Իզզ ալ-Դին Աբու-լ-Հասան Ալի իբն Մուհամմադ իբն ալ-Ասիր (արաբ.՝ عزالدین ابن՝, մայիսի 12, 1160(1160-05-12)[1][2], Ջիզրե, Շըրնաքի մարզ, Թուրքիա - հունիսի 1, 1233[1][3][2][…], Մոսուլ, Նինվեի մարզ), 13-րդ դարի արաբ պատմիչ։ Գրել է «Ալ Քամալ Ֆի-լ-Տարիխ» (Լիակատար պատմություն) բազմահատոր աշխատությունը և «Մոսուլի աթաբեկների պետության պատմությունը»։ Հարուստ տեղեկություններ է հաղորդում նաև 7-13-րդ դարերի Հայաստանի և հայ գործիչների մասին։

Իբն ալ-Ասիր
արաբ․՝ علي بن مُحمَّد بن عبد الكريم بن عبد الواحد الجزري الشيباني‎‎
Ծնվել էմայիսի 12, 1160(1160-05-12)[1][2]
Ջիզրե, Շըրնաքի մարզ, Թուրքիա
Մահացել էհունիսի 1, 1233[1][3][2][…] (73 տարեկան)
Մոսուլ, Նինվեի մարզ
Բնակության վայր(եր)Մոսուլ
Ազգությունարաբ
Դավանանքիսլամ
Մասնագիտությունպատմաբան, կենսագիր և աստվածաբան
Գործունեության ոլորտպատմություն և հադիսի գիտություն
Տիրապետում է լեզուներինարաբերեն[1]
Հայտնի աշակերտներAbdullah Ibn Mahmud al-Mawsili?
 Ibn al-Athir Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իզզ ալ-Դին Աբու-լ-Հասան Ալի իբն Մուհամմադ իբն ալ-Ասիրը ծնվել է 1160 թվականի մայիսի 12-ին (արաբական թվականության 555 թվականի Ջումադա Ա ամսի 4-ին)։ Հակառակ ունեցած մեծ հռչակին, նրա մասին կենսագրական տեղեկությունները շատ կցկտուր են։ Հայտնի է, որ եղել է Ջազիրայի (այսինքն՝ Վերին Միջագետքի) արաբներից, կյանքի մեծ մասն անցկացրել է Մոսուլում, որտեղ և ուսանել է։ Բազում առիթներով այցելել է Բաղդադ, ընդ որում, ուղարկված է եղել նաև Մոսուլի տիրոջ կողմից՝ որոշ հանձնարարություններով։ Բաղդադում ևս Իբն ալ-Ասիրը որոշ ժամանակ ուսում է ստացել։ 28 տարեկանում իր եղբոր հետ եղել է խաչակիրների դեմ կռվող այն զորքում, որը գտնվում էր Սալահ ալ-Դինի հրամանատարության տակ։ Հալեպում նա հանդիպել է նշանավոր մատենագիր Իբն Խալլիքանին, որ հակիրճ հիշում է Իբն ալ-Ասիրին՝ իր կենսագրական նշանավոր բառարանում։ Իր կյանքի վերջին տարիներին, հիջրի 626-628 թվականներին (այսինքն՝ 1228-1231 թթ.) ալ-Ասիրը պատվավոր հյուր է եղել Հալեպ աթաբեկի մոտ, այդ ընթացքում այցելել է նաև Դամասկոս։ Հալեպում աշխարհագրագետ Յակուբը մահվանից առաջ նրան խնդրում է իր ձեռագրերը փոխադրել Բաղդադի որևէ ապահով հաստատություն։ Ինքը՝ Իբն ալ-Ասիրը մահացել է 630 թվականի Շաբան կամ Ռամադան ամսին (այսինքն՝ 1233 թվականի մայիս-հունիսին)։

