Ֆրանսուա Ռաբլե
Ֆրանսուա Ռաբլե (ֆր.՝ François Rabelais, 1494[1] կամ 1493, Seuilly և Շինոն[2] - ապրիլի 9, 1553[3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2]), Վերածննդի դարաշրջանի ֆրանսիացի գրող, եվրոպական մեծագույն հումանիստ-երգիծաբաններից մեկը, «Գարգանտյուա և Պանտագրյուել» (ֆր.՝ La vie très horrifique du grand Gargantua, père de Pantagruel, hh 1-5, 1533-1564) վեպի հեղինակ։ Վեպում, որը անվանվել է ֆրանսիական Վերածննդի դարաշրջանի «հումորի հանրագիտարան», Ռաբլեն անդրադարձել է Ֆրանսիայի կրոնական, հասարակական և քաղաքական կյանքին, քննադատել միջնադարյան մանկավարժությունը և կրթությունը, ծաղրել գիտական միտքը, փիլիսոփայությունը, պետական կառավարումը։ Վեպը որոշ հպանցիկ անդրադարձներ է պարունակում Հայաստանի պատմության մասին՝ Արտավազդ Բ-ի ճակատագրին, Հռոմում Տրդատ թագավորի շքեղ ընդունելությանը և այլն։ Այսպես, Ռաբլեն նշում է Հայոց Արտաշես արքայի անունը՝ գրելով այն ինչպես արտասանվում է հայերեն[5]։
Ֆրանսուա Ռաբլե ֆր.՝ François Rabelais | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1494[1] կամ 1493 |
Ծննդավայր | Seuilly կամ Շինոն[2] |
Վախճանվել է | ապրիլի 9, 1553[3] |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2] |
Գերեզման | Փարիզ |
Գրական անուն | Seraphin Calobarsy, Alcofribas Nasier[4], Maistre Alcofribas Nasier[4] և M. Alcofribas[4] |
Մասնագիտություն | գրող, բժիշկ-գրող, վանական, վիպասան և երգիծաբան |
Լեզու | միջին ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոնպելիեի համալսարան և Պուատիեի համալսարան |
Գրական ուղղություններ | Ազատամտականություն |
Ուշագրավ աշխատանքներ | Տելեմենյան աբբայականություն և Գարգանտյուա և Պանտագրյուել |
![]() |
Պապը եղել է ունևոր գյուղացի և զբաղվել է խաղողագործությամբ, իսկ հայրը՝ Անտուան Ռաբլեն, զբաղվել է իրավաբանությամբ։ Ռաբլեն նախնական կրթությունը ստացել է հոգևոր դպրոցում, սկզբում Սևիլիայի աբբայությունում, հետագայում սովորել է Անժերի մոտ գտնվող Բոմետ վանքի դպրոցում։ Սովորել է լատիներեն, ուսումնասիրել է նաև հունարեն և իտալերեն լեզուները։
Ֆրանսուա Ռաբլեն երիտասարդ տարիներին Պուատյե քաղաքի Ֆրանսիսկյան միաբանության անդամ էր, որտեղ սովորել է լատիներեն և հունարեն։ 1525 թվականին հեռացել է միաբանությունից։ Պուատյեում ուսումնասիրել է իրավունք, Մոնպելյեում՝ բժշկություն։ 1532 թվականին հրատարակել է անտիկ բժշկապետներ Հիպոկրատի և Գալենի երկերը։ 1537 թվականին ստացել է բժշկագիտության դոկտորի կոչում։ Որպես բժիշկ աշխատել է Լիոնում, Նարբոնում, Մոնպելյեում, եղել է կարդինալ Ժան դյու Բելի անձնական բժիշկը։ 1532 թվականին հրատարակել է «Պանտագրյուել» երգիծական վեպի 1-ին, 1533 թվականին՝ 2-րդ, 1534 թվականին՝ «Գարգանտյուան» (Պանտագրյուելի հայրն է, առանձին գրքով), 1546 թվականին՝ «Գարգանտյուան և Պանտագրյուելը» գրքի 3-րդ, 1552 թվականին՝ 4-րդ մասերը։ 2-րդ և 3-րդ գրքերը խորհրդարանն արգելել է. հեղինակը պատժից խուսափելու համար թաքնվել է։ Սորբոնի համալսարանը գիրքը դատապարտել է անպարկեշտության համար։ 1564 թվականին Ռաբլեի անունով լույս տեսած «Պանտագրյուելի 5-րդ գիրքը» գրել է անհայտ հեղինակ (հավանաբար՝ աշակերտներից)՝ օգտագործելով Ռաբլեից մնացած նյութերը։ Այս վեպում, որ իրականում ֆրանսիական Վերածննդի դարաշրջանի «հումորի հանրագիտարան» է, Ռաբլեն անդրադարձել է Ֆրանսիայի կրոնական, հասարակական և քաղաքական կյանքին, քննադատել միջնադարյան մանկավարժությունը և կրթությունը, ծաղրել գիտական միտքը, փիլիսոփայությունը, պետական կառավարումը։ Գրողին զայրացրել են բարձրաստիճան հոգևորականների ընչաքաղցությունն ու ճոխ կյանքը։ Ռաբլեի «պանտագրյուելիզմը»՝ մարդասիրությունը, ներկայացված է վեպի 2 գլխավոր հերոսների՝ բարի ու հսկա-շատակեր թագավոր Պանտագրյուելի (Վերածննդի իդեալի) և նրա մտերիմ ընկեր ու ուղեկից, միշտ կասկածամիտ, անդադրում թափառող, ճշմարտություն որոնող, ցինիկ Պանուրգի կերպարներով։ Ռաբլեն վեպի համար ընտրել է Ֆրանսիայում ժողովրդականություն վայելող Գարգանտյուայի ու Պանտագրյուելի թեման և օգտագործել գեղարվեստական պատկերավորման արտառոց, ծիծաղաշարժ, ֆանտաստիկ միջոցներ։ Նրա երգիծական արվեստին բնորոշ են չափազանցությունը, գրոտեսկը, սակայն հեղինակի ծաղրը կենսուրախ է և ներողամիտ, ծիծաղը միշտ կայտառ է, խնդուն ու տոնական։ Վեպի տարբեր մասերում գրողն ակնածանքով է խոսել Հայաստանի մասին. Հայոց Արտաշես արքայի անունը գրվել է այնպես, ինչպես արտասանվում է հայերեն։ Ռաբլեն անդրադարձել է նաև Արտավազդ Բ-ի ճակատագրին, Հռոմում Տրդատ թագավորի շքեղ ընդունելությանը և այլն։
1553 թվականին մահամերձ Ֆրանսուա Ռաբլեի վերջին խոսքերն էին. «Իջեցրեք վարագույրը, կատակերգությունն ավարտված է»[6]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 3,0 3,1 3,2 http://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k365263/f80.image.r
- ↑ 4,0 4,1 4,2 Czech National Authority Database
- ↑ «Այսօր Ֆրանսիացի խոշորագույն գրողի ծննդյան օրն է»։ Արխիվացված է օրիգինալից 2020-12-06-ին։ Վերցված է 2020-11-27
- ↑ Փարսադանյան Ալբերտ (2007)։ Գիտելիքների շտեմարան 4.Խայտաբղետ աշխարհ։ Երևան: ՎՄՎ-ՊՐԻՆՏ հրատարակչություն։ էջ 141
Արտաքին հղումներ խմբագրել
- Ֆրանսուա Ռաբլեն գրապահարանում Archived 2020-07-03 at the Wayback Machine.
- Ֆրանսուա Ռաբլեն հայկական հանրագիտարանում