Մասնակից:ՄերիԴ99/Ավազարկղ

Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան, ), հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ։ Թաղված է հայրենի տան բակում՝ Զանգակատուն գյուղում։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1970): ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1967, «Անլռելի զանգակատուն» պոեմի համար): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից:

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։

Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։ Ահա, թե ինչ է գրում բանաստեղծը գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի (ինչպես կանչում էր նրան) մասին․ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, անքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։

 
Պարույր Սևակի տունը հայրենի Զանգակատուն գյուղում

Հինգ տարեկան էր Պարույրը և, առանց դպրոց գնալու, արդեն կարդում ու գրում էր։ Ավելի ճիշտ՝ գնում էր, բայց ոչ «օրինական» ձևով։ Եվ ուսուցիչը հաջորդ տարում՝ 1930 թվականին, թույլ է տալիս նրան օրինական ձևով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում։ Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրին սովորելու մեջ։ Դպրոցը գյուղական երեխայի առջև բացեց մի ուրիշ աշխարհ՝ գրքերի աշխարհ, իսկ գիրք չկար։ «Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականության դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն։ Եվ դասավանդեց․ գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես։ Եվ այդպես՝ կլոր տարին․․․»։

Աշակերտական նստարանից սկսած, իսկ համալսարանական տարիներին ու հետագայում առավել ևս, գիրքը՝ վեպ լիներ, թե բանաստեղծությունների ժողովածու, պատմագիտական ուսումնասիրություն, թե փիլիսոփայական տրակտատ, միևնույնն է, ինչ էլ կարդալիս լիներ՝ մատիտը կամ գրիչը անբաժան էին նրանից։ Բնավ չէր հավանում այն գրքերը, որտեղ մատիտը պետք չէր գալիս։ Սիրում էր պոեզիան և հայ բանաստեղծներից շատերի գործերը անգիր գիտեր։ Շատ էր սիրում Հովհաննես Թումանյանին։ «Ես՝ գաղտնիքս մեծ, ինքս՝ փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի, որ դառնալու եմ «էն «Գիքոր»-ը գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ․․․․Աստված»։

Կրթություն խմբագրել

Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1945), Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը (1955), որտեղ և դասախոսել է (1955–1959)։ Մինչ այդ աշխատել է Երևանում՝ «Ավանգարդ»-ի և «Գրական թերթ»-ի խմբագրություններում, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում (1946–1951)։ 1963–1971 թվականներին եղել է ավագ գիտաշխատող ՀՍՍՀ ԳԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966–1971 թվականներին՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։

Գրական գործունեություն խմբագրել

Սևակի բանաստեղծությունները տպագրվել են 1942 թվականից։ Անդրանիկ գրքույկում («Անմահները հրամայում են», 1948) երևան են եկել բանաստեղծական խառնվածքի և մտածողության բնորոշ գծերը՝ քաղաքացիական անհանգստություն, մարդու ներաշխարհի գաղտնիքները ճանաչելու և բանաստեղծական անկաշկանդ կառուցվածքների դիմելու ձգտում։ Այնուհետև լույս են տեսել «Անհաշտ մտերմություն» (1953) պոեմը և «Սիրո ճանապարհը» (1954), «Նորից քեզ հետ» (1957) բանաստեղծությունների ժողովածուները։ Բանաստեղծական նոր որակի սկիզբն են սիրային պոեմները («Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Երգ երգոց») և «Անլռելի զանգակատուն» (1959, վերամշակված հրատարակություն 1966, ՀՍՍՀ պետական մրցանակ՝ 1957) քնարական–փիլիսոփայական պոեմը։ «Անլռելի զանգակատուն»-ը պատկերում է Կոմիտասի ճակատագիրը՝ ծննդյան օրից մինչև Մեծ եղեռնի տպավորություններից խելագարվելը, ապա և մահը՝ «վերադարձը հայրենիք»՝ 1935 թվականին։ Այդ ամենը պոեմում ներկայացվել է հայ ժողովրդի քաղաքական ու սոցիալական կյանքի ընդարձակ ֆոնի վրա, ազգագրական ու բանահյուսական նյութի հարուստ օգտագործումով։ Պոեմը ծավալվում է սիմֆոնիկ ստեղծագործության սկզբունքով, մեծ իրադարձությունները մարմնավորող «համազանգ»-երի և ավելի փոքր անցքերը մարմնավորող «ղողանջ»ների միահյուսումով։ Բարձր պաթոսով է հագեցած պոեմի վերշաբանը, որը խորհրդանշում է հայություն–հայ երգ-Կոմիտաս եռամիասնության հարատևության գաղափարը։ Պոեմն ամբողջությամբ, կառուցվածքի և բանաստեղծական արտահայտչաձևերի ինքնատիպությամբ երևույթ է բազմադարյան հայ պոեմի պատմության մեջ։