Գրական գործունեություն խմբագրել

Իբն ալ-Ասիրը սկզբում որոշ ժամանակ զբաղվել է իսլամի առաջին օրերի հայտնի անձնավորությունների կենսագրություններով, սակայն շուտով ամբողջովին նվիրվել է քաղաքական պատմության ուսումնասիրմանը։ Նա ունի Զանգիների (Մոսուլի աթաբեկների) մի համառոտ պատմություն, որի համար օգտվել է իր հորից և իրեն ծանոթ փաստերից։ Սակայն Իբն ալ-Ասիրի մեծագույն աշխատությունն ընդարձակ «Պատմությունն» է։ Այս բազմահատոր ժամանակագրության մեջ ընդհանուր (Տիեզերական) պատմությունը շարադրված է արարչագործությունից սկսած մինչև հիջրի 628 (այսինքն 1231) թվականը։ Սա կոչվում է Լիակատար (ամբողջական կամ տիեզերական) պատմությունը (Ալ Քամալ Ֆի-լ-Տարիխ)։ Իբն ալ-Ասիրն իր ժամանակագրության համար օգտագործել է իրեն նախորդող արաբական ամբողջ պատմագրությունը, օրինակ, Բալազուրիի և մանավանդ Թաբարիի աշխատությունները, ինչպես նաև Իբն Միսքավայհի, Ուտբիի և այլոց երկերը։ Ալ-Ասիրն օգտագործել է նաև աղբյուրներ, որոնք այժմ կորած են համարվում։ Օրինակ Միջին Ասիայի Սամանիների 261-342 թվականների (հիջրի) պատմության համար նրա աղբյուրն է եղել ալ-Սալլամիի «Խորասանի կառավարիչների պատմությունը»։ Այս վերջնից օգտվել է նաև 11-րդ դարի պարսիկ մատենագիր Գարդիզին, սակայն Իբն ալ-Ասիրի մոտ այդ տեղեկությունները շատ ավելի մանրամասն են վերցված։

Իբն ալ-Ասիրն առաջաբանում բացատրում է, որ իր աշխատությունն անվանել է «Լիակատար պատմություն», քանի որ մինչ այդ եղել են պատմության առանձին երկեր, որոնցից ամեն մեկը, ըստ նրա, փոքր հարցեր է քննել և պատմության միայն որոշ կողմերն է բացատրել, իսկ ինքը կամենում է ընթերցողին տալ մի ամբողջական ժողովածու, որի մեջ պատմությունը կատարյալ ձևով է ներկայացված։ Պատմության մեջ Իբն ալ-Ասիրը, նախորդների նման, Աստվածաշնչի նյութերը միաձուլում է Շահնամեի հետ և, այսպիսով, տալիս աշխարհի պատմության մի հետաքրքիր շարադրանք։ Ադամից մինչև Նոյ հասնելուց հետո, տալիս է աշխարհի տարբեր ժողովուրդների առաջացման միջնադարյան պատկերացումը, ընդ որում՝ եբրայական նյութերի կողքին տալով իրանական զրույցները։ Մովսեսի, Դավթի, Սողոմոնի մանրամասն պատմություններից հետո անցնում է Ալեքսանդր Մակեդոնացուն ու պարսից Արշակունի թագավորներին և կանգ առնում քրիստոնեության առաջացման վրա։ Հռոմեական կայսրության պատմությունը շարադրելիս չի մոռանում նաև քրիստոնյաների կրոնական վեճերը, խոսում Եփեսոսի ժողովի և այլնի մասին։ Սասանյան Պարսկաստանի պատմությունը զբաղեցնում է մի խոշոր հատված, ուր հատկապես փայլում է Խոսրով Անուշիրվանը (իր մոտ՝ Քիսրա)։

Նախաիսլամական Արաբիայի պատմությունից Եմենի հարավ-արաբական հնագույն զրույցները Իբն ալ-Ասիրի մոտ փոքր տեղ են զբաղեցնում և հիմնականում խոսվում է հյուսիսային արաբական ցեղերի 5-6-րդ դարերում ունեցած նշանավոր ընդհարումների մասին։

Իսլամի դարաշրջանից, արդեն, նա անցնում է բուն նյութի՝ խալիֆայության պատմության շարադրանքին։ Մի հսկայական բաժին է Մուհամմադ մարգարեին և նրա մասին եղած ավանդություններին հատկացված մասը, որից հետո սկիզբ է առնում արաբական նորակազմ խալիֆայության պատմությունը։ Առանձնապես մանրամասն են նկարագրված արաբների առաջին ճակատամարտերը բյուզանդացիների դեմ՝ Պաղեստինում և Ասորիքում։ Խալիֆայության կազմավորման շրջանը հատուկ տեղ է գրավում։ Օմայան Աբդ ալ-Մալիք և Վալիդ խալիֆաների օրոք կազմավորվեց մի հզոր պետություն (661-750), որի սահմանները տարածվում էին Ինդոսի ափերից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Իբն ալ-Ասիրի «Պատմության» մեջ մեծ տեղ է գրավում նաև Աբբասյանների հզորության (750-861) և նրանց թուլացման շրջանը (861-945)։ Այնուհետև պատմիչը մեծ ուշադրություն է դարձնում նաև Եգիպտոսում իրար հաջորդած Թուլունիների (865-905), Իխշիդիների (935-969) և Ֆաթիմյանների (969–1171) պետությունների պատմությանը։

