Միոդրագ Բուլատովիչ (Miodrag Bulatović, սերբական կիրիլիցա՝ Миодраг Булатовић. փետրվարի 20, 1930(1930-02-20)[1][2][3], Bijelo Polje, Հարավսլավիայի Թագավորություն - մարտի 15, 1991(1991-03-15)[2], Իգալո, Մոնտենեգրոյի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), ծնունդով չեռնոգորիացի սերբ գրող, ժուռնալիստ, քաղաքական գործիչ[6]։ Համարվում է սերբ լավագույն վիպասաններից և շարունակում է մնալ առավել շատ թարգմանված սերբ հեղինակներից մեկը[7][8]։

Միոդրագ Բուլատովիչ
սերբ.՝ Миодраг Булатовић
Ծնվել էփետրվարի 20, 1930(1930-02-20)[1][2][3]
ԾննդավայրBijelo Polje, Հարավսլավիայի Թագավորություն
Վախճանվել էմարտի 15, 1991(1991-03-15)[2] (61 տարեկան)
Վախճանի վայրԻգալո, Մոնտենեգրոյի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
ԳերեզմանԲելգրադի նոր գերեզմանատուն
Մասնագիտությունվիպասան, դրամատուրգ, գրող և արձակագիր
Քաղաքացիություն Հարավսլավիա և  Սերբիա[4]
ԿրթությունԲելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ և Panto Mališić Gymnasium, Berane?
Ուշագրավ աշխատանքներQ11694081?
Պարգևներ
 Miodrag Bulatović Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է չեռնոգորիական Բիելո Պոլե քաղաքում։ Մանուկ հասակում տառապել է ընկնավորության նոպաներից, կարդալ-գրել ուշ է սովորել։ Ավարտել է Կրուշևացի գիմնազիան, ապա Բելգրադի համալսարանում գրականություն ու հոգեբանություն է ուսումնասիրել։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է որպես ժուռնալիստ, այդ թվում՝ ռադիոյում։ Գրականություն մուտք է գործել 1956 թվականին հրատարակած Djavoli dolaze («Դևերն են գալիս») պատմվածքների ժողովածուով, որն արժանացել է Սերբիայի գրողների միության մրցանակին։ Բուլատովիչի «Կարմիր աքլորն ուղիղ երկինք է թռչում» («Crveni petao leti prema nebu», 1959 թ.) վեպը, որի գործողությունները ծավալվում են Հյուսիսարևելյան Չեռնոգորիայում, թարգմանվել է քսանից ավելի լեզուներով։ Դրանից հետո գրողը երկար ժամանակ հրաժարվել է իր գործերը հրատարակել՝ բողոքելով իր ստեղծագործությանը գրաքննության միջամտության դեմ։ Տևական ընդմիջումից հետո լույս տեսած հաջորդ՝ «Հերոսն էշի վրա» (Heroj na magarcu, 1967) վեպը, որը հեղինակի բնորոշմամբ՝ «պատերազմի մասին մռայլ ու շիկացած մղձավանջ է»[9], նախ տպագրվել է արտասահմանում և դրանից չորս տարի անց միայն՝ Հարավսլավիայում։

Բուլատովիչի երկերում հազվադեպ չէ դևերի, սատանաների, չարքերի հանդես գալը. նա հաճախ է դիմում գրոտեսկի, սև հումորի գրական հնարքներին[10]։ Գրականագետները նրա ստեղծագործությունը բնորոշում են որպես ֆանտաստիկ-գրոտեսկային, գտնում են, որ նա շարունակել ու զարգացրել է եվրոպական խաբեբայական վեպի, Բոկաչչոյի, Ռաբլեի, Սերվանտեսի, Էդգար Պոյի, Գոգոլի, Կաֆկայի, Գյունտեր Գրասի, մոգական ռեալիզմի գրական ավանդույթները։ Իսկ 1966 թվականին լույս տեսած «Ահա և Գոդոն» թատերգությունը գրված է Սեմյուել Բեքեթի «Գոդոյին սպասելիս» պիեսի մոտիվներով։