Առանձնակի նշանակություն ունեն Սևակի նաև մյուս՝ «Այր մի Մաշտոց անուն» և «Եռաձայն պատարագ» պոեմները, որոնք հատկանշվում են հայրենասիրական–հայասիրական շնչով ու փիլիսոփայական ներսուզումներով․ առաջինում վերաիմաստավորվել է հայ գրերը հայտնագործողի դերը, երկրորդը ձոնվել է Մեծ եղեռնի ապրիլյան զոհերի հիշատակին։

Սևակն իր ստեղծագործությամբ լուծել է նորարարական խնդիրներ՝ հայ բանաստեղծությամբ (Գրիգոր Նարեկացի, Սիամանթո, Եղիշե Չարենց) ավանդված կառուցվածքները համադրելով ամերիկյան (Ու․ Ուիտմեն), եվրոպակամ (Պ․ Էլյուար) և ռուսական (Վ․ Մայակովսկի) բանաստեղծության կառուցվածքների հետ։ Նման համադրության առաջին նշանակալից հայտը «Մարդը ափի մեջ» (1963) ժողովածուն է, որին հատուկ է նախ՝ ժամանակակից մարդու ներաշխարհի գաղտնիքները հետախուզելու–բացահայտելու կիրքը, ապա՝ «ազատ բանաստեղծության» կիրառությունն ու բանաստեղծական ձևերի ճկունությունը։ «Եղիցի լույս» (1971) բանաստեղծությունների և պոեմների ժողովածուով Սևակը բացեց մարդու, անհատի ճանաչման նոր հնարավորություններ, որին նա հասել է իրականության գեղարվեստական ընկալման համադրական–վերլուծական սկզբունքի գործադրումով։ Միաժամանակ, նա բարձր լարվածության է հասցրել իր քննադատական պաթոսը՝ մարդկային ու հասարակական արատների դեմ, հանդես եկել իբրև մարդու կատարելության և աշխարհի ներդաշնակության ջատագով։

Սևակի գրական ժառանգության մի ստվար մասն են նրա գրականագիտական–բանասիրական և գրաքննադատական հետազոտություններն ու հոդվածները Գրիգոր Նարեկացու, Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, Նահապետ Քուչակի, Պետրոս Դուրյանի, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, ժամանակակից բանաստեղծների, հայոց պատմության և լեզվաոճական ալևայլ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև «Սայաթ-Նովա» (1969) մենագրությունը, որտեղ Սևակը լուծել է բանասիրական մի շարք «առեղծվածներ» և թափանցելով Սայաթ–Նովայի տաղերի էության մեջ` վերհանել նրա ստեղծագործության մի շարք առանձնահատկություններ։