Հայաստանի մասին տեղեկությունները «Լիակատար պատմության» մեջ խմբագրել

Իբն ալ-Ասիրի հիմնական նպատակն է իր «Լիակատար պատմության» մեջ շարադրել միայն իսլամադավան պետությունների պատմությունը, իսկ ոչ մուսուլմանական երկրների մասին պատմում է միայն այնքան, որքան դա կառնչվի իսլամական աշխարհին։ Ահա, այսպիսի բնույթ ունեն նաև Հայաստանի մասին նրա հաղորդած տվյալները։Երբ խոսում է արաբական տիրապետության շրջանի կամ Հայաստանում հաստատված սելջուկյան ամիրայությունների մասին, պատմում է թե՛ պատերազմների, թե՛ ներքին կյանքի մասին, իսկ 7-րդ դարի Հայոց իշխանապետության, Բագրատունյաց թագավորության, Զաքարյան իշխանապետության և Կիլիկիայի հայկական թագավորության մասին խոսելիս, նրան հետաքրքրում է միայն նրանց հարաբերությունները իսլամադավան պետությունների հետ, բայց ո՛չ ներքին կյանքը։ Իբն ալ-Ասիրի տեղեկությունները Հայաստանի և հայերի մասին, ամեն դեպքում, հարուստ են և վերաբերում են մի քանի ժամանակաշրջանների։ Առաջին տեղեկությունները վերաբերում են Սասանյան արքաների՝ Հայաստան կատարած արշավանքներին։ Այսպես, հիշվում է, թե Արտաշիր Ա Սասանյանը (226-239 թթ.) արշավում է Հայաստան և իբր նվաճում է երկիրը։ Այս տեղեկությունը վերաբերում Հայոց Տրդատ Բ Արշակունի արքայի օրոք (216-253 թթ.) տեղի ունեցած հայ-իրանական պատերազմներին, երբ Հայաստանը հանդես էր գալիս որպես Հռոմի դաշնակից։ Իբն ալ-Ասիրի «Պատմության» մեջ Հայաստանի մասին առաջին ստույգ տեղեկությունները վերաբերում են 7-րդ դարին։ Սա այն ժամանակաշրջանն էր, երբ Հայաստանի հարավային մասերում հայտնվեցին արաբական առաջին զորախմբերը։ Թեև արաբական պատմագրությունը 7-րդ դարի կեսերից Հայաստանը համարում է նվաճված երկիր, սակայն իրականում դա ժամանակավոր նվաճում էր և Հայաստանը 7-րդ դարի երկրորդ կեսին մնում էր ինքնուրույն իշխանապետություն։ Հենց այդ պատճառով էլ Հայաստանի այս դարի պատմության մասին արաբ պատմիչների տեղեկությունները կցկտուր են։ Սակայն 692-693 թվականներից սկսվում է պայքարը՝ Հայաստանի և հարևան երկրների նվաճման համար՝ Մուհամմադ իբն Մրվանի հրամանատարությամբ։ Նա այդ տարվանից հարամրվում է Արմինիա կուսակալության փոխարքա (Արմինիայի մեջ մտնում էին Հայաստանը, Վիրքը, Աղվանքը, Դերբենդն ու մերձկասպյան տարածքները)։ Հայաստանի վերջնական նվաճումն ավարտվեց 702 թվականին, որի հաջորդ տարում ծագեց հայերի ապստամբությունը և սպանվեց Արմինիայի առաջին ոստիկանը։ Սկսած 8-րդ դարի սկզբից մինչև 9-րդ դարի երկրորդ դարի կեսը Իբն ալ-Ասիրը հաճախակի է հիշում արաբական տիրապետության տակ գտնվող Հայաստանի քաղաքական անցուդարձերը։ Մանրամասն նկարագրված են արաբական խալիֆայության պատերազմները Բյուզանդական կայսրության դեմ, որոնց թատերաբեմը հիմնականում Փոքր Հայքը և Կիլիկիան էին։ Աբբասյանների օրոք, 747 թվականին հպատակ երկրներն ընդվզեցին Արաբական խալիֆայության դեմ, ապստամբեց նաև Հայաստանը, սակայն, ինչպես արաբ շատ պատմիչներ, Իբն ալ-Ասիրն էլ լռում է այս իրադարձությունների մասին։ Հայաստանում խալիֆայության դեմ ապստամբություններից համեմատաբար մանրամասն արաբ պատմիչները նկարագրում են 850-852 թթ. հուժկու շարժումը։ Տեղեկությունները քաղելով Թաբարիից, Իբն ալ-Ասիրը հիշատակում է ամբողջ Արմինիայի պատրիկների պատրիկ Բագարատ Բագրատունու (Բակրաթ իբն Աշութ) ձգտումն Արմինիայի ոստիկան դառնալու և նրա չարանենգ ձերբակալումը Յուսուֆ ոստիկանի կողմից, ապա խութեցի լեռնականների ընդվզումը, Յուսուֆի սպանությունն ու նրա զորքի կոտորվելը։ 851/852 թվականին Բուղան մեծ զորքով մտավ Հայաստան, գերի վերցրեց Վասպուրականի տեր Աշոտ Արծրունուն, սակայն Արցախի Գտիչ (Քթիշ) ամրոցի առջև անհաջողություն ունեցավ։ Սակայն այս մասին Իբն ալ-Ասիրը ոչ թե լռռում է, այլ լրիվ այլ կերպ ներկայացնում եղելությունը՝ ցանկանալով բարձր պահել արաբական սրի անունը։ Նա հաղորդում է, թե իբր Բուղան գրավեց բերդը և գերեվարեց իշխան Իսային (Եսայի)։

