils Poppe?, Բիբի Անդերսոն, Գուննել Լինդբլյում, Gunnar Olsson?, Ինգա Լանդգրե, Ակե Ֆրիդել, Մոդ Հանսոն, Anders Ek?, Մոնա Մալմ, Inga Gill?, Erik Strandmark?, Bertil Anderberg?, Բենկտ-Օկե Բենկտսոն, Գուդրուն Բրոստ, Lars Lind? և Գեորգ Սկարստեդտ |
Օպերատոր | Gunnar Fischer? |
Երաժշտություն | Էրիկ Նուրդգրեն |
Պատմվածքի վայր | Շվեդիա |
Տևողություն | 96 րոպե |
The Seventh Seal Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողությունները ծավալվում են 14-րդ դարում։ Ասպետ Անտոնիուս Բլոկն իր զինակից Յոնսի հետ վերադառնում են դեպի հայրենի Շվեդիա, Խաչակրաց արշավանքից, տասը տարվա բացակայությունից հետո։
Դատարկ ծովափում ասպետին այցելում է մահը՝ սև հագուստ հագած, տղամարդու կերպարանքով։ Նա եկել է, որպեսզի իր հետ ընդմիշտ տանի ասպետին։ Սակայն Անտոնիուսն առաջարկում է մահին իր հետ շախմատ խաղալ, քանի որ լսել է, որ նա շախմատի վարպետ է։ Հաղթանակի դեպքում, մահը կտանի Անտոնիուսին իր հետ, իսկ պարտության դեպքում, բաց կթողնի։ Մահն ու ասպետը քիչ խաղալուց հետո, դադար էին տալիս, ինչից հետո մահը հեռանում էր գործերով, իսկ հետագա տեսարաններում, նորից վերադառնում, որպեսզի խաղը շարունակվի։ Դադարների ժամանակ, Անտոնիուսն ու Յոնսը շարունակում են իրենց հեռավոր ճանապարհը։
Հետո ի հայտ է գալիս, թափառող դերասանների մի խումբ՝ Յուֆը, Միան, իրենց նորածին որդու հետ, և իրենց դերասան ընկերը։ Յուֆը կարող է այնպիսի տեսիլքներ տեսնել, որոնք ոչ ոք չի տեսնում, օրինակ՝ քայլող Մարիամ Աստվածածնին, իր սուրբ որդու՝ Հիսուսի հետ։ Սակայն, երբ նա պատմում է դրա մասին մյուսներին, բոլորը կարծում են թե դերասանը կատակում է։ Թափառող դերասանները ճանապարհորդում են և ներկայացումներ տալիս, երկրի փողոցներում։
Յոնսը մի նկարչի է այցելում, որը պատմում է իրեն, տարածաշրջաններում տիրող ահավոր հիվանդության՝ ժանտախտի մասին։ Հիվանդությունը շատ մարդկանց կյանքեր է խլում և շարունակում է առաջ շարժվել երկրներով, իսկ ժողովուրդները մտածում են, թե դա Աստվածն է պատժում մարդկությանը և շուտով աշխարհի վերջն է գալու։
Անտոնիուս Բլոկը եկեղեցի է մտնում, որտեղ ուզում է խոստովանվել քահանային։ Պատի ետևից նա պատմում է հոգևորականին, իր և մահի միջև ընթացող շախմատի խաղի մասին։ Նա ասում է, որ ամբողջ կյանքը ընկած է եղել որոնումների մեջ, երազել է ձեռք բերել գիտություններ, անհայտ բաների մասին, ուզեցել է գտնել Աստծոն և մի սխրանք գործել։ Նա պատմում է իր մտահաղացման մասին, թե ինչ քայլերով կկարողանա հաղթել մահին, սակայն նկատում է, որ հոգևորականի կերպարանքով, կանգնած է հենց մահը։ Հիմա նա գիտի, Անտոնիուսի խորամանկության մասին։