Հայ գեղագիտական մտքի պատմության մեջ, մասնավորապես բանաստեղծական արվեստի տեսական հիմունքների մշակման առումով, ուշագրավ են Սևակի մի շարք հոդվածներ, առաջին հերթին՝ «Հանուն և ընդդեմ ռեալիզմի նախահիմքերի» բանավիճային հոդվածը (Երկ․ ժող․, 1976, հ․ 6)։ Դրանցում հանդես գալով «նաղլա–հեքիաթային», նկարագրական, գետնատարած, պարզունակ բանաստեղծությունների դեմ` Սևակի արդի բանաստեղծության զարգացման ուղին համարում է մարդկային հոգու խորությունները թափանցող («ներանձավային»), «ոգեղինացած շնչի», բազմաձայնական լայն հնարավորություններով և իմացականությամբ հագեցած չափածոն։ Բանաստեղծության տեսության վերաբերյալ Սևակի առաջարկած որոշ ձևակերպումներ մտել են գիտական շրջանառության մեջ։

Թարգմանություն խմբագրել

Բանաստեղծի գրական ժառանգության մեջ զգալի տեղ է գրավում թարգմանական աշխատանքը։ Սևակը թարգմանել է Ադամ Միցկևիչի (պոեմներ), Ալեքսանդր Պուշկինի, Խ. Բոտևի, Միխայիլ Լերմոնտովի («Դևը», պոեմ), Յա․ Կուպալայի, Յա․ Ռայնիսի, Սերգեյ Եսենինի, Վալերի Բրյուսովի, Ի․ Աբաշիձեի, Վլադիմիր Մայակովսկու («Վարտիքավոր ամպ»-ը), Էդուարդաս Մեժելայտիսի («Մարդը», 1965, ժողովածու), հունգար («Հունգար բանաստեղծներ», 1968, ժողովածու) և այլ բանաստեղծների գործերից։ Սևակի բանաստեղծությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, ուկրաներեն, լիտվերեն, վրացերեն, ադրբեջաներեն, չեխերեն, հունգարարեն, իսպաներեն, ֆրանսերեն, անգլերեն, և այլն։ Սևակը գրել է նաև «Մեսրոպ Մաշտոց» (1962, «Հայֆիլմ»), «Սայաթ–Նովա» (1965, «Հայֆիլմ») փաստագրական կինոնկարների սցենարները։ Ընտրվել է ՍՍՀՄ VII գումարման Գերագույն սովետի դեպուտատ։

Մահ խմբագրել

 
Հուշակոթող կանգնեցված ավտովթարի վայրում՝ Պարույր Սևակ գյուղում

Պարույր Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Նրա մեքանան բախվել է գյուղական ճանապարհով անցնող կաթ տեղափոխող մեքենայի հետ։

Գրողի մահվան մասին կան իրարամերժ վարկածներ։ Ըստ վարկածներից մեկի` Սևակը մեքենա վարել չի իմացել, բայց այդ օրը նա պետք է մեկներ Երևան, իր զոքանչի քառասունքին ներկա գտնվելու համար։ Սևակի վարորդը հրաժարվել է մեքենան վարել` պատճառաբանելով, որ գործեր ունի։ Սևակը ինքն է որոշել վարել ու իր կնոջը՝ Նելլի Մենաղարաշվիլիին ասել է, որ եթե մեքենան կարողանա դուրս բերել ավտոկանգառից, ապա ճանապարհ կընկնեն։ Կինը նստել է Սևակի կողքին, իսկ երկու որդիները` մեքենայի հետնամասում։ Սևակի մեքենան բախվել է հայրենի գյուղից 8 կմ հեռավորության վրա, որի պատճառով մահացել են Սևակն ու նրա կինը[1]։

Ըստ մեկ այլ վարկածի` գրողի մահը եղել է կազմակերպված, և այն կատարվել է սովետական իշխանության պատվերով[2][3]:

 
Պարույր Սևակի հուշատախտակը Երևանի Կասյան փողոցում

Գիտական աշխատանք խմբագրել

Սևակի ԳԱ Գրականության ինստիտուտի աշխատանքի տարիների հիմնական արդյունքներից է «Սայաթ-Նովա» մենագրությունը, որն էլ պաշտպանել է որպես թեկնածուական ատենախոսություն (1966), բայց աշխատանքի հիմնորոշության պատճառով հեղինակը արժանացել է դոկտորի կոչման։