Տեղեկությունները Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանի մասին խմբագրել

860-ականներից Աբբասյան խալիֆայության դիրքերը թուլանում են, ինչից օգտվում են նաև հայերը։ Դրանից հետո, ձեռք բերելով ինքնավարություն, Հայաստանը վերականգնում է պետականությունը և սկսվում է Բագրատունյաց ժամանաաշրջանի դեպքերի շարադրանքը, սակայն՝ անհամեմատ հակիրճ։ Իբն ալ-Ասիրն անգամ չի հիշատակում Հայոց թագավորության վերականգնումը Աշոտ Ա Բագրատունու օրոք, սակայն խոսում է նրա դեմ Աբբասյանների ձեռնարկած հակահարվածի մասին։ Անչափ կցկտուր նկարագրելով 10-րդ դարի դեպքերը, նա կանգ է առնում բյուզանդացիների կողմից Մանազկերտի ու Արճեշի գրավման իրադարձությունների վրա (992-993 թթ.), որից հետո Հայաստանի մասին տեղեկությունները 40 տարով ընդհատվում են։ Ապա խոսում է այն մասին, թե ինչպես սելջուկյան (օղուզ-թուրքմենական) հրոսակները ներխուժեցին Իրան, Հայաստան ու արևելյան այլ երկրներ և կասեցրին նրանց զարգացման բնականոն ընթացքը։ Թշնամու ասպատակությունների ենթակա էր հատկապես հարավային Հայաստանը՝ Վասպուրականն ու Տարոնը։ Սակայն այդ նահանգների իշխանություններն իրենց ձեռքը վերցրին երկրի պաշտպանության գործը, որի մի փայլուն օրինակ բերում է Իբն ալ-Ասիրը։ 1035/1036 թվականներին Ատրպատականից, Խորասանից խաժամուժ մի ամբոխ, Մեքքա ուխտագնացության ճանապարհվելու անվան տակ մտնում է Հայաստան, չնայած ոչ Հայաստանը բնավ Մեքքայի ճանապարհին չէր։ Նրանք անցնում են Անի, Խլաթ, Ոստան քաղաքներով, և թեև Իբն ալ- Ասիրը չի հիշատակում, թե ինչով էին զբաղված, բայց ավելացնում է, թե այդ կողմերի հայերն ընդվզեցին նրանց դեմ։ Նրանց օգնության հասան սասունցիք և միասին կոտորեցին ու գերեվարեցին այդ «ուխտավորներին»։ Վերջապես, հաղորդում է Իբն ալ-Ասիրը, Աղձնիքի Մրվանյան ամիրի միջնորդությամբ Սասունի թագավորը (մալիք ալ-Սանասինա), որը հավանաբար Սասունի Թոռնիկ իշխանն էր, բաց է թողնում գերիներին։ Սելջուկները մեծ հարված հասցրին նաև Բյուզանդական կայսրությանը, և վերջինս, որ խաբեությամբ ու նենգությամբ կործանել էր Բագրատունյաց թագավորությունը 1045 թվականին, անպաշտպան էր թողել Հայաստանի այն տարածքները, որոնք գրավել էր։ Իսկ Հայաստանի անկախ մնացած քաղաքական միավորները (Տաշիր-Ձորագետի կամ Լոռեի, Կարսի և Սյունյաց թագավորությունները, Արցախիմեծ իշխանությունը) հազիվ կարող էին մեկուսացած վիճակում իրենց գոյությունը պահպանել։ Իբն ալ-Ասիրը մանրամասն նկարագրում է Այրարատի գավառների և մանավանդ Ալփ Արսլանի կողմից Անի մայրաքաղաքի նվաճումը 1063/1064 թվականին։ Այնուհետև պատմիչը հետաքրքիր մանրամասներ է հաղորդում Մանազկերտի ճակատամարտի (1071 թ.) մասին։ Նա գրում է, որ Ռոմանոս կայսրը (անվանում է Արմանոս) մարտի էր ելել 200 հազար զորքով, իսկ Ալփ Արսլանն ուներ միայն 15 հազար զինվոր։ Հաղթանակի հույս չունենալով նա հաշտություն խնդրեց կայսրից, բայց վերջինս կտրուկ կերպով մերժեց։ Սակայն Արևելքի պատմության մեջ շրջադարձային նշանակություն ունեցող այս ճակատամարտի ելքը որոշեց բյուզանդական խայտաբղետ բանակի ներսում բույն դրած դավաճանությունը, որի արդյունքում խուճապ առաջացավ և հաղթանակը մնաց թշնամուն։ Մանազկերտի ճակատամարտը վճռեց Բյուզանդիայի, Հայաստանի և արևելյան ուրիշ քաղաքակիրթ երկրների բախտը։ Ատրպատականում, Շիրվանում, Մեծ Հայքի որոշ մասերում և ամբողջ Փոքր Ասիայում վաչկատուն վայրագ ցեղերի հաստատման հետևաբքով տեղի ունեցավ քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքի քայքայում, և երկար դարերի ընթացքում այդ ցեղերն աստիճանաբար յուրացրինվերոհիշյալ հողերը։