Յոնսը փրկում է մի համր աղջնակի, որին ուզում էր բռնաբարել մի կողոպտիչ։ Յոնսը ճանաչում է ավազակին։ Տաս տարի առաջ, վերջինս եկեղեցական ծառայող էր, որը ներշնչել էր իր տիրոջն՝ Անտոնիսուս Բլոկին, որ նա Խաչակրած արշավանքի մեկնի։ Յոնսը զգուշացնում է նրան, որ այլևս իր աչքին չընկնի, և իր հետ վերցնում համր աղջկան։
Անտոնիուսը, Յոնսն ու աղջիկը շարունակում են իրենց ճամփան։ Նրանք տեսնում են այն երեք դերասանների ներկայացումը, որի ժամանակ հրապարակ են մտնում խելահեղ մարդիկ։ Վերջիններս մեծ խմբերով քայլում են, մեծ խաչեր քաշ տալով, տանջելով ինքն իրենց, և բոլորին գոչում, որ Աստված պատժում է ժանտախտի օգնությամբ մարկանց ու շուտով աշխարհի վերջն է գալու։ Նրանք կոչ են անում բոլորին ապաշխարել ու քարոզում են Աստծո պատիժը, քննադատելով ամեն անցորդին։
Դրանից հետո, դերասան Յուֆը, ճաշում է մի պանդոկում, որտեղ նրա վրա հարձակվում է այն նույն ավազակը, որն ուզում էր վնասել համր աղջկան։ Այդ պահին մտնում է Յոնսը, որը տեսնելով ավազակին, և իր արարքը, դանակով սպի է թողնում իր դեմքին ու փրկում է Յուֆին։
Անտոնիուսը մտերմանում է Յուֆի կնոջ՝ Միայի, և իրենց փոքր որդու հետ։ Հետո ասպետն իմանում է, որ դերասանները որոշել են մայրաքաղաք գնալ, մասնակցելու տոնին։ Նա զգուշացնում է Յուֆին, որ մայրաքաղաքի ճանապարհին ժանտախտ է տիրում և զգուշանալու համար, ավելի լավ է դերասանների ընտանիքը իր հետ, իր դղյակ մեկնեն։ Դերասանները համաձայնվում են։
Անտոնիուսը շարունակում է շախմատի խաղը մահի հետ։ Խոսակցության ժամանակ, նա հասկանում է, որ մահը մտադիր է պարտության դեպքում, իր հետ տանել նաև ասպետի ընկերներին։
Նրանց է միանում, նաև տեղի դարբին՝ Փլուգը, որի կինը՝ Լիսան, փախչել է դերասանների խմբի, երրորդ դերասանի հետ։
Անտոնիուսը, Յոնսը, համր աղջիկը, Փլուգը և երկու դերասանները, իրենց որսի հետ, ճամփա են ընկնում։ Ճանապարհին նրանց է միանում դարբին Փլուգի փախած կինը, որը զղջում է իր արարքի համար։ Երրորդ դերասանն էլ, դրամատիկ ձևով, կեղծ ինքնասպան է լինում, որպեսզի խղճահարություն առաջացնի բոլորի մոտ։ Բոլորի գնալուց հետո, նա գիշերելու համար, ծառի վրա է բարձրանում։ Հանկարծ գալիս է մահը, որը տեղեկացնելով դերասանին իր կյանքի ավարտի մասին, կտրում է ծառը և այդպիսով սպանում նրան։
Ճանապարհին ընկերները հանդիպում են զինվորականների մի խմբի, որոնք պատրաստվում են խարույկի վրա այրեն մի վհուկի, որն իբր թե շփվում էր սատանայի հետ։ Անտոնիուսը մոտենում է վհուկին և հարցուփորձ անում նրան սատանայի մասին։ Նա խնդրում է այնպես անել, որ ինքն էլ տեսնի սատանային, որպեսզի հարցնի վրջինիս Աստծո մասին։ Վհուկի խոսքերից բան դուրս չի գալիս, և Անտոնիուսը չի հանդիպում սատանային։ Փոխարենը նա նկատում է, որ զինվորականների խմբում, հոգևորականի կերպարանքով կանգնած է մահը։
