«Ռոստամ Զալ», իրանական հերոսավեպի հայկական տարբերակ, «Շահնամե»- գլխավոր հերոսներից մեկի՝ Զալի որդի Ռոստամի վիպական շարքի պատումներ՝ հայ ժողովրդական բանավոր ավանդության մեջ։ «Ռոստամ Զալը» հիմնական թեմատիկայով (Իրանի և Թուրանի միջև մղվող դարավոր կռիվներ) և հերոսների անուններով նույնանում է իրանական «Շահնամե»-ին, իսկ առանձին միջադեպերի, վիպական մանրամասների, հայանուն հերոսների հավելումներում՝ նրանից տարբերակվում է։ Հորինվել է «Շահնամե»-ի վիպական հենքի վրա, բայց և զգալապես ազդվել 11—12-րդ դարերի Ֆիրդուսու հետևողությամբ կազմված «Բարզունամե» և «Ֆերամորզնամե» պոեմների վիպական մոտիվներից։ Հավանաբար՝ հայերին է փոխանցվել քրդական բանավոր ավանդությունից, հայկական միջավայրում ենթարկվել զգալի վերամշակման, մասնակի տեղայնացման ու փոխակերպումների։ «Ռոստամ Զալ»-ի վրա նկատելի է հայ վիպական ավանդության, մասնավորապես՝ «Սասնա ծռեր»-ի զորեղ ազդեցությունը։ Մի շարք մոտիվներ ու միջադեպեր, որոնք չկան «Շահնամե»-ում (Ռոստամի ձի ընտրելը, պապենական թուրն ստանալը, հարկահաններին պատժելը, երկյուղը թշնամու բանակի մեծությունից, ձիու քաջալերանքը ևն), «Ռոստամ Զալ»-ի մեջ են մտել «Սասնա ծռեր»-ից։ Որոշ պատումներում Ռոստամի տոհմը ազգակից է Սասնա վիպական հերոսներին, եթե Սանասարից սերում են Մեծ Մհերը, Դավիթը, Փոքր Մհերը, ապա Բաղդասարից՝ Զալը, Ռոստամը և ուրիշներ։ Այլ պատումներում իրանական վեպի հերոսներն անմիջապես սերում են Մեծ Մհերից, որի որդին է Ռոստամ Զալը, կամ էլ՝ Զալը Մսանա քաղաքի տերն է, Գավիթը՝ նրա եղբայրը, Բուրզեն՝ Դավթի որդին, իսկ Հովանը՝ Բուրզեի հորեղբայրը։ Այս ազդեցությունը հետևանք է նաև այն իրողության, որ «Ռոսստամ Զալ»-ի շատ վիպասացներ իմացել և պատմել են «Սասնա ծռերը»։ «Ռոստամ Զալ» տարածված է եղել Արևմտյան Հայաստանում (Մոկս, Շատախ, Վան), պարսկահայերի (Մակու) և Ալաշկերտից ու Բայազետից գաղթած հայերի միջավայրում։ Սկսած 1880 թվականներին «Ռոստամ Զալ»-ի պատումները գրառել և հրատարակել են հայ անվանի բանահավաքներ Գարեգին Սրվանձտյանցը, Ե․ Լալայանը, Ս․ Հայկոլնին և ուրիշներ, շարունակում են գրառվել նաև մեր օրերում։

Գրականություն խմբագրել

  • Ի. Խալաթյանց, Իրանի հերոսները հայ ժողովրդի մեջ, Փարիզ, 1901։ Հովսևփյան Գ․, Ռոստամ Զալ, Թ․, 1905։ Ռոսաամ Զալ (խմբագիր և առաջաբանը Մելիք Օհանջանյան Կ․), տես Ֆիրդուսի, [ժողովածու], Երևան,1934։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։