1970-ական թվականներին Բուլատովիչը մամուլում հարձակումներ է գործել Դանիլո Կիշի դեմ։ Կյանքի վերջին տարիներին անդամագրվել է Սերբիայի սոցիալիստական կուսակցությանը, դարձել դրա եռանդուն ղեկավար գործիչներից մեկը[11], հանդես եկել ծայրահեղ ազգայնական դիրքերից, որի պատճառով արժանացել է Հարավսլավիայի ոչ սերբ ժողովուրդների թշնամական վերաբերմունքին։

Բուլատովիչի՝ 1975 թվականին հրատարակած «Չորսմատնանի մարդիկ» (Ljudi sa četiri prsta, 1975) վեպը, որը պատկերում է վտարանդիների (էմիգրանտների, ներգաղթյալների) կյանքը, ճանաչվել է «Տարվա վեպ» և հեղինակին բերել NIN Prize մրցանակ[12]։ Լույս է տեսել նաև այդ երկի շարունակությունը հանդիսացող «Հինգերորդ մատը» (Peti prst, 1977) վեպը։

Մեծարանք խմբագրել

Միոդրագ Բուլատովիչի ստեղծագործությունները թարգմանվել ու հրատարակվել են աշխարհի բազմաթիվ ժողովուրդների լեզուներով։ Սերբիայում՝ Բելգրադի շրջանում գտնվող Ռակովիցա քաղաքի կենտրոնական գրադարանը կոչվել է նրա անունով[13]։

Երկեր խմբագրել

  • Դևերն են գալիս (Djavoli dolaze, 1956)
  • Գայլն ու զանգը (Vuk i zvono, 1958)
  • «Կարմիր աքլորն ուղիղ երկինք է թռչում» (Crveni petao leti prema nebu, 1959)
  • «Ահա և Գոդոն» (Godo je došao, 1966)
  • «Հերոսն էշի վրա» (Heroj na magarcu, 1967)
  • Պատերազմն ավելի լավ էր (Rat je bio bolji, 1968)
  • «Չորսմատնանի մարդիկ» (Ljudi sa četiri prsta, 1975)
  • «Հինգերորդ մատը» (Peti prst, 1977)
  • Gullo gullo (1981)
  • Մահվան սիրեկանը - a series of articles in Politika newspaper (Ljubavnik smrti, 1990)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  5. НИН online
  6. Vikend: Neradni dani Արխիվացված 2011-07-25 Wayback Machine
  7. Perić, Sanja. «Poetika i načela Miodraga Bulatovića». Aspekti identiteta i njihovo odlikovanje u srpskoj književnosti: 465.
  8. Lazić, Nebojša J. (2019). «Pripitomljeni pakao ili topologija zla u prozi Miodraga Bulatovića» (PDF). Srpska književnost u evropskom kulturnom prostoru.
  9. «A Hero On A Donkey». kirkusreviews.com. Kirkus Media LLC. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  10. Lazić, Nebojša J. (2019). «Pripitomljeni pakao ili topologija zla u prozi Miodraga Bulatovića» (PDF). Srpska književnost u evropskom kulturnom prostoru.
  11. «Miodrag Bulatovic; Novelist, 68 (Obituaries)». The New York Times (Reuters). The New York Times Company. 1991 թ․ մարտի 19. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  12. DanasOnline, Piše. «Ninova nagrada Svetislavu Basari». Dnevni list Danas (սերբերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
  13. «Библиотеке». Град Београд - Званична интернет презентација | Библиотеке (սերբերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.

Գրականություն խմբագրել

  • Bienek H. Borges, Bulatović, Canetti. München: Hanser, 1965
  • Miodrag Bulatović u srpskog književnosti/ Prired. Dragomir Brajkovic, Dragoljub Šćekić. Andrijevica: Stupovi; Beograd: Mladost, 1997
  • Pijanović P. Poetika groteske: pripovedačka umetnost Miodraga Bulatovića. Beograd: Narodna knj./Alfa, 2001
  • Шукало М. Одмрзавање језика: поетика страности у дјелу Миодрага Булатовића. Banja Luka: Grafid; Beograd: Prosveta, 2002

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միոդրագ Բուլատովիչ» հոդվածին։