Ստեղծագործություններ խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Անմահները հրամայում են, Երեւան, 1948։
  • Անհաշտ մտերմություն /պոեմ/, Երեւան, 1953։
  • Սիրո Ճանապարհ, Երեւան, 1957։
  • Անլռելի զանգակատուն /պոեմ/, Երեւան, 1959։
  • Մարդը ափի մեջ, Երեւան, 1963։
  • Սայաթ Նովա /ուսումնասիրություն/, Երեւան, 1969։
  • Եղիցի լույս, Երեւան, 1969։
  • Ձեր ծանոթները /փոքրերի համար/, Երեւան, 1971։

Հայտնի բանաստեղծություններ խմբագրել

  • Մոր ձեռքերը
  • Անքնություն
  • Մարդ էլ կա, մարդ էլ
  • Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում
  • Ծերանում ենք
  • Հայաստան
  • Էրեբունի-Երևան
  • Բարև։
  • Անկեղծ ասած
  • Նորօրյա աղոթք
  • Ապրել
  • Ուզում եմ
  • Գժվում եմ
  • Իմ հայ ժողովուրդ
  • Խոսք հավաստիքի
  • Որդուս
  • Վարք մեծաց
  • Միանգամից
  • Խոստովանում եմ
  • Խոստանում եմ
  • Դարակեսի հիմնը
  • Աշխարհ... աշխարհ
  • Պարապություն