Տեղեկություններ Կիլիկիայի Հայոց թագավորության մասին խմբագրել

1080 թվականին Կիլիկիայում հիմնադրվեց Ռուբինյանների իշխանապետությունը, որի մասին բավականին հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում Իբն ալ-Ասիրը։ Նա, ինչպես արաբ այլ պատմիչներ, Կիլիկիայի Հայկական պետությունն անվանում է «Լևոն որդու երկիր», նույնիսկ այն սկզբնական շրջանի համար, երբ Լևոն անունով տիրակալներ դեռ չկային։ Իսկ «Լևոնի որդին» հավանաբար Լևոն իշխանապետի (1123-1137 թթ.) որդի Թորոսն է, որն իր հոր գերեվարությունից հետո, 1145 թվականին, վերականգնում է Կիլիկիայի հայկական պետականությունն ու ամրապնդում այն։ Չափազանց հետաքրքիր է արաբ պատմիչի վերաբերմունքը Կիլիկիայի իշխանապետ Մլեհ Ռուբինյանի քաղաքական կողմնորոշման մասին։ Հայ պատմիչները դժկամությամբ են հիշում Մլեհի դաշնակցելը ամիր Նուր ալ-Դինի հետ։ Իսկ ահա Իբն ալ-Ասիրն իր վերաբերմունքն արտահայտում է Նուր ալ-Դինի խոսքերով. երբ զարմացած արաբները հարցրել էին նրան այդ դաշնակցության նպատակը, նա պատախանել էր, որ Մլեհին օգտագործում է բյուզանդացիների դեմ պայքարելու համար։ Համենայն դեպս, Մլեհն իր ճկուն քաղաքականության շնորհիվ կարողացավ նվաճել հայկական պետության համար խիստ կենսական նշանակություն ունեցող Դաշտային Կիլիկիան՝ Ադանա և Տարսոն քաղաքներով։ Եգիպտոսի սուլթան Սալահ ալ-Դինը, Ասորիքի մեծ մասն իրեն ենթարկելուց հետո, մոտեցել էր Ամանոսյան լեռներին և սպառնում էր Կիլիկիային։ 1189 թվականին նա գրավեց այդ լեռներում գտնվող Բաղրաս բերդը, բայց կողոպտելուց ու քանդելուց հետո ետ քաշվեց։ Իսկ Հայոց տերը (սահիբ ալ-Արման) Լևոնի որդին (Լևոն իշխանապետ և ապա՝ Հայոց թագավոր՝ 1186-1219 թթ.) նորոգեց բերդը և կայազոր նշանակեց, որով հնարավորություն ունեցավ հսկելու Հալեպի ամիրին։ 1190/1191 թվականներին գերմանների (ալման) կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսը, որ Խաչակրաց երրորդ արշավանքի ղեկավարներից էր, հասավ Հայոց երկիրը, որի տերը Լևոնի որդի Ստեփանեի որդի Լևոնն էր։ Կայսրը շարունակեց ճանապարհը, սակայն խեղդվեց մի ծանծաղ գետում։ Լևոն Բ Մեծագործ թագավորը ոչ միայն Կիլիկիայի, այլ ամբողջ հայ ժողովրդի պատմության խոշորագույն դեմքերից է։ Նա 1198 թվականին Տարսոնում հանդիսավոր պայմաններում օծվեց թագավոր Հայոց և հզորացրեց հայկական պետականությունը։ 1205/1206 թվականին Լևոնի որդին, ապահովելու համար Կիլիկիայի հարավային սահմանները, հարձակվեց Հալեպի նահանգի վրա։ Հալեպի տերը պատասխան արշավանք կատարեց, սակայն Լևոնի որդին ջախջախեց նրան և ամրացավ իր լեռներում ու բերդերում։ Հալեպի տերը համարձակություն չունեցավ հետապնդելու, քանի որ Լևոնի երկիրն ուներ քարքարոտ լեռներ և դժվարանցանելի կիրճեր։