Մութ, լուռ ու վախենալու անտառում, ճանապարհորդները որոշում են գիշերել։ Շախմատի խաղը շարունակվում է։ Անտոնիուսը պարտվում է մահին։ Այդ ժամանակ, նրանց խաղը նկատում է Յուֆը, որը միակն է, ով կարող է չտեսնված բաներ տեսնել։ Անտոնիուսը մի պահ զբաղեցնում ու շեղում է մահին, այդպիսով հնարավորություն տալով դերասաններին փախչել։ Դա էլ դառնում է նրա երազած սխրանքը։ Նա փրկում է երիտասարդ կյանքը, զոհաբերելով իրեն։ Յուֆը, Միան և իրենց որդին փախչում են, իսկ մահը խոստանում է, որ հաջորդ հանդիպման ժամանակ, իր հետ կտանի Անտոնիուսին և նրա ընկերներին։
Ասպետն ու իր մնացած ուղեկցողները, հասնում են իր պալատ, որտեղ նրանց դիմավորում է Անտոնիուսի կինը՝ Կարինը։ Առավոտյան նա Նոր Կտակարանից, բոլորի մոտ, կարդում է Հայտնություն Հովհաննեսի (գլուխ 8) գիրքը։ Այդ պահին ներս է մտնում մահը, և իր հետ տանում՝ Անտոնիուսին, Յոնսին, Կարինին, համր աղջկան, դարբինին, իր կնոջ հետ։
Յուֆը տեսնում է թե ինչպես է նրանց բոլորին, մահվան պարի մեջ, սարի վրայով, տանում արևածագից՝ մահը։ Նա ասում է դրա մասին Միային, սակայն վերջինս լուրջ չի ընդունում դա, և նրանք շարունակում են ճանապարհը։
Դերակատարներ
խմբագրելԴերակատար | Դեր |
---|---|
Մաքս ֆոն Սյուդով | Անտոնիուս Բլոկ |
Գուննար Բյորնսթրանդ | Յոնս |
Բենգթ Էքերութ | մահ, պատմող |
Նիլս Փուփփե | Յուֆ |
Բիբի Անդերսոն | Միա |
Գուննել Լինդբլյում | համր աղջնակ |
Օքե Ֆրիդելլ | Փլուգ |
Ինգա Յիլ | Լիսա |
Բերթիլ Անդենբերգ | Ռավել |
Ինգա Լանդգրե | Կարին |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՄրցանակներ
խմբագրել- 1957 թվական.
- Ժյուրիի հատուկ մրցանակ
- «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի թեկնածու
- 1961 թվական.
Իտալական Կինոլրագրողների Ազգային Սինդիկատի՝ «Արծաթե ժապավեն» մրցանակ, լավագույն ռեժիսորին (Ինգմար Բերգման)
- 1962 թվական.
- Circulo de Escritores Cinematográficos (Իսպանիա) մրցանակներ, լավագույն օտարերկրյա ռեժիսորի և լավագույն օտարերկրյա ֆիլմի համար
- Fotogramas de Plata (Իսպանիա) մրցանակ, լավագույն օտարերկրյա դերակատարի համար (Մաքս ֆոն Սյուդով)
- Sant Jordi (Իսպանիա) մրցանակ, լավագույն օտարերկրյա ռեժիսորի և լավագույն օտարերկրյա ֆիլմի համար
Անվանակարգեր
խմբագրել- 250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով ցուցակում, գրավում է 118-րդ տեղը
Վերլուծություն
խմբագրել«Յոթերորդ կնիքը» ֆիլմն իր մեջ պարունակում է սիմվոլիզմի շատ մասնիկներ։ Թեթևամիտ սյուժեի ետևում առկա է խորը իմաստ և գաղափար։ Ֆիլմի ռեժիսոր Ինգմար Բերգմանն իր ստեղծած տարբեր կերպարներով արտահայտում է տարբեր մարդկային բնավորություններ, հատկանիշներ և այլն...