Երկերի մատենագիտություն խմբագրել

  • Անմահները հրամայում են, Երևան, 1948, 60 էջ:
  • Անհաշտ մտերմություն (պոեմ), Երևան, 1953, 140 էջ:
  • Սիրո Ճանապարհը, Երևան, 1954, 136 էջ:
  • Նորից քեզ հետ, Երևան, 1957, 160 էջ:
  • Անլռելի զանգակատուն, Երևան, 1959, 272 էջ:
  • Երբ մրցում է ամբողջ երկիրը…, Երևան, 1961, 88 էջ:
  • Անլռելի զանգակատուն (պոեմ), Թեհրան, 1963, 213 էջ:
  • Անլռելի զանգակատուն (պոեմ), Պէյրութ, 1963, 272 էջ:
  • Մարդը ափի մեջ, Երևան, 1963, 336 էջ:
  • Անլռելի զանգակատուն, Երևան, 1966, 272 էջ:
  • Սայաթ Նովա (ուսումնասիրություն), Երևան, 1969, 500 էջ:
  • Եղիցի լույս, Երևան, 1969, 300 էջ[4]:
  • Հատընտիր, Թեհրան, 1971, 72 էջ:
  • Եղիցի լոյս, Պէյրութ, 1971, 298 էջ:
  • Նորից քեզ հետ (հատընտիր), Պէյրութ, 1972, 328 էջ:
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատ. 1. Անմահները հրամայում են, Սիրո ճանապարհ, Նորից քեզ հետ, Մարդը ափի մեջ, Երևան, 1972, 528 էջ[5]:
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Եղիցի լույս, Թարգմանություններ, Երևան, 1972, 472 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 3. Պոեմներ, Թարգմանություններ, Երևան, 1973, 344 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 4. Պոեմներ. Անլռելի զանգակատուն, Եվ այր մի` Մաշտոց անուն, Եռաձայն պատարագ, Երևան, 1973, 324 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 5. Գրականագիտություն, Քննադատություն, Հրապարակախոսություն, Երևան, 1974, 416 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 6. Գիրք մնացորդաց, Վարուժանի պոեզիան, Սիլվա Կապուտիկյանի մտորումները ճանապարհի կեսին, Նամակներ, Երևան, 1976, 448 էջ:
  • Հատընտիր, Պէյրութ, 1980, 328 էջ:
  • Անլռելի զանգակատուն, Թեհրան, 1981, 269 էջ:
  • Անլռելի զանգակատուն (պոեմ), Պէյրութ, 1981, 248 էջ:
  • Անլռելի զանգակատուն (պոեմ), Թեհրան, 1982, 276 էջ:
  • Երգ երգոց, Երևան, 1982, 80 էջ:
  • Երկեր 3 հատորով, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1982, 672 էջ:
  • Երկեր, հատ. 2. Պոեմներ, Երևան, 1983, 464 էջ:
  • Երկեր, հատ. 3. Հրապարակախոսություն, Քննադատություն, Սայաթ-Նովայի ստեղծագործությունը, Վարուժանի պոեզիան, Նամակներ, Երևան, 1983, 592 էջ:
  • Մուտք, Երևան, 1985, 236 էջ:
  • Նորից քեզ հետ (հատընտիր), Պէյրութ, 1987, 320 էջ:
  • Սայաթ Նովա (ուսումնասիրություն), Երևան, 1987, 496 էջ:
  • Հատընտիր, Թեհրան, ա. թ., 312 էջ:
  • Անլռելի զանգակատուն (պոեմ), Երևան, 1990, 256 էջ:
  • Ընտրանի, հատ. Ա, Երևան, 1991, 336 էջ[6]:
  • Վերնագիրը վերջում (մտքեր ու խոհեր), Երևան, 1991, 224 էջ:
  • Եվ այր մի՝ Մաշտոց անուն (բանաստեղծություններ, պոեմ, հոդվածներ), Երևան, 1991, 80 էջ:
  • Եղիցի լույս, Երևան, 1992, 400 էջ[7]:
  • Ձեր ծանոթները: Բանաստեղծություններ: Դպրոցական միջին տարիքի համար: Սովետական գրող, 1992, 24 էջ[8]:
  • Հատընտիր ամբողջական երկերէն, Պէյրութ, 1996, 352 էջ:
  • Հատընտիր, Թեհրան, 1999, 336 էջ:
  • Հատընտիր – 75, Պէյրութ, 1999, 224 էջ[9]:
  • Վառվող արյուն (հատընտիր բանաստեղծություններ), Երևան, 2000, 188 էջ:
  • Ծանոթացէք նօրից (ութնեակներ), Պէյրութ, 2001, 160 էջ[10]:
  • Անկեղծ ասած, Երևան, 2002, 120 էջ:
  • Անտիպ բանաստեղծություններ, Երևան, 2002:
  • Ծանոթացեք նորից, Երևան, 2002, 156 էջ[11]:
  • Սիրերգություն (բանաստեղծություններ և պոեմներ), Երևան, 2003, 192 էջ:
  • Զքոյսդ ի քոյոց քեզ մատուցանեմ, Երևան, 2004, 112 էջ[12]:
  • Մարգարիտներ Պարույր Սևակի մտքի գանձարանից (Աֆորիզմներ, թևավոր խոսքեր, ասույթներ), խմբ. Վահան Սահակյան, Երևան, 2004, 120 էջ[13]:
  • Բանաստեղծություններ, Երևան, 2009, 120 էջ:
  • Սիրերգություն (բանաստեղծություններ), Երևան, 2009, 192 էջ[14]:
  • Ընտրանի, Երևան, 2010, 120 էջ:
  • Միշտ Ձեզ հետ (բանաստեղծություններ), Երևան, 2010, 120 էջ:
  • Անցյալը ներկայացած, Երևան, 2011, 72 էջ:
  • Ընտրանի, Երևան, 2011, 136 էջ:
  • Ընտիր էջեր, Երևան, 2012, 200 էջ:
  • Սայաթ Նովա (ուսումնասիրություն), Երևան, 2013, 504 էջ:
  • Ականջդ բեր, ասեմ (Սևակյան իմաստախոսություններ), կազմեց՝ Արմեն Սարգսյան, Երևան, 2014, 248 էջ:
  • Ամանեջ (վեպ), Երևան, 2014, 208 էջ[15]:
  • Պոեմներ, Երևան, 2014, 648 էջ:
  • Անլռելի զանգակատուն (պոեմ), Երևան, 2015, 276 էջ:
  • Անտիպ ուսումնասիրություններ, Երևան, 2016, 396 էջ[16]:
  • Ընտրանի, Երևան, 2016, 176 էջ:
  • Պոեմներ, Երևան, 2017, 656 էջ:

Թարգմանություններ (ռուսերենից) խմբագրել

  • Բոգդան Զ., Արևին ընդառաջ, Երևան, Հայպետհրատ, 1951 (գրքի մեջ մտնող «Ամեն տեղ ընկերներ ունենք», «Բալլադ նեգր Թոմի մասին», «Խոհ գարնան մասին» բանաստեղծությունները թարգմանել է Պ. Սևակը):
  • Կուպալա Յա., Հատընտիր (գրքի մեջ մտնող «Երեկույթ», «Կոմերիտմիությունը», «Շնորհակալ եմ իմ ժողովրդից», «Փառաբանում եմ ես Լենինի պարտիան», «Որդիները» գործերը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, Հայպետհրատ, 1951:
  • Վեցլովա Ա., Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1953, 72 էջ:
  • Գո-Մո-Ժո, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Ապրիլի 8-ի հերոսների հիշատակին», «Արծիվ», «Բարեկամները տանջվում են զնդանում», «Հիշում եմ Չեն Շեին և Ու. Գուանին», «Հրաժեշտ եմ տալիս Ճապոնիային», «Շանհայի առավոտը», «Չարիքի բուրգը», «Պոեզիայի դեկլարացիան», «Պոեզիան և պաշտպանությունը», «Ջրհեղեղի դարաշրջանը», «Փյունիկների Նիրվանան», «Փողոց երկնքում», «Քայլերգ» գործերը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, Հայպետհրատ, 1954:
  • Պուշկին Ա. Ս., Երկեր 5 հատորով, հ. 1 (հատորի մեջ մտնող բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, Հայպետհրատ, 1954:
  • Բոտև Ք., Երկեր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, Հայպետհրատ, 1955:
  • Միցկևիչ Ա., Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1955, 319 էջ:
  • Ռոդարի Ջ., Բարև, երեխաներ, Երևան, Հայպետհրատ, 1956, 58 էջ:
  • Բրյուսով Վ., Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, Հայպետհրատ, 1957:
  • Ռայնիս Յան, Ընտիր երկեր (գրքի մեջ տեղ է գտել «Փչիր քամի» դրաման Պ. Սևակի թարգմանությամբ), Երևան, Հայպետհրատ, 1957, 672 էջ:
  • Աբաշիձե Ի., Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, Հայպետհրատ, 1958:
  • Եսենին Ս., Հատընտիր (գրքի մեջ մտնող բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, 1961:
  • Ադամյան Նորա, Երեք վիպակ, Երևան, Հայպետհրատ, 1963, 270 էջ:
  • Լերմոնտով Մ. Յու., Ընտիր երկեր, հ. 1 (գրքի մեջ մտնող չափածո գործերի մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, «Հայաստան», 1965:
  • Մեժելայտիս Է., Մարդը, Երևան, «Հայաստան», 1965, 120 էջ:
  • Հունգար բանաստեղծներ, Երևան, «Հայաստան», 1968, 167 էջ:

Ֆիլմ խմբագրել

  • Պարույր Սևակ - Կամ «Եղիցի լույս» Սցենարի հեղինակ Շահե Տատուրյան, Ռեժիսոր Լևոն Մկրտչյան - (Ողջ ֆիլմի ընթացքում հնչում է Պարույր Սևակի ձայնը, որը կարդում է իր բանաստեղծությունները։ ) Հայֆիլմ, Կինոստուդիա (1984)
 