12-13-րդ դարերի Հայաստանն՝ Իբն ալ-Ասիրի տեղեկություններով խմբագրել

Իբն ալ-Ասիրի մոտ 12-րդ դարի և 13-րդ դարի առաջին երեսնամյակին վերաբերող տեղեկությունները Հայաստանի ու հայերի մասին կարելի է բաժանել երեք խմբի. տեղեկություններ Մեծ Հայքում (Զաքարյան իշխանապետություն և Հարավային Հայաստան) կատարված դեպքերի մասին, Կիլիկիայի Հայոց թագավորությանն առնչվող դեպքերի նկարագրությունը և Եգիպտոսի հայ վեզիրների պատմությունը։ Այդ շրջանում Հայաստանի հարավային որոշ մասերում իշխում էին Շահ Արմենները, որոնք պատերազմների մեջ էին Վրաստանի դեմ, իսկ հարավից մոտենում էր Սալահ ալ-Դինը, որը Երուսաղեմի խաչակիրների թագավորությանը հաղթելուց հետո նվաճել էր Ասորիքն ու Վերին Միջագետքը։ Նփրկերտը գրավելուց հետո նա հանկարծամահ եղավ։ Իբն ալ-Ասիրը հաղորդում է, որ Զաքարյան իշխանները 1202/1203 թվականներին գրավեցին Դվինը, որի կորուստն արաբ պատմիչը նկարագրում է դառնությամբ՝ մեղադրելով իսլամադավան տիրակալներին։ Հաջորդ տարում Զաքարյանների գնդերը հասան Մանազկերտ ու Արճեշ, սակայն սպանվեց Փոքր Զաքարեն։ Եվս մեկ տարի անց Զաքարյանները գրավեցին Արճեշը, բայց Իվանեն անզգուշությամբ գերի ընկավ։ Շուտով վրա հասավ Ջալալ ալ-Դինն՝ իր զորքերով և իսկական աղետ դարձավ թե՛ Հայաստանի, թե՛ հարևան երկրների համար։ Սակայն նրանից նոր ազատված՝ վրա են հասնում մոնղոլները, որոնց ասպատակությունները սարսափելի գույներով է նկարագրում Իբն ալ-Ասիրը՝ Միջին և Մերձավոր արևելքում նրանց հայտնվելը համարելով համաշխարհային աղետ։ Հայաստանում և հարևան երկրներում մոնղոլների կատարած ավերածությունների նկարագրությամբ Իբն ալ-Ասիրն ավարտում է իր բազմահատոր աշխատությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Swartz A. Open Library — 2007.

Աղբյուրներ խմբագրել

«Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, Արաբական աղբյուրներ Բ, Իբն ալ-Ասիր», Երևան, 1981 թ.:

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իբն ալ-Ասիր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 306