Անտոնիուս Բլոկի կերպարը մի խորամիտ ասպետի կերպար է, որը տաս տարի դեգերում էր Խաչակրաց արշավանքներում և հիմա հոգնել է ամեն տեսակ պայքարներից և ընդհանրապես բուռն կյանքից։ Նա ուզում է անկեղծ ճանաչել Աստծուն, ձեռք բերել այնպիսի գիտություններ, որոնք անհայտ են մարդկությանը և վերջապես մի արժանի արարք գործել։ Իր սեփական կյանքից նա արդեն դատարկություն է զգում և ձանձրանում է ինքն իրենից։ Դրա համար կարելի է նույնիսկ նշել, որ մահն ինչ-որ հետաքրքրություն է առաջացնում ասպետի կյանքում։ Շախմատի խաղի ժամանակ Անտոնիուսն ավելի իմաստուն է դառնում և սովորում է գնահատել կյանքը։ Վերջում նրան հաջողվում է գործել իր երազած բարի արարքը, երբ նա փրկում է դերասանների ընտանիքը՝ զոհաբերելով իրեն։
Զինակից Յոնսը նույնպես մի հետաքրքիր մարդկային տեսակ է։ Նա, ի տարբերություն իր տիրոջ, կտրականապես հրաժարվում է հավատալ սուրբ հոգուն և շարունակական կյանքին։ Պատերազմի ժամանակ նրա մեջ ձևավորվել էր այդ միտքը, և նա նույնիսկ չի էլ ուզում մտածել վերին ուժի մասին։ Դժվար պահերին, օրինակ՝ վհուկին այրելու ժամանակ, նա միշտ հուսադրում է ինքն իրեն, որ չկա ոչ դրախտ, ոչ էլ դժոխք, ուստի այստեղից էլ կարելի է եզրակացնել, որ Յոնսը նույնպես տանջվում է՝ «կա՞ Աստված, թե ոչ» մտքից։ Բնականաբար նա նաև վախենում է մահից, քանի որ չգիտի, թե որտեղ կհայտնվի հետո։ Դրա համար էլ միշտ հուսադրում է իրեն, որ մահից հետո գալիս է սև դատարկությունը։ Զինակիցը փորձում է հավատալ միայն իրականությանը։ Երբ մահը գալիս է հերոսների ետևից, Յոնսը, միևնույն է, սկսում է մխիթարել ինքն իրեն, որ արտասովոր բան գոյություն չունի և ասում է, որ երբեք չի իջեցնի գլուխը մահվան առջև։
Թողնելով մնացած կերպարներին, որոնք նույնպես խորհրդանշում են կյանքի առանձնահատուկ կողմերը, հարկավոր է նշել նաև դերասանների ընտանիքը՝ Յուֆին, Միային և իրենց նորածին որդուն՝ Միքայելին։ Յուֆը կարող է հեքիաթային տեսիլքներ տեսնել և այնպիսի բաներ, որ ոչ ոք չի տեսնում։ Երբ նա պատմում է դրա մասին մյուսներին, ոչ ոք չի հավատում։ Այդպես էլ լինում է իրական կյանքում, երբ մարդուն չեն հավատում, սակայն նա իրավացի է։ Բերգմանը ակնհայտորեն ակնարկում է հանդիսատեսին, որ նրանք խորհրդանշում են սուրբ ընտանիքը՝ Հովսեփին, Մարիամ Աստվածածնին և Հիսուսին։ Նրանք փախչում են մահից և փրկվում են, ինչպես և փախչում էր սուրբ ընտանիքը, դեպի Եգիպտոս։ Այդպիսով, նրանք միակ հույսն են դառնում հանդիսատեսի համար, երբ շարունակում են իրենց ճանապարհը։