Պարույր Սևակի հուշարձանը նրա անունը կրող դպրոցի պատի խորշում

Գրականություն խմբագրել

  • Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1974, 448 էջ։
  • Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ։ Կենսամատենագրություն, Երևան, ՀՍՍՀ Գրքասերների ընկերություն-«Սովետական գրող», 1983, 52 էջ։
  • Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ. Գեղագիտություն և բանարվեստ, Ե., 2006։
  • Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ, վերահրատարակություն, Երևան, «Սովետական գրող», 1984, 400 էջ[17]։
  • Հովիկ Չարխչյան, Սիրում եմ քեզ (նամականի), Վեդի, 1991։
  • Հովիկ Չարխչյան, Սուլամիթա. Սևակի մեծ սերը, հատոր 1, Երևան, 2004։
  • Հովիկ Չարխչյան, Սուլամիթա. Սևակի մեծ սերը, հատոր 2, Երևան, 2004։
  • Հովիկ Չարխչյան, Սևակի մահվան առեղծվածը, Երևան, 2005։
  • Լևոն Հախվերդյան, Պարույրը /էսսե/, 1987, 1997։
  • Սերգեյ Գալոյան, Զուտ սովետական սպանություն. Պարույր Սևակ, գիրք 1, Երևան, 2006, գիրք 2, Երևան, 2007։
  • Գրիգոր Չալիկյան, Անլռելի սիրահարը. Պարույր Սևակի ու մի քիչ էլ իմ մասին, Երևան, 2002։
  • Պարույր Սևակը... հուշագիրների ափի մեջ, կազմեց Նինա Հովսեփյան, Երևան, 2006, 400 էջ։
  • Վարդգես Բաբայան, Պարույր Սևակի հետ /հուշեր/, 1988։
  • Ղողանջ հիշատակի /բանաստեղծություններ, հուշեր, հոդվածներ/, Ե., 1991։
  • Կարլեն Դանիելյան, Պարույր Սևակ. Բանաստեղծի սխրանքը, 1989[18]։
  • Էդուարդ Մեհրաբյան, Նորից քեզ հետ. Պարույր Սևակ /ալբոմ-ուղեցույց/, Ե., 1990։
  • Ռուբեն Զարյան, Հուշապատում, գիրք 2, Երևան, 1977, էջ 301-315։
  • Գևորգ Էմին, Երկերի ժողովածու, հատոր 3, Երևան, 1986, էջ 696-708։
  • Սերո Խանզադյան, Ինչպես հիշում եմ, Երևան, 1988, էջ 248-288։
  • Հովսեփյան Ն․, Պարույր Սևակ․ Կենսամատենագիտություն, 2 մաս, Ե․, 1968-1983: Պարույր Սևակի ստեղծագործությունը, Ե., 1983։ Պարույր Սևակը իմ հուշերում, Ե., 1996։
  • Պողոսյան Ա․, Պարույր Սևակի չափածոյի լեզվական արվեստը, Ե․, 197
  • Արզումանյան Լ., Պարույր Սևակի պոեմները, Ե., 2001։
  • Բարսեղյան Խ., Պարույր Սևակի «Եղիցի լույսի» ոդիսականը և ոչ միայն, Ե., 1992։
  • Գասպարյան Դ., Պարույր Սևակ, Ե., 2001[19]։
  • Գրիգորյան Շ., Հայ պոեզիայի Քուռկիկ Ջալալին, Ե., 1980։
  • Մարության Թ., Պարույր Սևակի պոեմների գրաքննադատական արձագանքները, Ե., 2006։
  • Մելքոնյան Հ., Մերժված օրենսդիրը, գիրք 1, Ե., 2006։
  • Պապոյան Ա., Պարույր Սևակի չափածոյի բառապաշարը, Ե., 1970։
  • Սարինյան Ս., Պարույր Սևակ, Ե., 2006։
  • Վերնագիրը վերջում, Ե., 1991։
  • Փարսադանյան Ա., Ղողանջ անմահության, Ե., 2006։
  • Малумян Г., О поэме Паруйра Севака "Неумолкаемая колокольня", Новосибирск, 2002:
  • Նունե Դավթյան, Պարույր Սևակ: Գրականագիտական հայացքները: 2002, էջ 161[20]:

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Հախվերդեան, Լեւոն (1981), Պարոյրը. իմ յուշերում, իր նամակներում ու գործերում (1ին ed.), Պէյրութ: Ալթափրէս

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.esem.am/news/article/view/7/9937/
  2. http://iravaban.net/19603.html
  3. http://asekose.am/news/8/161987-parouyr-seaki-mahn-ar-aysor-kaskaceli-e-aysor-hanjari-mahvan-orn-e.html
  4. Sewak, Paroyr (1969). Eghitsʻi luys. Hayastan Hratarakchʻutʻyun.
  5. Ղազարյան), Պարույր Սեւակ (pseud van Պարույր Ռաֆայելի (1972). Երկերի ժողովածու: 6 հատորով. Հայաստան.
  6. Սեւակ, Պարույր; Պետրոսյան, Վարդգես Համազասպի (1991). Ընտրանի: Երեք հետորով. Ադանա. ISBN 9785807903488.
  7. Սեւակ, Պարույր (1992). Եղիցի լույս: (Բանաստեղծություններ). Նաիրի. ISBN 9785550007945.
  8. Սեւակ, Պարույր (1992). Ձեր ծանոթները: Բանաստեղծություններ : Դպրոցական միջին տարիքի համար. Սովետական գրող. ISBN 9785807905147.
  9. Միցկեւիչ, Ադամ; Սեւակ, Պարույր (1999). Հատընտիր. Գրահրատ. ազգային միութ. ISBN 9789993082002.
  10. Սեւակ, Պարույր; Խաչատրեան, Եուրի (2001). Ծանօթացէք նորից. "Համազգային"-ի "Կոմիտաս" մասնաճիւղ. ISBN 9789953900346.
  11. Sewak, Paroyr (2002). Պարույր Սեւակ: Ծանոթացեք նորից. Փրինտինֆո.
  12. Պարույր Սեւակ: Զքոյսդ ի քոյոց քեզ մատուցանեմ...: Նվիրվում է Պարույր Սեւակի ծննդյան 80-ամյակին. Զանգակ-97. 2004. ISBN 9789993028000.
  13. Sewak, Paroyr (2004). Պարույր Սեւակ. իմաստուն մտքերի աշխարհում: Ասույթների ժող. Հայաստան. ISBN 9785540019224.
  14. Սեւակ, Պարույր (2009). Սիրերգություն: Բանաստեղծ. Նաիրի. ISBN 9785550013632.
  15. Սեւակ, Պարույր (2014). Ամանեջ: վեպ. ISBN 9789939837130.
  16. Սեւակ, Պարույր (2016). Անտիպ ուսումնասիրություններ. "Armav" hratarakchʻutʻyun. ISBN 9789939863412.
  17. Արիստակեսյան, Ալբերտ Վրթանեսի (1984). Պարույր Սեւակ: Մենագրություն. Սովետական Գրող.
  18. Դանիելյան, Կարլեն Արտաշեսի (1989-01-01). Պարույր Սեւակ բանաստեղծի սխրանքը. Լույս. ISBN 9785545003839.
  19. Գասպարյան, Դավիթ Վազգենի (2001). Պարույր Սեւակ: Կյանքը եւ ստեղծագործությունը. Նոր-Դար. ISBN 9789993064688.
  20. Դավթյան, Նունե (2002). Պարույր Սեւակ: Գրականագիտական հայացքները. Պարույր Սեւակ. ISBN 9789993095316.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։