Սեմալի կռիվ (1904), տեղի է ունեցել 1904 թ. ապրիլի 13-ին թուրք-քրդական ուժերի և հայ ֆիդայիների միջև։ 1904 թ. Սասունի ապստամբության դրվագներից։ Ուժեղացնելով հարձակումները Սասունի հյուսիսային շրջաններում, գրավելով Շենիկը՝ թուրքական ուժերի հրամանատար Քեոսե Բինբաշին նախատեսել է գրավել Սեմալը, մտնել Գելիեգուզան։ Երբ թշնամին շարժվել է դեպի Սեմալ և Ալիանք, հայդուկները քաջարի դիմադրություն են ցույց տվել։ Պաշտպանությունը ղեկավարում էին Անդրանիկը, Մուրադ Սեբաստացին, Հրայրը։ Կռվի ընթացքում ժողովուրդն աստիճանաբար անցել է Գելիեգուզան։ Մարտում ծանր վիրավորվել է Սեպուհը, զոհվել է Հրայրը։ Չայի դիրքերում լուրջ դիմադրություն է ցույց տվել Մուրադը։ Ալիանքի ուղղությամբ կռվող հայդուկներին չնայած հաջողվել է թշնամուն քշել մինչև Շենիկ, սակայն ուժերի պակասը ստիպել է նրանց հետ դառնալ։ Կռիվը տևել է մինչև երեկո։ Թեպետ Սեմալը գրավվել է, սակայն հաջողվել է ժողովրդին տեղափոխել Գելիեգուզան։ Թշնամին տվել է 80-100, հայերը՝ 10 սպանված։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։