Ֆիլմի գլխավոր իմաստն արտահայտվում է կյանքի և մահվան փնտրտուքների մեջ։ Բերգմանն ուզում է նշել, որ ինչքան էլ մարդ չընկնի կյանքի իմաստի որոնումների մեջ, նա, միևնույն է, չի հասնի հաջողության։ Հարցեր, որոնց պատասխանը չկա, ինչպես ասում է մահն ասպետին։ Մարդ պետք է ապրի, ապրի ճիշտ կանոններով և պարզապես վայելի աշխարհը, ինչպես անում և չէին անում ֆիլմի հերոսները։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- «Յոթերորդ կնիքը» ֆիլմի անվանումը, վերցված է Հայտնություն Հովհաննեսի՝ 8-րդ գլխի մեջբերումից։
- Ինգմար Բերգմանի հիսունից ավելի նկարահանված ֆիլմերից, սա նրա սեփական, ամենասիրված ֆիլմերից է։
- Այս ֆիլմի ստեղծման ոգեշնչման աղբյուրը, կարելի է ասել, հանդիսացել են Ճապոնացի նշանավոր ռեժիսոր՝ Ակիրա Կուրոսավայի ֆիլմերը, որոնց վառ երկրպագուն էր Բերգմանը։
- Շախմատի քարերը, որոնք օգտագործվել էին ֆիլմի մեջ, վաճառվեցին 2009 թվականին, հանգուցյալ Բերգմանի գույքի հետ, 1 միլիոն շվեդական կրոնով (մոտ 145.000 $ ԱՄՆ-ում, այն ժամանակվա տարադրամով)։
- Մաքս ֆոն Սյուդովի կերպարը ֆիլմում, կրում է՝ Անտոնիուս Բլոկ անունը։ Չնայած որ նա գլխավոր հերոսն է, բայց նրա անունը ամբողջ ընթացքում, օգտագործվում է միայն երկու անգամ։
- Հուննել Լինդբլյումի կողմից մարմնավորած համր աղջկա կերպարի անունն, այդպես էլ չի հնչեցվում ֆիլմում։ Նա չի հանում ոչ մի ձայն մինչև ֆիլմի նախավերջին տեսարանը, որտեղ մահը տանում է իր հետ հերոսներին, և աղջիկն ասում է՝ «իրականացա՛վ»։
- Վհուկի այրման տեսարանում, այն պահին, երբ տեսախցիկը ցույց է տալիս զինվորականների դեմքերը՝ փայտ ջարդելուց, ետևի պլանում կարելի է մի բարձրահարկ շենք նկատել։
- Վերջին տեսարանը, մահվան պարի հետ, մաքուր իմպրովիզ էր։ Դերասաններն արդեն խաղացել էին ամբողջ ավարտական տեսարանը, երբ հանկարծ Բերգմանը նկատեց երկնքում, մի անսովոր տեսք ունեցող ամպ։ Նա պահանջեց դերասաններից, որ նրանք դարձյալ հագնվեն և մեկ անգամ էլ նկարահանեց վերջին դրվագը։
Անվանումն այլ լեզուներով
խմբագրել- Շվեդերեն - Det Sjunde Inseglet
- Անգլերեն - The Seventh Seal
- Ռուսերեն - Седьмая печать
- Գերմաներեն - Das siebente Siegel
- Էսպերանտո - La sepa sigelo
- Իսպաներեն - El séptimo sello
- Ֆրանսերեն - Le Septième Sceau
- Իտալերեն - Il settimo sigillo
- Հոլանդերեն - Het zevende zegel
- Լեհերեն - Siódma pieczęć
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Det sjunde inseglet (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Յոթերորդ կնիքը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Յոթերորդ կնիքը»(անգլ.) ֆիլմը «AllRovi» կայքում:
- «Յոթերորդ կնիքը»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոթերորդ կնիքը» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |